«Բալա, Արցախը էլ չկա, Գանձասարը էլ չկա». իրականության և գիտակցումի արանքում
15:47 - 28 սեպտեմբերի, 2023

«Բալա, Արցախը էլ չկա, Գանձասարը էլ չկա». իրականության և գիտակցումի արանքում

Առավոտյան Գորիսի հաշվառման կետի մոտ ասեղ գցելու տեղ չկար: Ոստիկանությունը մեկումեջ փոխում էր ուղեփակոցների դիրքը՝ փորձելով կառավարել 20-30 ժամվա ճանապարհից ասես նույնքան տարով ծերացած մարդկանց հոսքը: Ձախ կողմում՝ նստարանին, խիտ շարքով նստած կանայք ամեն անգամ տեսախցիկ տեսնելիս ձեռքով փակում են դեմքեր. «Մի նկարի, լի՜: Դե բա տեսնեն, մեզ մեղկ գա՞ն»: 

Գետնին աջուձախ լցված ճամպրուկների դիմաց մի կին է կանգնած: Զարմանալիորեն առույգ է երևում: Մինչ մտքումս ձևակերպում եմ՝ ինչ ասեմ, ո՞նց ասեմ, հայացքս ինքն է որսում. «Ասա՛, ցավդ տանեմ, ասա՛»: 

Էլմիրա Գրիգորյանն է: Այնքան հպարտությամբ է նշում, որ Գանձասարից է, մինչև գլուխս փշաքաղվում եմ, կարծես հենց նոր իմացա, որ Արցախը էլ չկա: 

«Արցախի Գանձասար գյուղից եմ,- մի քանի անգամ կրկնում է տիկին Էլմիրան:- Ծնվել եմ, մեծացել եմ, ամուսնացել եմ Գանձասարում: Մեր գյուղի 177-ամյակը նշեցինք, հիմա եկել մեզ քշում են»: 

Երբ հրետակոծությունը սկսվել է, Էլմիրան ամուսնու հետ և մի քանի հարևաններով տեղափոխվել են Ասկերանի օդանավակայան, ավելի ուշ ավտոբուսով հասել Ստեփանակերտ: Երկու օր ապրել են որդու ընտանիքի հետ, հետո երեք օր ճանապարհ կտրելով՝ հասել Գորիս: 

Էլմիրա Գրիգորյանը՝ ամուսնու՝ Լևոն Գրիգորյանի հետ 

Հարցնում եմ՝ բա ո՞ւր եք գնալու․ «Ես ասել եմ՝ ինձ էնպիսի տեղ ուղարկեք, որ կարողանամ աշխատել: Ես ողջ կյանքս աշխատել եմ. Գանձասարում ժընգյալավ հաց եմ թխել, հաց եմ թխել, հողամաս եմ բեջարել,- պատմում է տիկին Էլմիրան ու վերահաստատում իր իսկ ասածը,- ես աշխատող կին եմ, ես առանց գործ չեմ մնա»:

Կապանի ու Գյումրիի միջև ընտրել է Գյումրին: Ասում է՝ իրենց գյուղից շատ մարդ է գնում Գյումրի, իրենք էլ գնում են, որ համագյուղացիներին մոտ լինեն: Գանձասարի տնից դուրս բերած մի քանի տոպրակների միջից, որտեղ հազիվ կարողացել է տեղավորել միայն հագուստ, դուրս է բերում գրտնակը. հույս ունի, որ Գյումրիում կկարողանա գործ գտնել, գոնե ժընգյալավ հաց կթխի:

Տիկին Էլմիրան պատմում է, որ ողջ կյանքն աշխատել է, քանի որ Արցախյան առաջին պատերազմում ամուսինը վիրավորվել է և կորցրել ոտքը: Ամուսինը՝ Լևոն Գրիգորյանը, երկրորդ կարգի հաշմանդամ է, խնդիրներ ունի նաև տեսողության հետ: 

Թույլտվություն եմ հարցնում ամուսնու հետ լուսանկարել․ «Լևո՛ն, արի՛, մեզ ուզում են նկարեն»: Գլուխս շրջում եմ, տեսնեմ՝ Լևոնը ձեռնափայտով, հուզմունքից թե տարիքից դողացող տղամարդն է, որին դեռ ժամեր առաջ էի նկատել, բայց սիրտ չէի անում մոտենալ: Բարևում եմ: «Բալա, Արցախը էլ չկա, Գանձասարը էլ չկա»,- ու հեկեկում է: Իսկ տիկին Էլմիրան ուժեղ կին է: Մի կերպ արցունքները խեղդելով՝ ամուսնուն գոտեպնդում է. «Պինդ կաց է՜, մի լացի, ե՛կ նկարվենք»: 

Լևոն պապին հրաժեշտ տալիս առաջին անգամ խաբում եմ: Երևի ավելի շատ ինքս ինձ. «Պապի՛, լավ կլինի»: Իսկ պապին հեկեկում է. գիտի, որ լավ չի լինի: 

Վիկտորյա Անդրեասյան 

Լուսանկարները՝ Էնթոնի Պիզզոֆերատոյի

Սեպտեմբերի 27, Գորիս


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել