ԵԽ նախարարների կոմիտեի հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան ԼՂ-ի դեմ
21:45 - 27 սեպտեմբերի, 2023

ԵԽ նախարարների կոմիտեի հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան ԼՂ-ի դեմ

Սեպտեմբերի 27-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպմանը քննարկվել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդում ՀՀ ներկայացուցչության ֆեյսբուքյան էջից։

«Հայտարարություններով հանդես են եկել 30 ԵԽ անդամ պետություններ, ինչպես նաև ԵՄ և ԱՄՆ պատվիրակությունները։ Ընդգծվել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման անթույլատրելիությունը, միջազգային դերակատարների կողմից Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի անվտանգությունը և մարդու իրավունքները ապահովելու հրամայականը։ Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների աղետալի հետևանքները, ինչը հանգեցրել է այս պահի դրությամբ շուրջ 50 հազար բնակչի բռնի տեղահանման։

Դեսպանը ահազանգել է, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումներն ավարտին հասցնելն է։ Հայաստանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանը պարտավոր է կատարել սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի նկատմամաբ կիրառված ՄԻԵԴ միջանկյալ միջոցները։

Դեսպանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն իրավունք ունի լիարժեք իրականացնելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված բոլոր իրավունքներն ու ազատությունները: Նրանց իրավունքներն ու անվտանգությունը պետք է պատշաճ կերպով հաշվի առնվեն և երաշխավորվեն միջազգային մակարդակով։

Ընդգծել է, որ Նախարարների կոմիտեն պետք է լրջորեն ուսումնասիրի Ադրբեջանի կողմից ԵԽ կանոնադրական և անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը և դիտարկի ընդհուպ միջև անդամակցության կասեցման հնարավորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել