Ինչպես է եղել ԱԺ-ի միջադեպը․ հրապարակվել են պատգամավորների ցուցմունքները 
 |factor.am|
13:54 - 10 ապրիլի, 2023

Ինչպես է եղել ԱԺ-ի միջադեպը․ հրապարակվել են պատգամավորների ցուցմունքները |factor.am|

factor.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկա է եղել Ազգային ժողովում պատգամավորներ Մհեր Սահակյանի և Վլադիմիր Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպին և վարույթի շրջանակներում առերեսվել է Սահակյանի և Հայաստան խմբակցության մեկ այլ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ։ Այս մասին պարզ է դառնում Գլխավոր դատախազի՝ Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցով Ազգային ժողովի նախագահին դիմելու միջնորդագրից։

Միջնորդագրում նշվում է, որ փակ քննարկման ժամանակ Վլադիմիր Վարդանյանի՝ մասնակիցներին դիտողություն անելուց  հետո դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Վլադիմիր Վարդանյանին, Հանձնաժողովի փակ քննարկման բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ շրջանցել է իր և Վլադիմիր Վարդանյանի միջև նստած Ալխաս Ղազարյանին, դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին՝ պատճառելով առողջության թեթև վնաս առողջության կարճատև քայքայումով։

Տուժող Վլադիմիր Վարդանյանի ցուցմունքի համաձայն՝ 2023 թվականի մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի վարչական 2-րդ մասնաշենքի թիվ 314 քննարկումների դահլիճում տեղի է ունեցել Հանձնաժողովի փակ աշխատանքային քննարկում, որին մասնակցել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արփինե Դավոյանը, Վիգեն Խաչատրյանը և Ալխաս Ղազարյանը, իսկ «Հայաստան» խմբակցության անդամներից մասնակցել են Արծվիկ Մինասյանը, Գեղամ Նազարյանը և Մհեր Սահակյանը: Նիստին ներկա է եղել նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, որը  ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչն է: Նիստի ժամանակ քննարկվել են տարբեր հարցեր՝ կապված իրավական խնդիրների, ՀՀ արտաքին իրավական հարաբերությունների հետ, որի ընթացքը եղել է հանգիստ: Ժամը 11:15-ի սահմաններում Արծվիկ Մինասյանը շեղվել է քննարկման թեմայից և հարցեր է ուղղել Հայաստանի Հանրապետության «կորսված հողերի» վերաբերյալ, որի ժամանակ խմբակցությունների պատգամավորների միջև բարձր ձայնով խոսակցություն է սկսվել: Այդ ժամանակ նիստի բնականոն ընթացքը վերականգնելու և քննարկման թեմային վերադառնալու համար, որպես քննարկման նախագահող, ինքը ոտքի է կանգնել և փորձել է հանդարտացնել պատգամավորներին՝ ասելով, որ բոլորը հանդարտվեն և վերադառնան քննարկման հարցին: Իր իրավաչափ պահանջին ի պատասխան՝ Մհեր Սահակյանն ասել է, որ իրենց վրա չգոռա: Ինքը պատասխանել է, որ նախ չի գոռացել, ինչպես նաև հավելել է, որ ցանկանում է շարունակել հանդարտ քննարկումը։ Դրանից հետո Մհեր Սահակյանը ևս մեկ անգամ կրկնել է, որ իրենց վրա չգոռա, որից հետո ինքը պարզաբանել է, որ քննարկման նախագահողն է, չի գոռում, այլ բոլորին կարգի է հրավիրում: Դրանից հետո Մհեր Սահակյանը, առանց որևէ բառ ասելու, ձեռքը խփել է սեղանին, կանգնել է, մոտեցել է իրեն և առանց խոսելու` աջ ձեռքին առկա ինչ-որ առարկայով հարվածել է իր ձախ հոնքին: Այդ հարվածից ուժեղ ֆիզիկական ցավ է զգացել, ինչպես նաև ծակոց, որից հավասարակշռությունը կորցրել և ընկել է գետնին: Ընկնելուց դիպել է նախագահողի հետևում դրված աթոռին, որը շրջվել է: Մի քանի վայրկյան անց ոտքի կանգնելով՝ տեսել է, որ Մհեր Սահակյանը հեռացել է դահլիճից, ինքը ևս դուրս է եկել և ցանկացել է տեսնել նրան, սակայն Մհեր Սահակյանը դիմել է փախուստի: Ստացած հարվածից իր հոնքը վնասվել և արնահոսել է: Նշել է, որ ինքը որևէ գործողություն չի կատարել, Մհեր Սահակյանին ընդառաջ չի գնացել, այլ ընդամենը կանգնել է տեղից, հնարավոր է՝ հարմար կանգնելու համար մեկ քայլ դեպի ձախ է գնացել, որից հետո բոլորին կարգի է հրավիրել, ինչին հաջորդել է Մհեր Սահակյանի խոսելը և իր նկարագրած միջադեպը։ Միջադեպից հետո միջանցքում գտնվելու ընթացքում իրեն է մոտեցել Արծվիկ Մինասյանը, որն ասել է, որ Մհեր Սահակյանի քայլն անընդունելի է, չպետք է նման բան լիներ, իսկ հետո, երբ ինքը գնացել է աշխատասենյակ, իր մոտ է եկել Գեղամ Նազարյանը, որը նույնպես քննադատել է Մհեր Սահակյանի արարքը՝ ասելով, որ իրենք կպատժեն նրան: Վարդասնյանը հայտնել է, որ բողոքում է Մհեր Սահակյանի դեմ և ցանկանում է, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության:

Վլադիմիր Վարդանյանը նաև նշել է, որ Մհեր Սահակյանի վարքագծի հետևանքով ընդհատվել է քննարկումը և խաթարվել է իրենց աշխատանքը, հայտնել է, որ իր հորդորները և կոչերը ուղղված չեն եղել Մհեր Սահակյանին, այլ ուղղված են եղել հանձնաժողովի անդամներին՝ քննարկման բնական հունը վերականգնելու համար, ինչպես նաև, որ միջադեպը տեղի է ունեցել նախագահողի աթոռի մոտ, քանի որ Մհեր Սահակյանը, ձեռքը սեղանին շատ ուժեղ խփելուց հետո վեր կենալով իր տեղից, շրջանցել է իրենց միջև նստած Ալխաս Ղազարյանին և շարժվելով իր ուղղությամբ և հասնելով իր դիմաց՝ առանց որևէ բան ասելու հարվածել է իրեն, Վլադիմիր Վարդանյանը պնդել է նաև Մհեր Սահակյանի և Արծվիկ Մինասյանի հետ առերես հարցաքննությունների ժամանակ:

Վկա Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ  որպես ՀՀ կառավարության ներկայացուցիչ՝ ինքը  ներկա է գտնվում Հանձնաժողովի բոլոր այն նիստերին, որոնք վերաբերելի են միջազգային իրավունքին և իր կողմից իրականացվող գործունեությանը կամ այն կարգավորող օրենքներին: Իր ոլորտը կարգավորող մի շարք իրավակարգավորումների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը խնդրել է, որպեսզի հրավիրվի Հանձնաժողովի նիստ, որի մասին տեղյակ են եղել ինչպես ինքը, այնպես էլ Հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը և անդամները։ 

2023 թվականի մարտի 31-ին` ժամը 10:05-ին, գտնվել է ՀՀ Ազգային ժողովում, որտեղ տեղի է ունեցել քննարկումը: Քննարկմանը բացի իրենից մասնակցել են Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, անդամներ Վիգեն Խաչատրյանը, Գեղամ Նազարյանը, Արծվիկ Մինասյանը, Մհեր Սահակյանը, Արփինե Դավոյանը և Ալխաս Ղազարյանը: Նիստը նախագահել է Վլադիմիր Վարդանյանը, որը նստած է եղել սեղանի գլխավերևում, իսկ նրանից աջ նստած են եղել ըստ հերթականության Արփինե Դավոյանը, ինքը և Արծվիկ Մինասյանը, իսկ Արծվիկ Մինասյանից աջ` Գեղամ Նազարյանը: Իրենց դիմաց՝ Վլադիմիր Վարդանյանից դեպի ձախ, նստած է եղել Ալխաս Ղազարյանը, նրա կողքը՝ Մհեր Սահակյանը, իսկ Մհեր Սահակյանի կողքը՝ Վիգեն Խաչատրյանը: Քննարկմանը գրեթե բոլորը ակտիվ մասնակցություն են ունեցել՝ բացառությամբ Մհեր Սահակյանի:

Քանի որ Արծվիկ Մինասյանը շեղվել է քննարկման հիմնական թեմայից, Վլադիմիր Վարդանյանը վարողի իրավունքով դիտողություն է արել բոլորին՝ փորձելով կանոնակարգել նիստը և շարունակել թեմայի քննարկումը, սակայն Մհեր Սահակյանը միջամտել է և ագրեսիվ պահվածք դրսևորել: Մասնավորապես, Մհեր Սահակյանը կանգնել է և բղավելով՝ ձեռքը պարզել Վլադիմիր Վարդանյանի ուղղությամբ, շրջանցել պատգամավոր Ալխաս Ղազարյանին և մեկ անգամ աջ ձեռքով, որքանով հիշում է բռունցքի ներսի հատվածով, հարվածել է Վլադիմիր Վարդանյանի ձախ աչքի հատվածին: Հարվածից Վլադիմիր Վարդանյանը կորցրել է հավասարակշռությունը և ընկել հատակին, որից հետո Մհեր Սահակյանը հեռացել է: Միջադեպի հետևանքով քննարկման բնականոն ընթացքը խաթարվել է։

Վերը նշված հանգամանքները Եղիշե Կիրակոսյանը պնդել է նաև Մհեր Սահակյանի և Արծվիկ Մինասյանի հետ առերես հարցաքննությունների ընթացքում՝ նշելով, որ նիստը նախագահող Վլադիմիր Վարդանյանը պատգամավորներին է դիմել՝ նրանց միջև սկսված բանավեճը դադարեցնելու և թեմայից չշեղվելու նպատակով։ Հայտնել է նաև, որ միջադեպի ընթացքում Մհեր Սահակյանն է շարժվել դեպի Վլադիմիր Վարդանյանը, քանի որ այն պահից, երբ Մհեր Սահակյանը կանգնել է և, ձեռքը մեկնելով դեպի Վլադիմիր Վարդանյանը, բղավել, իր ուշադրությունը սևեռված է եղել դեպի Մհեր Սահակյանը, ով գնացել է Վլադիմիր Վարդանյանի ուղղությամբ և մեկ անգամ հարվածել նրա ձախ հոնքի հարվածին։ Վկա Գեղամ  Նազարյանի ցուցմունքի համաձայն՝  նիստի ընթացքը հանդարտ է եղել մինչ այն պահը, երբ շեղվել է բանավեճի և քննարկման թեմայից, մասնավորապես՝ Արծվիկ Մինասյանի, Արփինե Դավոյանի և Վլադիմիր Վարդանյանի միջև քննարկման օրակարգից դուրս բանավեճ է սկսվել։ Այդ ժամանակ Վլադիմիր Վարդանյանը խոսել է բարձր ձայնով և ագրեսիվ տոնայնությամբ, ինչին ի պատասխան՝ Մհեր Սահակյանը դիտողություն է արել՝ առաջարկելով չգոռգոռալ և խոսակցությունը հանգիստ վարել:

Սկզբում իրեն թվացել է, թե Վլադիմիր Վարդանյանն ընդունել է Մհեր Սահակյանի ասածը, սակայն լռելուց մի քանի վայրկյան անց Վլադիմիր Վարդանյանը, բղավելով ձեռքը խփել է սեղանին և ասել, որ ինչպես կցանկանա, այնպես էլ կխոսի, ինքն է որոշում, թե ոնց խոսի: Դրան ի պատասխան` Մհեր Սահակյանը, ձեռքի բաց ափերը կողմ պարզելով, ասել է, որ նա չի կարող այդպես խոսել, որից հետո նույն բարձր տոնայնությամբ խոսելով, նույն միտքն արտահայտելով՝ Վլադիմիր Վարդանյանը կանգնել է և քայլել Մհեր Սահակյանի ուղղությամբ: Ինքը մտածել է, որ կխոսեն և կհանդարտվեն, սակայն այդ պահին Մհեր Սահակյանը, տեսնելով իրեն մոտեցող Վլադիմիր Վարդանյանին, նույնպես ոտքի է կանգնել, մի փոքր հետ քայլ է արել, և երբ Վլադիմիր Վարդանյանը հասել է նրան, աջ ձեռքով հարվածել է Վլադիմիր Վարդանյանին, որից վերջինս անմիջապես ընկել է: Իր կարծիքով՝ Մհեր Սահակյանի կողմից Վլադիմիր Վարդանյանին հարվածելը պայմանավորված է եղել նրանով, որ կարծել է, թե Վլադիմիր Վարդանյանը պատրաստվում է իրեն հարվածել։

Շարունաակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել