Հայաստանն ու Իրանը ստորագրեցին «Հյուսիս-հարավի» Ագարակ-Քաջարան ճանապարհի շինարարության պայմանագիրը
14:06 - 23 հոկտեմբերի, 2023

Հայաստանն ու Իրանը ստորագրեցին «Հյուսիս-հարավի» Ագարակ-Քաջարան ճանապարհի շինարարության պայմանագիրը

Հայաստանն իրանական ընկերությունների հետ ստորագրվեց «Հյուսիս-հարավի» Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության պայմանագիրը, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

«Քիչ առաջ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և «Աբադ Ռահան Պարս» Ինթերնեյշնլ Գրուպ և «Թունել Սադ Արիանա» համատեղ ձեռնարկության ներկայացուցիչներ՝ Ալի Մուսավին և Ալեն Յուսեֆյանը ստորագրեցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-Տրանշ 4 շրջանակներում Ագարակից-Վարդանիձոր (մոտ 21կմ) ճանապարհի հիմնանորոգման, Վարդանիձորից մինչև թունելի ելք (մոտ 11կմ) ճանապարհի կառուցման պայմանագիրը։ Կողմերը կարևորեցին պայմանագրի կնքման փաստը, որը նպաստելու է Հյուսիս-հարավ ծրագրի կյանքի կոչմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Տրանշ 4-ի՝ Քաջարան-Ագարակ վերակառուցման գործող ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերակառուցել շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ՝ Ագարակ (Իրանի սահման)-Վարդանիձոր-նախատեսվող Քաջարանի թունելի ելք հատվածը։

«Վերակառուցումից հետո նշված ճանապարհահատվածը կհամապատասխանի միջազգային առաջադեմ չափանիշներին ինչպես ճանապարհային անվտանգության, այնպես էլ հարմարավետության և ճանապարհորդության ժամանակի կրճատման առումներով»,- նշված է հաղորդագրությունում։

Նախարարությունից տեղեկացնում են, որ նախատեսվում է կառուցել թվով 5 նոր փոխհատում, 6 նոր Էստակադա, 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունել և 17 նոր կամուրջ։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրասիական զարգացման բանկի վարկային և ՀՀ համաֆինանսավորման միջոցների հաշվին։

Շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2023 թվականի վերջին և ավարտել երեք տարվա ընթացքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել