Այս պահին հրատապը պարզապես մարդկանց սովից փրկելն է. Արցախի ՄԻՊ |panorama.am|
11:47 - 19 սեպտեմբերի, 2023

Այս պահին հրատապը պարզապես մարդկանց սովից փրկելն է. Արցախի ՄԻՊ |panorama.am|

panorama.am: Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը չի կարող դիտարկվել այլընտրանք Բերձորի միջանցքին: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հիշեցնում է՝ այս պահին հրատապը պարզապես մարդկանց սովից փրկելն է: Բայց հեռանկարում Արցախի հայկականության պահպանումն անհնար է պատկերացնել՝ առանց Բերձորի միջանցքի լիարժեք աշխատանքի. առնվազն այն պարամետրերով, որոնք նախատեսված են 2020-ի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ:

«Ակա-Ստեփանակերտ ճանապարհի միանգամյան օգտագործումը կամ զուտ հումանիտար նպատակով օգտագործումը երբեք չպետք է մեկնաբանվի, որ Արցախի ժողովուրդը տեղի է տալիս իր ինքնորոշման իրավունքից կամ պահանջներից, հակառակը՝ պետք է օգտագործվի, որ մի երկիր, որն արհեստականորեն փակել է Արցախը սնունցող միակ զարկերակը ու դրա փոխարեն պարտադրել է մեզ անել այլ քայլ մեր ժողովրդի կյանքը  փրկելու համար, երբեք չի կարող խոսել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության երաշխիքների մասին»,-  Արցախի հանրային հեռուստատեսության տված հարցազրույցում ասում է Գեղամ Ստեփանյանը։ 

Նա նշում է, որ անգամ այս ծանրագույն իրավիճակում, երբ իրենց համար մարդկանց կյանքը փրկելու առաջնահերթությունը ստիպում է  գնալ նման քայլի, Ադրբեջանն  օգտագործում է իր քաղաքական թեզերն առաջ մղելու համար։

Գեղամ Ստեփանյանն ընդգծում է՝ այլ ճանապարհները Լաչինի միջանցքին այլընտրանք լինել չեն կարող, հիշեցնում Լաչինի միջանցքը ոչ թե հումանի տարբեռներ տեղափոխելու, այլ Արցախում  բնականոն կյանք կազմակերպելու համար է, Արցախի համար՝ կյանքի ճանապարհ։

«Այդ հստակ մեսիջը պետք է տանք, որ այնպես չէ, որ մենք պատրաստվում ենք լինել մի տարածաշրջան, որն ամբողջ կյանքը պետք է կախված լինի հումանիտար բեռնից։ Դա մեզ համար ընդունելի չէ։ Որպեսզի դա տեղի չունենա, ապա Լաչինի միջանցքը պետք է գործի առանց որևէ սահմանափակումների»,- ասում է Ստեփանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել