«Խորապես մտահոգված ենք». Լեմկինի ինստիտուտը՝ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին
 |armeniasputnik.am|
18:10 - 27 սեպտեմբերի, 2023

«Խորապես մտահոգված ենք». Լեմկինի ինստիտուտը՝ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Լեմկինի ինստիտուտը խորապես մտահոգված է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության փաստով։ Այս հայտարարությունը հրապարակվել է ինստիտուտի՝ X սոցցանցի միկրոբլոգում։

«Վարդանյանը, որը միշտ բացահայտ պաշտպանել է Արցախի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանի առանձնահատուկ ատելությանն է արժանացել։ Նա և Արցախի կառավարության ու ինքնապաշտպանության բանակի ներկա և նախկին անդամներ կոչվել են «անջատողականներ և ահաբեկիչներ»… Որակումներ, որոնք պետություններն օգտագործում են ապօրինի ձերբակալություններն ու սպանություններն արդարացնելու համար»,– ասված է հայտարարությունում։

Ինստիտուտից նշում են, որ Վարդանյանի կյանքի և անվտանգության համար մտահոգությունն արդարացված է` հատկապես հաշվի առնելով այն վերաբերմունքը, որին արժանանում են 2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիները:

«Դա լավ փաստագրված է»,– ընդգծել է Լեմկինի ինստիտուտը։

Կառույցը Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների, ինչպես նաև աշխարհի մյուս բոլոր առաջնորդներին կոչ է անում, որպեսզի պահանջեն Ռուբեն Վարդանյանի անվտանգ տեղափոխումն Ադրբեջանից, իսկ Արցախի կառավարության մյուս անդամների, ինչպես նաև պաշտպանության բանակի զինծառայողներն անարգել դուրս գան Արցախից։

Հիշեցնենք, որ, ըստ Վարդանյանի կնոջ, վերջինս ձերբակալվել է սահմանին, երբ փորձել է Արցախից գալ Հայաստան։ Ըստ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության՝ Ռուբեն Վարդանյանը տարվել է Բաքու։ Նրան հանձնել են պետական համապատասխան մարմիններին՝ համապատասխան որոշում կայացնելու համար։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել