Մատաղիսի զորամասի հրամանատարի գործով պաշտպանը միջնորդեց դատակոչել Արցախի նախագահին եւ ԱԱԾ նախկին տնօրենին
22:45 - 30 հունիսի, 2023

Մատաղիսի զորամասի հրամանատարի գործով պաշտպանը միջնորդեց դատակոչել Արցախի նախագահին եւ ԱԱԾ նախկին տնօրենին

2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը պատերազմի արդյունքների վերլուծություն է կատարել՝ հանգելով այն եզրակացության, որ դեռեւս սեպտեմբերի 24-ից եղել են հստակ տեղեկություններ Ադրբեջանի զինված ուժերի հարձակման վերաբերյալ։ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այս մասին այսօր հայտնեց Պաշտպանության բանակի 6–րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանը՝ դատարանին միջնորդելով Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության գաղտնի գործավարությունից պահանջել եւ որպես ապացույց ճանաչել այդ վերլուծության՝ քննիչի կողմից ուսումնասիրված, սակայն քրեական գործում չներառված նյութերը։

Գնդապետ Սեւակ Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003 թ․) 365-րդ հոդվածի 3-րդ մասով՝ մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Որպես այդպիսին քննչական մարմինը համարել է 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության Թալիշ եւ Մատաղիս գյուղերի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը։ Ըստ մեղադրանքի՝ հակառակորդի կուտակումների ու շարժի մասին ստացած տեղեկությունները ըստ վերադասության զեկուցելու փոխարեն սեպտեմբերի 26-ին զորամասի սպայական կազմի հիմնական մասի եւ ՊԲ շուրջ 100 սպաների մասնակցությամբ Աբրահամյանը Մատաղիս գյուղում կազմակերպել եւ անցկացրել է զորամասի կազմավորման օրվան նվիրված խնջույք։ Նա կալանավորված է եւ մեղադրանքը չի ընդունում։

Հանրային մեղադրողը ներկայացրեց այն ապացույցները, որոնք, իր գնահատմամբ, ենթակա են հետազոտման

Սեւակ Աբրահամյանի վերաբերյալ գործով դատարանը դեռեւս նախնական դատալսումների փուլում է։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը այսօր դիմեց կողմերին՝ առաջարկելով հայտնել, թե ապացույցների հետազոտման ինչ հաջորդականություն են ցանկանում սահմանել։ Հանրային մեղադրող (դատախազ) Վազգեն Վարդանյանը առաջարկեց նախ հետազոտել գործի նյութերը, որից հետո հարցաքննել դատակոչված վկաներին եւ վերջում լսել մեղադրյալին։

Արձագանքելով պաշտպան Արման Թամրազյանը մեջբերեց Քրեական դատավարության 319-րդ հոդվածը, ըստ որի՝ նախնական դատալսումների ընթացքում կողմերը դատարանի պահանջով ներկայացնում են հիմնական դատալսումներում հետազոտման ենթակա ապացույցների շրջանակի վերաբերյալ իրենց առաջարկները՝ հիմնավորելով, թե դրանցից յուրաքանչյուրը վերդիկտ (մինչեւ դատավճիռ կայացնելը մեղադրյալի անմեղության կամ մեղավորության վերաբերյալ դատարանի գրավոր հետեւությունը) կայացնելու համար նշանակություն ունեցող ինչ փաստական հանգամանք է հաստատում կամ հերքում։ Ըստ այդմ, պաշտպանը մեղադրողին առաջարկեց առանձին–առանձին նշել, թե որ ապացույցները պետք է հետազոտեն, եւ դրանցից յուրաքանչյուրով փաստական ինչ հանգամանք է հաստատվում կամ հերքվում։ Ի պատասխան՝ Վազգեն Վարդանյանը ասաց՝ մեղադրական եզրակացության հավելվածում նշված է այն ապացույցների ցանկը, որոնք դրված են մեղադրանքի հիմքում, եւ որոնցով, ըստ իրեն, հիմնավորվում է ենթադրյալ հանցանքը։ Դատավորն առաջարկեց մանրամասնել դրանք, ինչից հետո Վարդանյանը հրապարակեց այդ ապացույցները, որոնք, ըստ իրեն, ենթակա են դատարանում հետազոտման։ 

Լուսանկարում՝ հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը

Դրանցից առաջինը, ըստ Վարդանյանի, դատակոչի ցուցակում ներառված 51 վկաների, այդ թվում՝ ՊԲ ներկա եւ նախկին հրամանատարներ Կամո Վարդանյանի եւ Ջալալ Հարությունյանի, ՀՀ ԳՇ ներկա եւ նախկին պետեր Էդվարդ Ասրյանի եւ Օնիկ Գասպարյանի, ՀՀ ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ցուցմունքներն են։

Երկրորդ խումբը մեղադրյալ Սեւակ Աբրահամյանի մասնակցությամբ կատարված առերես հարցաքննությունների արձանագրություններն են։ Մեղադրողի խոսքից պարզ դարձավ, որ Աբրահամյանը, ի թիվս այլոց, առերեսվել է նաեւ Ջալալ Հարությունյանի, Օնիկ Գասպարյանի, ինչպես նաեւ ՊԲ զորամասի հրամանատար Կարեն Շաքարյանի հետ։ Նշենք, որ առերեսումը նախօրոք հարցաքննված երկու այն անձանց միաժամանակյա հարցաքննությունն է, որոնց ցուցմունքներում կան էական հակասություններ:

Ապացույցների մյուս խումբը, որ, ըստ մեղադրողի, ենթակա է դատարանում հետազոտման, զննության արձանագրություններն էին, արտավարութային փաստաթուղթ ճանաչելու որոշումները, գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրության արձանագրությունները։

Մյուս ապացույցն էլ, որ հիշատակեց մեղադրողը, Սեւակ Աբրահամյանի երկու ցուցմունքերն են, որը նա տվել է նախաքննության փուլում դեռեւս վկայի կարգավիճակով․ «Սեւակ Աբրահամյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով, բայց հիմք ընդունելով ՄԻԵԴ–ի եւ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները՝ հարցաքննվել է կասկածի շուրջ, որի ժամանակ նրան պարզաբանվել են ցուցմունք չտալու, փաստաբանի մասնակցությամբ հարցաքննվելու եւ այդ պարագայում փաստաբանի՝ որպես պաշտպան հանդես գալու իրավունքները»,– հայտնեց մեղադրողը։ Աբրահամյանը, սակայն, այդ փուլում հարցաքննվել է առանց պաշտպանի։

Սեւակ Աբրահամյանը հրաժարվեց նախաքննության փուլում որպես վկա տված իր ցուցմունքից

Արձագանքելով մեղադրողի ելույթի վերջին դրվագին՝ պաշտպան Արման Թամրազյանը մեջբերեց Քրեական դատավարության 97-րդ հոդվածը, ըստ որի՝ պաշտպանի բացակայությամբ մեղադրյալի տված ցուցմունքները չեն կարող օգտագործվել որպես ապացույց, եթե մեղադրյալը դատարանում հրաժարվել է դրանցից․ «Կոնկրետ դեպքում Սեւակ Աբրահամյանը վկայի կարգավիճակով է հարցաքննվել, դա որպես մեղադրյալի ցուցմունք չէր կարող օգտագործվել, բայց քանի որ կասկածանքի շուրջ է հարցաքննվել, դա դիտարկվում է որպես մեղադրյալի հարցաքննություն, եւ քանի որ այդ հարցաքննություններին պաշտպան չի ունեցել, Սեւակ Աբրահամյանը հիմա հայտարարում է, որ այդ ցուցմունքներից հրաժարվում է, եւ օրենքի իմպերատիվ պահանջն է, որ դրանք անմիջապես հանվեն գործի նյութերից»,– ասաց Թամրազյանը։ Թե կոնկրետ ինչ է Աբրահամյանն ասել այդ ցուցմունքներում, քննարկման առարկա չդարձավ։

Հաջորդիվ պաշտպանը ներկայացրեց իր գնահատմամբ դատարանում հետազոտման ենթակա ապացույցների շրջանակը, որոնց թվում էին ՀՀ եւ ԱՀ պաշտպանության նախարարների գաղտնի եւ ոչ գաղտնի մի շարք հրամաններ ու կարգադրություններ։ Նա մանրամասնեց, թե դրանցից յուրաքանչյուրն ինչու է անհրաժեշտ հետազոտել՝ միաժամանակ ասելով, որ իր համար զարմանալի չէր, որ մեղադրողը չմանրամասնեց, թե որ ապացույցը որ փաստական հանգամանքն է հաստատում․ ըստ պաշտպանի՝ դրանցով որեւէ հանգամանք չի հաստատվում․ «Վերացական մեղադրական եզրակացությունը կազմել են, վերացական էլ հայտարարվեց»։

Լուսանկարում՝ մեղադրյալ Սեւակ Աբրահամյանը, պաշտպան Արման Թամրազյանը

Ըստ Թամրազյանի՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ–ի վերոնշյալ վերլուծությունից բացի մարտական գործողությունների վերլուծություն է կատարվել նաեւ 10–րդ լեռնահրաձգային դիվիզիայի կողմից։ Հաշվի առնելով, որ Սեւակ Աբրահամյանի ղեկավարած 6-րդ ՊՇ–ն այդ դիվիզիայի կազմի մեջ է եղել՝ նա միջնորդեց պահանջել նաեւ այդ վերլուծության նյութերը։ 

Միաժամանակ պաշտպանը միջնորդեց ձեռք բերել եւ որպես ապացույց ճանաչել 6-րդ ՊՇ–ի հրամանատարի մարտական հրամանը (կամ մարտական որոշումը) եւ դրա հավելված հանդիսացող մարտական քարտեզը․ «Այդ քարտեզը հարցաքննությունների ժամանակ մենք տեսել ենք քննիչի մոտ, բայց դա գաղտնի է, դատարան չի ուղարկվել։ Այդ մարտական որոշման մեջ նշված է՝ եթե հակառակորդը հարձակվի, որ ուղղությամբ է հարձակելու, ինչ ուժերով, եւ Սեւակ Աբրահամյանը ինչ գործողություններ պետք է անի այդ դեպքում։ Սեւակ Աբրահամյանին մեղադրում են, որ երբ հակառակորդը հարձակվել է, 5 օր հետո պայքարել, գնացել Թալիշն ու Մատաղիսը տվել է։ Հիմա կարող է էդ որոշման մեջ ուղղակի մարտական խնդիր է տրված, որ երբ հակառակորդը հարձակվի, կթողես, կնահանջես, ո՞նց ենք հիմնավորել, որ այդպես չէ, գործը քննել են, ամենակարեւոր փաստաթուղթը ձեռք չեն բերել»։

Արման Թամրազյանը միջնորդեց որպես ապացույց ճանաչել եւ գործի նյութերին կցել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում օրերս ունեցած ելույթի տեսագրությունը, քանի որ դրանում հնչած տեղեկությունների վերաբերյալ հարցեր են ուղղվելու վկաներին։

Պաշտպանը միջնորդեց որպես վկա հարցաքննել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանին, ՊԲ գաղտնի գործավարության նախկին պետ Մարինե Ծատրյանին

Հաջորդիվ Արման Թամրազյանը միջնորդեց դատարան կանչել եւ որպես վկա հարցաքննել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, որը նախաքննության փուլում հարցաքննվել է։ Մեջբերելով Արցախի Սահմանադրության 94-րդ հոդվածը, որը սահմանում է նախագահի լիազորությունները՝ պաշտպանն ասաց․ «Կոնկրետ դեպքում Աբրահամյանին մեղադրում են՝ ասելով, որ այ, ոչ մեկը չգիտեր, որ հակառակորդը հարձակվելու է, միայն դու գիտեիր, դու էլ ոչ մեկին չես ասել, բայց ԱՀ նախագահը, պատասխանատու լինելով եւ իրավունք ունենալով հայտարարել ռազմական դրություն եւ ամբողջական կամ մասնակի զորահավաք, դրա վերաբերյալ պետք է հարցաքննվի, պետք է հայտնի, թե հավանական հարձակման վերաբերյալ որպես նախագահ ինչ տեղեկություններ է ունեցել, երբ է ունեցել, ումից է ստացել, ում հետ է քննարկել»,–ասաց պաշտպանը՝ հավելելով, որ ցուցմունքներից մեկի համաձայն՝ Ջալալ Հարությունյանը սեպտեմբերի 26-ին գնացել է ինչ–որ տեղ, եւ ասել՝ էս երկու օրը պատերազմ է սկսվելու․ «Հարց է առաջանում՝ Արայիկ Հարությունյանը այս տեղեկությանը տիրապետե՞լ է թե՞ չէ»։

Լուսանկարում՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը

Նույն բացատրությամբ պաշտպանը պայմանավորեց նաեւ Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանի հարցաքննության անհրաժեշտությունը․ «Սեւակ Աբրահամյանից վերեւ գտնվող մարմինները շատ ավելի վաղ են ունեցել հարձակման մասին տեղեկություններ եւ շատ ավելի մեծ տեղեկեկություններ են ունեցել, եւ էն, որ մեղադրում, ասում են՝ Սեւակ Աբրահամյանն է ունեցել, երեւի դրանց մեկ տոկոսն էլ չի կազմում»։

Մյուս անձը, որը, ըստ Թամրազյանի, ենթակա է դատարանում հարցաքննության, ՊԲ գաղտնի գործավարության պետ Մարիամ Ծատրյանն է․ «Այն կարգադրությունները, որ նշված են Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշման մեջ, եւ որոնք զննության են ենթարկվել քննիչի կողմից, ուղարկող պաշտոնատար անձը Մարիամ Ծատրյանն է»,– ասաց պաշտպանը՝ հավելելով, որ նա, ի թիվս այլնի, պետք է տեղեկություններ հայտնի նաեւ զինծառայողների արձակուրդ մեկնելու եւ վերադառնալու կարգի վերաբերյալ․ «Եթե տրված է հրաման՝ կոնկրետ օր մեկնել արձակուրդ եւ կոնկրետ օր վերադառնալ, դա ո՞ր ժամանակահատվածն է ներառում, եւ արդյո՞ք դրա վերաբերյալ տրվում են այլ ներքին հրամաններ, որոնցով նոր զինծառայողը մեկնում է արձակուրդ»,– ասաց պաշտպանը։ Այս հանգամանքը, ըստ նրա, կարեւոր է, քանի որ ըստ գործի նյութերի՝ Աբրահամյանը սեպտեմբերի 23-ին արձակուրդից վերադարձել է, բայց ըստ պաշտպանի՝ իրականում վերադարձած չի եղել։

Դատարանի ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ նիստը հետաձգվեց։ Հուլիսի 14-ին պաշտպանական կողմը կշարունակի ներկայացնել իր գնահատմամբ հետազոտման ենթակա ապացույցների շրջանակը։

 

Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան

Լուսանկարները՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել