ՄՊՀ անդամի թեկնածուն հիմնավոր համարեց Սերժ Սարգսյանի միտքը մենաշնորհների մասին
 |armeniasputnik.am|
14:11 - 14 հունիսի, 2023

ՄՊՀ անդամի թեկնածուն հիմնավոր համարեց Սերժ Սարգսյանի միտքը մենաշնորհների մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի` ընդդիմության թեկնածու Անահիտ Սարգսյանը կարծում է, որ Հայաստանի նման փոքր երկրի դեպքում շաքարավազ ներկրող միանգամից մի քանի խոշոր ընկերության առկայությունը խնդիր է։

ԱԺ–ում այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը նրան հիշեցրեց 2014 թ. Սերժ Սարգսյանի խոսքերը` Չեխիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, երբ ասել էր, որ ՀՀ–ի նման փոքր երկրում 10 տնտեսվարող չի կարող շաքար ներկրի։

«Այս պնդումը գիտականորեն, տնտեսագիտորեն ճի՞շտ է արդյոք»,– նկատեց պատգամավորը։

Ի պատասխան Անահիտ Սարգսյանն ասաց, որ իրականում կա նման բան` կա մասշտաբի էֆեկտ։

«Երբ մտանք ԵԱՏՄ, փոքր ընկերությունները սկսեցին ավելի էժան գներով շաքարավազ ներկրել, քան մինչ այդ այլ երկրներից։ Հետագայում այդ ընկերությունները չկարողացան շարունակել գործունեությունը, քանի որ չկարողացան դիմանալ մրվցակցությանը. կար խոշոր ներկրող, որի մոտ ինքնարժեքն ավելի ցածր էր, ու փոքր ընկերությունները չդիմացան այդ մրցակցությանը»,– նկատեց Անահիտ Սարգսյանը։

Գերիշխող դիրք ունեցող ընկերությունների մասին իշխող խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին ի պատասխան էլ նա նշեց, որ գերիշխող դիրք ունենալը դա պետության կամ տնտեսության համար վնաս չէ ի տարբերություն մենաշնորհների, որոնք իսկապես վնաս են։

«Օրենքն էլ չի արգելում սուբյեկտին` գերիշխող դիրք ունենալ, այլ արգելում է գերիշխող դիրքի չարաշահումները։ Հանձնաժողովի գործառույթն է, որ վերահսկի դա ու թույլ չտա այդ չարաշահումները»,– ընդգծեց ընդդիմության թեկնածուն։

Ըստ նրա` բնական մենաշնորհները հնարվորինս պետք է քչանան` որքանով որ դա տեխնոլոգիապես հնարավոր է։

Անահիտ Սարգսյանն անդրադարձավ նաև մեկ անձից գնումներին` նշելով, որ եթե 2020 թ. դա պայմանավորված է եղել քովիդով և կազմել է 43.6 տոկոս, ապա 2021 թ. մեկ անձից գնումը կազմել է 33.6 տոկոս, 2022 թ.՝ 36.8 տոկոս։ Այս պարագայում նա կոնկրետ խնդիր է տեսնում։

Նշենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու են առաջադրել Անահիտ Սարգսյանին։ Նա 2009–2019 թթ. աշխատել է ՄՊՀ–ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել