Ես տեղյակ չեմ եղել, որ ինքը գործի չի եկել․ Լևոն Երանոսյանը՝ Վլադիմիր Գասպարյանի դստեր մասին |factor.am|
15:34 - 10 մայիսի, 2023

Ես տեղյակ չեմ եղել, որ ինքը գործի չի եկել․ Լևոն Երանոսյանը՝ Վլադիմիր Գասպարյանի դստեր մասին |factor.am|

factor.am: Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տեղակալ Լևոն Երանոսյանն ասում է՝ տեղյակ չի եղել, որ Գասպարյանի դուստրը ոստիկանության զորքերում աշխատանքի չի գնացել։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի վերաբերյալ գործի համաձայն՝ Գասպարյանի դուստրը 2015 թվականին նշանակվել է ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, սակայն առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական պարտականությունները չի կատարել:

Տեղյակ լինելով այդ մասին` նշված ժամանակահատվածում ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Լևոն Երանոսյանը ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև վատնել է պետական միջոցները, այն է` պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրաքանչյուր ամիս իր ստորագրությամբ հաստատել է ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը, որոնց հիման վրա Գասպարյանի դստերը 2015-2018 թվականների ընթացքում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի գումար՝ 8.838.362 դրամ:

Ավելին, Լևոն Երանոսյանի հանձնարարությամբ ամբողջությամբ կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով կազմակերպվել է Վլադիմիր Գասպարյանի դստերն ընդամենը 3 օրով բարձր պաշտոնի նշանակելու ձևական գործընթաց, որով ապահովվել է վերջինիս փոխգնդապետի զինվորական կոչում շնորհելը: «Ասում են՝ զորքերում է, ես էլ տեղյակ եմ, որ զորքերում է աշխատել, բայց ես տեղյակ չեմ եղել, որ ինքը գործի չի եկել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Երանոսյանը։

Անդրադառնալով Գասպարյանի դստերը երեք օրով բարձր կոչում տալու հանգամանքին՝ Երանոսյանն ասաց՝ իրեն հարցրեք, ապա հավելեց, որ իրեն բերել են դատարան՝ այդ հարցը լուծելու համար։ «Երկի՛ր ենք վարի տալիս, գնացեք երկրո՛վ զբացվեք, եկել եք՝ «Երանոսյանին դատում են, ոստիկանապետի աղջիկը գործի չի եկել»,- ասաց Երանոսյանը, ապա հավելեց, թե գումարը վերականգնված է։

Նշենք, որ Գասպարյանի դստերը՝ Յուլյա Գասպարյանին 2022 թվականին մեղադրանք է առաջադրվել շուրջ 9 մլն դրամ վատնմանն օժանդակելու հոդվածով, սակայն նա պետությանը պատճառված վնասը փոխհատուցել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել