Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Քիմի հետ |azatutyun.am|
09:31 - 10 օգոստոսի, 2023

Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Քիմի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն օգոստոսի 9-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի հետ։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել Ադրբեջանի և ԱՄՆ-ի երկկողմ համագործակցության օրակարգին, Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացից բխող հարցերին և տարածաշրջանում տիրող իրավիճակին։

Նախարար Բայրամովն ասել է, թե «Հայաստանը տարբեր պատրվակներով միտումնավոր սրում է իրավիճակը և խոչընդոտում է խաղաղ գործընթացը՝ «շրջափակման» և «մարդասիրական ճգնաժամի» մասին հայտարարություններ տարածելով»։

Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող պահանջներն անընդունելի են:

«Հայաստանը դեռ հրաժարվում է ամբողջությամբ դուրս բերել զինված ուժերն ադրբեջանական տարածքից և միջամտում է մեր երկրի ներքին գործերին»,- ասել է նա։

Բայրամովը, ըստ հաղորդագրության, պնդել է, թե «Հայաստանը շարունակում է սադրանքները» դեկտեմբերից փակված Լաչինի սահմանային անցակետի դեմ, «մինչդեռ Ադրբեջանը պայմաններ է ստեղծում Լաչինի միջանցքով երկու ուղղություններով հայ բնակիչների անցման համար»։

Հուլիսի վերջին ադրբեջանցի սահմանապահները Կարմիր խաչի մեքենայից առևանգեցին ու Բաքու տարան Երևան սրտի վիրահատության տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին, այդ դեպքից հետո կազմակերպությունը միայն երեկվանից վերսկսեց տեղաշարժը Հակարիի անցակետով։

Նախարարի խոսքով «Ադրբեջանն առաջարկել է Աղդամ-Խանքենդի (Ստեփանակերտ՝ խմբ.) ապրանքների փոխադրման այլընտրանքային երթուղին, սակայն հայկական կողմը բեռների փոխադրման համար ճանապարհներին խոչընդոտներ է ստեղծում և դրսևորում է այդ ուղիով բեռնափոխադրումների դեմ հակազդեցություն»:

Ըստ Բայրամովի՝ դա «ևս մեկ անգամ ապացուցում է, որ «շրջափակման» և «մարդասիրական իրավիճակի» մասին հայկական կողմի հայտարարությունները սոսկ քաղաքական շահարկումներ են»։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ։

Նշենք, որ Արցախի նախագահը Աղդամով հումանիտար օգնության այդ առաջարկը կեղծ այլընտրանք է որակել։

Ամերիկացի պաշտոնյայի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի արտգործնախարարը։ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է լիակատար շրջափակման մեջ՝ բախվելով սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների սուր պակասի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել