Բլինքենն Ալիևի հետ զրույցում անդրադարձել է Հակարիի կամրջին տեղադրված ադրբեջանական անցակետին |news.am|
09:21 - 01 մայիսի, 2023

Բլինքենն Ալիևի հետ զրույցում անդրադարձել է Հակարիի կամրջին տեղադրված ադրբեջանական անցակետին |news.am|

news.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ ընդգծելով ադրբեջանա-հայկական խաղաղ բանակցությունների կարևորությունը և խոստացել, որ ԱՄՆ աջակցությունը շարունակական կլինի։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ Բլինքենը հաստատել է, որ խաղաղությունը հնարավոր է։

«Նա նաև հայտնել է Միացյալ Նահանգների խոր մտահոգությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման կապակցությամբ՝ նշելով, որ այն խաթարում է խաղաղ գործընթացում վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերը, և ընդգծել է Լաչինի միջանցքը որքան հնարավոր է շուտ բացելու կարևորությունը,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։ 

Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը:

Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի նոր ճանապարհի սկզբնամասում անցակետի տեղադրումը, որը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնաս է հասցնում բանակցային գործընթացին։

Իսկ ՌԴ ԱԳՆ-ն «կողմերին կոչ է արել անհապաղ վերադառնալու առկա պայմանավորվածություններին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել