Սամվել Շահրամանյանն իր պատասխաններում եղել է մաքսիմալ անկեղծ. Անդրանիկ Քոչարյան
 |tert.am|
16:21 - 24 նոյեմբերի, 2023

Սամվել Շահրամանյանն իր պատասխաններում եղել է մաքսիմալ անկեղծ. Անդրանիկ Քոչարյան |tert.am|

tert.am: Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին։

Նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ 44-օրյա պատերազմը միայն ռազմական գործողությունների ժամանակահատվածը չէ, ռազմական գործողությունների ավարտից հետո էլ եղել են իրադարձություններ, որոնք առնչվում են այդ պատերազմին և այն իրողություններին, որին ականատես ենք եղել Լեռնային Ղարաբաղի հայաթափման ժամանակ։

Հարցին, թե հանձնաժողովի նիստում քննարկվե՞լ են նոր իրողությունները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահին հանրությանն ավելի շատ հետաքրքիր է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայից հետո նախագահ Սամվել Շահրամանյանի կայացրած որոշումների շուրջ պարզաբանումներ ստանալը, Անդրանիկ Քոչարյանը դրական պատասխան տվեց, սակայն այլ մանրամասներ չհայտնեց։

Անդրադառնալով հարցին, թե բավարարված է Սամվել Շահրամանյանի տված բացատրություններով՝ Քոչարյանն ասաց․ «Ես ինչքան էլ բավարարված լինեմ կամ չլինեմ, մենք, եթե ավարտել ենք աշխատանքը, նշանակում է, որ այս երեք ժամվա ընթացքում սպառել ենք այն հարցաշարը, որի վրա տևական ժամանակ աշխատել էինք։ 

Ինձ համար բացահայտվել են այնպիսի իրողություններ, որը մեկ այլ հարթակում երբեք նման տեղեկատվություն, որևէ մեկը իրավասու չէր ստանալու:

Մենք մեղավորությունը բացահայտելու համար չենք այստեղ: Մենք իրողությունները, երևույթները  և դրանց դրսևորումների հետ կապված հարցեր ունենք, ստանում ենք պարզաբանումներ, իսկ վերջնական եզրակացությունը, երբ դեկտեմբերի 3-ին մեր լիազորությունները ավարտվեն, դա կնշանակի, որ այլևս մենք ոչ մեկին իրավասու չենք կանչելու, փաստաթղթեր ստանալու:

Այն ինչ արեցինք, արդեն արեցինք, դրանք հսկայական ծավալի աշխատանքներ են և դրանք վերլուծելու համար ահագին աշխատանք է սպասվում:

Քոչարյանը հավելեց, որ Սամվել Շահրամանյանն իր պատասխաններում եղել է մաքսիմալ անկեղծ, բացատրություններ է տվել Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո իր կայացրած որոշումների վերաբերյալ։

Նիստի ժամանակ մանրամասն քննարկում է եղել նաև սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական պայթյունի վերաբերյալ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել