2020-ի պատերազմը հիմնականում Հայաստանի ղեկավարության անմտածված ու սադրիչ քայլերի արդյունք էր․ ռուսական ՏԱՍՍ-ի աղբյուր
18:07 - 04 սեպտեմբերի, 2023

2020-ի պատերազմը հիմնականում Հայաստանի ղեկավարության անմտածված ու սադրիչ քայլերի արդյունք էր․ ռուսական ՏԱՍՍ-ի աղբյուր

ՏԱՍՍ-ի աղբյուրը նշել է, որ ՀՀ ԱԳՆ-ի կողմից հնչեցված այն թեզը, թե «ղարաբաղյան հակամարտությունը երբեք տարածքային վեճ չի եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև», կեղծ է։

«Առճակատման արմատը նախկին ադրբեջանական ԽՍՀ ԼՂԻՄ-ի կարգավիճակի հարցն է, մինչդեռ Երևանը երկար ժամանակ իր վերահսկողության տակ էր պահում ադրբեջանական տարածքի մի մասը»,- ասել է աղբյուրը։

Աղբյուրը նշել է, թե 2020 թ․ պատերազմը Հայաստանի ղեկավարության անմտածված ու սադրիչ քայլերի արդյունքում է եղել․ «2020 թվականի աշնանը տեղի ունեցած զինված դիմակայությունը հիմնականում Հայաստանի ղեկավարության անմտածված ու սադրիչ քայլերի արդյունք էր, այդ թվում՝ «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարության և Շուշայում Լեռնային Ղարաբաղի «նախագահի» երդմնակալության արարողությանը մասնակցության պատճառով։ Դա մեծապես արժեզրկեց կողմերի համաձայնությունները, որոնք ձեռք էին բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով: Եթե չլիներ Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի միջամտությունը, ռազմական գործողությունների արդյունքներն էլ ավելի ողբալի կլինեին։ Չնայած նրան, որ պատերազմի սկզբից երեք շաբաթ անց ՌԴ նախագահը հորդորեց Հայաստանի վարչապետին համաձայնել հրադադարի, որը թույլ կտար խուսափել հետագա զոհերից և կապահովեր խաղաղություն և հանգստություն Լեռնային Ղարաբաղի տարածքում»։

ՌԴ դիրքորոշում

Դիվանագիտական աղբյուրը անհիմն է համարել նաև ՀՀ ԱԳՆ-ի այն հայտարարությունը, ըստ որի՝ «ռուսական կողմը բացարձակ անտարբերություն է դրսևորել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ»։ 

Աղբյուրը հիշեցրել է, որ երկու երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների միջև տեղի են ունեցել համապատասխան խորհրդակցություններ, ինչպես նաև ՀԱՊԿ բարձրաստիճան ներկայացուցիչների այցելություններ տարածաշրջան։

«Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հիմնական ուղին ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է, որն անընդունելիորեն հետաձգվել է ոչ Ռուսաստանի մեղքով»,- ընդգծել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը։

Միևնույն ժամանակ, դիվանագիտական ​​աղբյուրը նշել է, որ «Երևանը լիարժեքորեն չի օգտագործում ՀԱՊԿ-ի ներուժը, ինչը, մասնավորապես, դրսևորվել է կազմակերպության առաքելության տեղակայմանը համաձայնություն չտալով և ընտրություն ԵՄ անարդյունավետ առաքելության օգտին կատարելով»: Աղբյուրի խոսքով՝ այս ֆոնին ՀԱՊԿ-ում որոշակի ճգնաժամի մասին փաստարկները քաղաքականություն են թվում։

Գործակալության զրուցակիցը անդառնալիության կետ է անվանել ԵՄ հովանու ներքո 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2023 թ․ մայիսի 14-ին Բրյուսելում կայացած հանդիպումներում Հայաստանի հայտարարությունները, որոնցով Հայաստանի ղեկավարությունը 180 աստիճանով շրջադարձ է կատարել՝ «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունից հասնելով Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում ճանաչելուն։ Դա արմատապես փոխեց 2020 թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրի պայմանները և առավելագույնս դժվարացրեց ռուսական խաղաղապահ զորակազմի աշխատանքը Լեռնային Ղարաբաղում։ Այնուամենայնիվ, ռուս խաղաղապահները ամեն ջանք գործադրում են տեղում իրավիճակի սրումը կանխելու համար»,- ընդգծել է աղբյուրը։

Աղբյուրի խոսքով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հասցեին նման անհիմն հարձակումները վնասից բացի այլ բան չեն բերում, այդ թվում՝ հենց Հայաստանին։

Աղբյուրը նշել է, թե Հակարիի կամրջի վրա ադրբեջանական դրոշ տեղադրելու ադրբեջանցիների փորձին խաղաղապահների ենթադրյալ օգնության մասին ակնարկները ավելի ուշ հերքվել են հրապարակված տեսաապացուցյներով։ 

«Հայաստանի ինքնաբացարկը չի օգնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի կարգավորմանը։ Մեգաֆոնային դիվանագիտությունը ունակ չէ փոխարինել Բաքու-Ստեփանակերտ-Երեւան եռանկյունու մեջ պրակտիկ աշխատանքին»,- եզրափակել է գործակալության զրուցակիցը:

Լուսանկարը՝ 2019 թ․ օգոստոսի 6/ Ստեփանակերտ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել