azatutyun.am: «Հայ հոգևորականները շարունակում են Դադիվանքում իրենց հոգևոր ծառայությունը»,- «Ազատությանը» փոխանցեցին Մայր Աթոռից՝ արձագանքելով Բաքվից հնչող նոր հայտարարություններին։
2020-ի պատերազմից հետո Քարվաճառում հայ առաքելական միջնադարյան վանական համալիրը Ադրբեջանին անցավ, բայց գտնվում է ռուս-խաղաղապահների վերահսկողության տակ։ Ուխտավորների այցերն արգելելուց ամիսներ անց Բաքուն պնդում է, որ նաև Դադիվանքում ապրող հայ հոգևորականները պետք է հեռանան։
«Հայ հոգևորականները շարունակում են իրենց ծառայությունը շնորհիվ ռուս խաղաղապահների երախտարժան առաքելության, որն ապահովում է վանքի անվտանգությունը», - փոխանցեցին Մայր Աթոռից։
Դարձյալ պնդելով, թե «վանական համալիրը աղվանական է», երեկ Ադրբեջանում կրոնական կազմակերպությունների հարցերով պետական կոմիտեի նախագահն էր հայտարարել, թե հայ հոգևորականները պետք է հեռանան այնտեղից։
«Պատմական անհերքելի փաստ է, որ վանքն ի սկզբանե եղել է հայկական և որևէ առնչություն չի ունեցել Աղվանից եկեղեցու հետ, առավել ևս՝ այսօրվա նորահայտ աղվանա-ուդիական կրոնական համայնքի հետ», - հակադարձում են Մայր Աթոռից։
comment.count (0)