Մհեր Սահակյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ
14:35 - 20 ապրիլի, 2023

Մհեր Սահակյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ

ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի գործով հայտարարվել է նախաքննության ավարտ, և վարույթը շուտով փոխանցվելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Այս մասին հայտարարություն է տարածել Սահակյանի պաշտպանական խումբը։

«Միջադեպի առաջին իսկ օրից մեր դիրքորոշումն անփոփոխ է. Մհեր Սահակյանի արարքում խուլիգանության հանցակազմն իսպառ բացակայում է, իսկ թեթև մարմնական վնասվածքը հասցվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում։

Նախաքննության որակն ընդհանուր առմամբ բավարար գնահատելով՝ մենք նաև արձանագրում ենք, որ քննչական մարմինը Մհեր Սահակյանին զրկել է իր ցուցմունքի լիարժեք ճշմարտացիությունն ու բարձր հավաստիությունը դատարանի ու հանրության առջև հիմնավորելու հնարավորությունից՝ մերժելով տուժողի ու վկաների հետ առերեսումները տեսագրելու, ինչպես նաև դեպքի վայրում ցուցմունքը պարզաբանելու («ցուցմունքի ստուգումը տեղում» քննչական գործողություն) մեր միջնորդությունները։

Որպես դրական երևույթ հատուկ ընդգծում ենք նախաքննության տվյալները հրապարակելու հարցում արգելք չհարուցելու փաստը և հույս ենք հայտնում, որ հանրային բարձր հնչեղություն ունեցող գործերով քննչական մարմնի այս մոտեցումը կդառնա օրինակելի»,- նշված է հայտարարության մեջ։

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով և 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Հիշեցնենք, որ ս․թ․ մարտի 31-ին միջադեպ է տեղի ունեցել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փակ նիստի ժամանակ։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Մհեր Սահակյանը աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել է Վլադիմիր Վարդանյանի ձախ հոնքին, որի արդյունքում վերջինս վայր է ընկել։

Դեպքից հետո Վարդանյանը դիմել է ԲԿ։ Նա պատմել է, որ վիրավորական բնույթի որևէ արտահայտություն ոչ մեկի վերաբերյալ իրեն թույլ չի տվել ոչ հիմա, ոչ այլ նիստերի։ Խոսելով այն մասին, թե Սահակյանը փորձել է ինքնապաշտպանվել, նշել է․ «Եթե այդպես է, չեմ հասկանում՝ ինչու է միջադեպից հետո անմիջապես սողոսկել դահլիճից»։

Ապա Սահակյանի պաշտպանը հայտնել է, որ ռենտգեն հետազոտությամբ պաշտպանյալի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք (առանց տեղաշարժի), ինչը, ըստ նրա, հերքում է նախաքննության մարմնի նախնական վարկածն այն մասին, որ հարվածը հասցվել է ինչ-որ առարկայով։

Մհեր Սահակյանը չի հերքել, որ ձեռքով հարվածել է Վարդանյանին՝ պատմելով նախապատմությունը․ «Աշխատանքային քննարկման ժամանակ Վլադիմիր Վարդանյանը մի քանի անգամ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ չարաշահելով նախագահողի իր լիազորությունները: Հերթական անգամ նման վարքագծի ժամանակ փորձեցի նրան սաստել՝ պահանջելով հարգալից վերաբերվի ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ: Դրանից նա ավելի ոգևորվեց՝ կանգնելով իր տեղից ու քայլելով դեպի ինձ: Գոռում էր՝ «ում վրա ուզեմ, կարող եմ գոռալ»»: 

Արդեն ապրիլի 10-ին գլխավոր դատախազը ԱԺ նախագահին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիր, որում էլ ներկայացվել են պատգամավորների, ինչպես նաև նիստին ներկա Եղիշե Կիրակոսյանի ցուցմունքները։

Ապրիլի 11-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում ներկայացրել է Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը: Նա նշել է, որ դատաբժշկական եզրակացության համաձայն՝ Վլադիմիր Վարդանյանի մարմնական վնասվածքները պատճառվել են բութ, կոշտ առարկայով:

Ապրիլի 12-ին ԱԺ-ն համաձայնություն է տվել Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու Գլխավոր դատախազի միջնորդությանը։ Քվեարկությանը 107 պատգամավորներից մասնակցել են 65-ը։ Մհեր Սահակյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ ինքը ևս կողմ է քվեարկելու միջնորդությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել