Հայաստանը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքի մաս․ չարժե Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը դնել երրորդ երկրների վրա․ ՌԴ ԱԳՆ
16:27 - 15 հուլիսի, 2023

Հայաստանը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքի մաս․ չարժե Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը դնել երրորդ երկրների վրա․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ-ն Արցախի շուրջ ստեղված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասված է․

«2022թ․ հոկտեմբերին եւ 2023-ի մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովներում Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի տարածքի մաս։ Մենք հարգանքով ենք վերաբերվում հայկական ղեկավարության ինքնիշխան որոշմանը, միաժամանակ դա կտրուկ կերպով փոխեց հիմնարար պայմանները, որոնցում ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի իրավիճակը։

Կարծում ենք, որ այս պայմաններում չարժե Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը դնել երրորդ երկրների վրա։ Հարկ է անհապաղ սկսել Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության համաձայնագրի պատրաստումը՝ հիմնվելով նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների։

Ելնում ենք նրանից, որ այդ համաձայնության անբաժան մասը պետք է լինեն Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության հուսալի եւ հստակ երաշխիքները, ինչպես նաեւ եռակողմ հայտարարության ողջ փաթեթի խստիվ կատարումը՝ ներառյալ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը եւ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը։

Ռուսական կողմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքի վերականգնմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին ակտիվորեն նպաստելու իր մտադրությունը։ Մենք պատրաստ ենք մոտ ապագայում Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման ուղիները, ներառյալ՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցը, որին կհաջորդի ռուս-ադրբեջանա-հայկական գագաթնաժողովը Մոսկվայում՝ հիշյալ փաստաթուղթը ստորագրելու համար։

Մտահոգում է այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակն այսօր զարգանում է բացասական սցենարով։ Այդ տարածքում խորանում է հումանիտար ճգնաժամը։ Տեղի բնակչությունը զգում է սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության իրերի սուր պակաս, գործնականում զրկված է էլերկտրա եւ գազամատակարարումից։ Սա կարող է ողբերգական հետեւանքներ ունենալ Ղարաբաղի հայերի՝ տարածաշրջանի հասարակ բնակիչների համար։ 

Ադրբեջանական ղեկավարությանը խստորեն կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման, քաղաքացիների, տրասնպորտային միջոցների եւ բեռների անխափան շարժը երկու ուղղություններով վերսկսելու, գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել