Էրդողանը չի ասել, որ «Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի գործողությունների մասին»․ կեղծ լուր՝ հայաստանյան ԶԼՄ-ներում |fip.am|
09:53 - 22 սեպտեմբերի, 2023

Էրդողանը չի ասել, որ «Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի գործողությունների մասին»․ կեղծ լուր՝ հայաստանյան ԶԼՄ-ներում |fip.am|

fip.am: Հայաստանյան լրատվամիջոցները, Տելեգրամում TRT-ի ռուսալեզու ալիքին հղում անելով, պնդել են, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի «հակաահաբեկչական գործողության մասին»։

Այս տեղեկությունը տարածել են մի շարք հայաստանյան ԶԼՄ-ներ՝ aysor.amtert.ampanorama.am և այլն։

«Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով թուրքական լրատվամիջոցները, պարզեց, որ Էրդողանը, Նյու Յորքում «Թուրքական տանը» պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է Արցախում ադրբեջանական հարձակմանը, սակայն նման հայտարարություն չի արել։

FIP․am-ն Էրդողանին վերագրվող խոսքերը չհայտնաբերեց թուրքական որևէ այլ լրատվամիջոցում (12), և, մասնավորապես, TRT-ի անգլալեզու տարբերակում։

Ըստ թուրքական աղբյուրների, Էրդողանն ասել է․

«Նախ, կարևոր է նշել, որ Փաշինյանի մասնակցությունն իմ երդման արարողությանը կարևոր էր: Մենք արդեն մեր շնորհակալությունն ենք հայտնել նրան այդ առթիվ։ Այս վերջին իրադարձությունը Փաշինյանի հետ կապված չէ. դա կապված չէ Հայաստան պետության հետ։ Սա կապված է Ղարաբաղում հայ զինյալների որոշակի խմբի հետ։ Նախագահական ընտրություններ անցկացնելու նրանց փորձը լուրջ մտահոգություն էր և՛ Փաշինյանի, և՛ Ադրբեջանի համար։ Որովհետև Ադրբեջանն այս իրադարձությունը դիտեց որպես «առկա գործընթացը կացնահարելու միտում»։ Բացի այդ, այս խմբերի կողմից Ղարաբաղում մեր եղբայրներին սպանելու փորձը իրադարձությունները տարավ ավելի վտանգավոր ուղղությամբ։ Զգուշացումներ են տրվել, սակայն, չնայած բոլոր զգուշացումներին, այդ խմբավորումները չեն դադարեցրել իրենց գործունեությունը։ Սրանից հետո Ադրբեջանը քայլեր ձեռնարկեց: Եվ նրանք այնտեղ ռազմական օպերացիան իրականացրին առանց ձգձգումների: Օպերացիայի ավարտից հետո ինձ տեղեկացրին, որ մոտ 90 կարևոր կետի են խփել և ամբողջությամբ ավարտել են իրենց գործը։ Նրանք պահանջել էին նաև ապահովել ամբողջ տեխնիկայի, զինամթերքի հանձնումը և հետ քաշվելը նախանշված վայրերից: Մեր երկրի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը բանակցություններ է վարել, և այսօր ես հանդիպել եմ նաև իմ գործընկեր նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա շնորհակալություն հայտնեց ինձ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իմ ելույթի համար և ասաց. «Այժմ արդեն այդ խմբավորումները չեն կարողանա շունչ քաշել այդ տարածքներում: Մենք ավարտել ենք մեր գործողությունն, այլևս ոչ մի խնդիր չկա»»:

Այսպիսով, հայաստանյան լրատվամիջոցները, հիմնվելով տելեգրամյան մեկ հրապարակման վրա, Թուրքիայի նախագահին ՀՀ վարչապետի վերաբերյալ հայտարարություն են վերագրել, որը նա չի արել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել