«Ոչ դիրք ունեմ արդեն, ոչ պատիվ, ես ո՞ւմ պիտի խոչընդոտեմ»․ Մատաղիսի զորամասի հրամանատար
21:05 - 20 հոկտեմբերի, 2023

«Ոչ դիրք ունեմ արդեն, ոչ պատիվ, ես ո՞ւմ պիտի խոչընդոտեմ»․ Մատաղիսի զորամասի հրամանատար

«Ոչ դիրք ունեմ արդեն, ոչ պատիվ ունեմ, ես ո՞ւմ պիտի գնամ, խոչընդոտեմ»,– այս խոսքերով այսօր սկսեց իր ելույթը Մատաղիսի զորամասի հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանը, երբ դատարանում քննվում էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանավորման երկարաձգման հարցը․ «Դիրք չունեմ, որովհետեւ ինչ դիրքում եղել եմ, էլ չկա, պատիվ չունեմ, որովհետեւ հորս գերեզմանը թուրքի մոտ ա, Պաշտպանության բանակը չկա»։

Աբրահամյանի կալանավորումը երկարաձգելու միջնորդությունը ներկայացրել էր հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը։ Աբրահամյանը կալանքի տակ է 1 տարուց ավելի, նա մեղադրվում է մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Ծանր հետեւանքը քննչական մարմինը համարել է 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության Թալիշ եւ Մատաղիս գյուղերի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը։

Քրեական գործի դատարան ուղարկվելուց 10 ամիս անց՝ այսօր, պետք է սկսվեր ապացույցների հետազոտումը։ Ըստ նախապես որոշված հաջորդականության՝ սկզբում պետք է հետազոտվեին մեղադրանքի հիմքում դրված ապացույցները։ Դրանցում, սակայն, ներառված է 16 փաստաթուղթ, որ, գաղտնիությամբ պայմանավորված, գործի նյութերին չի կցվել, եւ դատարանը ավելի վաղ բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը, հանձնարարել մեղադրողին Քննչական կոմիտեից ստանալ դրանք։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը

Դատական նիստի մեկնարկին, սակայն, դրանք դեռեւս ճանապարհին էին, դատարան չէին բերվել, ուստի պաշտպանական կողմը հայտարարեց, որ առանց այդ ապացույցներին ծանոթանալու հիմնական դատալսումները չեն կարող տեղի ունենալ․ «Ամեն ապացույց հետազոտելիս մենք պետք է դիրքորոշում հայտնենք, այդ դիրքորոշումը բխելու է նաեւ այդ գաղտնի փաստաթղթերի բովանդակությունից, հիմա մենք, փաստացի, դրանից զրկված ենք»,– ասաց պաշտպան Արման Թամրազյանը։ Մեղադրող Վազգեն Վարդանյանը առարկեց՝ նշելով, թե պաշտպանական կողմը զրկված չի եղել քննչական մարմնում այդ ապացույցներին ծանոթանալու հնարավորությունից․ «Այն նյութերը, որ հանդիսանում են գաղտնի փաստաթուղթ, գտնվում են քննչական մարմնի համապատասխան ստորաբաժանումում, եւ նախաքննության ավարտական փուլում պաշտպանական կողմը դրանց ծանոթանալու իրավունք, ժամանակ, տեղ ունեցել է, բայց այդ փաստաթղթերը չեն կարող նրանց ձեռքի տակ լինել այն պարզ պատճառով, որ գաղտնի փաստաթղթեր են, դրանց պատճենը տրամադրել ուղղակի անհնար է»։

Մինչդեռ պաշտպանական կողմի գնահատմամբ՝ առանց ձեռքի տակ ունենալու, միայն նշումներ անելով՝ հնարավոր չէ հարյուրավոր էջերից բաղկացած փաստաթղթերին պատշաճ ծանոթանալ եւ լիարժեք պաշտպանվել․ դա կլինի առնվազն ոչ արդար դատաքննություն․ «Ես պիտի ասեմ, օրինակ, այս կարգադրությունը Մարտական կանոնադրությունից չի բխում, ո՞նց հիմնավորեմ, եթե չունեմ այդ Կանոնադրությունը, եւ բացի դրանից, օրենքը դրա համար կարգ է նախատեսել․ մարդուն նախազգուշացնում են պետական գաղտնիքի հրապարակման անթույլատրելիության մասին, եւ եթե հրապարակում է, քրեական պատասխանատվության է ենթարկվում, այդ ի՞նչ նոր բան եք ասում»,– նշեց պաշտպանը։

Ի վերջո, նախքան այդ ապացույցները կբերվեին դատարան, նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց, որ նպատակահարմար չէ մյուս՝ ոչ գաղտնի ապացույցների հետազոտումը սկսելը, առաջարկեց մինչ դա քննարկել խափանման միջոց կալանավորման երկարաձգման հարցը, քանի որ դրա ժամկետը մոտենում էր ավարտին։

Ըստ դատախազի՝ Սեւակ Աբրահամյանին կալանքից ազատելու հիմքեր չկան, ըստ պաշտպանի՝ կալանքի տակ պահելու 

Մեղադրող Վազգեն Վարդանյանը դիրքորոշում հայտնեց, որ կալանավորման նախորդ երկարաձգումից հետո ի հայտ չի եկել որեւէ հանգամանք, որը հիմք կծառայի խափանման միջոցը փոփոխելու համար․ «Ինչպես նաեւ շարունակում են առկա լինել այն ռիկսերը, որոնք նշվել են կալանավորումը կիրառելու ընթացքում, հետեւաբար գտնում եմ, որ այն պետք է երկարաձգվի եւս 3 ամսով»,– ասաց մեղադրողը։

Մինչդեռ պաշտպանը առարկեց՝ ոչ թե պիտի նոր հանգամանք ի հայտ գա, որ կալանքը դադարի, այլ պիտի նոր հանգամանք ի հայտ գա, որ կալանքը շարունակական լինի։

Պաշտպան Արման Թամրազյանը, ամբաստանյալ Սեւակ Աբրահամյանը

Նա հիշեցրեց, որ իրենք հարցում են կատարել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն եւ ստացել պատասխան, ըստ որի՝ Մարտակերտի շրջանը՝ Մատաղիս եւ Թալիշ գյուղերը, չեն մտնում ՀՀ–ի մեջ, մտնում են Արցախի Հանրապետության մեջ, իսկ Հայաստանի եւ Արցախի սահմանները չեն նույնանում։ Այս հանգամանքը, ըստ նրա, կարեւոր է՝ հասկանալու համար՝ արդյո՞ք Աբրահամյանի նկատմամբ կիրառելի է  ՀՀ քրեական օրենսգիրքը թե ոչ։ Բանն այն է, որ Քրեական օրենսգրքի համաձայն՝ ՀՀ տարածքից դուրս հանցանք կատարած ՀՀ քաղաքացիները, ինչպես նաեւ ՀՀ–ում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով, եթե նրանց կատարած արարքը ճանաչված է հանցագործություն դրա կատարման վայրի պետության օրենսդրությամբ, եւ եթե նրանք չեն դատապարտվել այլ պետությունում:

Սեւակ Աբրահամյանը, պաշտպանի խոսքով, ՀՀ–ում մշտապես չի բնակվել, քաղաքացիություն չունեցող անձ չէ, բնակվել է ԼՂՀ–ում եւ հանդիսացել է ԼՂՀ–ի, այլ ոչ թե ՀՀ–ի քաղաքացի․ «Ի հավաստումն իմ ասածի՝ դատարանին ներկայացնում եմ  ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիութհան ծառայության անձնագրային եւ վիզաների վարչությունից ստացված պատասխան, ըստ որի՝ բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական պահոցում Սեւակ Խորենի Աբրահամյանի (ծնված 24․10․1979 թ․) անհատական տվյալներով անձի ՀՀ քաղաքացիության վերաբերյալ տվյալներ առկա չեն, սա ապացույց, որ  Սեւակ Աբրահամյանը ՀՀ քաղաքացի չէ, եթե ՀՀ քաղաքացի չէ, հանցանքը կատարվել է ՀՀ–ից դուրս, ՀՀ ՔՕ–ն նրա վրա չի կարող տարածվել»,– ասաց պաշտպանը՝ հիշեցնելով նաեւ, որ առաջադրված մեղադրանքի հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում հենց ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կանոնները խախտելու համար, մինչդեռ Աբրահամյանը, պաշտպանել է ԼՂՀ սահմանները։

Մեղադրող Վազգեն Վարդանյանը դարձյալ հակադարձեց՝ ՆԳՆ–ից ստացված պատասխանում նշված է՝ տվյալներ առկա չեն, սակայն քրեական գործի նյութերում առկա է ՀՀ քաղաքացու վերաբերյալ անձնագիր, որտեղ գրված է Սեւակ Աբրահամյան․ «Այդ անձնագիրը տրված է Սեւակ Աբրահամյանին՝ որպես ՀՀ քաղաքացու»,– ասաց նա։

Հաջորդիվ պաշտպանը հիշեցրեց, որ այսօր Հայաստանը պաշտոնապես ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ ԼՂՀ–ն՝ հղում անելով Ալմա–Աթայի՝ 1991 թ․ հռչակագրին․ «Հիմա Սեւակ Աբրահամյանին մեղադրանք եք առաջադրել, որ Թալիշ ու Մատաղիս գյուղերը անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, պատասխանեք, խնդրում եմ, եթե Թալիշ ու Մատաղիս գյուղերը պատկանել են Ադրբեջանին եւ անցել են Ադրբեջանին, ի՞նչ հետեւանք է դրանով պատճառվել ՀՀ–ին, էս հետեւանքի համա՞ր եք դատում, սրա համար կարող է Ադրբեջանը դատել, օրինակ, ասել՝ խի՞ մեր գյուղերը մեզ շուտ չես տվել․․․ Եվ եթե դա հանցագործություն է ու մինչ օրս շարունակում է լինել, հիմա ամբողջ ԼՂ տարածքը հանձնվել է Ադրբեջանին, մեր քննչական մարմինները գործ հարուցե՞լ են, որ ՀՀ–ին վնաս է պատճառվել, հանցանք դիտարկե՞լ են թե՞ ոչ, իհարկե չի դիտարկվել եւ չի կարող դիտարկվել»։

Արձագանքելով՝ դատախազն ասաց՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք գործերով, երբ անձանց մեղսագրվել է ՀՀ ՔՕ–ի հոդվածների կատարում, հաստատել է, որ ՀՀ իրավազորությունը տարածվում է ԼՂՀ նկատմամբ, այսինքն՝ ԼՂՀ տարածքում տեղի ունեցած հանցագործությունների քննությունը ՀՀ–ում իրականացնելը ամբողջովին իրավաչափ է։

Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը

Պաշտպանը դատարանին ներկայացրեց նաեւ տեղեկանք Աբրահամյանի՝ վերջերս անցած բուժզննման վերաբերյալ, հիշեցրեց նրա առողջական խնդիրների մասին։ Մեղադրողն էլ նշեց՝ եթե կարծում են, որ Աբրահամյանի առողջական վիճակը համապատասխանում է կալանքի հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկին, կարող են միջնորդություն ներկայացնել համապատասխան փորձաքննություն նշանակելու համար։

Պաշտպանի խոսքով՝ ամենալավ ցանկության դեպքում էլ իր պաշտպանյալն ապացուցման գործընթացի վրա չի կարող ազդել, քանի որ ամեն ինչ փաստագրված է․ տեսանկարահանող սարքերի տեսագրությունները կան, դրանց զննությունները կան, հետախուզական տեղեկագրերը կան։ Ինչ վերաբերում է վկաների վրա ազդեցություն գործադրելուն, պաշտպանը դա զավեշտ որակեց։

Սեւակ Աբրահամյանի խոսքով՝ ինքը ոչ մի վկայի հետ խոսելու բան չունի

Աբրահամյանը պնդեց, որ ինքը ոչ մի վկայի հետ խոսելու բան չունի․ «51 վկա եք նշանակել, շնորհակալություն, լավ ա՝ 1846 վկա չի, ինչո՞ւ եմ այդ թիվն ասում, զորամասի անձնակազմի քանակը այդքան ա եղել, մարդիկ իմ հետ կապ չունեն, գործի նյութերում Աբրահամյան Սեւակի մասին բան չեն ասել, մի քանի անձ ա, որ իմ հետ կապ ունի, անց ենք կացրել առերեսում, մարդիկ արտահայտվել են»։

Աբրահամյանի խոսքով՝ 51 վկայից 12-ը իր վերադաս շտաբներում են ծառայել, եղել են գեներալներ․ «Աբրահամյան Սեւակը պիտի գնա, գեներալներին խոչընդոտի՞, ուրախ եմ, որ գեներալ եմ տեսնում, մի հատ էլ պիտի խոչընդոտեմ, ընդ որում, նրանցից 2–ը՝ ԳՇ ու ՊԲ նախկին պետերը, զորացրված են»,– ասաց նա՝ հավելելով, որ իր գործողություններին գնահատական տվողները մեծամասամբ վերադասներն են եղել, ոչ ենթակաները, որոնք  վկաների մեջ 34-ն են․ «Մարդ ցուցմունք է տվել, Աստված իր հետ, կգա, տրիբունայի մոտ կկանգնի, կբացատրի՝ ինչ է ասել, ես չեմ ասում՝ մարդը ճիշտ է ասել–ճիշտ չի ասել, որովհետեւ կյանքում չեմ կարող էդքան գիտելիք ունենալ, որ իմ վերադասին գնահատական տամ, որովհետեւ ես իր տեղը չեմ եղել, իր խնդիրը չեմ ստացել, իր տեղը գործողություն չեմ կատարել»։

Պաշտպանը միջնորդեց խափանման միջոցի հիմքերը չվերացած համարելու պարագայում դիտարկել այլընտրանքային խափանման միջոցների՝ գրավի, վարչական հսկողության, բացակայելու արգելքի, այդ թվում՝ դրանց համակցության հնարավորությունը․ «Սեւակ Աբրահամյանի ընտանիքը, որ բնակվել է ԼՂ–ում, բռնագաղթվել է, եկել է ՀՀ, տուն են վարձակալել, բնակվում են այնտեղ, մարդկային տեսանկյունից պատկերացրեք՝ որդին, որ ծառայության մեջ է եղել, հրաշքով է ողջ մնացել, եղբայրները դահլիճում են, մեկն էլ վիրավորվել է մարտական գործողության ընթացքում, էս մարդուն պահել ՔԿՀ–ում, ընտանիքն էլ առանձին ապրի վարձով, մտածի՝ Սեւակ Աբրահամյանի հոգսը ոնց հոգա, Աբրահամյանը մտածի՝ ընտանիքի հոգսը ոնց հոգա, սա ոչ մարդկային վերաբերմունք է»։

Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց բավարարել մեղադրողի միջնորդությունը․ Աբրահամյանի կալանավորումը երկարաձգվեց եւս 3 ամսով՝ մինչ 2024 թ․ հունվարի 29։

– Լյոխ լավ ա լինելու,– Աբրահամյանին դիմելով՝ նիստերի դահլիճը լքելիս ասացին նրա հարազատները։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 27-ին։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել