Կիպրոսում գրանցված ընկերությունը նախատեսել էր ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան»-ի 100 տոկոս մասնաբաժինը. ՄՊՀ-ն արգելել է
16:21 - 18 ապրիլի, 2023

Կիպրոսում գրանցված ընկերությունը նախատեսել էր ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան»-ի 100 տոկոս մասնաբաժինը. ՄՊՀ-ն արգելել է

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը արգելել է «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի համակենտրոնացումը: Այս մասին հայտնում են Մրցակցության պաշտշանության հանձնաժողովից։

««ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը և Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը 2023 թվականի հունվարի 26-ին դիմումներ են ներկայացրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ հայտնելով, որ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը նախատեսում է ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժինը:

Դիմումների հիման վրա հարուցված համակենտրոնացման գնահատման վարույթի շրջանակներում իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում ՄՊՀ 2023 թվականի ապրիլի 18-ի թիվ 173-Ա որոշմամբ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության և «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության համակենտրոնացումն արգելվել է»,- նշված է ՄՊՀ հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի գործարքին համաձայնության տրամադրումը։

Հիշեցնենք, որ «ՄՏՍ Հայաստան»-ը դիմել էր ՀԾԿՀ՝ վաճառքի գործարքի թույլտվության համար։ Միևնույն ժամանակ, «ՄՏՍ Հայաստան»-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին խնդրել էր իր բաժնետոմսերի հետ կապված գործարքներն ընդունել որպես խիստ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ ու տվյալներ չտրամադրել գնորդ կազմակերպության վերաբերյալ։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այս հանգամանքը հիմք ընդունելով, հրաժարվել էր հայտնել, թե ով է ցանկանում ձեռք բերել «ՄՏՍ-Հայաստան»-ը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել