Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի, Հայաստան-Ադրբեջան ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին
 |factor.am|
15:29 - 31 հուլիսի, 2023

Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի, Հայաստան-Ադրբեջան ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում անդրադարձել է  Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Մասնավորապես, Ֆիդանը նշել է, թե «ուժեղ Թուրքիան ուժեղ Ադրբեջանն է, իսկ ուժեղ Ադրբեջանը՝ ուժեղ Թուրքիան»։

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ Ֆիդանն ասել է. «Տարածաշրջանային կայունության ճանապարհն անցնում է համապարփակ խաղաղության համաձայնագրով։

Դրա համար «Զանգեզուրի կապի» բացումը մեծ նշանակություն ունի»։ Խոսելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին՝ Ֆիդանը կրկնել է պաշտոնական Բաքվի կողմից հնչեցվող թեզերը։

«Գիտեք, որ Լաչինի ճանապարհն Ադրբեջանի հողն է։ Ուստի Ադրբեջանը ձեռնարկում է այն միջոցները, որոնք անհրաժեշտ է համարում։ Հնարավոր են բժշկական փոխադրումներ, նաև այլ ուղիներ են առաջարկվել։ Կարծում ենք՝ այս հարցում Ադրբեջանին քննադատելու պատճառ չկա»,- ասել է թուրք պաշտոնյան։

Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն ընթանում են տարբեր հարթակներում, որոնց Անկարան հետևում է, և կոչ է արել միջազգային հանրությանը՝ «չխոչընդոտել  բանակցություններին»։

«Մենք հավատում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանը։ Դա հիանալի հնարավորություն է այս տարածաշրջանի այլ երկրների համար՝ Կովկասում սկսել կայունության և զարգացման գործընթաց՝ կենտրոնացած Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի վրա, դրանով իսկ կկարգավորվեն Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է Հաքան Ֆիդանը՝ հիշեցնելով նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցի մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել