«Պատիվ ունեմ» խմբակցությունը տեր է կանգնելու իր առաջադրած թեկնածուին․ Մամիջանյանը՝ Թագուհի Թովմասյանի պաշտոնանկության մասին |aysor.am|
11:13 - 21 ապրիլի, 2023

«Պատիվ ունեմ» խմբակցությունը տեր է կանգնելու իր առաջադրած թեկնածուին․ Մամիջանյանը՝ Թագուհի Թովմասյանի պաշտոնանկության մասին |aysor.am|

aysor.am: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ասուլիսի ժամանակ անդրադարձավ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարության, թե ինքը նախաձեռնել  է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց։

«Երեկ եղել են երեսփոխաններ, որոնք խոսել են Թագուհի Թովմասյանի պաշտոնանկության մասին։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը տեր է կանգնելու իր առաջադրած թեկնածուին»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Նա ընդգծեց նաև՝ այն ընթացքում, երբ Հայաստանը չուներ Մարդու իրավունքների պաշտպան, հենց Թովմասյանի ղեկավարած Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի խորհրդարանական հանձնաժողովն է իրականացրել շատ կարևոր աշխատանք։

«Այն ամիսների ընթացքում, երբ ՔՊ-ի թեթև ձեռամբ՝ Հայաստանի Հանրապետությունը չուներ մարդու իրավունքների պաշտպան և մինչ այդ, երբ Հայաստանի Հանրապետությունը ուներ ՔՊ-ի իրավունքների պաշտպան, այդ ժամանակահատվածում տիկին Թովմասյանն զգալի ծավալով իր ուսերի վրա է վերցրել նաև ՄԻՊ-ի գործառույթները։ Կարծում եմ, որ նմանօրինակ աշխատանքի արդյունքում ընդամենը պետք է լուռ հետևել, գոնե չխանգարել։

Միայն վերջին շրջանում մոտ 650 գրություն է ուղարկվել մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովից՝ ամենտարբեր միջազգային կազմակերպություններ ու դեսպանություններ։ Դա այն աշխատանքն է, որը պետք է աներ ՄԻՊ-ը»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարել էր, որ նախաձեռնել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթաց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել