Դատարանը «Քիմիկների զորամաս»–ի գործով տուժողներին բերման ենթարկելու որոշում կայացրեց
11:18 - 01 հուլիսի, 2023

Դատարանը «Քիմիկների զորամաս»–ի գործով տուժողներին բերման ենթարկելու որոշում կայացրեց

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի Երեւանի նստավայրում տեւական դադարից հետո երեկ վերսկսվեց ՀՀ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի (այսուհետ՝ ՌՔԿՊ) վերաբերյալ «Քիմիկների զորամաս» անվանումը ստացած քրեական գործի քննությունը, որը, սակայն, կարճ ժամանակ անց դարձյալ հետաձգվեց։

Խոսքը, հիշեցնենք, այն գործի մասին է, որի շրջանակում քննվում են 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության Կովսական քաղաքում  62 հոգանոց խմբի 40 զինծառայողների շրջափակման մեջ ընկնելու հանգամանքները․ նրանցից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, 23-ի, ինչպես նաեւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։

Գործով մեղադրյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ–զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը (պաշտոնից ազատվել է 2022 թ փետրվարի 24-ին), ՀՀ ՊՆ ՌՔԿՊ զորքերի պատրաստության բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը (այդ պաշտոնին նշանակվել է 2023 թ․ փետրվարի 13-ին՝ ազատվելով ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնից), 2020 թ․ նույն N զորամասի շտաբի պետ, ներկայում ՀՀ ԶՈՒ ԳՇ ՌՔԿՊ վարչության պատրաստության եւ էկոլոգիական անվտանգության ապահովման բաժնի կենսաբանական եւ էկոլոգիական անվտանգության ապահովման բաժանմունքի պետ, փոխգնդապետ Սարգիս Կուլակչյանը եւ զորամասի համալրման բաժանմունքի նախկին պետ, կապիտան Էլլադա Հարությունյանը։

Դատարանը այժմ ապացույցների հետազոտման փուլում է, որի շրջանակում հրապարակվում են գործում առկա գրավոր փաստաթղթերը։ Երեկվա նիստին դատավոր Սարգիս Դադոյանը հրապարակեց մի քանի փաստաթուղթ, որոնց թվում էին նաեւ մեղադրյալ Անդրանիկ Մակարյանի բջջային երկու հեռախոսահամարների վերծանումները․ դրանցից մեկը վերաբերում էր 2020 թ․ հոկտեմբերի 20-21, մյուսը՝ հոկտեմբերի 20-28 ժամանակահատվածներին։ Վերծանումներից պարզ դարձավ, որ նշված օրերին այդ հեռախոսահամարներով Մակարյանը բազմաթիվ զանգեր է ունեցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի՝ այդ ժամանակվա պետ Օնիկ Գասպարյանի հետ։

Լուսանկարում՝ նախագահող դատավոր Սարգիս Դադոյանը

Փաստաթղթերի հրապարակումից հետո դատավոր Սարգիս Դադոյանը հայտնեց, որ այդպիսով, գրավոր ապացույցների հետազոտման փուլն ավարտվեց։ Պաշտպանական կողմը, սակայն, հայտարարեց՝ գործում առկա են մի շարք այլ փաստաթղթեր, որոնք մեղադրական եզրակացության մեջ ներառված չեն, ուստի դատարանում չեն հրապարակվել եւ չեն հետազոտվել, եւ իրենք ցանկանում են դրանք եւս հետազոտելու  միջնորդություն ներկայացնել։ Դատավորը, սակայն, ասաց՝ միջնորդությունները կներկայացվեն տուժողների եւ վկաների հարցաքննությունից հետո, քանի որ ի սկզբանե ապացույցների հետազոտման այդ հաջորդականությունն է սահմանվել։ Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ նախնական դատալսումների ընթացքում կողմերը դատարանի պահանջով ներկայացնում են հիմնական դատալսումներում հետազոտման ենթակա ապացույցների շրջանակի վերաբերյալ իրենց առաջարկները՝ հիմնավորելով, թե հետազոտման ենթակա յուրաքանչյուր ապացույց վերդիկտ (մինչեւ դատավճիռ կայացնելը մեղադրյալի անմեղության կամ մեղավորության վերաբերյալ դատարանի գրավոր հետեւությունը)  կայացնելու համար նշանակություն ունեցող ինչ փաստական հանգամանք է հաստատում կամ հերքում, որից հետո դատարանը սահմանում է հետազոտման ենթակա ապացույցների ցանկն ու դրանց հաջորդականությունը։ Եվ փաստորեն, այդ փուլում սահմանվել է, որ մեղադրական եզրակացության մեջ նշված ապացույցներին պետք է հաջորդի տուժողների եւ վկաների հարցաքննությունը։

Մեղադրյալ Արսեն Աբգարյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը առարկեց՝ ասելով, որ դատավորի նշած դեպքում կխախտվի կողմերի մրցակցության սկզբունքը․ «Այդպիսով տուժողների եւ վկաների հարցաքննության ժամանակ մենք հնարավորություն չենք ունենալու նրանց հարցեր տալ չհետազոտված ապացույցների վերաբերյալ, ուստի ես ողջամիտ եմ համարում, որ հետազոտվեն գործում առկա բոլոր փաստաթղթերը՝ սկսած գործի հարուցման պահից մինչեւ նախաքննության ավարտը»,– ասաց նա՝ հավելելով, որ միայն մեղադրանքի կողմի ապացույցները հետազոտելը եւ դրանց վերաբերյալ հարցեր տալը կխախտի նաեւ իրենց պաշտպանական իրավունքը։

Մեղադրող Արշակ Մարտիրոսյանը դիրքորոշում հայտնեց՝ ասելով, որ քրեական գործի նյութերի հրապարակման հետ կապված առարկություններ ինքը չունի, բայց այն դեպքում, երբ որոշվել է ապացույցների հետազոտման հաջորդականությունը, եւ դատաքննությունը սկսված է, պաշտպաններն իրենց միջնորդությունները պետք է ներկայացնեն կա՛մ դատաքննության ավարտից հետո, կա՛մ պետք է նախ ներկայացնեն ապացույցների հաջորդականությունը փոփոխելու միջնորդություն։

Լուսանկարում՝ հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը

Լսելով կողմերին՝ դատավորը որոշեց․ «Չխախտելով արդարության եւ կողմերի հավասարության սկզբունքը՝ դատարանը որոշում է նախ հարցաքննել բոլոր տուժողներին եւ վկաներին, ապա հետազոտել գործում առկա գրավոր փաստաթղթերը՝ բոլոր վավերապայմանների ստուգմամբ, լսել դրանց վերաբերյալ կողմերի դիրքորոշումները, եւ եթե միջնորդություններ կներկայացվեն, դրանք կքննվեն»,– ասաց նա՝ հավելելով, որ դատարանը կաշկանդված չէ նույն անձանց երկրորդ անգամ հրավիրել հարցաքննության։ 

Պաշտպան Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ առարկում է դատարանի ոչ իրավաչափ գործողությունների դեմ, քանի որ այդպիսով դատարանը ձգձգում է առանց այն էլ ձգձգվող դատական քննությունը։ Պաշտպանական կողմը միացավ նրա դիրքորոշմանը։

Նշենք, որ այս գործով վերջին դատական նիստը կայացել էր հունվարի 31-ին, քանի որ մեղադրյալ Էլլադա Հարությունյանը փետրվարի 3-ից սկսած 144 օր գտնվում էր նորածին երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում։ Կողմերի քննարկումից հետո երեկվա նիստը կրկին հետաձգվեց, քանի որ դատարանը պետք է անցներ տուժողների հարցաքննությանը, որոնք, սակայն, չէին ներկայացել։ Այս հանգամանքը վրդովեցրեց զոհված եւ անհետ կորած զինծառայողների՝ առանց այն էլ վրդովված ծնողներին, որոնք դժգոհություն հայտնեցին, որ այսքան ամիս սպասելուց հետո նիստը դարձյալ պետք է հետաձգվի։

Լուսանկարում՝ զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները

Մասնավորապես, տուժողներ Արա Հարությունյանը, Արտակ Անդրեասյանը եւ Գեղամ Էլիբեկյանը, լինելով պատշաճ ծանուցված, չէին ներկայացել դատական նիստերին (Արա Հարությունյանը հայտնել էր, որ վատառողջ է, սակայն բժշկական տեղեկանք չէր ներկայացրել), Ալեքսանդր Բաբայանը եւ Գաբրիել Հարությունյանը պատշաճ ծանուցված չէին եղել, իսկ Արթուր Ստեփանյանի ծանուցումը վերադարձվել էր չպահանջված նշումով։ Վերջինս դատարանին դիմում էր հասցեագրել՝ հայտնելով նիստին ներկայանալ չկարողանալու պատճառների մասին։

Դատավոր Սարգիս Դադոյանը հետաքրքրվեց, թե կողմերն ինչ դիրքորոշում ունեն տուժողների չներկայանալու վերաբերյալ։ Հանրային մեղադրող Արշակ Մարտիրոսյանը առաջարկեց բերման ենթարկել պատշաճ ծանուցված, բայց չներկայացած տուժողներին, իսկ մյուսներին ծանուցել եւս մեկ անգամ։ Պաշտպանական կողմը չառարկեց։ Դատավորը որոշեց բերման ենթարկել պատշաճ ծանուցված, սակայն դատարան չներկայացած տուժողներին։

 

Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան

Լուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի

Գլխավոր լուսանկարում՝ ձախից՝ մեղադրյալ Արսեն Աբգարյանը, պաշտպաններ Վահան Հովհաննիսյանը, Վահան Գեւորգյանը, Գոռ Սաղոյանը, մեղադրյալ Անդրանիկ Մակարյանը


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել