Ո՞վ կարձագանքի, եթե Բաքուն հավակնություն ունենա Երևանի, Զանգեզուրի կամ Սևանա լճի նկատմամբ․ Քերոլայն Քոքս
 |tert.am|
14:10 - 15 սեպտեմբերի, 2023

Ո՞վ կարձագանքի, եթե Բաքուն հավակնություն ունենա Երևանի, Զանգեզուրի կամ Սևանա լճի նկատմամբ․ Քերոլայն Քոքս |tert.am|

tert.am: 30 տարի առաջ գործընկերոջս հետ զեկույց ենք գրել, թե այդ օրերին ինչ էր տեղի ունենում Ղարաբաղում, դժբախտաբար, իրավիճակը Ղարաբաղում չի բարելավվում։

Այս մասին մամուլի ասուլիսին ասաց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։

«Հիշում ենք ղարաբաղյան առաջին պատերազմի սարսափները, ես այնտեղ եմ եղել անձամբ և տեսել Ադրբեջանի կողմից ձեր ժողովրդին հասցված հսկայական տառապանքը։ Անձամբ եմ ականատես եկել, թե ինչպես է Ադրբեջանի կողմից օրեկան 400 գրադ արձակվում Ստեփանակերտի վրա, տեսել եմ, թե ինչպես է 500 կգ-անոց ռումբ ընկնում քաղաքացիական տների վրա», -վերհիշեց բարոնուհին։

Քերոլայն Քոքսը վշտացած է գերտերությունների գործողություններից, որոնք շարունակում են ճնշում գործադրել Հայաստանի վրա, ընդունելու Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի նկատմամբ:

«Մեծ ցավով եմ հիշում, երբ արցախցիները օգնություն կանչեցին, աշխարհին կանչեցին, աշխարհը նախընտրեց չլսել։ Շատ ազգեր իրենց ականջները փակեցին, այդպիսով էլ ավելի սատարեցին մեղավորներին՝ անպատիժ կերպով շարունակելու իրենց բռնություններն ու սպանությունները»,-նշեց նա։

Նրա խոսքով՝ Արցախի բնիկ, հայ քրիստոնյա բնակչությունը կանգնած է իր պատմական հողում էթնիկ և կրոնական զտումների առջև, և, ըստ նրա, այս իրավիճակը գնալով սրվում է:

Բարոնուհին նաև նկատեց, որ դեռ ոչ մի ազգ չի արձագանքել հայ ժողովրդի աղաղակներին։

«Ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Ռուսաստանը և ոչ էլ ՀԱՊԿ-ը չեն արձագանքել։  Ոչ մի ժողովուրդ չի դիմադրել Ստեփանակերտի նկատմամբ Բաքվի տարածքային հավակնություններին

Հետևաբար, հարց է բարձրանում` ո՞վ կարձագանքի, եթե Բաքուն հավակնություն ունենա Երևանի, Զանգեզուրի կամ Սևանա լճի նկատմամբ»,- մտահոգություն հայտնեց բարոնուհին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել