ԱԱԾ-ն մերժել է Սամվել Բաբայանի դեմ վարույթ հարուցել. քննիչի պնդմամբ՝ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել գործընթացից
 |azatutyun.am|
17:20 - 22 նոյեմբերի, 2023

ԱԱԾ-ն մերժել է Սամվել Բաբայանի դեմ վարույթ հարուցել. քննիչի պնդմամբ՝ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել գործընթացից |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է «դավաճանության» հոդվածով քրեական վարույթ հարուցել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի հայտարարությունների կապակցությամբ, պնդելով՝ Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում Բաբայանի գործողություններում հանցակազմ չկա։ Ավելին, ինչպես ավագ քննիչ, փոխգնդապետ Նորայր Այվազյանն է նշել, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել և՛ բանակցային գործընթացի, և՛ Բաքվին փաստաթղթեր փոխանցելու մասին։

Արցախից Հայաստան տեղափոխվելուց հետո Սամվել Բաբայանը մի շարք հարցազրույցներում ասել էր, որ մինչև սեպտեմբերի 19-ի հարձակումը Բաքվին 23 կետից բաղկացած փաստաթուղթ է փոխանցել, համաձայն որի՝ Ղարաբաղը պետք է ինքնավարություն ստանար։ Բաբայանը պնդել էր, որ Ադրբեջանը համաձայնել էր իր առաջարկին, բայց Արցախի իշխանությունները խոչընդոտել են այդ գործընթացին։

Բաբայանի այս հայտարարությունների հիման վրա էլ ՀՀ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազին՝ նշելով, որ ըստ էության՝ Արցախի նախկին պաշտոնյայի հայտարարություններում պետական դավաճանության և ինքնիրավչության հատկանիշներ կան։

«Արցախից վերադառնալուց կամ բռնի տեղահանվելուց հետո անմիջապես հայտնվեց պարոն Բաբայանը մի շարք լրատվամիջոցներում, և էնտեղ իր հարցազրույցները և հրապարակային հաստատումները ավելի քան խնդրահարույց էին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գալստյանը՝ շարունակելով. - «Սամվել Բաբայանի արարքներում, իմ կարծիքով, տարբեր հանցակազմեր են ակնհայտորեն երևակվում, որոնք վերաբերում են ինքնիրավչությանը, պետական դավաճանությանը, պետական գաղտնիքի հրապարակմանը»:

Իր հաղորդման մեջ պատգամավորը նշել է, որ քրեական վարույթի շրջանակներում պետք է պարզվի, թե ում լիազորմամբ է Բաբայանը բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, 23 կետից բաղկացած ինչ փաստաթուղթ է փոխանցել Բաքվին, արդյոք դրանցում պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ եղել են, թե՝ ոչ։

ԱԱԾ ավագ քննիչը, սակայն, մերժելով քրեական վարույթի հարուցումը, ի պատասխան գրել է, որ Սամվել Բաբայանն արել է ընդհանուր բնույթի և վերացական հայտարարություններ, որոնցում չկա կոնկրետ հանցագործություն մասին տեղեկություն։

«Ադրբեջանի ներկայացուցիչների հետ բանակցելու գործընթացում Սամվել Բաբայանի գործողությունները այլ անձի կամ պետության կողմից չեն վիճարկվել, որևէ կարգ չի խախտվել, ավելին՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել և՛ գործընթացի, և՛ փաստաթղթերի մասին»,- գրել է ավագ քննիչը։

Անհիմն համարելով քննիչի այս պնդումները՝ ընդդիմադիր պատգամավորը հարցնում է՝ այդ ինչպե՞ս առանց քննության ԱԱԾ փոխգնդապետ Նորայր Այվազյանը պարզեց, որ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել Բաբայանի և Բաքվի միջև բանակցություններից։

«Նախ և առաջ՝ ինչպե՞ս դուք բացահայտեցիք, թե Արայիկ Հարությունյանը... Բաքվի բանտից ձեզ ցուցմո՞ւնք է արդյոք տվել Գլխավոր դատախազություն կամ Քննչական կոմիտե, դուք որտեղի՞ց ունեք այդ փաստերը», - ընդգծեց Լիլիթ Գալստյանը:

ԱԱԾ քննիչը նաև նշել է, որ հարցազրույցներում Բաբայանի կողմից թշնամու կողմն անցնելու կամ դավաճանությանը բնորոշ հայտարարություններ չեն արվել, առկա են միայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար պետության կարգավիճակ ստեղծելու մասին տեղեկություններ պարունակող հայտարարություններ, որի առնչությամբ էլ տեղի է ունեցել փաստաթղթերի փոխանակում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:

«Այսինքն՝ Սամվել Բաբայանը չի կատարել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին այնպիսի տեղեկությունների վաղաժամ տարածում, որը վնաս է հասցրել Հայաստանի կենսական շահերին», - գրել է քննիչը:

«Այդ պատասխանը բացարձակապես ոչ-հիմնավոր է: Որպեսզի մենք իմանայինք՝ դրանք վերաբերել են արտաքին քաղաքականությա՞նը, թե՞ դրանք վերաբերել են պետական գաղտնիությանը, պիտի որ քննություն իրականացվեր՝ այդ ամենը բացահայտելու: Որտեղի՞ց է վերցրել ավագ քննիչ, փոխգնդապետ Նորայր Այվազյանը, թե դրանք վերաբերում են արտաքին քաղաքականությանը, թե պետական այլ գաղտնիքներ են պարունակում, կամ Արցախի պաշտպանունակությանը, կամ դիրքերի դասավորվածությանը, և այլն, և այլն: Որտեղի՞ց են որոշել», - ասաց Լիլիթ Գալստյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել