ՆԳՆ-ն օրենքի խախտմամբ չի սահմանել առաջին անգամ զենք ձեռք բերելու քննության կարգը
18:57 - 25 օգոստոսի, 2023

ՆԳՆ-ն օրենքի խախտմամբ չի սահմանել առաջին անգամ զենք ձեռք բերելու քննության կարգը

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքը, որն արդեն մի քանի ամիս է՝ ուժի մեջ է, դեռեւս ամբողջությամբ չի գործում։ Դրա կիրարկման ծանր ընթացքը տարբեր պատճառներ ունի․ այժմ այդ պատճառներից մեկն այն է, որ ՆԳՆ-ն օրենքի խախտմամբ չի կատարել օրենսդիր մարմնի կողմից իրեն պատվիրակված գործառույթը՝ չի սահմանել կարգը, որով պետք է քաղաքացիները քննություն հանձնեն՝ առաջին անգամ զենք ձեռք բերելու համար։ 

Այսպես, այս տարվա հուլիսի 13-ին խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած եւ անհետաձգելի համարած նախագիծը, որով առաջարկվում էր փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքում։ Օրենքի այդ նախագծով, ի թիվս այլնի, սահմանվել է, որ «առաջին անգամ զենք, այդ թվում՝ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացին պարտավոր է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի բնագավառում պետական լիազոր մարմնի սահմանած կարգով հանձնել զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություն»: Նույն օրենքում նշված է, որ ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանը պետք է ընդունվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 15 օրվա ընթացքում:

Օրենքն ուժի մեջ է մտնում այն օրվանից, երբ նախագահի ստորագրելուց հետո այն հրապարակվում է պաշտոնապես։ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված է, որ Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահը ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով: Խնդրո առարկա օրենքը նախագահը ՍԴ չի ուղարկել եւ այն ստորագրել է օգոստոսի 3-ին, օրենքն ուժի մեջ է մտել օգոստոսի 8-ին։ 

Սա նշանակում է, որ օգոստոսի 8-ից հաշված՝ ներքին գործերի բնագավառում պետական լիազոր մարմինը՝ Ներքին գործերի նախարարությունը, 15 օրվա ընթացքում պետք է սահմաներ զենքի հետ կապված քննության կարգը, իսկ նախարարը՝ ստորագրեր այն։ Սակայն մինչ այս պահը հրապարակված չեն ոչ կարգը, ոչ հրամանը, ինչը, փաստացի, օրենքի խախտում է։

Infocom-ը նախ կապ հաստատեց ՆԳՆ ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանի հետ՝ խնդրելով պատասխանել, թե ինչու դեռեւս չկա նախարարի հրամանը, եւ ինչու հաստատված չէ համապատասխան կարգը։ Չնայած մեր հավաստիացումներին, որ զենքի հետ կապված քննության վերաբերյալ դրույթը սահմանող օրենքն ուժի մեջ է մտել, եւ կարգի սահմանման համար նախատեսված ժամկետն արդեն անցել է, Գաբրիելյանը պնդեց, որ ընդունվել է ընդհանուր օրենքը, իսկ նշյալ դրույթը Ազգային ժողովում քննարկման փուլում է, եւ դրանով է պայմանավորված, որ կարգը դեռ չկա։ Մեր ճշտող հարցին՝ խոսքը վերաբերում է այն դրույթին, ըստ որի՝ ՆԳՆ-ն պետք է հաստատի քննության կարգը, Գաբրիելյանը դրական պատասխան տվեց՝ առաջարկելով ԱԺ կայքում նայել։ Նրա խոսքով՝ այս պահին նոր ընդունված օրենքի այդ փոփոխությունը կրկին փոփոխության է ենթարկվում, եւ այդ մասով ուժի մեջ մտած չէ։

Ազգային ժողովի կայքում, սակայն, ոչ նիստերի օրակարգում ընդգրկված, ոչ օրակարգում դեռեւս չընդգրկված նախագծերի բաժնում, ոչ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգում զենքի մասին օրենքին առնչվող որեւէ նախագիծ զետեղված չէ։ Infocom-ը մեկնաբանություն ստացավ նշյալ հանձնաժողովի անդամ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանից․ վերջինս, հակառակ ՆԳՆ-ից ստացած մեկնաբանության, փոխանցեց, որ Ազգային ժողովում զենքի ձեռքբերման քննության կարգի վերաբերյալ որեւէ նախագիծ ներկայում չի քննարկվում, եւ պետք է հիմք ընդունել արդեն իսկ ուժի մեջ մտած օրենքը, որն ամենասկզբում հիշատակեցինք։ Սա նշանակում է, որ օրենքի ամբողջական կիրարկման համար հետագա աշխատանքները ՆԳՆ տիրույթում են։

Ըստ այդմ դարձյալ կապ հաստատեցինք ՆԳՆ աշխատակցի հետ՝ տեղեկացնելով, որ նույնիսկ ԱԺ համապատասխան հանձնաժողովից են վստահեցնում, որ նոր նախագիծ չի քննարկվում։ Պարոն Գաբրիելյանը բանավոր մեկնաբանություն չտվեց՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։ Հարցման պատասխանն ստանալուց հետո այն կհրապարակենք։

Հային զինվել է պետք, ու այդ ճանապարհին փնթիությունները հանգեցնելու են տխուր բաների

Զենքի օրենքն այնքան է ծամծմվել, որ էլ չափ ու սահման չկա, ասում է «Ազատազէն» ռազմակրթական ՀԿ խորհրդի նախագահ Իշխան Գեւորգյանը․ 

«Փաստացի, լավ բան անելու փորձը, այն է՝ մարդուն թույլատրել զենք գնել՝ գիտելիքի հիման վրա, այսօր ողբալի ձեւով է ընթանում։ Իրականում մեր բոլոր գործընթացները նման ձեւով են արվում, այսինքն՝ սկզբից թվում է, թե լավ բան է արվելու, բայց այնքան վատ է արվում, որ կարող է՝ եթե չարվեր, ավելի լավ լիներ»,- մեր զրույցում ասաց Գեւորգյանը՝ հիշեցնելով, որ «Ազատազէն»-ի հրաձգարանը միայն վերջերս է լրիվ օրինական դարձել, այն էլ դատական կարգով․ «Պետք էր հրաձգարան բացելու համար լիցենզավորված հրահանգիչ ունենալ, ու երկրում չկա այդ լիցենզավորված հրահանգիչը, որովհետեւ դրա կարգն էլ ոստիկանությունը չի սահմանել»,- նշեց Գեւորգյանը։ Այդ կարգն էլ, ի դեպ, մինչ օրս սահմանված չէ։

Գեւորգյանի խոսքով՝ հիմա էլ եթե մեկը որոշի դատական կարգով իրացնել զենք ձեռք բերելու իրավունքը, ապա, ըստ ամենայնի, կհաջողի, որովհետեւ այդ իրավունքի իրացման համար անհաղթահարելի ուժ է ստեղծվել, ինչը չպիտի անձի դեմ գործի։ Բայց այդ ճանապարհն էլ հեշտ ընթացքով չէ․

«Այն իրականությունում, որում մենք ենք ապրում, մարդուն բերել գցել այդ վիճակի մեջ, որ եթե ուզում ես զինվել, պետք է իրավաբան վարձես, պայքարես, ոչ մի տեղ չենք հասնի։ Մենք ռազմամարզականների ասոցիացիայով քննարկել ենք նաեւ այս հարցին իրավական ընթացք տալը, բայց խնդիրը ոչ թե նրանում է, որ մենք դա էլ դատով կհաղթենք, այլ հարցն այն է, որ գործը փնթի է արվում․ մի քանի տարի առաջ որոշվել է զենքի օրենքը փոխել, բայց փոխում-փոխում ենք, չենք փոխում։ Բայց բոլորն են հասկանում, որ հային զինվել է պետք, ու այդ ճանապարհին փնթիությունները հանգեցնելու են տխուր բաների»,- ասաց Գեւորգյանը՝ հիշեցնելով նաեւ, որ այս տարվա սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ն անցկացվելիք պահեստազորայինների վարժական հավաքներին ներգրավվել է ընդամենը հազարից մի փոքր ավելի քաղաքացի, եւ մեր զրուցակցի մտահոգությունն այն է, որ վաղը եթե լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն, ինչի հավանականությունն առկա է, մենք ունենալու ենք մոբ ռեսուրսի այն նույն մարդկանց, որոնք պատշաճ պատրաստված չեն։ 

Գեւորգյանը նշեց, որ մյուս շաբաթվանից ավելի ակտիվ քայլեր կձեռնարկեն, որպեսզի այս խնդիրը լուծվի․ «Խայտառակություն է, որ պատերազմից երեք տարի հետո դատով պետք է բացվի երկրի առաջին հրաձգարանը, կամ մեկը պիտի հունից դուրս գա՝ դատով զինվի։ Բոլոր հայերը պետք է ուշադիր սպասեն, ով ինչ քայլ կարող է՝ անի, որ կարգը լինի, քանի որ սա տարբերակ է, որ մարդը հույսն իր վրա դնելով՝ իր ռազմական գիտելիքները բարձրացնի, լինի զինված, որովհետեւ Ջերմուկի քաղաքացին չգիտեր, որ հակառակորդը կարող է հասնել Ջերմուկի մատույցներին, վաղը կարող է Արմավիր հասնելու փորձ անեն․․․։ Այս կարգը կլինի շուտ թե ուշ, բայց պետք է գիտակից քաղաքացիներ շատ լինեն, որ գնան, կարգ ու կանոնով զինվեն ու պատրաստ դառնան, որ մեկ ազատազեն մարդ շատանա․ ազատազենը զինված ու երկիրը պահելուն պատրաստ մարդն է, որը խաղաղ ժամանակ անկախ է բանակից»։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել