Էրդողանը վերընտրվելուց հետո առաջին այցով մեկնել է Բաքու |azatutyun.am|
09:11 - 13 հունիսի, 2023

Էրդողանը վերընտրվելուց հետո առաջին այցով մեկնել է Բաքու |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ ուշ երեկոյան պետական այցով Բաքու է ժամանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Մայիսի 28-ին նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո սա Էրդողանի առաջին արտասահմանյան ուղևորությունն է․ ավանդույթի համաձայն՝ նրա առաջին կանգառը Հյուսիսային Կիպրոսն էր, ապա՝ Ադրբեջանը։

Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրների պետական դրոշները, երեկ Թուրքիայի նախագահին և նրա կնոջը՝ Էմինե Էրդողանին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։ Հաղորդվում է, որ Էրդողանի գլխավորած պատվիրակության կազմում են նաև Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը: Օդանավակայանից բարձրաստիճան հյուրերն ուղևորվել են Բաքվում գտնվող «Գյուլիստան պալատ», որտեղ էլ նրանց ընդունել է Ադրբեջանի իշխող ընտանիքը։

Թուրքիայի նախագահի այցի օրակարգի պաշտոնական մասը պլանավորված է այսօր․ դիվանագիտական աղբյուրների համաձայն՝ Էրդողանն ու Ալիևը նախ երկկողմ հանդիպում կունենան, ապա կմասնակցեն ընդլայնված կազմով բանակցությունների, ինչից հետո երկու առաջնորդները հանդես կգան հայտարարությամբ։ Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել