Հեմոդիալիզ ստացող եւս 10 հիվանդ ԿԽՄԿ առաքելության միջոցով տարհանվել է Երևան
 |artsakhpress.am|
12:36 - 15 օգոստոսի, 2023

Հեմոդիալիզ ստացող եւս 10 հիվանդ ԿԽՄԿ առաքելության միջոցով տարհանվել է Երևան |artsakhpress.am|

artsakhpress.am: Այսօր՝ օգոստոսի 15-ին՝ վաղ առավոտյան, Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնից հեմոդիալիզ ստացող տասը հիվանդներ ԿԽՄԿ մեքենաներով ուղևորվել են Հայաստանի Հանրապետության մասնագիտացված բժշկական կենտրոններ` բուժում ստանալու նպատակով։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀԲԿ հեմոդիալիզի բաժանմունքի վարիչ Քրիստինե Ավագիմյանը նշել է, որ լիակատար շրջափակման մեջ գտնվելու պատճառով հնարավոր չէ  ապահովել հիվանդների համար անհրաժեշտ դեղորայքն ու համապատասխան սարքավորումները` բուժման ընթացքը կազմակերպելու համար։

«Ստեղծված իրավիճակի պատճառով ստիպված ենք մեր հիվանդներին ուղարկել Երևան` հետագա բուժման համար՝ հույս ունենալով, որ այս իրավիճակը կկարգավորվի։ Այս որոշմանը շատ մեծ դժվարությամբ ենք հանգել, սակայն մեր հիվանդների առողջությունը մեզ համար առաջնային է։ Կան հիվանդներ, ովքեր, ընտանեկան պայմաններից ելնելով, չեն կարողանում ուղևորվել Երևան, և ստացվում է, որ նրանք հետագա բուժումը պետք է շարունակեն այստեղ, ինչը շատ մեծ դժվարությամբ կկատարվի։ Անհրաժեշտ դեղորայքի և սարքավորումների սուղ պայմաններից ելնելով` սկսել ենք աշխատել խիստ խնայողաբար։ Եթե մեր բուժառուները սովորաբար  գալիս էին շաբաթական երեքանգամյա սեանսի, ապա այժմ երկու անգամ են գալիս։ Այդ ամենն, իհարկե, խիստ բացասաբար է ազդում  նրանց առողջական վիճակի վրա, և, ցավոք, ունենք երկու հիվանդ, ովքեր հայտնվել են ինտենսիվ թերապիայի մեջ։ Եղած դեղորայքի ու սարքավորումների պաշարով այսուհետ կարող ենք աշխատել միայն երկու շաբաթ»,-մանրամասնել է Ք. Ավագիմյանը։

Նա հավելել է, որ, ընդհանուր առմամբ, հեմոդիալիզ ստացող  քսանինը հիվանդ է ուղևորվել ՀՀ բուժհաստատություններում բուժումը  շարունակելու, իսկ տասը հիվանդ կտրականապես հրաժարվել է մեկնել Երևան։

Բուժառու Սևակ Ավանեսյանը մեզ հետ զրույցում ասել է, որ 2004 թվականից տառապում է  երիկամների անբավարարությամբ և ստանում համապատասխան բուժում։

«Մինչ շրջափակումը Մաղավուզից կարողանում էի հասնել քաղաք և բուժում ստանալ, բայց այսօր այն անհնար է դարձել` տրանսպորտի չգործելու պատճառով։ Ինձ հետ ուղևորվում է նաև կինս՝ որպես խնամակալ։ Մեր երկու տղաները՝ ութ և չորս տարեկան, մնացել են ծնողներիս խնամքին, թույլ չեն տվել մեզ հետ տանենք։ Հույս ունեմ, որ իրավիճակը կկարգավորվի, և կվերադառնանք տուն»,-նշել է Ս. Ավանեսյանը։

Տիկին Նինան էլ Երևան է մեկնում` որպես ամուսնու խնամակալ՝ Արցախում թողնելով իր դստերը։

Ասում է՝ հույսը չի կորցնում, որ Արցախը կապաշրջափակվի, ու առաջվա պես կկարողանան անհրաժեշտ դեղորայք ու սարքավորումներ ներկրել, որպեսզի հիվանդները, այդ թվում՝ իր ամուսինը, հայրենիքում շարունակեն ստանալ համապատասխան բուժումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել