Այդ հայտարարությունն ամբողջովին հակասում է իրականությանը․ Ռուբեն Ռուբինյանը՝ ՌԴ ԱԳՆ-ի՝ ԼՂ-ում հայկական ԶՈւ-ի առկայության վերաբերյալ հայտարարության մասին
 |tert.am|
23:54 - 25 սեպտեմբերի, 2023

Այդ հայտարարությունն ամբողջովին հակասում է իրականությանը․ Ռուբեն Ռուբինյանը՝ ՌԴ ԱԳՆ-ի՝ ԼՂ-ում հայկական ԶՈւ-ի առկայության վերաբերյալ հայտարարության մասին |tert.am|

tert.am: Ամենից ցավալին այն է, որ մի իրավիճակում, երբ հայ ժողովուրդը տվել է բազմաթիվ զոհեր, բոլորը տեսնում են, թե ԼՂ-ում ինչ օրհասական վիճակ է, բոլորը տեսնում են, որ ՀՀ անվտանգությունը վտանգված է, Հայաստանի դաշնակից երկրի ԱԳՆ-ն նման հայտարարություն է անում։ Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ-ի կողմից այսօր հնչած մեղադրանքներին, համաձայն որոնց՝ ՀՀ-ում փորձ է արվում ազատվել ներքին և արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունից՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։

«Ընդհանրապես դաշնակից երկրների, բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկրների ԱԳՆ-ները ծանր իրավիճակում հայտնված պետություններին և ժողովուրդներին ցավակցում և աջակցում է և ոչ մեղադրում», - նշեց Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ սա հարցի բարոյական կողմն է, մինչդեռ գոյություն ունի նաև հարցի տրամաբանական և փաստական կողմ․

«Փաստը հետևյալն է՝ ԼՂ-ում ստեղծված իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը գրեթե բոլոր կետերով խախտվել է։ Այդ իրավիճակը ստեղծվել է, որովհետև Ադրբեջանն ապօրինաբար արգելափակել է Լաչինի միջանցքը, հետո հարձակվել է ԼՂ-ի վրա, իսկ ռուս խաղաղապահ զորակազմը ո՛չ իր վերահսկողության տակ է պահել Լաչինի միջանցքը, ո՛չ էլ կանխել է հարձակումը ԼՂ-ի վրա։ Սա է իրականությունը»։

Դիտարկմանը, որ ըստ ՌԴ ԱԳՆ-ի ՀՀ ղեկավարության անհեռատեսության պատճառով հնարավոր չեղավ կյանքի կոչել Հայաստանի անվտանգության ամրապնդման ոլորտում մի շարք պայմանավորվածություններ, իսկ ՀՀ-ն չստորագրեց ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու՝ 6 ԱԳ նախարարների կողմից արդեն համաձայնեցված որոշումը, ՀՀ ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը։

«Ես ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակում գործեց ՀՀ ինքնիշխան տարածքի վրա և օկուպացրեց որոշակի տարածքներ։ ՀԱՊԿ-ը՝ մի կառույց, որի պարտականությունն է պաշտպանել իր անդամ պետությունների տարածքային ամբողջականությունը, ոչ միայն չկատարեց իր պարտականությունը, այլև չֆիքսեց հարձակումը ՀՀ սուվերեն տարածքի վրա», - ասաց Ռուբինյանը՝ հավելելով, որ դրանից հետո է տեղի ունեցել Պրահայի հանդիպումը, դրանից հետո է ձեռք բերվել պայմանավորվածությունը ՀՀ ԵՄ դիտորդներ ուղարկելու վերաբերյալ և միայն դրանից հետո ՀԱՊԿ-ն առաջարկել դիտորդական առաքելություն, մինչդեռ ՀՀ-ն չի մերժել այդ առաջարկը։

«ՀՀ-ն պահանջել է ընդամենը մեկ բան՝ եթե գաղափարն այն է, որ ՀԱՊԿ դիտորդները պետք է հսկեն Հայաստանի սահմանները, պետք է ֆիքսել՝ որոնք են դրանք։ Մենք գիտենք՝ որոնք են դրանք, միջազգային հանրությունը գիտի՝ որոնք են Հայաստանի սահմանները, և ՀԱՊԿ-ը պետք է ֆիքսի այդ սահմանները, ինչը տեղի չի ունեցել», - ընդգծեց Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ տեղի չի ունեցել նաև Ադրբեջանական հարձակման դատապարտում։

Պետրոս Ղազարյանի այն դիտարկմանը, որ ըստ ՌԴ ԱԳՆ-ի իրավիճակը թեժացել է պաշտոնական Երևանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ԼՂ-ում հայկական զինված ուժերի շարունակական ներկայության ժխտմամբ, ինչն էլ դարձել է վերջին սեպտեմբերյան էսկալացիայի հիմնական պատճառներից մեկը, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ չգիտի նույնիսկ՝ ինչպես մեկնաբանել այս հայտարարությունը։

«ՀՀ-ն ԼՂ-ում չի ունեցել զինված ուժեր։ Վերջակե՛տ։ Այդ հայտարարությունն ամբողջովին հակասում է իրականությանը», - ասաց նա՝ հավելելով, որ սեփական պարտականությունները չկատարելու համար կարելի է ամեն ինչ էլ ասել, բայց դրանից փաստերը չեն փոխվում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել