Սուրիկ Խաչատրյանի առերևույթ ապօրինի գույքի գործով հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության քննությունն ավարտվեց
 |hetq.am|
10:05 - 05 սեպտեմբերի, 2023

Սուրիկ Խաչատրյանի առերևույթ ապօրինի գույքի գործով հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության քննությունն ավարտվեց |hetq.am|

hetq.am: Հակակոռուպցիոն դատարանում սեպտեմբերի 4-ին դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ՝ շարունակվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա հարազատների եւ փոխկապակցված անձանց դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով:

Այդ ցանկում են հայտնվել՝ նրա կինը՝ Լորետա Բարսեղյանը, որդիները՝ Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, փեսաները` Էրիկ Համբարձումյանը, Ռուբեն Գալստյանը, և Խաչատրյանին փոխկապակցված այլ անձինք՝ Վարդան Բարսեղյանը, Հայկուհի Միքայելյանը, Մանվել Մալինցյանը, Լուսինե Բարսեղյանը և Նորայր Մնացականյանը:

Նախորդ դատական նիստին Սուրիկ Խաչատրյանի և Լորետա Բարսեղյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու մասին:

Այսօրվա նիստին դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ Գևորգ Քոչարյանը ներկայացրեց այդ միջնորդության վերաբերյալ իր առարկությունները: Ըստ Քոչարյանի` միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման:

Գևորգ Քոչարյանն ասաց, որ 2022-ի հունիսին փոփոխություն է տեղի ունեցել Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքում, և ուսումնասիրության նոր ժամանակահատված է սահմանվել` 3 տարի, իսկ օրենքի անցումային դրույթներով սահմանվել է, որ նոր ժամանակահատվածը կարող է տարածվել չավարտված ուսումնասիրությունների վրա: Քոչարյանի խոսքով` օրենքի ընդունման պահին ավարտված չի եղել ուսումնասիրությունը այս գործով:

Քոչարյանը առարկության երկրորդ մասով հայտնեց, որ օրենքով սահմանված չէ որևէ հատուկ կանոն, որով կսահամանափակվեր եզրակացության հիման վրա հայցադիմում ներկայացնելուց հետո իրավասու մարմնի կողմից նոր ապցույցներ հավաքելու, վերահաշվարկներ կատարելու և դրանց հիման վրա հայցի առարկայի կամ հիմքի փոփոխության վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը:

Երրորդ մասով Քոչարյանը անդրադարձավ հայցի հիմքի և առարկայի փոփոխման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումներին, որոնք  պատասխանողների ներկայացուցչի կողմից էին ներկայացվել` որպես իրենց տեսակետի հիմնավորում: Դատախազը առանձին անդրադարձավ այդ դիրքորոշումներին և հայտնեց, որ պատասխանողի ներկայացուցիչը կոնտեքստից կտրված է հիշատակել այդ դիրքորոշումները: «Գտնում ենք, որ Վճռաբեկ դատարանի կողմից կոնկրետ իրավիճակների կոնտեքստում և կոնկրետ հարցերի պարզաբանման համար ձևակերպված դիրքորոշումները պատասխանողների ներկայացուցչի կողմից մեկնաբանվել են չափազանց լայն: Վերջինիս նշած տեսակետը, թե հայցի հիմքի և/կամ առարկայի ցանկացած փոփոխություն իրենից ներկայացնում է նոր հայցադիմումի հարուցում, չի բխում ոչ օրենսգրքի կարգավորումներից, ոչ Վճռաբեկ դատարանի հայտնած դիրքորոշումներից»,- ասաց դատախազը:

Առարկության չորրորդ մասով դատախազը հայտնեց, որ հայցի հիմքի և/կամ առարկայի փոփոխությունը դատարանների կողմից որպես նոր հայցադիմումի ներկայացում չդիտարկելը հիմնավորվում է նաև իրավակիրառ պրակտիկայով:

Դատախազը առարկության հինգերորդ մասով ներկայացրեց հիմնավորումներն այն մասին, որ պատասխանողի ներկայացուցչի մեկնաբանությունը, թե հայցի հիմքի և/կամ առարկայի ցանկացած փոփոխություն իրենից ներկայացնում է նոր հայցադիմումի հարուցում, հակասում է օրենսգրքի կարգավորումներին և հայցի հիմքի և/կամ առարկայի փոփոխության ինստիտուտի նպատակին:

Քոչարյանի խոսքով` օրենսգրքով նախատեսված է պայման, ըստ որի` հայցի հիմքի և/կամ առարկայի փոփոխությունը թույլատրելի է, եթե դրա արդյունքում չի փոխվում այն իրավունքը կամ օրենքով պահպանվող շահը, որի պաշտպանության նպատակով հայցը սկզբնապես հարուցվել է:

Դատախազը խնդրեց դատարանին մերժել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ պատասխանողների ներկայացուցչի ներկայացրած միջնորդությունը այն հիմքով, որ հայցի հարուցմամբ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվել է: Ըստ Քոչարյանի` այլ հիմքով այս միջնորդությունը ենթակա չէ մերժման:

Պատասխանողների ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանն ասաց, որ օրենքի փոփոխությունը` ուսումնասիրության ժամկետը 2-ից 3 տարի դարձնելու մասին, ունի սահմանադրականության հետ կապված խնդիր:

Գրիգորյանը հարց տվեց դատախազին, թե հնարավո՞ր է, որ իրավասու մարմինը մեկ գույքի նկատմամբ պահանջ ներկայացնի, հետո դատարանում ավելացնի, օրինակ, 34-ը: Դատախազի կարծիքով` չի կարող, քանի որ իրավասու մարմինը պետք է գործի ողջամիտ: Վահագն Գրիգորյանի կարծիքով, սակայն, ողջամիտ գործելու գաղափարը օրենսդրական կատեգորիա չէ: 

Իսկ ինչ վերաբերում էր Վճռաբեկ դատարանի դիրքորոշումներին, որ դատախազը որակեց կոնտեքստից կտրված մեջբերումներ, Վահագն Գրիգորյանն ասաց, որ կապ չունի, թե Վճռաբեկ դատարանը որ իրավական հարցադրման շրջանակում է արտահայտել այդ դիրքորոշումը:

Դատարանը ապացուցման բեռի բաշխում իրականացրեց: Ըստ այդմ` Վահագն Գրիգորյանը պետք է ապացուցի, որ խախտվել է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի 8-րդ կետով նախատեսված վաղեմության ժամկետը: Ապացուցման համար Վահագն Գրիգորյանը հայտնեց, որ իրեն ժամանակ անհրաժեշտ չէ:

Հայցային վաղեմության միջնորդության քննությունն այսքանով ավարտվեց: Դատական ակտը կհրապարակվի սեպտեմբերի 15-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել