Ամրապնդել տնտեսական համագործակցությունը. Հայաստան են ժամանել բելգիացի գործարարներ
 |armenpress.am|
14:33 - 19 հոկտեմբերի, 2023

Ամրապնդել տնտեսական համագործակցությունը. Հայաստան են ժամանել բելգիացի գործարարներ |armenpress.am|

armenpress.am: Հայաստան են ժամանել բելգիացի գործարարներ՝ նպատակը Հայաստանի ու Բելգիայի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդումն ու ընդլայնումն է։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Բելգիայի Վալոնիայի տարածաշրջանի արտահանման և ներդրումային գործակալության առևտրի և ներդրումների խորհրդատու Էրիկ Բլետաղը տեղեկացրեց, որ պատվիրակության կազմում են դեղագործության, շինարարության, էլեկտրոնիկայի, թափոնների վերամշակման ոլորտները ներկայացնող գործարարներ։

«Մեր գործարարները կոնկրետ նպատակներով են եկել Հայաստան, նախատեսում են այցելել հայաստանյան գործընկերների մի շարք ձեռնարկություններ։ Բելգիացի գործարարները հետաքրքրված են ինչպես Հայաստանի շուկայով, այնպես էլ Հայաստանի միջոցով այլ շուկաներ դուրս գալու հնարավորություններով»,-ասաց Էրիկ Բլետաղն՝ ավելացնելով, որ հայ գործընկերների հետ զրույցներում առաջարկ եղավ դիտարկել նաև առողջապահության, էներգետիկայի ոլորտները։ Ըստ Էրիկ Բլետաղի՝  2021-2022 թվականներին Հայաստանի ու Բելգիայի առևտրաշրջանառության ծավալը նկատելի աճել է։  Արդյունքներն այնքան լավատեսություն են ներշնչում, որ 2023 թվականի համար սպասվում է առևտրաշրջանառության ծավալի 50 տոկոս աճ։

«Համագործակցության հնարավորություններ կան ծառայությունների, տեխնոլոգիական ոլորտում։ Հատկապես ընդգծում եմ տեխնոլոգիական ոլորտը։ Հայաստանն այս տեսակետից մեծ համբավ ունի դրսում։ Բելգիայում տեխնոլոգիական ոլորտում լավ մասնագետների կարիք կա, Հայաստանը կարող է օգնել այդ հարցում»,-ասաց Էրիկ Բլետաղը։ 

ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դը Մույնքը նշեց, որ երկու երկրների տնտեսական հարաբերությունները զարգացնելու առումով մեծ ներուժ կա ամենատարբեր ոլորտներում։ Եվ Հայաստանում բացված Բելգիայի դեսպանությունը կարող է կարևոր դերակատարում ունենալ այդ գործում։

«Վերջին օրերին մի շարք հանդիպումներ եմ ունեցել տարբեր գերատեսչություններում։ Մասնավորապես, հանդիպումներ են եղել ՀՀ էկոնոմիկայի, բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններում։ Հայ գործընկերներն առաջարկել են համագործակցության հնարավորություններ տարբեր ոլորտներում՝ դեղագործություն, նոր տեխնոլոգիաներ։ Բոլոր առաջարկները դիտարկվում են»,-ասաց դեսպանը։

Բելգիա-Հայաստան առևտրային պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը նշեց, որ կառույցը գործում է 18 տարի։ Այս ընթացքում փորձում են յուրահատուկ կամուրջ լինել երկու երկրների գործարարների համար։

«Գործնականում հնարավորությունները շատ են և կա երկկողմ պատրաստակամություն համագործակցությանը նոր թափ հաղորդելու համար։ Հայաստանը դեռ Խորհրդային Միության շրջանում զարգացած երկիր է եղել դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Այսօր Հայաստանում զարգացած են նանոտեխնոլոգիաները, իսկ Բելգիայի Վալոնիայի շրջանը նույնպես զարգացնում է  այս ուղղությունը և այս համատեքստում համատեղ ընկերությունների ստեղծման հեռանկարներ կան»,- հավելեց Վալերի Սաֆարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել