«Ինչպես մի փոքր բան կարող է սկսել մեզ մեծ թվալ»․ Մելքումյան քույրերի առօրյան՝ Արցախի շրջափակման մեջ ու կիսված ընտանիքում
16:35 - 31 հուլիսի, 2023

«Ինչպես մի փոքր բան կարող է սկսել մեզ մեծ թվալ»․ Մելքումյան քույրերի առօրյան՝ Արցախի շրջափակման մեջ ու կիսված ընտանիքում

Շուրջ 7 ամիս կամ 231 օր կամ 5544 ժամ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղի բնակիչներ Մելքումյանների ընտանիքը կիսված է․ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման պատճառով 17-ամյա Նարեն մոր՝ Նարինեի ու պապի՝ Ալբերտի հետ Մոխրաթաղում է, քույրը՝ 19-ամյա Մանեն, հոր՝ Արամի հետ՝ Երեւանում։

7 ամիս կամ 231 օր կամ 5544 ժամ․ կրկնում եմ՝ փորձելով նախ ինքս պատկերացնել, թե ինչ փորձություն է դա մարդու համար, որն իր գիտակից ու անգիտակից ողջ կյանքն ապրել է մի ընտանիքում, մի հարկի, մի երկնքի տակ։

Ճիշտ նույն փորձության առաջ է նաեւ Աստղիկ Քեշիշյանը՝ իմ վաղեմի ընկեր, մասնագիտությամբ՝ լրագրող, այժմ՝ Նարեի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին։ Ավելի ճիշտ՝ արդեն նախկին ուսուցչուհին, որովհետեւ Աստղիկը Մոխրաթաղ էր տեղափոխվել «Դասավանդի՛ր, Հայաստան» երկամյա ծրագրով։ Ծրագրի ժամկետն ավարտվել է, փորձություններինը՝ ոչ․ արդեն մոտ 2 ամիս է՝ Աստղիկն էլ տուն վերադառնալ չի կարողանում։

Անկարողության ու հուսահատության արանքում փորձում ենք ուժ գտնել՝ պայմանավորվելով միասին պատմել շրջափակման հետեւանքով միջանցքից այս ու այն կողմ մնացած մարդկանց, նրանց առօրյայի, ապրումների մասին։ Որոշում ենք՝ կսկսենք հենց իր աշակերտուհու ընտանիքից․ ինքն այնտեղ՝ Մոխրաթաղում, ես՝ այստեղ՝ Երեւանում։

Ընտանիքն առաջին անգամ Նոր տարին կիսված է դիմավորել

Մոխրաթաղում բնակվող Նարեն պատմում է, որ դեկտեմբերի 12-ին, երբ իմացել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակվելու մասին, չի մտածել, որ դա կարող է այսքան երկար տեւել, ենթադրել է՝ 3-4 օրից կավարտվի․ «Բլոկադայի սկզբում էդքան հուսահատական չէի, որովհետեւ դեռ ընդհանուր պատկերացում չունեի էս ամենի մասին, բայց ընթացքում հասկացա, որ էն հնարավորությունները, որ ունեն ուրիշ տեղ, թեկուզ Հայաստանում ապրող երեխաները, մենք չունենք»։

 Նարե Մելքումյանը

Ուսման նպատակով Երեւան տեղափոխված քույրը՝ Մանեն էլ է նույն հույսը ունեցել՝ հաշվի առնելով, որ դրանից առաջ ադրբեջանցիները ճանապարհը էլի փակել-բացել էին․ «Բայց ստացվեց այնպես, որ անընդհատ երկարում էր, ու չէի պատկերացնի, որ Նոր տարին կնշեմ Երեւանում։ Քանի որ արձակուրդ էր արդեն, ու մտածում էի՝ գնալու եմ հարազատներիս մոտ, բոլորի համար ամանորյա նվերներ էի գնել,- ասում է Մանեն, որ նվերները մինչեւ հիմա փաթեթավորած պահում է՝ հույսով, որ կգնա տուն եւ վերջապես կնվիրի։

Ամանորյա նվերները

Քույրերի խոսքով՝ դա առաջին անգամն էր, երբ իրենց ընտանիքը կիսված է դիմավորել Նոր տարին․ «Ահավոր տխուր էր, օնլայն նշեցինք, օնլայն Նոր տարի էր, ինչ-որ կերպ փորձում ենք օնլայն շփման միջոցով լրացնել մեկս մյուսիս, բայց այն չէ, ինչ պետք է․․․ Մայրիկս էլ է երբեմն շատ հուսահատվում, փորձում եմ իրեն հանգստացնել, որովհետեւ երբ տեսնում եմ, որ ինքը հուսահատվել է, ես ավելի շատ եմ հուսահատվում, ինքը ինձ է հանգստացնում, ես՝ իրեն, փորձում ենք իրար լավատեսություն փոխանցել»,- նշում է արցախցի Նարեն՝ հավելելով, որ կարոտը արդեն խեղդում է, որովհետեւ իրենք շատ սիրալիր, շատ լավ ընտանիք են, ու բաժանված լինելը շատ դժվար է։

Շրջափակումը սովորեցրել է ավելի շատ գնահատել հարազատներին

Նարեն, որ սովորում է 12-րդ դասարանում, ասում է, որ այս 7 ամիսների ընթացքում իր համար շատ բան է փոխվել․ «Ավելի շատ եմ սկսել մտածել կյանքի մասին, թե ինչքան տարբեր կարող է լինել մարդկանց կյանքը, ու թե ինչքան բան կարող է փոխվել, ինչպես մի փոքր բան կարող է սկսել մեզ մեծ թվալ, ու մենք կարող ենք մի փոքր բանից երջանկանալ։ Օրինակ՝ սկզբի ընթացքում, որ դեռ միրգ-մանդարին չէին բերում, մի օր ուսուցիչներից մեկը մամայի հետ մի հատ մանդարին էր ուղարկել, փոքր էրեխու պես ուզում էի թռվռալ, կամ թեկուզ ինչ-որ Kinder, որ շատ եմ սիրում, իմ համար առնում էին, ուրախանում էի, բայց բլոկադայից առաջ դա եղել է սովորական, մենք դրանից չենք ուրախացել, հիմա ամեն ինչ շատ մեծ արժեք ունի մեզ համար»։

Նման փոփոխություններ իր կյանքում Մանեն էլ է զգում։ Նա Բժշկական համալսարանի ուսանող է, Երեւան է տեղափոխվել շրջափակումից ամիսներ առաջ։ Ի սկզբանե մենակ է ապրել, բայց դեկտեմբերին հայրը գործերով եկել է, եւ երբ ճանապարհը փակվել է, մնացել է դստեր հետ․ «Սկզբում շատ հանգիստ էի, շատ դժվար չէի տանում, որ մենակ եմ ապրում, որովհետեւ գիտեի, որ միշտ կարող եմ գնալ իմ հայրենիք կամ իրենք կարող են գալ, բայց հետո, երբ հասկացա, որ չեմ կարող, արդեն ավելի դժվար էր, ու ավելի դժվարանում է, քանի որ կարոտի չափը մեծ է։ Անընդհատ խոսում եմ հարազատներիս հետ, մի սովորություն ունեմ՝ մեր հին նկարներով ու վիդեոներով նոր վիդեոներ եմ սարքում, անընդհատ դրանք եմ նայում՝ հույսով, որ էլի կտեսնեմ նրանց»։ 

Մանե Մելքումյանը

Այնուհանդերձ, շրջափակումը, ըստ Մանեի, նաեւ որոշակի դասեր է տվել․ «Այս ընթացքում երեւի միակ լավ բանը այն է, որ սկսել ենք ավելի շատ գնահատել մեր հարազատներին, ավելի շատ սիրել, փորձել ավելի շատ ասել, որ սիրում ենք, կարոտում ենք, որ սպասում ենք, որովհետեւ մինչ էդ գուցե մի քիչ չոր էինք, հաճախ չէինք ասում, իսկ հիմա ավելի շատ ենք կարեւորում»։

Մեծ քույրը նշում է՝ ե՛ւ ինքն ու հայրն են մորն ու քրոջը գոտեպնդում, եւ նրանք՝ իրենց․ «Հավասարապես փորձում ենք միմյանց գոտեպնդել, բայց քույրիկս ու մայրիկս երեւի ավելի ծանր են տանում, ավելի զգայուն են, ես փորձում եմ ավելի ուժեղ լինել, նրանց հույս տալ»,- ասում է Մանեն՝ հիշեցնելով՝ հույսը վերջում է մեռնում․ իրենց հենց այդ հույսն է պահում․ «Հայրիկս էլ է փորձում լինել ավելի ուժեղ, հիմնականում նա լուռ է, ոչինչ չի խոսում, չի պատմում անգամ պատերազմի մասին, ինքն էլ, բնականաբար, շատ մեծ ցավ է ապրում՝ այս ամենը տեսնելով, բայց որպես տղամարդ՝ փորձում է լինել մեր կողքին»։

Առաջին հարցը՝ ի՞նչ եք կերել այսօր

Մանեն ամենօրյա ռեժիմով խոսում է ընտանիքի հետ, առաջին բանը, որ հարցնում է՝ ի՞նչ են կերել այսօր․ «Սովորական շաքարավազ, աղ, ալյուր, էդ ամենը գյուղում էլ չես կարող ձեռք բերել կամ էլ կան այնպիսի գներով, որ դժվար է ստացվում ձեռք բերել․․․ Իսկ բերքի վիճակը, թեեւ այս տարի այնքան էլ լավ չէր, քանի որ եղանակները լավ չեն եղել, բայց ամեն դեպքում, գյուղի ժողովուրդը հնարավորություն ունի իր բերքը ստեղծելու, աճեցնելու, քաղաքում, բնականաբար, ավելի դժվար է»։

Նարեն՝ Ալբերտ պապի հետ

Նարեն էլ մանրամասնում է՝ շրջափակման սկզբում, երբ գյուղ դեռ մթերք գալիս էր, կտրոններով կարողանում էին ինչ-որ բաներ գնել ու դրանցով ապրել, իսկ հիմա ընդհանրապես ոչ մի ապրանք չի գալիս, ու իրավիճակը գյուղում վատ է․ «Վերջին ժամանակներում միայն ձմերուկ ու նման բաներ են բերում, բայց չկա ապրանք, որ կարող ես գնել, թեկուզ ոչ գյուղում, այլ Ստեփանակերտում էլ չկա, որ կարողանաս գնել այդ կտրոններով։ Ճիշտ է՝ դեռ չի եղել, որ քաղցած քնեմ, դեռ կարողանում ենք ընտանիքով ապրել, բայց ես շատ քաղցրակեր եմ, երեւի այդ քաղցրի պակասն եմ զգում, Instagram-ը թերթելիս անընդհատ տորթ եմ տեսնում կամ քաղցրավենիքներ, որ չի եղել էստեղ, ու ես շատ եմ ուզում, բայց դե, չկա, տանը փորձում ենք դրա պակասը լրացնել, ինչ-որ բան թխել»։

Այս ամենից կտրվելու համար Նարեին երբեմն ընկերներն են օգնում․ «Իմ ընկերների հետ եմ շփվում, ինչ-որ բաներ ենք կազմակերպում գյուղում, դուրս ենք գալիս, դա մոտիվացնում է, ու այդ պահին սկսում ես մոռանալ, թե ինչ է կատարվում շուրջդ, ուղղակի իրենց հետ փորձում եմ ուրախանալ, կտրվել իրականությունից»։

Նարեի նկարները

Մանեն էլ իր հերթին փորձում է խուճապի չմատնվել, շատ չարտասվել, բայց ասում է՝ ծննդյան օրը չի դիմացել․ առաջին անգամ տարեդարձին առանց մոր ու քրոջ պիտի լիներ․ «Այնպես ստացվեց, որ հայրս էլ աշխատանքի էր, ու մենակ էի լինելու, բոլորն ասում էին՝ ընկերներիդ հետ մի տեղ գնա, նշի, ես ասում էի՝ չէ, չեմ նշելու։ Երեւանում բնակվող հարազատներս անակնկալ արեցին, եկան էդ օրը, որ էդքան ծանր չլինի, բայց միեւնույն է, էն չէր, որովհետեւ դժվար էր առանց մայրիկիս, քույրիկիս ու առանց իմ հայրենիքի»։

Ամենամեծ երազանքը՝ խաղաղություն

Մանեն պատմում է՝ երբ սեպտեմբերին տեղափոխվեց, ամենաառաջինը, որ սկսեց կարոտել, իր գյուղն ու հայրենիքն էր․ «Անընդհատ խոսում էի հարազատներիս հետ, ու էդքան շատ չէի կարոտում, իսկ հայրենիքս, գյուղս ամենաշատն էի կարոտում, անընդհատ ուզում էի բնությունը տեսնել, մեր տունը տեսնել․․․ Հա, ամենաշատը հայրենիքս եմ կարոտում»։

Մանեի համոզմամբ՝ արցախահայության վիճակը հիմա այնքան վատ է, որ դրա նկատմամբ անտարբեր լինելը հային վայել չէ․ «Ես ուզում եմ, որ հիմա բոլորս մի քիչ ավելի անտարբեր չլինենք մեր հայրնեիքի նկատմամբ, որովհետեւ այս ամենը, որ կատարվում է Արցախում, մի օր էլ կարող է կատարվել Հայաստանում, ու էդ շատ ավելի վատ է, պետք է մի քիչ ավելի զգոն լինենք, մի քիչ ավելի շատ սիրենք մեր հայրենիքը, ու ոչ միայն սիրենք կենացներով, այլ ներդնենք մեզնից մի փոքրիկ մաս մեր հայրենիքի մեջ, ու էդ ժամանակ գուցե ինչ-որ բան փոխվի»,- ասում է Մանեն՝ հիշեցնելով մեր պատմության շրջափուլերն ու հույս հայտնելով, որ եթե հիմա վատ է, գուցե գա ժամանակ, երբ ամեն ինչ լավ լինի, եւ բոլորը երջանիկ լինեն։

Մանեի գրասեղանը

Ամենամեծ երազանքի մասին հարցն էլ երկար մտածել չի տալիս․ իրարից անկախ, իրարից հեռու՝ քույրերը միեւնույն բառերով միենույն երազանքի մասին են նշում․  «Պետք է խաղաղություն ոչ միայն Արցախում, այլեւ Հայաստանում, ու ընդհանրապես, ամբողջ աշխարհում․ եթե խաղաղություն լինի, մնացած ամեն ինչ ժամանակի ընթացքում կլինի»,- ասում է Նարեն։ Մանեն էլ լրացնում է․ «Ամբողջ աշխարհում, եթե դա հնարավոր է»։

Երբ մի օր ճանապարհը բացվի

Նարեն ասում է, որ եթե հանկարծ մի օր լուրերը թերթելիս կարդա, որ ճանապարհը բացվել է, սկզբում երեւի թե չի հավատա․ «Դա մի տեսակ անհավատալի լուր է դարձել բոլորիս համար, բայց ճշտելուց հետո մի երկու շոր կհավաքեմ, ու վերջապես կգնանք Երեւան»։ 

Մանեն էլ իր հերթին հայրենի գյուղ վերադառնալ է նախատեսում․ «Գիտեմ, որ շատ երկար ժամանակով չեմ կարողանա, որովհետեւ սովորում եմ էստեղ, բայց իմ համար շատ կարեւոր է, որ 1-2 օրով տեսնեմ էդ ամեն ինչը, որովհետեւ պատերազմից հետո իմ մեջ անընդհատ վախ կա, որ կարող եմ չտեսնել իմ տունը, իմ հայրենիքը, ինչպես հիմա չենք կարող տեսնել մեր հայրենիքի մի մասը»։

Ապագայի պլանները՝ կապված Արցախի հետ

Նարեն այս տարի ավարտելու է դպրոցը, ցանկանում է դիզայներ դառնալ, հանուն որի էլ շրջափակման ընթացքում դժվարությամբ, բայց վճռել է սկսել պարապմունքների հաճախելը․ «Առաջին օրը ահավոր շատ մտածում էի՝ ոնց պիտի գնամ, որ հասնեմ Մարտակերտ, որ հետո էնտեղից էլ գնամ Ստեփանակերտ, մի կերպ կարողացանք մարդ գտնել, որ գնալու էր Մարտակերտ, իր հետ գնացի, ու էլի մի քանի անգամ իր հետ գնացել եմ Մարտակերտ, էնտեղից էլ՝ ավտոբուսով Ստեփանակերտ, բայց գալու հարցն էր շատ դժվար, քանի որ ոչ թե տաքսիներ չկային, կային, բայց դրանք չէին գալիս գյուղ, քաղաքում էին կատարում իրենց ծառայությունները, որովհետեւ վառելիք չկար, մի ամիս էդպես գնացի, երբեմն մնացի Ստեփանակերտում, որպեսզի անընդհատ չգնամ-չգամ, բայց մի շաբաթ առաջվանից արդեն էլ չեմ գնում, օնլայն եմ փորձում շարունակել պարապմունքները, բայց օրվա ընթացքում, հատկապես, երբ հովհարային անջատումներ են լինում, շատ եմ նեղվում, էդ մթությունը մի տեսակ տխրություն է բերում, ավելի շատ եմ սկսում մտածել իրավիճակի մասին, ավելի հուսահատական մտքեր են գալիս»,- ասում է Նարեն՝ միաժամանակ կես կատակ-կես լուրջ հավելում՝ երբ լամպ կամ մոմ են վառում, երեկոն ռոմանտիկ է դառնում․ ուրիշ դրական բան շրջափակումը, ըստ նրա, չունի։

Հովհարային անջատման ժամ

Նարեն սկզբում մոտիվացիա չուներ, բայց ասում է՝ ընթացքում փորձեց իրեն հավաքել, մտածել, որ ինչ անում է, իր ապագայի համար է, իսկ այդ ապագայի պլանները կապված են հենց Արցախի հետ․ «Ապագայի պլանների մեջ սովորել, դիզայներ լինելն է։ Իհարկե, գիտեմ, որ չեմ կարողանա էստեղ սովորել, որովհետեւ էստեղ չկա լավ գիտելիքներ ստանալու հնարավորություն, նաեւ այն, որ հայրս ու քույրս Երեւանում են, մի պատրվակ է, որ ես էլ էնտեղ սովորեմ․․․ Բայց չեմ ուզում էնտեղ ապրել, որովհետեւ սա է իմ տունը, ես էստեղ եմ մեծացել, էստեղ էլ կապրեմ, երբեք չեմ ուզել էստեղից գնալ, նույնիսկ, երբ մի քանի շաբաթով գնում եմ ուրիշ տեղ, օրինակ՝ Ստեփանակերտ, իմ մեջ շատ մեծ կարոտ է առաջանում դեպի իմ տուն»,- ասում է Նարեն։

Իսկ Մանեն, քանի դեռ արձակուրդում է, փորձում է Երեւանում աշխատանք գտնել, ինքնակրթությամբ է զբաղվում, որպեսզի լրացնի ազատ ժամանակը։ Դրանից բացի, ՀՀ-ում գտնվող արցախցի երիտասարդներով «Տանեն հեռու խոխեք» անվամբ խումբ են ստեղծել առցանց տիրույթում, միասին մասնակցում են ցույցերին ու հանրահավաքներին։ Մանեն ասում է՝ չգիտի՝ դա ի վերջո կօգնի՞ թե՞ ոչ, բայց ինքը գոնե վստահ կլինի, որ մի բան արել է իր հայրենիքի համար եւ անտարբեր չի եղել․ «Ես զարմանում եմ, որ մարդիկ ասում են՝ ինչի՞ են անում, միեւնույն է՝ չի օգնի, հա, ես համամիտ եմ, դեկտեմբերին էլ ցույցեր կային, էլի մասնակցում էինք, էլի Արցախի երիտասարդներն էին անում, բայց հասկացա, որ չօգնեց, ու հիմա էլ կարող եմ ասել՝ չի օգնում, չեմ անում, բայց միեւնույն է՝ հույսը կա, որ գուցե ինչ-որ մեկը ուշադրություն դարձնի»։

Մանեն անկեղծանում է՝ 44-օրյա պատերազմից հետո մտածում էր Երեւանում ապրելու մասին, մտածում էր՝ Արցախում նորից է պատերազմ սկսելու, բայց մոտ մեկ տարի առաջ ամեն ինչ փոխվեց․ այժմ ուզում է ապրել միայն Արցախում․ «Ես հասկացա, որ ուզում եմ Երեւանում սովորել, էստեղ գալ-գնալ, որովհետեւ սա էլ է իմ հայրենիքը, ու ես սիրում եմ Երեւանը, սիրում եմ Հայաստանը, բայց իմ կյանքը, իմ նպատակները, իմ առաքելությունը պատկերացնում եմ Արցախում, պատկերացնում եմ, որ կդառնամ բժիշկ, կգնամ Արցախ, որովհետեւ շատ քչերն են գնում Արցախ, եւ իրականում Արցախը բժշկի կարիք միշտ էլ ունի»,- ասում է Մանեն՝ վստահ գիտակցումով, որ պիտի լինի այն բժիշկներից մեկը, որն Արցախում է ապրելու եւ օգնելու իր հայրենակիցներին։

 

Գլխավոր լուսանկարում՝ Մելքումյանների ընտանիքը

Միլենա Խաչիկյան, Երևան

Աստղիկ Քեշիշյան, Ստեփանակերտ

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել