ԱԳ փոխնախարարը խոսել է Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ․ անդրադարձ է եղել Լաչինի միջանցքի շրջափակմանը
21:58 - 11 օգոստոսի, 2023

ԱԳ փոխնախարարը խոսել է Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ․ անդրադարձ է եղել Լաչինի միջանցքի շրջափակմանը

Օգոստոսի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի ԱԳՆ պետքարտուղար Անդրիս Պելշսի հետ: Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Նախարարի տեղակալը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամն ու դրա կործանարար հետևանքները ԼՂ 120 հազար բնակչության համար: Նախարարի տեղակալի կողմից ընդգծվել է հատկապես խոցելի խմբերի՝ հղի կանանց, տարեցների, առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիների կյանքի ու ապրելու իրավունքը ոտնահարող ծանրագույն իրավիճակը: 

Վահան Կոստանյանը նշել է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը շարունակում է խախտել Արդարադատության միջազգային դատարանի Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումները, ինչն ի ցույց է դնում ԼՂ բնակչության էթնիկ զտում իրականացնելու Ադրբեջանի իրական նկրտումները: Ընդգծվել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլերի իրականացմամբ հումանիտար ճգնաժամը անհապաղ կանխելու կենսական հրամակայականը»:  

«Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Լատվիա երկկողմ հարաբերությունների ընդլայմանն ուղղված առավել գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել