Արցախի ՀԿ-ները դատապարտում են Շառլ Միշելի՝ Աղդամից մատակարարումներ անելու հայտարարությունը
17:35 - 18 հուլիսի, 2023

Արցախի ՀԿ-ները դատապարտում են Շառլ Միշելի՝ Աղդամից մատակարարումներ անելու հայտարարությունը

Արցախի հասարակական կազմակերպությունները դատապարտում են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ «Աղդամից հումանիտար մատակարարումներ» իրականացնելու հայտարարությունը։ ՀԿ-ները նաև շնորհակալություն են հայտնում եվրոպական 470 հասարակական կազմակերպություններին, որոնք նամակ են հղել ԵՄ ղեկավար անձանց՝ հորդորելով արդյունավետ քայլեր ձեռնարկել Արցախի շրջափակումը վերացնելու համար։ Արցախի ՀԿ-ների հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Արցախի Հանրապետության հասարակական կազմակերպությունները ողջունում և շնորհակալություն են հայտնում 470 եվրոպական ՀԿ-ներին և միավորումներին, որոնք նամակ են հղել Եվրոպական միությանը և Եվրոպական խորհրդի ղեկավար անձանց՝ հորդորելով անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շարունակական անօրինական շրջափակումը վերացնելու համար։

Չափազանց կարևորում ենք եվրոպական գործընկերների կոչը՝ ճանաչե՛լ Արցախի բնիկ հայ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը՝ որպես կենսական անհրաժեշտություն։

Կիսում ենք այն տեսակետը, որ անհրաժեշտ է օգտագործել բոլոր լծակները, որպեսզի Արցախի կարգավիճակն արտացոլի իր բնիկ հայ բնակչության ժողովրդավարական կամարտահայտումը, ինչպես նաև ստեղծի պայմաններ՝ կայուն խաղաղության և անվտանգության համար։

Համոզված ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարատև արժանապատիվ և արդար կարգավորումը պետք է հիմնվի Արցախի ժողովրդի անհատական և կոլեկտիվ իրավունքների, այդ թվում ինքնորոշման իրավունքի հարգման վրա։

Միևնույն ժամանակ խստագույնս դատապարտում և անընդունելի ենք համարում Բրյուսելում կայացած վերջին հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը, որով որպես Արցախի ժողովրդին հումանիտար աջակցություն տրամադրելու ուղի դիտարկվել է Աղդամ- Ստեփանակերտ ճանապարհը։ Ընդգծում և հիշեցնում ենք, որ հումանիտար աղետի մեջ գտնվող ժողովրդին տրամադրվող աջակցությունը չի կարող լինեն նրա արժանապատվության ոտնահարման գնով, մի երկրից, որը բացի ատելությունից, տառապանքներից և ցավերից այլ բան առաջարկել չի կարող։

Հուսով ենք, որ եվրոպական քաղհասարակության ներկայացուցիչները հետևողական կլինեն իրենց կողմից մատնանշված գործողությունները կյանքի կոչելու հարցում»։

Հայտարարության տակ ստորագրել են հետևյալ հասարակական կազմակերպությունները՝

«Հայքի մշակույթի օմբուդսմեն» ՀԿ

«Երիտասարդական հանրային հետազոտությունների կենտրոն» ՀԿ

«Միացյալ Հայաստան» հայրենասիրական ՀԿ

«Հավասար հնարավորություն» ՀԿ

«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ

«Փախստական կանանց միավորում» ՀԿ

«Հայ Բարեկամների Միավորում» ՀԿ

«Երիտասարդների միավորում հանուն արդարության» ՀԿ

«ԳԵՆ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

«Մայրություն» ՀԿ

«Քաղաքացիական հաբ» ՀԿ

«Փախստականների միություն» ՀԿ

«Արցախի կամավորների միություն» ՀԿ

«Մեր տուն – Արցախ» ՀԿ

«Հավատ և արիություն հայրենասիրական միություն» ՀԿ

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 14-ին հայտարարել էր, թե «Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով օգնություն ցուցաբերելու հնարավորությունը Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար»:

Ավելի ուշ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր․ «Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղղությամբ։ Եվ ես տեսնում եմ երկու տարբերակներն էլ... Եվ ես խրախուսում եմ, որ հումանիտար մատակարարումները երկու կողմից էլ ապահովեն բնակչության կարիքները»։

Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը ևս անդրադարձել է այն հարցին, որ Ադրբեջանն առաջարկել է հումանիտար բեռներ Արցախ հասցնել Աղդամ-Ստեփանակերտ երթուղով՝ նշելով, որ խոշոր հաշվով սա մեծագույն վտանգ է Արցախի համար. «դա կլինի եւ հումանիտար, եւ քաղաքական, եւ անվտանգային առումներով. որեւէ կերպով ընդունելի չէ, որ Ադրբեջանը փակելով Լաչինի միջանցքը, փորձում է մեզ հասցնել անտանելի վիճակի, որ մեզնից կորզի զիջումներ, այդ թվում Ադրբեջանի տարածքից Արցախ հումանիտար բեռների տեղափոխումով: Այս ճնշման ձեւն ինքնին միջազգային հանցագործություն է: Սակայն այս մասով եղավ Շառլ Միշելի հայտարարությունը, որը մեզ համար խիստ ցավալի, խիստ անընդունելի է, որ նա տրվում է ադրբեջանական նմանատիպ հանցավոր ծուղակների»,- ասել է Բեգլարյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել