Ոստիկանն է հաղորդել, որ տվյալ անձն իր նկատմամբ բռնություն է կիրառել․ ՔԿ-ն՝ Կարապետ Պողոսյանի մասնակցությամբ միջադեպի մասին
 |tert.am|
12:52 - 10 հուլիսի, 2023

Ոստիկանն է հաղորդել, որ տվյալ անձն իր նկատմամբ բռնություն է կիրառել․ ՔԿ-ն՝ Կարապետ Պողոսյանի մասնակցությամբ միջադեպի մասին |tert.am|

tert.am: Քննչական կոմիտեն գյումրեցի  իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ հաղորդում չի ստացել։

 Այս մասին Tert.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Այդպիսին ստացվելու դեպքում  հիմքերը կուսումնասիրվեն, բավարար հիմքերի դեպքում քրեական վարույթ կնախաձեռնվի»,- ասաց քննչական կոմիտեի մամուլի խոսնակը։

Միաժամանակ Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ փոխարենը միջադեպի հետ կապված հաղորդում է ստացվել ոստիկանի կողմից, վերջինս հաղորդում է տվել, որ տվյալ անձի կողմից իր նկատմամբ բռնություն է կիրառվել։

«Կոմիտեն հաղորդում է ստացել ոստիկանի նկատամբ տվյալ անձի կողմից բռնություն կիրառելու վերաբերյալ։ Այդ հաղորդման առթիվ կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն»,-մանրամասնեց նա։

 Նշենք՝  երեկ իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հարձակման է ենթարկվել ոստիկանի կողմից։

«Մասնավորապես ոստիկանության Մուշի բաժնի քրեականի աշխատող Արտակ Պողոսյանը ցոցաբերելով բացահայտ ցինիզմ, խուլիգանության ակնհայտ դրսևորմամբ հարձակվել է վրաս։ Քաղաք Գյումրի, Պ. Սևակ փողոցում գտնվող խանությում, որտեղ առկա են նաև տեսախցիկներ։ Հաշվի առնելով հայաստանյան բեզպրիդելը, գործելու եմ իմ իմացածով»,- գրել էր նա։

Հավելենք, որ կատարվածի առնչությամբ հայտարարություն է տարածել ՄԻՊ-ը՝ նշելով, որ դեպքի կապակցությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։

ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել