Մարդիկ շարունակում են դիմանալ, որովհետեւ դիմանալուն այլընտրանք չկա. կյանքը՝ Արցախում
20:07 - 05 հուլիսի, 2023

Մարդիկ շարունակում են դիմանալ, որովհետեւ դիմանալուն այլընտրանք չկա. կյանքը՝ Արցախում

Երեւանից Արցախ հեռավորությունը, որ մի ժամանակ չորս հարյուր կմ էլ չկար՝ մի քանի ժամվա ճանապարհ, այսօր չափում ենք օրերով։ Եւ հաշիվը կորցնում ենք ապրումակցման ու անտարբերության, կարոտի ու մոռացության արանքում։ Մինչեւ Արցախի Հանրապետության բլոկադան՝ մտքովս անցնում էր մի օր Աստղին հյուր գնալ Մոխրաթաղ, որտեղ նա հայոց լեզու ու գրականություն էր դասավանդում։ Բայց ձգձգեցի, ձգձգեցի առօրյա-կենցաղային հիմարությունների բերումով այնքան, որ պատահեց այս անմարդկային շրջափակումը, եւ ոչ ես գնացի, ոչ նա կարողացավ գալ։ Երեկվանից զրուցում ենք ընդհատումներով, խնդրում եմ պատմել, թե ինչ կա չկա իրենց կողմերը։ Խոսակցությունն այդ չի կարող շրջանցել հումանիտար ճգնաժամի թեման։

Վիճակն ավելի ծանր է դառնում

Արցախում ճգնաժամն ահագնանում է։ Աստղն (Աստղիկ Քեշիշյան) ասում է՝ այնպես չէ, թե մարդիկ սոված են մնում, բայց հիմա արդեն թերսնման խնդիր է լինում։ Գուցե լավատեսությունն է նրան դրդում ասել, որ վիճակը դեռեւս ծայրահեղ չէ, բայց կողքից նրան ասում են՝ ծայրահեղ է։ 

«Դեռեւս հնարավոր է խանութներում թանկարժեք «Նուտելլա» ու նմանատիպ ապրանքներ գտնել, բայց ամենամինիմալ անհրաժեշտության ապրանքներ, օրինակ՝ ձեթ, աղ եւ այլն, ընդհանրապես չկան։ Այս առումով վիճակն ավելի ծանր է դառնում»,- պատմում է նա։ Երեկ Ստեփանակերտ է գնացել, ասում է՝ խանութներում արդեն նորից սկսվում է ձմռան ամիսների կիսադատարկ վիճակը։

Իսկ Ստեփանակերտ գնալու համար Աստղիկը Մոխրաթաղից մոտ 8-9կմ ոտքով քայլել է մինչեւ Մարտակերտ, որ այնտեղից տրանսպորտով հասնի մայրաքաղաք․ ոչ գազ կա ամիսներով, ոչ էլ արդեն բենզին։ Միայն դիզել կա (սոլյարկա), այն էլ ոչ բոլոր մեքենաներն ունեն, հանրային տրանսպորտն է այդ վառելիքով շահագործվում․

«Գազ արդեն ամիսներով չկա, ես կոնկրետ հաշվարկն էլ եմ կորցրել, չեմ հիշում՝ երբվանից։ Իրականում խոսակցություններ էլ չկան, որ գազամատակարարումը մի օր կվերականգնվի, մարդիկ արդեն հույսները կտրել են։ Մինչեւ այս վերջին շրջափակումը գոնե բենզին էր մտնում Արցախ, տրանսպորտն աշխատում էր, տաքսի գտնել հնարավոր էր, իսկ հիմա դա էլ գրեթե չկա, քաղաքում հազվադեպ են հանդիպում շարժվող մեքենաներ»։

Հատկապես գյուղական բնակավայրերից, ինչպիսին Մոխրաթաղն է, շրջկենտրոն կամ այլ քաղաքներ հասնելը գրեթե անհնար է դառնում։ Մոխրաթաղը ոչ Մարտակերտ, ոչ էլ Ստեփանակերտ գնացող տրանսպորտ չունի․ «Մի տեսակ դառնում է կրկնակի բլոկադա,- ասում է Աստղիկը,- մոտ մեկ ժամ քայլում ես մինչեւ Մարտակերտ, ու այդ ընթացքում կարող է գեթ մեկ մեքենա էլ չպատահի կամ, լավագույն դեպքում, «Զիլ» կամ զինվորական մեքենա, որոնք էլի սոլյարկայով են աշխատում, բայց եթե դա էլ սպառվի, իրոք աղետ կլինի»։

Աստղն ասում է՝ մարդիկ արդեն կես-կատակ-կես-լուրջ մտածում են ձի, ավանակ գտնելու մասին, որ ինչ-որ ծայրահեղ դեպք լինելու դեպքում գոնե Մարտակերտ կարողանան հասնել։

Ինքն անձամբ չի բախվել դեղորայք չլինելու խնդրին, բայց գիտի, որ դեպքեր են եղել, երբ մարդիկ շատ երկար են սպասել անհրաժեշտ դեղին, մինչեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով մի կերպ տեղ է հասել, երբեմն նույիսկ ուշացած։ 

Ինտերնետի ու հեռախոսակապի խնդիր էլ կա։ Աստիկը նկատում է, որ Ստեփանակերտում ինտերնետն ու հեռախոսակապը տարօրինակորեն ավելի թույլ են, քան գյուղում։ Ասում է՝ օրեր են լինում, որ ժամերով հնարավոր չի լինում զանգել կամ զանգ ստանալ։ Բայց, իհարկե, այս իրավիճակում երեւի դա ամենասարսափելին չէ։

Կարկուտն էլ մի կողմից

Մոխրաթաղում նախկինում այնպես չէ, թե շատ զարգացած է եղել գյուղատնտեսությունը։ Բոլոր ապրանքներն այստեղ են հասել Հայաստանի Հանրապետության տարածքից։ Աստղը նկատում է՝ միայն բլոկադայից հետո է, որ գրեթե բոլորը սկսել են բակերում բանջարեղեն աճեցնել․ «Մարդիկ սկսել են որոշ բաներ մշակել, կարտոֆիլ, լոբի, դդմիկ, ձմերուկ։ Շատերն ընդունում են, որ ափսոս՝ այդ հասարակ բաները չէին աճեցնում ու կախված էին ՀՀ-ից»,- ասում է ընկերս՝ նույնիսկ կատակելով, թե բոլոկադայի դրական կողմն է որոշակիորեն ինքնուրույնություն ձեռք բերելը։

Հետո դառնացած հիշում է հին ասացվածքը․ «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում․ այս ասացվածքն այստեղ լրիվ իրականություն դարձավ, որովհետեւ մարդիկ նոր սկսել էին սածիլներ դնել, բայց մի քանի անգամ ուժեղ կարկուտ եկավ Մարտակերտում, ու քանի որ գյուղատնտեսությունն այնքան էլ զարգացած չի եղել, ենթադրում եմ՝ հակակարկտային կայաններ չեն եղել, ու այդ ամբողջը, որ պիտի բերք տար, փչացել էր։ Հետո նորից սածիլներ բաժանեցին բնակիչներին։ Ծառերին էլ ընդհանրապես բերք չի մնացել։ Մյուս շրջաններում չգիտեմ՝ ինչ վիճակ է, բայց հենց Մարտակերտ քաղաքի շրջակայքի գյուղերում՝ աղետալի։ Իմ բակում շատ ծառեր կան՝ խնձորի, ծիրանի եւ այլ, նույնիսկ մեկ-երկու ցոգոլ չի մնացել․․․ Կարկուտը լրիվ ավերել է»։

Մնացած բերքը, որ հասնի, բանջարեղենը՝ աճի, հազիվ հերիք անի բնակիչների օգտագործման համար, վաճառքի չի ձգի, հավելյալ եկամտի աղբյուր դժվար թե ծառայի։

Մոխրաթաղում ինչ են անում բլոկադայի այս դժվար օրերին, երբ գյուղում ժամանցի վայրեր չկան, նույնիսկ խնամքի կետեր, եւ այլն․ Աստղիկն ասում է՝ տղամարդիկ հիմնականում Պաշտպանության բանակում են աշխատում կամ Փրկարար ծառայությունում, կանայք՝  դպրոց-մանկապարտեզում։ Բոլորով՝ ուսուցիչ, աշակերտ, գյուղացի մյուսները, փորձում են գոնե մի զբաղմունք կազմակերպել, քայլարշավներ, զբոսանքներ, որ օրերն ինչ-որ կերպ լցնեն։

«Մարդիկ շարունակում են դիմանալ, որովհետեւ դիմանալուն այլընտրանք չկա,- ասում է Աստղիկը,- այնպես չէ, որ չդիմանալու տարբերակ ունեն, որովհետեւ հո ինքնասպան չե՞ս լինի։ Պիտի դիմանաս»։ 

Ինչքան ես ճանաչում եմ Աստղին, գիտեմ, որ նա պաթետիկ բաներ ասել չի սիրում։ Եւ այդ բնավորությանը համաձայն՝ եզրափակում է, որ եթե առաջին ամիսներին մարդիկ հասկանում էին՝ ինչի համար են դիմանում, հիմա այդ զգացումն առանձնապես չկա էլ։ Մտքիս է գալիս այն պարզ ճշմարտությունը, որ ժամանակն ամեն ինչի սովորեցնում է մեզ։ Լա՞վ է դա, թե՞ վատ։ Ես չգիտեմ։

Կրկնակի բլոկադա

Ես չգիտեմ նաեւ, թե զրույցս ինչպես սկսեմ արցախցի մեր այլ հայրենակիցների հետ, երբ չեմ համարձակվում նույնիսկ հարցնել՝ ո՞նց եք։ 

«Ինչ կա՞ Ձեզ մոտ»,- բարեւ-ողջույնից հետո միանգամից հարցնում եմ Սասուն Դավիդյանին, որն Արցախի Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղից է։ Մեծ Շենը, ինչպես շրջանի մյուս երեք գյուղերը՝ Հին Շենը, Լիսագորը, Եղցահողը, ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո լիակատար շրջափակման մեջ են հայտնվել, կտրվել են ոչ միայն ՀՀ-ից, այլ նաեւ Ստեփանակերտից։ Մեծ Շենի մոտ 70-80 բնակիչները մայրաքաղաք գնալու հնարավորություն ունենում են շաբաթական միայն մեկ անգամ՝ երկրի կառավարության տրամադրած մեքենայով, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Առավոտյան գնում են՝ առաջին անհրաժեշտության մթերքներ գնելու ու երեկոյան հետ են դառնում։ 

Սասունն ասում է, որ ներկա պահին որոշակի պաշար ունեն առաջին անհրաժեշտության մթերքների ու դեղերի, բայց դա չի կարող երկար բավականացնել։ Մարդիկ շուտով կսկսեն գյուղի բերքը հավաքել՝ կարտոֆիլ, լոլիկ, վարունգ, լոբի, բայց դա էլ հո անսպառ չէ՞։

Գյուղում խոտհարքի հետ կապված խնդիրներ կան․ «Վառելիք չկա, մարդիկ տրակտորներով չեն կարողանում դաշտերը հնձել, ստիպված պիտի ձեռքով հնձեն, կամ այլ տեղերից խոտ գնեն։ Եթե էսպես շարունակվի, չգիտեմ՝ մեծ թվով անասուն պահող մարդիկ ինչ են անելու, երեւի ստիպված մորթեն։ Խոզի, հավի կերի հետ էլ խնդիրներ կան, չնայած Հակարիի կամրջի փակվելուց մեկ օր առաջ ՀՀ-ից որոշ քանակությամբ կեր հասցրել էին բերել, բայց դա էլ սահմանափակ քանակությամբ»,- պատմում է զրուցակիցս։ 

Մեծ Շենը հենց ադրբեջանցիների թիրախում չէ՝ ի տարբերություն հարեւան մյուս գյուղերի։ Ասում է՝ Հին Շենի ու Եղցահողի հենց վերեւում են, նույնիսկ եղել է՝ գյուղից անասուն գողանան։ 

Գյուղի բնակիչը նշում է, որ արդեն սկսել է քանդվել Արցախը Հայաստանին կապող նոր ճանապարհը, որն անցնում է գյուղի միջով․ «Ճանապարհն արդեն քանդվում ա, հատվածներ կան՝ անցնում են գետնի տակ, շատ անորակ ա եղել, հողը գնում ա։ Չնայած դեռ օգտագործել հնարավոր ա»։ Այս ճանապարհով են տեղացիները Ստեփանակերտ գնում-գալիս։

Սասունն ասում է՝ բլոկադայի սկզբի օրերի այն խուճապը հիմա էլ չկա, բայց, մեկ է, նոր վտանգավոր բանի ռիսկը շարունակում է մնալ․ «Էն նոր փակվելու ժամանակ ամեն օր սպասում էին մարդիկ, որ մի բան կլինի, հաջորդ քայլը տարածք մտնելն ա, չնայած էդ ռիսկը հիմա էլ կա, բայց ժողովուրդն արդեն մի տեսակ իմունիտետ ա ձեռք բերել։ Բայց էդ ճանապարհի փակ լինելու պատճառով տարեց մարդիկ կան, փոքր երեխեք կան, որ իմանալով՝ չեն կարող գյուղից դուրս գալ, էդ ճնշված վիճակից առողջական խնդիրներ են ունենում․․․»։

Օրվա երկրորդ կեսին խանութներում հաց չի մնում

Մարտակերտ քաղաքի բնակչուհի Նարե Ղահրամանյանն էլ է նկատում, որ խանութներում սկսել են սպառվել շատ մթերքներ։ Շոկոլադ կա, մակարոնեղեն կա, օրինակ, բայց օրվա երկրորդ կեսից էլ հաց չի մնում․ «Առաջ, որ հացի խնդիր չկար, հիմա հացն էլ է սկսել շուտ սպառվել, օրվա երկրորդ կեսին էլ հաց չի մնում։ Էն ապրանքները, որոնք ժամանակ առ ժամանակ են ստանում, միանգամից սպառվում են։ Միրգ-բանջարեղեն գրեթե չկա, սեզոնն էլ նոր է սկսվում։ Այլ ապրանքներ էլ ձեռք բերելը շատ դժվար է դարձել»։

Նարեն Արցախի պետական համալսարանում է սովորում, երրորդ կուրս է տեղափոխվել։ Պատմում է, որ Մարտակերտում coworking տարածք բացելու ծրագիր ունեն, բայց բլոկադայի պատճառով այն դադարեցվել է, վերանորոգման աշխատանքների համար պարագաներ ձեռք բերելը բարդացել է։ 

Զրուցակիցս ասում է՝ մարդկանց մոտ անորոշություն է հիմա, ոչ ոք չգիտի՝ ինչքան երկար է այս ամենը շարունակվելու, եւ արդյոք սա ամենավատն է, թե ավելի վատ օրեր են լինելու․․․։

Մարդիկ ձիերով ու ավանակով են սկսել արտեր գնալ

Եթե Աստղիկն ասում էր, որ մոխրաթաղցիք դեռ կատակով են մտածում ձիեր ունենալու մասին, ապա Մարտունու շրջանի Հաղորդի գյուղի 16-ամյա բնակիչ Էլինա Մարտիրոսյանն ասում է, որ գյուղում մարդիկ կան, արդեն ձիով ու ավանակով են գնում արտեր։ Մարտունիում էլ է վառելիքը լուրջ խնդիր։ Հաղորդիում, բարեբախտաբար, բուժկետ կա, որոշ ժամանակ առաջ էլ, երբ դեռ մեքենաներ գնում-գալիս էին, բժիշկներ են եկել ու անհրաժեշտ դեղեր թողել, որոնք դեռեւս հերիքում են տեղացիներին։ 

Խանութներում դեռեւս մթերքներ կան, եթե ինչ-որ պակաս բան է պետք լինում, փորձում են Ճարտարից կամ Մարտունուց գտնել։ Բերքը դեռ չի հասել, բայց Էլինան էլ է ասում, որ այն միայն գյուղացիների կարիքներին կբավարարի, քաղաքին մատակարարել հնարավոր չի լինի։ 

Գյուղացիները, ասում է Էլինան, չեն ընկճվում, գյուղի երեխաներն էլ բլոկադայի օրերին մասնակցում են ՄՈՒՆՔ տեխնոդպրոցի օնլայն դասերին, որոշակի զբաղմունք ունեն․ «Ամեն մեկն իր գործով է, մարդիկ էլ համախմբված են, մեկը մյուսին ճանաչում է, միայն թե սահմանի սրացումների ժամանակ են լարվում․․․ Բայց իրար ուժ տալով ապրում են»։ 

Լուսանկարը՝ Աստղիկ Քեշիշյանի

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել