Գերագույն ռադան Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատել է Ռուստեմ Ումերովի թեկնածությունը
 |hetq.am|
16:11 - 06 սեպտեմբերի, 2023

Գերագույն ռադան Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատել է Ռուստեմ Ումերովի թեկնածությունը |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի գերագույն ռադան պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատել է Ռուստեմ Ումերովի թեկնածությունը։ Այդ մասին հայտնել է «Ձայն» խմբակցության անդամ Յարոսլավ Ժելեզնյակը։ 

Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 338 պատգամավոր։ Դեմ քվեարկած պատգամավոր չի եղել: 1 պատգամավոր էլ ձեռնպահ է մնացել։

Ղրիմաթաթարական ծագմամբ Ռուստեմ Ումերովը 2022 թվականից գլխավորում էր Ուկրաինայի պետգույքի ֆոնդը։ Մինչ այդ նա եղել է Գերագույն ռադայի պատգամավոր և զբաղեցրել Մարդու իրավունքների և բռնազավթված տարածքների ազատագրման հարցերով հանձնաժողովի քարտուղարի պաշտոնը։ Ումերովը նաև եղել է լայնամաստշաբ պատերազմի սկզբում Ռուսաստանի հետ բանակցությունների կոնտակտային խմբի անդամ։

Սեպտեմբերի 5-ին Ռադան հաստատեց պաշտպանության նախարարի պաշտոնից Ալեքսեյ Ռեզնիկովի ազատման մասին նախագահ Վլադիմիր Զելենսկիի որոշումը։ Ռեզնիկովն Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցնում էր 2021 թվականի նոյեմբերի 4-ից։ «Ինձ համար պատիվ էր ծառայել ուկրաինացի ժողովրդին և վերջին 22 ամիսներին աշխատել ուկրաինական բանակում՝ Ուկրաինայի ժամանակակից պատմության ամենածանր շրջանում»,- ասել էր Ռեզնիկովը։ 

Իր ուղերձում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը «նոր մոտեցումների և փոխգործակցության այլ ձևաչափերի կարիք ունի ինչպես զինվորականների, այնպես էլ հասարակության հետ ընդհանուր առմամբ»։ Ուկրաինացի լրագրողները, սակայն, պնդում են, որ Ռեզնիկովի ազատումը կապված է Ուկրաինայի ՊՆ-ում կոռուպցիոն մի շարք սկանդալների հետ, որոնց մասին ավելի վաղ գրել էին ուկրաինացի հետաքննող լրագրողները։ Մասնավորապես, Украинская правда-ն հետաքննություն էր իրականացրել և պարզել, որ Ուկրաինայի ԶՈւ համազգեստի առանձին տարրեր ՊՆ-ն ձեռք է բերում շուկայականից բարձր գներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել