Փաշինյանը մեկնել է Բրյուսել․ առանձին հանդիպում կկայանա Շառլ Միշելի հետ
12:33 - 13 մայիսի, 2023

Փաշինյանը մեկնել է Բրյուսել․ առանձին հանդիպում կկայանա Շառլ Միշելի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-14-ին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Նշվում է, որ Փաշինյանը հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

«Այնուհետև նախատեսված է ՀՀ վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ վաշինգտոնում ԱԳ նախարարների բանակցություններից հետո Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանդիպել Բրյուսելում։ 

Նրանց քննարկումները կշարունակվեն նաև Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ համատեղ հանդիպմանը 2023թ. հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։

Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել էին՝ նշելով, որ Բաքուն համաձայնություն է տվել Քիշնևում Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ ոչ պաշտոնական հանդիպմանը, պայմանով, որ այն չի փոխարինելու բրյուսելյան ձևաչափը․ «Սակայն վերջնական որոշում քիշնևյան հանդիպման մասին չկա, քանի որ դրա մանրամասները դեռ հայտնի չեն»։

Այնուհետև, չնայած Բաքվից հնչող հայտարարություններին, Եվրամիությունը վերահաստատել է, որ համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ոչ միայն Բրյուսելում, այլև Մոլդովայում են հանդիպելու՝ Ֆրանսիայի նախագահի ու Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ:

Հիշեցնենք, որ Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպմանն ընդառաջ մայիսի 11-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանային լարվածություն են ստեղծել՝ սահմանագոտու Գեղարքունիքի մարզի, մասնավորապես Սոթքի, Կութի, Վերին Շորժայի հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելով։ Կիրառվել են հրետանային և ականանետային միջոցներ, ԱԹՍ։

Մինչև մայիսի 12-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ընդհատվող, ապա դարձյալ շարունակվող ադրբեջանական սադրանքների հետևանքով հայկական կողմից մեկ զինծառայող է զոհվել, ևս ութը՝ վիրավորվել։ Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, մի մասը դուրս է գրվել։

Մայիսի 13-ի առավոտյան ՀՀ ՊՆ-ն հաղորդել է, որ իրադրությունը առաջնագծում կայուն է։

Մայիսի 11-ին՝ ադրբեջանական կողմի սադրանքի առաջին օրը՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմի այս գործողությունները սադրիչ են ու այլոց շարքում նպատակ ունեն զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում․ «Այսօրվա սադրանքը նպատակ ունի նաև խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները»։

Չնայած դրան՝ ՀՀ վարչապետը նշել է, որ կիրակնօրյա բանակցությունների համար Բրյուսել մեկնելու իր որոշումը չի փոխել։

Հիշեցնենք, որ 2022 թվականի նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է նախատեսված եղել, որը, սակայն, չի կայանա, քանի որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ադրբեջանի նախագահի համար այս նախապայմանը անընդունելի էր։ 

Ադրբեջանի նախագահի հայտարարությանը անդրադարձել էին ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն, որը տեղի էր ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել