Զինծառայությանը՝ պիտանի, քաղաքացիական կյանքում զենքի տիրապետմանը՝ ոչ պիտանի
17:16 - 14 հունիսի, 2023

Զինծառայությանը՝ պիտանի, քաղաքացիական կյանքում զենքի տիրապետմանը՝ ոչ պիտանի

Այս տարվա ապրիլի 13-ին ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան էջում հաղորդեց, որ նախարարության առաջարկով վերանայվում է «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» որոշումը: Գրառման մեջ կարճ ներկայացված էին այն հիվանդություններն ու խանգարումները, որոնց առկայության պարագայում անձն իրավունք չի ունենալու զենք ձեռք բերել, կրել եւ օգտագործել։

Նախարարության այս գրառումը շատ քաղաքացիների վրդովմունքի առիթ հանդիսացավ, հատկապես այն պատճառով, որ դրանում ներկայացված էին ընդհանրական ձեւակերպումներ, որոնցից, ըստ էության, հասկանալի չէր, թե ինչ է նկատի առնվում, օրինակ ապրելակերպի հետ կապված խնդիրներ կամ նյարդային համակարգի հիվանդություններ ասելով։ Եւ միայն բազմաթիվ մեկնաբանություններից հետո հաջորդ օրը նախարարությունն այդ գրառմանը կցեց հավելվածի հղումը, որտեղ առավել մանրամասն է ներկայացված այն խանգարումների ցանկը, որոնց դեպքում սահմանափակվում է զենք ձեռք բերելու եւ օգտագործելու իրավունքը։

Հաջորդ օրը նախարարությունը նաեւ պարզաբանող գրառմամբ հանդես եկավ՝ նշելով, որ նախորդիվ ներկայացվել են միայն հիվանդությունների ընդհանրական անվանումները, իսկ դրանց մանրամասն նկարագրությունները կարելի է գտնել որոշման մեջ:

Ինչպես հայտնի է՝ Հայաստանի խորհրդարանը 2022թ․ հոկտեմբերի 5-ին ընդունել է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը, որն ուժի մեջ է մտել ս․թ․ հունիսի 1-ին։ Ելնելով այս օրենքի դրույթներից եւ ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին վարչապետի որոշումից, վերանայել է զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ ֆիզիկական թերությունների ցանկը՝ որոշակի փոփոխություններ անելով դրանում։ Մասնավորապես, այս ցանկը համապատասխանեցվել է Հիվանդությունների եւ առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի տասներորդ վերանայմանը։

Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների ցանկը

Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների ցանկը բաղկացած է 6 բաժնից՝ 

  •  Հոգեկան խանգարումներ,
  • Նյարդային համակարգի հիվանդություններ եւ վնասվածքների հետեւանքներ,
  • Ականջի, վերին շնչառական ուղիների հիվանդություններ,
  • Աչքի եւ նրա հավելումների հիվանդություններ,
  • Վիրաբուժական հիվանդություններ,
  • Խնդիրներ՝ կապված ապրելակերպի հետ։

Այս բաժիններից առաջին հինգը նույն խմբավորմամբ եղել են նաեւ այն ցանկում, որն արդեն ուժը կորցրել է։ Այդ ցանկում ներառված չի եղել վերջին բաժինը՝ «Խնդիրներ՝ կապված ապրելակերպի հետ»։ Առաջիկայում կանդրադառնանք երկու ցանկերում ներառված հիվանդություններին եւ վիճակներին՝ համեմատելով արված փոփոխությունները։ Իսկ մինչ այդ կներկայացնենք որոշ օրինակներ՝ ցույց տալով, թե օրեր անց ուժի մեջ մտնող ցանկի հիվանդություններից եւ վիճակներից որոնց առկայության պարագայում են անձինք պիտանի համարվում զինվորական ծառայության համար, մինչդեռ որպես ֆիզիկական անձ չեն կարող տիրապետել զենքի։

Պիտանի է զինվորական ծառայության համար, բայց քաղաքացիական կյանքում չի կարող զենք ձեռք բերել

2018 թվականի ապրիլին ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը։ 

Ստորեւ ներկայացնում ենք մի շարք հիվանդությունների եւ խանգարումների օրինակներ, որոնց առկայության պարագայում անձը համարվում է զինծառայության համար պիտանի, բայց քաղաքացիական կյանքում այդ հիվանդության առկայությունը խոչընդոտ է զենք ձեռք բերելու եւ տիրապետելու համար։

Վարքային համախտանիշներ` կապված ֆիզիոլոգիական խանգարումների եւ ֆիզիկական գործոնների հետ

Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների ցանկի առաջին բաժնի վեցերորդ կետը ներառում է վարքային համախտանիշներ` կապված ֆիզիոլոգիական խանգարումների եւ ֆիզիկական գործոնների հետ։ Այս ենթավերնագրի ներքո, ինչպես ծանոթանում ենք ՀՄԴ-10-ում, ի թիվս այլնի՝ ներառված են նաեւ քնի խանգարումները (51), սեռական դիսֆունկցիան (F52), սննդի խանգարումները (F50) եւ այլն։ Հիվանդությունների եւ առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչում «Ոչ օրգանական ծագման քնի խանգարումներ» ենթավերնագիրը զետեղված է F51 դասակարգչի ներքո, մեկնաբանությունն այսպիսին է․ «[...] Այս դասը ներառում է քնի միայն այն խանգարումները, որոնց ժամանակ որպես առաջնային գործոն հանդես են գալիս հուզական պատճառները, եւ որոնք պայմանավորված չեն այլ դասերում նույնականացված սոմատիկ խանգարումներով»:

Մինչդեռ Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում չենք հանդիպում քնի խանգարումների մասին դրույթի։ Առհասարակ, այս ցանկում «քնի խանգարումներ» ձեւակերպումը հիշատակվում է մեկ անգամ․ մասնավորապես, գլխուղեղի եւ ողնուղեղի անոթային հիվանդությունների վերաբերյալ հոդվածի «բ» կետին են վերաբերում նաեւ ուղեղի աթերոսկլերոզի ժամանակ ուղեղի անոթային II աստիճանի քրոնիկական անբավարարության երեւույթները (հոգնածություն, գլխացավ, գլխապտույտ, քնի խանգարում, ուշագնացություն եւ այլն): 

Ցանկում չենք հանդիպում նաեւ սեռական դիսֆունկցիայի առկայության պարագայում ծառայության համար ոչ պիտանի լինելու դրույթի։

Հոգեբանական զարգացման խանգարումներ

Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների ցանկի առաջին բաժնի իններոդ կետը վերաբերում է հոգեբանական զարգացման խանգարումներին։ ՀՄԴ-10-ում ծանոթանում ենք, որ այս բաժնի F80 դասիչի ներքո են խոսքի զարգացման յուրահատուկ խանգարումները։ Մեկնաբանության մեջ ասված է, որ սրանք խանգարումներ են, որոնց ժամանակ, սկսած զարգացման ամենավաղ փուլերից, տուժում է լեզվային հմտությունների ձեռք բերման նորմալ ընթացքը: Այդ վիճակներն անմիջականորեն չեն առնչվում նյարդաբանական եւ խոսքի մեխանիզմների խանգարումներին, զգայական անբավարարությանը, մտավոր հետամնացությանը կամ շրջակա միջավայրի գործոններին: 

F80.8 դասիչի ներքո է, օրինակ, սվսվախոսությունը (սուլական «ս» եւ «զ» հնչյունների արտաբերման խանգարում), մինչդեռ նման խանգարման մասին Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում նշում չկա։

Սովորաբար մանկական եւ դեռահասության տարիքում սկսվող հուզական եւ վարքի խանգարումներ

Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների ցանկի առաջին բաժնի տասներորդ կետը վերաբերում է սովորաբար մանկական եւ դեռահասության տարիքում սկսվող հուզական եւ վարքի խանգարումներին։ 

ՀՄԴ-10-ում այս խանգարումները ներառված են F90-F98 դասիչների միջակայքում։ Դրանցից F95-ն, օրինակ, «տիկային (ջղակծկումային) խանգարումներն» են։ Դասակարգչում մանրամասնված է, որ տիկերը ակամա, արագ, կրկնվող, ոչ ռիթմիկ շարժումներ (սովորաբար ներառում են սահմանափակ մկանային խմբեր) կամ ձայնային հնչյուն են, որոնք առաջանում են հանկարծակի եւ չունեն որոշակի նպատակ․

«Տիկերն ունեն անհաղթահարելիության միտում, սակայն սովորաբար դրանք կարող են ճնշվել տարբեր տեւողության ժամանակահատվածներում: Դրանք ուժեղանում են սթրեսից եւ անհետանում են քնած վիճակում: Սովորական պարզ շարժողական տիկերը ներառում են թարթելը, պարանոցի ջղաձգումները, ուսերի թափահարումը եւ դեմքի ծամածռությունները: Սովորական պարզ ձայնային տիկերը ներառում են հազալը (կոկորդ մաքրելը), հաչոցանման ձայները, փնչացնելը, սուլոցը: Սովորական բարդ շարժողական տիկերը ներառում են ինքն իրեն հարվածելը, թռչկոտելը եւ ցատկելը: Սովորական բարդ ձայնային տիկերը ներառում են հատուկ բառերի կրկնությունը եւ, երբեմն, հասարակության մեջ անընդունելի (հաճախ անպարկեշտ) բառերի (կոպրոլալիա) եւ սեփական ձայների կամ բառերի կրկնությունը (պալիլալիա)»:

Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում ոչ միայն «սովորաբար մանկական եւ դեռահասության տարիքում սկսվող հուզական եւ վարքի խանգարումներ» անվանումով հոդված կամ կետ ներառված չէ, այլեւ չկա նշում տիկային խանգարման առկայության պարագայի մասին։ 

Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի 68-րդ հոդվածը վերաբերում է խոսքի արատներին, ձայնագոյացման խանգարումներին։ Հոդվածում նշված չէ, որ վերը նշված խանգարումն ունեցող անձը ծառայության համար պիտանի չէ։ Մինչդեռ այդ խանգարման դասիչը եւս ներառված է Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների ցանկում։

Քնի խանգարումներ

Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների ցանկի երկրորդ բաժինը վերաբերում է նյարդային համակարգի հիվանդություններին եւ վնասվածքների հետեւանքներին։ Դրա վերջին կետը «Քնի խանգարումներն» է՝ ՀՄԴ-10-ում G47 դասիչի ներքո։ Դասիչը բաժանված է հետեւյալ ենթադասիչներին՝

- քուն մտնելու եւ քունը պահպանելու խանգարումներ (անքնություն),

- չափից ավելի քնկոտության խանգարումներ (հիպերսոմնիաներ),

- քնի եւ առույգության պարբերականության խանգարումներ,

- քնելու փուլի երկարաձգման համախտանիշ,

- քնելու-արթնանալու անկանոն դրսեւորումներ,

- շնչադադար (ապնոէ) քնի մեջ,

- նարկոլեպսիա եւ կատալեպսիա,

- քնի այլ խանգարումներ,

- Կլեյն-Լեւինի համախտանիշ,

- քնի այլ խանգարումներ` չճշտված։

Ինչպես վերը նշեցինք՝ Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում քնի խանգարումների մասին առանձին հոդված չկա, չեն հանդիպում նաեւ Կլեյն-Լեւինի համախտանիշ, շնչադադար կամ ապոնէ, անքնություն ձեւակերպումները։

Խանգարումներ՝ կապված ապրելակերպի հետ

Ինչպես վերը նշեցինք՝ Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների ցանկում ավելացրել է մի նոր բաժին՝ «Խանգարումներ՝ կապված ապրելակերպի հետ», որի ներքո զետեղված են «նորմալ ապրելակերպի պահպանման դժվարությունների հետ կապված խնդիրներն (Z73)» ու «ապրելակերպի հետ կապված այլ խնդիրները (Z 72.8)»։ 

Հիվանդությունների եւ առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչում նորմալ ապրելակերպի պահպանման դժվարություններ հետ կապված խնդիրներ ենթավերնագրի ներքո նշված է․

- գերհոգնածություն, կենսական ուժերի սպառման վիճակ,

- ընդգծված անձնավորված հատկություններ (բնութագրվում է ավելորդ փառասիրությամբ, մեծ ձեռքբերումների պահանջմունքով, անհանդուրժողականությամբ, անիրազեկությամբ եւ ձանձրացմամբ),

- հանգստի եւ թուլացման անբավարարություն,

- սթրեսային վիճակ` այլ դասերում չդասակարգված, ֆիզիկական եւ մտավոր լարվածություն` առանց լրացուցիչ ճշտումների,

- անհամապատասխան սոցիալական հմտություններ` այլ դասերում չդասակարգված,

- բախում՝ կապված սոցիալական դերի հետ` այլ դասերում չդասակարգված,

- գործունեության սահմանափակումներ` կապված աշխատունակության իջեցման կամ կորստի հետ,

- այլ խնդիրներ` կապված ապրելակերպի պահպանման դժվարությունների հետ,

- խնդիր` կապված ապրելակերպի պահպանման դժվարության հետ` չճշտված։

Իսկ ապրելակերպի հետ կապված այլ խնդիրներ ենթավերնագրի ներքո նշված է ինքնավնասումներ առաջացնող վարք։

Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում չենք հանդիպում գերհոգնածության, կենսական ուժերի սպառման վիճակներ ձեւակերպումների։ Մինչդեռ նման վիճակների առկայության պարագայում անձը չի կարող տիրապետել զենքի։ Չենք հանդիպում նաեւ դրույթի հանգստի եւ թուլացման անբավարարության վերաբերյալ, ֆիզիկական եւ մտավոր լարվածության վերաբերյալ եւ այլն, ինչպես նաեւ առանձին նշում չկա ինքնավնասումներ առաջացնող վարքի մասին։

Այսպիսով, Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ ֆիզիկական թերությունների ցանկում կան մի շարք հիվանդություններ, որոնք ունեն տարբեր դրսեւորումներ եւ արտահայտվածության տարբեր աստիճաններ՝ թեթեւից մինչեւ ծանր եւ լուրջ հետեւանքներով։ Որոշ խանգարումների եւ վիճակների պարագայում, սակայն, անձինք պիտանի են համարվում զինվորական ծառայության համար, մինչդեռ քաղաքացիական կյանքում զենքի տիրապետելու թույլտվություն չեն կարող ստանալ։ 

Ս․թ․ մայիսի 15-ին գրավոր հարցմամբ դիմել էինք Առողջապահության նախարարությանը՝ վերը հիշատակված յուրաքանչյուր կետի համար խնդրելով մեկնաբանություն այն մասին, թե ինչու մի պարագայում հիվանդությունը կամ խանգարումը համարվում է զենքի կրման խչոընդոտ, իսկ մյուս պարագայում անձը պիտանի է համարվում զինծառայության համար։ ԱՆ-ն հարցմանը պատասխանելու համար խնդրել էր 30-օրյա ժամկետ։

Նախարարությունը, նշելով, որ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների ցանկը մշակելիս հաշվի են առնվել բոլոր այն հիվանդությունները եւ վիճակները, որոնք կապված են հոգեկան առողջության եւ վարքի խանգարումների, ինչպես նաեւ անձի մոտ տարբեր տեսակի ֆունկիցինալ խանգարումների հետ, հունիսի 12-ի գրությամբ պատասխանել է հետեւյալը․

«Ինչ վերաբերվում է զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների ցանկը զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկի հետ համեմատմանը, ապա հայտնում եմ, որ զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը չունի անձի մոտ հիվանդությունների եւ վիճակների ախտորոշման ուղիղ կիրառելիություն, այն տալիս է անձի առողջական վիճակի, ինչպես նաեւ խանգարումների աստիճանների ընդհանուր բնութագիր, ինչը կիրառվում է բացառապես անձի բժշկական եւ զինծառայողի ռազմաբժշկական փորձաքննական նպատակով, որի արդյունքներով գնահատվում է անձի՝ զինվորական ծառայության համար պիտանիության աստիճանը»։

Քանի որ Առողջապահության նախարարության գրավոր պատասխանում հստակ չէր՝ ինչն է այս տարբեր սկզբունքների պատճառը, համապատասխան վարչությունից փորձեցինք բանավոր մեկնաբանություն ստանալ, սակայն Բժշկական օգնության քաղաքականության վարչությունից նշեցին, որ գրավոր տրամադրված պատասխանը նախարարության ամբողջական պատասխանն է։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել