Իմ մտքերն իրավիճակի ծանրությունը կրող մարդկանց հետ են. ԵԽ գլխավոր քարտուղարը կրկին Լաչինի միջանցքը բացելու կոչ է արել |armenpress.am|
18:36 - 28 հուլիսի, 2023

Իմ մտքերն իրավիճակի ծանրությունը կրող մարդկանց հետ են. ԵԽ գլխավոր քարտուղարը կրկին Լաչինի միջանցքը բացելու կոչ է արել |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը վերահաստատել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու կոչը։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդի տարածած հայտարարությունից։

«Ես չափազանց մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների հետ կապված լուրջ իրավիճակով, և իմ մտքերն այն մարդկանց հետ են, ովքեր կրում են այս իրավիճակի ծանրությունը», - նշել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը։

Նա դարձյալ կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։

«Ես խստորեն կրկնում եմ իմ նախկին կոչերը՝ վերականգնելու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Ուշադրություն եմ հրավիրում յոթ ամիս առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդունված միջանկյալ միջոցների վրա», - հավելել է Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։

Եվրոպացի պաշտոնյան կողմերին երկխոսության կոչ է արել։ «Ես նաև կոչ եմ անում կողմերին իրական երկխոսության մեջ մտնել՝ Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ անցումն արագ ապահովելու նպատակով։ Այս երկխոսությունը պետք է նաև հանգեցնի լարվածության թուլացմանը և խաղաղության վերականգնմանը՝ նաև համապատասխան այն պարտավորությունների, որոնք Հայաստանը և Ադրբեջանը ստանձնել են ավելի քան 23 տարի առաջ Եվրոպայի խորհրդին անդամակցելիս», - եզրափակել է Բուրիչը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել