Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում առկա վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով |armenpress.am|
00:46 - 17 օգոստոսի, 2023

Չինաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում առկա վեճերը լուծել դիվանագիտական ճանապարհով |armenpress.am|

armenpress.am: Չինաստանն ուշիուշով հետևում է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին և կոչ է անում առկա վեճերը լուծել երկխոսությամբ, քննարկումների և խորհրդակցությունների միջոցով։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստում այս մասին ասաց ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը։

«Չինաստանն ուշիուշով հետևում է իրավիճակի զարգացումներին և մշտապես կոչ է անում, որ Լաչինի միջանցքի հետ  կապված վեճերը լուծվեն երկխոսությամբ քննակումների և խորհրդակցությունների միջոցով։ Հավատացած ենք և հույս ենք հայտնում, որ կողմերը բոլոր խնդիրները, այդ թվում՝ մարդասիրական իրավիճակը, կլուծեն դիվանագիտական ջանքերի միջոցով։ Հայաստանն ու Ադրբեջանը հարևաններ են․ երկու երկրների հիմնարար շահերից է բխում անվտանգության և զարգացման ընդհանուր ճանապարհով ընթանալը»,- նշեց Չինաստանի ներկայացուցիչը։

Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը 4 համատեղ հայտարարություններ են ընդունել՝ պայանավորվածություններ ձեռք բերելով մարտական գործողությունների դադարեցման, տնտեսական և տրանսպորտային համագործակցության և սահմանային խնդիրների վերաբերյալ։

«Վերջերս Հայաստանը և Ադրբեջանը մի շարք քննարկումներ են ունեցել համապատախսան կողմերի միջնորդությամբ՝ ի ցույց դնելով քաղաքական կամք և գործողություններ  երկու պետությունների կողմից՝ հանգուցալուծելու վիճահարույց խնդիրները դիվանագիտական և խաղաղ ճանապարհով։ Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել փոխադարձ զիջումների գնալ այս հայտարարությունների հիման վրա և հավուր պատշաճի լուծել առկա վեճերը միջազգային մարդասիրական և միջազգային նորմերի հիման վրա։ Չինաստանն աջակցում է բոլոր դիվանագիտական ջանքերին, որոնք կնպաստեն այս նպատակին»,- եզրափակեց Չինաստանի ներկայացուցիչը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել