Սերժ Սարգսյանի եղբորորդու ապօրինի գույքի գործով նիստը հետաձգվեց
 |hetq.am|
16:42 - 01 օգոստոսի, 2023

Սերժ Սարգսյանի եղբորորդու ապօրինի գույքի գործով նիստը հետաձգվեց |hetq.am|

hetq.am: Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ օգոստոսի 1-ին, տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի և նրա կնոջ` Աննա Նիկոյանի վերաբերյալ ապօրինի ծագում ունեցող գույքի գործով հերթական նիստը:

Նախագահող դատավորն էր Նարինե Ավագյանը, նիստին ներկա էր Դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Տիգրան Ենոքյանը: Պատասխանող Նարեկ Սարգսյանը ներկայացուցիչ չունի, ինքն էլ չէր եկել նիստին, ներկա չէր նաև Նարեկ Սարգսյանի կնոջ՝ Աննա Նիկոյանի ներկայացուցիչը՝ փաստաբան Վահագն Գրիգորյանը, քանի որ գտնվում էր ամենամյա արձակուրդում, ինչն էլ հիմք հանդիսացավ դատական նիստը հետաձգելու համար:

Նշենք, որ դատական նիստին ներկա չէին նաև գործում երրորդ անձ ներգրավված անձինք և նրանց ներկայացուցիչները:

Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին:

Հիշեցնենք, որ դատախազությունը Նարեկ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք՝ պահանջում է բռնագանձել` 

  • Կոտայքի մարզի Արզական գյուղում գտնվող բնակելի տունը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 55 մլն 125 հազար դրամը։

  • Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գտնվող 25 հա հողամասը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 24 մլն դրամ։

  • Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում գտնվող հողամասը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 6 մլն 600 հազար դրամը։ 

  • Երևանի Աջափնյակ համայնքի Ֆուչիկի փողոցի թիվ 10/2 հասցեի հողամասը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 70 մլն 900 հազար դրամ։

  • Երևանի Աջափնյակ համայնքի Ֆուչիկի փողոցի թիվ 10/1 հասցեի հողամասը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 127 մլն 800 հազար դրամ։

  • Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց 20 նկուղային հարկ տարածքի կեսը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 10 մլն 125 հազար դրամը։

  • Արմավիրի մարզի Մերձավան համայնքում գտնվող հողամասը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 3 մլն 650 հազար դրամ։

  • Nissan antima մակնիշի ավտոմեքենան, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 2 մլն 400 հազար դրամ։

  • «Նետրինո» ՓԲԸ-ում Նարեկ Սարգսյանի ունեցած մասնակցությունն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 33 մլն 58 հազար 938 դրամ։

  • «Մեգատոն» ՓԲԸ-ում Նարեկ Սարգսյանի ունեցած 20 բաժնետոմսը, անհնարինության դեպքում՝ շուկայական արժեքը՝ 10 մլն 669 հազար 536 դրամ։

  • Բռնագանձել «Մինի Մայա» ՍՊԸ ընկերությանը տրամադրված փոխառությունից ծագող պահանջի իրավունքը՝ 3 մլն 835 հազար 297 դրամի չափով։

  • Նարեկ Սարգսյանից և Աննա Նիկոյանից հօգուտ ՀՀ-ի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել Երևանի Բուզանդի փողոցում գտնվող տարածքը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 302 մլն 150 հազար դրամ։

  • 2021թ․ հունվարի 1-ից մինչև վճռի փաստացի կատարումը Երևանի Բուզանդի փողոց 3 շենք թիվ 27 տարածքի համար «Վանիթար» ՍՊԸ ընկերության հետ կնքված վարձակալությունից ստացված գումարները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ՝ ամսական 2 մլն 200 հազար դրամ՝ ըստ պայմանագրի։

  • «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ ընկերության հաշվին առկա 1 մլն 489 հազար 185 ԱՄՆ դոլար ավանդը։

  • 2021թ․ ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հաշվեհամարին առկա նշված 1 մլն 489 հազար 185 ԱՄՆ դոլար գումարի չափով ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։

  • «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի մեկ այլ հաշվին առկա 987 հազար 661 ԱՄՆ դոլար ավանդը։ 

  • 2021թ․ ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հաշվեհամարին առկա նշված 987 հազար 661 ԱՄՆ դոլար գումարի չափով ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։ 

  • «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի մեկ այլ հաշվին այդ ավանդից ստացված տոկոսներից 33 մլն 742 հազար 695 դրամ։ 

  • 2021թ․ ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հաշվեհամարին առկա նշված 33 մլն 742 հազար 695 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։ 

  • «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հաշվին առկա ավանդից ստացված տոկոսներից 319 հազար 55 ԱՄՆ դոլարը։

  • 2021թ․ ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի նշված հաշվին առկա 319 հազար 55 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։ 

  • Բացի այդ՝ Նարեկ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 488 մլն 890 հազար 258 դրամ, 654 հազար 86 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և 142 հազար 381 եվրոյին համարժեք դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։ 

  • 42 մլն 859 հազար 690 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով․ ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ ուսումնասիրության ամբողջ ժամանակահատվածում՝ 2004-2020 թվականների ընթացքում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել, առանձնացնել և բռնագանձել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել