Բաքուն չեղարկել է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների մակարդակով նախատեսված հանդիպումը
15:56 - 16 նոյեմբերի, 2023

Բաքուն չեղարկել է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների մակարդակով նախատեսված հանդիպումը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով քննարկման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարություններին՝ հայտարարելով, որ «նման պայմաններում հնարավոր չի համարում նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների մակարդակով նախատեսված հանդիպումը»։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտարարել են, թե նման լսումներն ու ելույթները համարում են հարված Ադրբեջան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Ադրբեջանին ուղղված մեղադրանքները անհիմն են և խաթարում են խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում։ 

Բաքուն նշում է՝ մինչ ԱՄՆ-ն խոսում է խաղաղության գործընթացի մասին, Հայաստանը երկու ամիս է, ինչ չի պատասխանում խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին։ ԱԳՆ-ից, պնդելով, թե Հայաստանն է խոչընդոտում խաղաղության գործընթացին, նշել են, թե Ադրբետանը մշտապես հարգել է ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչը վերահաստատել է նաև 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպմանը։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, թե ԱՄՆ-ն, որը տարածաշրջանային երկիր չէ, իր գործողություններով ու հայտարարություններով խաթարում է տրասնորտային անվտանգության ոլորտում տարածաշրջանի երկրների ջանքերը։

«Ամերիկյան կողմը քաջ գիտակցում է, որ Հայաստանի կողմից 2020 թվականի Եռակողմ հայտարարության 9-րդ կետից բխող պարտավորությունները չկատարելը ստիպել է Ադրբեջանին որոշել այլընտրանքային ճանապարհներ կառուցել։ Հարևան պետությունների, այդ թվում՝ Իրանի հետ Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն տանող երթուղու վերաբերյալ համաձայնագիրը, Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է։ Այս ֆոնին Ադրբեջանը ևս մեկ անգամ հաստատում է, որ «3+2» ձևաչափը (Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Ռուսաստան-Իրան) առաջնահերթություն է տարածաշրջանի անվտանգության համար։ Այս առումով, ցանկացած մեկնաբանություն, որը խաթարում է այդ ջանքերը, տեղին չեն»,- նշել են ԱԳՆ-ից։ 

«Ինչ վերաբերում է 907-րդ բանաձեւի գործողության կասեցման վերաբերյալ Ջեյմս Օ՛Բրայընի նկատառմանը,  ապա, կարծես, ամերիկյան կողմը դարձյալ կրկնում է այն նույն սխալը, որն արել է 1992 թվականին, երբ Ադրբեջանը պատժամիջոցների ենթարկվեց այդ բանաձեւի օգնությամբ, չնայած նրան, որ այն ագրեսիայի ու օկուպացիայի բախված պետություն էր։

ԱՄՆ-ի կողմից նման անտարբեր գործողությունը, որը կայանում է 907-րդ բանաձեւը չեղարկելու ցանկություն չունենալու մեջ, անբարյացակամ քայլ է Ադրբեջանի հանդեպ»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Արձագանքելով Ջեյմս Օ՛Բրայենի այն հայտարարությանը, որ սեպտեմբերի 19-ից հետո Ադրբեջանի հետ ոչինչ բնականոն չի շարունակվի, եթե ԱՄՆ-ն խաղաղության ուղիով առաջընթաց չտեսնի, Բաքվից նշել են․ «Հարկ է նշել, որ հարաբերությունները չեն կարող լինել միակողմանի։ Այսպիսով, նույն մոտեցումը հավասարապես կկիրառվի Ադրբեջանի կողմից․ նման պայմաններում մենք անտեղի ենք համարում ԱՄՆ բարձր մակարդակի այցերի հնարավորությունը Ադրբեջան:

ԱՄՆ-ի նման միակողմանի մոտեցումը կարող է հանգեցնել միջնորդական դերի կորստի։ Նման պայմաններում հնարավոր չենք համարում նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների մակարդակով նախատեսված հանդիպումը։ 

Միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները միշտ առաջնահերթ են եղել Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ։ Ադրբեջանը միշտ գործելու է իր միջազգային պարտավորություններին համապատասխան։ Միաժամանակ, Ադրբեջանը վճռականորեն և համարժեք պատասխան կտա բոլոր այն բացասական քայլերին, որոնք հակասում են իր ազգային շահերին»,- նշված է ԱԳՆ հյատարարության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել