ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելը չի բխում հայ ժողովրդի երկարաժամկետ շահերից․ ՌԴ ԱԳՆ
 |armeniasputnik.am|
15:42 - 22 նոյեմբերի, 2023

ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելը չի բխում հայ ժողովրդի երկարաժամկետ շահերից․ ՌԴ ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանը չի կարծում, որ ՀՀ իշխանությունների՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու որոշումը համապատասխանում է հայ ժողովրդի երկարաժամկետ հետաքրքրություններին և կնպաստի երկրի անվտանգության, կայունության ամրապնդմանը։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ իր խոսքում Հայաստանն անվանելով բարեկամ երկիր։

«Միաժամանակ, ինչպես հասկանում ենք, հայ գործընկերները մտադիր չեն արգելակել կազմակերպության (ՀԱՊԿ,–խմբ.) կանոնադիր մարմինների գործունեությունը, խանգարել արդեն համաձայնեցված փաստաթղթերի հաստատմանը։ Սա Երևանի համար բաց դուռ է թողնում՝ թույլ տալով նրան հետագայում միանալ աշխատանքին։ Հույս ունենք, որ հայ գործընկերներն այդ հնարավորությունից առաջիկայում կօգտվեն»,- նշեց Զախարովան։

Նա համոզմունք հայտնեց, որ ՀԱՊԿ-ը հատկապես ներկա պայմաններում կարևոր դերակատարում ունի տարածաշրջանային կայունության հաստատման հարցում։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը շեշտեց՝ հայ-ադրբեջանական սահմանին կազմակերպության մոնիտորինգային առաքելության տեղակայման մասին որոշումը դեռ սեղանին է։

Զախարովայի խոսքով՝ դա ծանրակշիռ գործոն կլիներ Հայաստանի անվտանգության ապահովման առումով` ի տարբերություն ԵՄ առաքելության, որը շարունակում է ցույց տալ իր լիակատար անարդյունավետությունը և իրականացնում է հայտարարվածից հեռու խնդիրներ։

Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։

Նոյեմբերի 21–ին հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին չեն մասնակցելու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը  և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Մինսկ չի մեկնի նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել