Զեղչերն իրակա՞ն են, թե՞ ոչ. ՄՊՀ-ն ամփոփում է արդյունքները ոլորտում օրենսդրական կարգավորումներ սահմանելուց մեկ տարի անց
10:58 - 03 օգոստոսի, 2023

Զեղչերն իրակա՞ն են, թե՞ ոչ. ՄՊՀ-ն ամփոփում է արդյունքները ոլորտում օրենսդրական կարգավորումներ սահմանելուց մեկ տարի անց

2022 թվականի հուլիսի 31-ից ուժի մեջ մտան Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ զեղչերի և այլ ակցիաների համար «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով սահմանված կարգավորումները: Մինչ այդ ՀՀ-ում ակցիաների առնչությամբ հստակ իրավակարգավորումներ առկա չէին:

«Առանցքային նորամուծություններից մեկն այն էր, որ օրենքով հստակ պահանջ սահմանվեց՝ ապրանքի գնի նվազեցումը պետք է իրականացվի նախորդ ամսվա վաճառքի միջին գնից: Կարգավորումը նպատակ ուներ բացառել մոլորեցնող զեղչերը, երբ օրինակ՝ տնտեսավարողները զեղչ հայտարարելուց մեկ-երկու օր առաջ բարձրացնում են ապրանքների գները, այնուհետև զեղչը հաշվարկում այդ բարձր գնից:

ՄՊՀ-ն մեկ տարվա ընթացքում շուրջ 80 ակցիաների ուսումնասիրության արդյունքում հարուցել է 35 վարույթ: Դրանցից 34-ն արդեն ավարտվել է, որոնցով պատասխանող տնտեսավարողներից 31-ը ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը: Ընդունված որոշումների արդյունքում տնտեսավարողների նկատմամբ ընդհանուր կիրառվել է շուրջ 86,2 մլն ՀՀ դրամի չափով տուգանք և 15 նախազգուշացում։

«Սկզբնական շրջանում հանձնաժողովը զերծ է մնացել կոշտ վերահսկողական միջոցառումներից և առավել պասիվ դիտարկումներ է իրականացրել շուկայում, միաժամանակ նախաձեռնել է տարբեր ձևաչափերով ակտիվ իրազեկման միջոցառումներ: Ըստ դիտարկումների՝ խախտումներն էականորեն նվազել են, և զեղչերն այժմ առավել իրատեսական են: Դրական է նաև այն փաստը, որ իրավախախտումներ թույլ տված տնտեսավարողների մեծ մասն ընդունել է խախտումը: Այնուամենայնիվ, ակցիաների միջոցով հասարակությանը մոլորեցնելու փորձերը դեռևս եզակի չեն, ուստի ՄՊՀ-ն շարունակելու է խոշորացույցի տակ պահել ոլորտը»,-նշել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

 
Տնտեսվարողների համար

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով ակցիաների, այդ թվում՝ զեղչերի համար սահմանված կարգավորումների վերաբերյալ առավել մատչելի տեղեկատվությունը՝ հաճախ տրվող հարցերի վերաբերյալ պարզաբանումներով, հասանելի է հանձնաժողովի կայքում հետևյալ հղմամբ»,- ասված է ՄՊՀ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ակցիաների, այդ թվում՝ զեղչերի վերաբերյալ օրենսդրական կարգավորումների խախտումներն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն՝ ընդհուպ մինչև տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև հինգ տոկոսի չափով տուգանք:

ՄՊՀ-ն իրազեկում է՝ ակցիաների, այդ թվում՝ զեղչերի վերաբերյալ խախտումների մասին հաղորդումներ կարող եք ներկայացնել թղթային եղանակով, էլեկտրոնային փոստով [email protected], ինչպես նաև առցանց` www.competition.am կայքի միջոցով https://ef.competition.am/#/ep/clientcontrol/permit-list:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել