Ինֆոքոմ

ՀՀ իշխանությունները քանիցս հավաստիացրել են, որ առանց Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու՝ Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու․ ԱՀ նախագահ

ՀՀ իշխանությունները քանիցս հավաստիացրել են, որ առանց Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու՝ Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու․ ԱՀ նախագահ

Բանացկությունների միջոցով պետք լուծվեն ոչ միայն Արցախ-Ադրբեջան, այլև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա խնդիրները, և այդ մոտեցմանը պետք է կողմնակից լինի նաև Ադրբեջանը։ Այս մասին այսօր իր ելույթում ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։   «Որքան էլ տարաբնույթ դժվարություններ ու անվտանգային ռիսկեր ծագեն, միևնույն է, Արցախը հայկական պահելու միակ ուղին Արցախում ապրելն ու արարելն է, իսկ ի լրումն միջազգային ու պետական երաշխիքների ու ջանքերի՝ Արցախում բնակվող յուրաքանչյուր անձ ևս պետք է պատրաստ լինի ստանձնելու Արցախը հայկական պահելու սուրբ գործի իր բաժին ռիսկն ու պատասխանատվությունը»,- նշեց նա։ Անդրադառնալով արտաքին քաղաքական հարցերին՝ ԱՀ նախագահը նշեց, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ և պետք է կարգավորվի առաջնահերթ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչման հիման վրա։ «Անընդունելի ու անհիմն են փորձերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի միջոցով ստվեր գցելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա, քանի որ իրավունքը մշտապես գերակա է սկզբունքի հանդեպ։ տվյալ պարագայում ինքնորոշման իրավունքի միակ սուբյեկտն Արցախի ժողովուրդն է, որը չի դադարեցնելու իր պայքարը սեփական հայրենիքում սեփական ճակատագիրը որոշելու և լիիրավ կերպով տնօրինելու համար։ Եվ վստահ եմ, որ այդ պայքարը շարունակվելու է ողջ հայ ազգի ու մեր արժեքահեն բարեկամների անվերապահ աջակցությամբ»,- ասաց նա։ Հարությունյանը նաև անդրադարձավ Արցախի անկախության ճանաչման հարցին․ նշելով․ «Սեփական տեսակը պահպանելու պատմությունը թեև մեզ կանգնեցրել է արյան գնով երկու հայկական պետություն ստեղծելու հարկադրանքի առաջ, այնուհանդերձ մենք մշտապես ապրել ու հիմա էլ առաջնորդվում ենք հայկական մեկ միասնական հայրենիքի գաղափարով, որի դեպքում պետք է լիարժեք գիտակցենք միմյանց նկատմամբ մեր պատասխանատվության չափն ու նշանակությունը և անպատասխանատու վարքի հետևանքները։ Ուստի, ինքնորոշման իրավունքի և մեր ազգային շահերի հիման վրա մենք շարունակում ենք ձգտել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը, որը մեր ընտրած ուղին է՝ 1991 թ․ իր վեր, որը, մյուս կողմից, չպետք է հարվածի տակ դնի Մայր Հայաստանի հետ ինտեգրման բարձր մակարդակը։ Պետք է զինվենք համբերությամբ ու ռազմավարական պայքարով շարունակենք մեր ընտրած ճանապարհը՝ հստակ պահելով կարմիր գծերը։ Այդ կարմիր գծերի պահպանման համատեքստում են մեր այն հայտարարությունները, որ մեզ համար անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որը կարող է Արցախը դիտարկել որպես Ադրբեջանի մի մաս։ Այս առումով մենք պարբերաբար քաղաքական խորհրդակցություններ ենք անցկացնում ՀՀ իշխանությունների հետ, որոնք ընթացքում ներկայացրել ու ներկայացնում ենք մեր դիրքորոշումները՝ Արցախի ապագայի, հատկապես անվտանգության ու կարգավիճակի հետ կապված։ ՀՀ իշխանությունները քանիցս հավաստիացրել են, որ առանց մեզ հետ քննարկելու և Արցախի ժողովրդի կարծիքը հաշվի առնելու՝ Արցախին առնչվող որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու»։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ցանկացած խնդիր, որը հնարավոր է լուծել բանակցություններով, պետք է լուծել բանակցություններով, հենց այդ պատճառով են հետպատերազմյան շրջանում պարբերական շփումներ տեղի ունենում Ադրբեջանի հետ անհետ կորածների որոնման, ջրային ռեսուրսների օգտագործման, ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման և այլ նպատակներով։ «Արցախի իշխանությունները որևէ կարմիր գիծ չեն խախտում ու չեն խախտելու ադրբեջանական կողմի հետ նմանատիպ փոխշփումների ընթացքում, հակառակը՝ դրանց միջոցով կարողացել ենք բազմաթիվ մեծ ու փոքր հիմնախնդիրներ լուծել և կանխել»,- նշեց ԱՀ նախագահը։ Արայիկ Հարությունյանը նաև հայտնեց, որ առաջիկայում նախատեսում է կարևոր կադրային և ինստիտուցիոնալ փոփոխություններ կատարել պետական կառավարման համակարգում և սկզբունքային քաղաքական հարցերի շուրջ հանրության հետ երկկողմանի կապի ապահովման մեխանիզմներում։
20:00 - 19 սեպտեմբերի, 2022
Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին. Արցախի նախագահ

Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին. Արցախի նախագահ

Ոչ միայն Արցախի Հանրապետությունը, այլև Հայաստանի Հանրապետությունը ունի և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ անվտանգության ապահովման խնդիր,  որը մերօրյա գլխավոր մարտահրավերն է։ Պետք է անկեղծորեն խոստովանենք, որ հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին, որը կարող է ոչ պակաս ծանր հետևանքների հանգեցնել, քան 44-օրյա պատերազմը։ Եվ այդ վտանգի կանխումը կամ կառավարումը պետք է տեղի ունենա և՛ անվտանգային, և՛ քաղաքական գործիքակազմերով։ Այս մասին այսօր իր ելույթում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։  Արայիկ Հարությունյանը վշտակցություն հայտնեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ «Հաշվի առնելով վերահաս աղետի վտանգը՝ համոզված եմ, որ միակ լուծումը հատկապես ՀՀ-ում բոլոր հիմնական դերակատարների ջանքերի համատեղումն է միասնականության, անկեղծ երկխոսության ու ողջախոհության հիման վրա։ Անկախ այն բանից, թե ինչ գործիքակազմով հնարավոր կլինի կանխել աղետը, միևնույն է, նշածս համախմբումը պետք է տեղի ունենա, որպեսզի կարողանանք պատվով թոթափել այս ծանր ու վճռական մարտահրավերը։ Իշխանությունները, այո՛, միշտ էլ առաջնահերթ պատասխանատու են իրավիճակի համար, սակայն այսօր բոլորիս վրա ծանր պատասխանատվություն կա ընկած, քանի որ կանգնած ենք պետականությանը սպառնացող վտանգների առաջ, որի պատճառներից է նաև ներքին անհամերաշխությունը»,- նշեց ԱՀ նախագահը։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ միջազգային գործընկերներն ու միջազգային հանրությունը կարող են միայն լրացուցիչ գործիքակազմեր ապահովել՝ իրենց սեփական շահերին համապատասխան․ «Մեր սեփական խնդիրների լուծումը մեծապես հենց մեզանից է կախված»։ Հարությունյանը խոսեց նաև անվտանգության երկարատև երաշխիքներից։ «Ցավոք, այս խիստ փխրուն աշխարհակարգի ու տարածաշրջանային ցնցումների պայմաններում ոչ ոք դեռ չի կարող մեզ տալ անվտանգային երկարատև երաշխիքներ։ Ռուսաստանի զբաղվածությամբ ու ուշադրության շեղմամբ պայմանավորված՝ ռուսական խաղաղապահների երաշխիքները որոշակի ճեղքման են ենթարկվել, որից օգտվում է Ադրբեջանը։ Մյուս կողմից՝ արտաքին բոլոր թշնամական ուժերը հետևողականորեն ձեռնարկում են ռազմական ու տեղեկատվական բնույթի սադրանքներ՝ ռուս խաղաղապահների դերակատարությունը նսեմացնելու, արցախցիների մոտ Ռուսաստանի հանդեպ անվստահություն ձևավորելու համար։ Վստահ եմ, որ արցախցին չի տրվում նման սադրանքների, որի վառ օրինակը Արցախում ռուս խաղաղապահների նկատմամբ ցուցաբերվող հատուկ վերաբերմունքն է»,- նշեց ԱՀ նախագահը։ Արայիկ Հարությունյանը նշեց, որ չնայած աշխարհում ու տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումներին ու առկա մարտահրավերներին՝ ՌԴ-ը շարունակում է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, «թեև այն փխրուն և հարաբերական կայուն է»։ «Մենք հույս ունենք, որ հնարավոր կլինի բարձրացնել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության արդյունավետությունը և ապահովել նրա անժամկետ առկայությունն Արցախում՝ որպես մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն երաշխիք՝ անկախ դրա ոչ լիարժեք բնույթից։ Նշված մարտահրավերներով պայմանավորված՝ մենք ջանք ու եռանդ չենք խնայել ու չենք խնայելու մեր պաշտպանության սեփական համակարգը մեր հնարավորությունների սահմաններում արդիականացնելու և եր առջև կանգնած մարտահրավերներին համապատասխանեցնելու ուղղությամբ»,- ասաց նա։ Արայիկ Հարությունյանը նշեց, որ չնայած աշխարհում ու տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումներին ու առկա մարտահրավերներին՝ ՌԴ-ը շարունակում է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, «թեև այն փխրուն և հարաբերական կայուն է»։ «Մենք հույս ունենք, որ հնարավոր կլինի բարձրացնել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության արդյունավետությունը և ապահովել նրա անժամկետ առկայությունն Արցախում՝ որպես մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն երաշխիք՝ անկախ դրա ոչ լիարժեք բնույթից։ Նշված մարտահրավերներով պայմանավորված՝ մենք ջանք ու եռանդ չենք խնայել ու չենք խնայելու մեր պաշտպանության սեփական համակարգը մեր հնարավորությունների սահմաններում արդիականացնելու և եր առջև կանգնած մարտահրավերներին համապատասխանեցնելու ուղղությամբ»,- ասաց նա։ Հարությունյանի խոսքով՝ իրենց ցանկանում են խաղաղություն ու կայունություն ողջ տարածաշրջանում, սակայն հաշվի առնելով թուրք-ադրբեջանական սպառնալիքները՝ իրավունք ունեն և պարտավոր են մտածել նաև ինքնապաշտպանական կարողությունների ու հնարավորությունների մասին։ «Քաղաքացիական պաշտպանության համակարգի բարելավման ուղղությամբ ևս մեծ անելիքներ կան։ Թեև վերջին երկու տարվա ընթացքում զգալի ջանքեր ու ռեսուրսներ են ներդրվել քաղաքացական պաշտպանության հիմնականում այնպիսի ուղղություններով, որոնք քիչ նկատելի են լայն հասարակության համար, այնուհանդերձ այն կրել է շարունակական բնույթ, և առաջիկայում ավելի մեծ ուշադրություն է դարձվելու ներքին անվտանգության այդ բաղադրիչին»,- հավելեց նախագահը։
19:15 - 19 սեպտեմբերի, 2022
Ագնեսա Խամոյանը մանրամասներ է ներկայացրել  Ռոբերտ Քոչարյանի ու մի խումբ քաղաքացիների հանդիպումից

Ագնեսա Խամոյանը մանրամասներ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի ու մի խումբ քաղաքացիների հանդիպումից

 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը Ռոբերտ Քոչարյանի՝ մի խումբ քաղաքացիներ հետ հանդիպումից հետո հայտնեց, որ հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի ու մասնակիցների ցանկությամբ անցկացվել է փակ ձևաչափով։  Ագնեսա Խամոյանի խոսքով՝ ՀՀ երկրորդ նախագահն արձանագրել է, որ որևէ տեղ չի գնացել ու շարունակում է պայքարի մեջ մնալ․ «Ամենակարևոր արձանագրումն այն էր, որ ՀՀ երկրորդ նախագահն ընդգծեց, որ վերջին շրջանում գուցե իր հանրային ակտիվությամբ կամ չակտիվությամբ առաջին հայացքից կարող էր տպավորություն ստեղծվել, թե ետ է քաշվել, սակայն Ռոբերտ Քոչարյանը արձանագրեց, որ որևէ տեղ չի գնացել, չի պատրաստվում գնալ։  Նախագահը արձանագրեց, որ ամբողջությամբ պետք է իրավիճակի գնահատում տեղի ունենա, այս պահին որոշակի ծրագիր է մշակվում, այնուհետև քաղաքացիներին կներկայացվի քայլերի ընթացքը»,- ասաց պատգամավորը։ 
18:41 - 19 սեպտեմբերի, 2022
«Անընդունելի են Նենսի Փելոսիի արած հայտարարությունները, որոնք անհամատեղելի են պատմական և ընթացիկ փաստերի հետ»․ Թուրքիայի փոխնախագահ

«Անընդունելի են Նենսի Փելոսիի արած հայտարարությունները, որոնք անհամատեղելի են պատմական և ընթացիկ փաստերի հետ»․ Թուրքիայի փոխնախագահ

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի՝ Հայաստան այցին, ինչպես նաև վերջինիս հայտարարություններին։ Օքթայը գրել է․ «Բացարձակ անընդունելի են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի՝ Հայաստան այցի ժամանակ արած հայտարարությունները, որոնք անհամատեղելի են պատմական և ընթացիկ փաստերի հետ, առհասարակ հեռու են բարի կամքից, արտացոլում են կողմնակալ տեսակետ և սաբոտաի են ենթարկում դիվանագիտական ջանքերը»։ Փոխնախագահը նաև ընդգծել է, որ «Սպիտակ տան վարչակազմը պետք է հստակեցնի, թե արդյոք Ղարաբաղի հարցում Փելոսիի և մի քանի լոբբիստական քաղաքական գործիչների փաստարկները, որոնք ակնհայտորեն «աչքով են անում հայկական սփյուռքի ձայներին», արտացոլում են ԱՄՆ պաշտոնական տեսակետը»։ «Այն ժամանակ, երբ տարածաշրջանում խիստ անհրաժեշտ են տևական խաղաղությունը և կայունությունը, ես միջազգային բոլոր դերակատարներին արդար, խոհեմ և, առաջին հերթին, պատասխանատու գործելու կոչ եմ անում»,- նշել է թուրք պաշտոնյան՝ իր գրառումը եզրափակելով աջակցություն հայտնելով Ադրբեջանին։
17:23 - 19 սեպտեմբերի, 2022
Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում այսօրվանից արդեն դպրոցները կվերականգնեն իրենց աշխատանքը․ ԿԳՄՍ փոխնախարար

Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում այսօրվանից արդեն դպրոցները կվերականգնեն իրենց աշխատանքը․ ԿԳՄՍ փոխնախարար

Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի որոշ բնակավայրերում անվտանգային լուրջ հարցեր առաջացան, և, իհարկե, սա բերեց նրան, որ այս բնակավայրերում մեր երեխաները զրկվեցին կրթության շարունակականության ապահովման իրավունքից, կրթության իրավունքից։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։  «Խոսքը վերաբերում է թե՛ դպրոցական, թե՛ նախադպրոցական կրթությանը։ Մենք խոսում ենք շուրջ 25.000 դպրոցահասակ երեխաների կրթության ընդհատման մասին 3 մարզերում և ավելի քան 6000 երեխաների նախադպրոցական կրթության ընդհատման մասին։ Նախորդ ամբողջ շաբաթը այս բնակավայրերում ուղղակի արձակուրդ է եղել, այսինքն՝ ուսումնական հաստատությունները չեն գործել այն հիմնավորմամբ, որ, հաշվի առնելով լրացուցիչ տեխնիկական բարդություններ չունենալու և գործընթացին լրացուցիչ լարվածություն չբերելու հանգամանքները, նպատակահարմար է համարվել լրացուցիչ արձակուրդի գնալը, հետագայում բաց թողնվածը լրացնելու պայմանով։  Մենք հետևել ենք ընթացքին և կապ մեջ լինելով մեր գործընկերների հետ երեք մարզերում՝ ունենք որոշում, և այսօրվանից արդեն դպրոցները կվերականգնեն իրենց աշխատանքը, մենք կունենանք տարբեր իրավիճակ։ Այն դպրոցներում, որտեղ հնարավորություն կա, և անվտանգության ապահովման տեսանկյունից կան համապատասխան հնարավորությունները, կրթությունը կկազմակերպվի առկա եղանակով, և այս պահին մյուս բնակավայրերում, որտեղ տեղում իրավիճակը հասկանալուց հետո, մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, դեռևս առկա ուսուցման վերադառնալ հնարավոր չի, գործընթացը կկազմակերպվի հեռավար»,- նշեց նա։ Նա նշեց, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզում հեռավար ուսուցմամբ կրթությունը կվերսկսի 12 դպրոց, որոնք հիմնականում Վարդենիսի տարածաշրջանի դպրոցներ են, Վայոց ձորում 3 դպրոցներ են, որոնք հեռավար կգործեն․ «Սյունիքի մարզում մենք ունենք ավելի ընդհանուր հեռավար ուսուցման իրավիճակ, 5 դպրոցներ են, որտեղ առկա ուսուցումը այս պահին կվերականգնվի, հիմնականում Քաջարանում, և 1 դպրոց՝ Կապանում»։ Հարցին, թե արդյո՞ք հաշվի առնելով հեռավար ուսուցման փորձը՝ կարող ենք ասել, որ գործընթացը սահուն կընթանա, Անդրեասյանն ասաց․ «Դպրոցները կուտակել են մեծ փորձառություն։ Ցավոք, ոչ միայն Քովիդի ժամանակահատվածում։ 2020թ․-ի աշնան պատերազմի ժամանակահատվածում մենք հենց առաջին օրերից սահմանամերձ համայնքներում, որտեղ կար անվտանգության հետ կապված իրավիճակ, հեռավար կրթությանն էինք անցում կատարել, և այս դպրոցները ապահովել էինք անհրաժեշտ սարքավորումներով, որպեսզի կարողանան հեռավար ուսուցումը պատշաճ կազմակերպել։ Դպրոցների կարողությունները՝ հեռավար ուսուցում կազմակերպելու, բավարար են, և կկարողանան այս պահին աշխատանքը այս ձևաչափով իրականացնել։ Իհարկե, խնդիր ունենք, որպեսզի օր առաջ, հաշվի առնելով առաջին հերթին անվտանգային իրավիճակը, դրա հնարավորության պարագայում վերադառնանք առկա ուսուցման»։ «Մենք ունենք տեղեկություն Գեղարքունիքի մարզում երկու դպրոցական շենքերի վնասման մասին, խոսքը Սոթքի և Այրքի դպրոցներին է վերաբերում։ Բնականաբար, շատ արագ կկարգավորենք անհրաժեշտ աշխատանքների  իրականացումը՝ դպրոցներում շենքերին պատճառված վնասի վերացման ուղղությամբ, բայց, ինչ խոսք, սա շատ մտահոգիչ է, որ ուսումնական հաստատությունները թիրախավորվել են և դարձել են ուղիղ կրակի թիրախ, ինչը անթույլատրելի է և կարծում եմ, որ բոլոր կոնվենցիաների և միջազգային իրավունքի տեսանկյունից հնարավոր նորմերի խախտում է»,- նշեց Անդրեասյանը։ Անդրեասյանը հավելեց, որ խոսում է եղած շենքերում վերանորոգման աշխատանքներ կատարելու մասին, և այս պահին վնասի չափերը ճշգրտվում են։ Հարցին, թե ինչ է անում ԿԳՄՍՆ-ն՝ միջազգային գործընկերներին ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկացնելու հետ կապված, Անդրեասյանն ասաց․ «Մենք, բնականաբար, այդ աշխատանքը անում ենք համակարգված՝ ԱԳՆ-ի հետ միասին, որովհետև դա ավելի ընդհանուր քաղաքականության և այդ կոմունիկացիան ապահովելու շրջանակում է իրականացվում։ Բնականաբար, այս տվյալների և համապատասխան նամակի նախագծերը՝ ուղղված միջազգային կառույցներին, տրամադրված են ԱԳՆ-ին, և մենք նրանց հետ սերտ կապի մեջ ենք՝ այս աշխատանքները իրականացնելու առումով»։
14:28 - 19 սեպտեմբերի, 2022
Ելույթ եմ ունեցել Գաֆեսճյան արվեստի կենտրոնում՝ ցույց տալու համար, որ Ամերիկան կանգնած է Հայաստանի կողքին․ Փելոսի

Ելույթ եմ ունեցել Գաֆեսճյան արվեստի կենտրոնում՝ ցույց տալու համար, որ Ամերիկան կանգնած է Հայաստանի կողքին․ Փելոսի

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ երեկ ելույթ է Գաֆեսճյան արվեստի կենտրոնում՝ «ցույց տալու համար, որ Ամերիկան կանգնած է Հայաստանի կողքին»:  «Ամբողջ աշխարհում բռնապետության դեմ շարունակվող պայքարում մենք միշտ աջակցելու ենք ժողովրդավարությանը և ազատությանը»,- գրել է նա: Փելոսին նաև հայտնել է, որ ելույթից հետո իրենց պատվիրակությունը հնարավորություն է ունեցել կլոր սեղանի շուրջ զրուցելու քաղհասարակության ներկայացուցիչների հետ․ «Նրանք պատմեցին իրենց փորձի մասին, և մենք քննարկեցինք անհրաժեշտությունը՝ ապահովելու, որ բոլորը կարողանան ապրել բռնությունից և հակամարտությունից զերծ»։ Փելոսին նշել է, որ այս դժվար ժամանակներում պետք է հուսալ։ «Մենք կարող ենք հույս գտնել Հայաստանի պատմության մեջ, որը տոկունության և ուժի պատմություն է: Հույս կարելի է գտնել արվեստի միջոցով, և ինչպես գրել է բանաստեղծ Պարույր Սևակը, բոցը երբեք չի մարել, այլ երկար դարերի ընթացքում շարունակել է վառ մնալ (Նկատի ունի Սևակի բանաստեղծությունը․ «Բայց վրեժի ահեղ բոց էր ահեղ մարտում, Եվ հրախաղ, որ հաղթանակ էր ավետում...  Եվ չի մարել նա դարերում մահամնա, Մնացել է, որովհետև մի հուր էր նա»,- խմբ․): Պատիվ էր տեսնել, թե ինչպես է Հայաստանի հուսադրող կրակը պայծառ վառվում»,- գրել է նա։
12:05 - 19 սեպտեմբերի, 2022
Պուտինը ողջույնի խոսք է հղել հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի մասնակիցներին

Պուտինը ողջույնի խոսք է հղել հայ-ռուսական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի մասնակիցներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի խոսք է հղել ռուս-հայկական միջտարածաշրջանային 9-րդ համաժողովի մասնակիցներին. «Ողջունում եմ ձեզ հերթական՝ Իններորդ ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովի բացման կապակցությամբ։ Այս տարի մեր երկրները նշում են դիվանագիտական   հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Կարևոր է, որ անցած ժամանակահատվածում Ռուսաստանն ու Հայաստանը ամենատարբեր ոլորտներում կառուցողական համագործակցության մեծ փորձ են կուտակել, իսկ երկկողմ հարաբերությունները հասցվել են դաշնակցային բարձր մակարդակի։ Միջտարածաշրջանային համագործակցությունն ավանդաբար եղել է ռուս-հայկական հարաբերությունների կարևոր բաղադրիչը։ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտները և Հայաստանի մարզերը ակտիվորեն համագործակցում են տնտեսական, սոցիալական, գիտական, հումանիտար և այլ ոլորտներում՝ հաջողությամբ իրականացնելով համատեղ խոշոր նախագծեր և նախաձեռնություններ։Ձեր ֆորումի օրակարգը, ինչպես միշտ, շատ հարուստ է։ Պետական իշխանության մարմինների, բիզնեսի, ակադեմիական և փորձագիտական շրջանակների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պետք է մտքեր փոխանակեն արդիական, էական հարցերի շուրջ, նախանշեն համագործակցության նոր ծրագրեր, այդ թվում՝ առևտրի, ներդրումների, կրթության, զբոսաշրջության և թվային տեխնոլոգիաների ոլորտներում։Վստահ եմ, որ ձեր գաղափարներն ու առաջարկները գործնականում պահանջված կլինեն և կծառայեն ռուս-հայկական գործընկերության հետագա ամրապնդմանը և եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը։ Մաղթում եմ արդյունավետ քննարկումներ և ամենայն բարիք»,- ասված է Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։ 
11:52 - 19 սեպտեմբերի, 2022
Հայաստանը բոլորովին անպաշտպան է և գոյատևելու համար Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի․ Բրայան Մեյ

Հայաստանը բոլորովին անպաշտպան է և գոյատևելու համար Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի․ Բրայան Մեյ

Queen խմբի կիթառահար Բրայան Մեյն աջակցություն է հայտնել Հայաստանին, ինչպես նաև նշել, որ Հայաստանն Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի:  Իր ինստագրամյան էջում Մեյը տարածել է System of a Down խմբի գրառումը՝ հորդորելով կարդալ այն։ System of a Down-ն իր գրառման մեջ խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին՝ կոչ անելով աջակցել Հայաստանին։ Մեյը նաև հիշեցրել է, որ «Սթարմուս» փառատոնի ժամանակ Հայաստանում ելույթ է ունեցել խմբի վոկալիստ Սերժ Թանկյանի հետ։ «Ես այստեղ խախտում եմ լռությունս, քանի որ կարծես թե հերթական ողբերգությունն է ծավալվում, և վտանգ կա, ինչպես միշտ է պատահում մեր օրերում, որ լրատվամիջոցները ճշմարտացիորեն չհաղորդեն այդ մասին։ Հայաստանը փոքր երկիր է՝ զուրկ նավթից, գազից կամ զգալի հարստությունից, քրիստոնեության և ժողովրդավարության կղզի է՝ բոլոր կողմերից շրջապատված բռնապետություններով: Դա աշխարհի ամենախաղաղ երկրներից մեկն է, որտեղ իր ողբերգական պատմության պատճառով մեծ տխրություն կա»,- գրել է Queen-ի կիթառահարը։ Նա ակնարկել է Հայոց ցեղասպանության մասին՝ խոսելով «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան Կայսրության իրականացրած դաժան էթնիկ զտումներից, որոնք Թուքրիան դեռևս հերքում է»։ «Այսօր Հայաստանին կրկին սպառնում է մի դավադրություն, որի նպատակն է ջնջել նրան աշխարհի երեսից։ Ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանը հայ ժողովրդին ահաբեկելու և ապակայունացնելու նպատակով  գնդակոծում էր հայկական սահմանին գտնվող խաղաղ գյուղերը։ Երեք անողոք բռնապետությունների անազնիվ դաշինքի դեմ Հայաստանը բոլորովին անպաշտպան է և գոյատևելու համար Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի: Աշխարհը պետք է իմանա այս իրավիճակի մասին։ Խնդրում եմ՝ տարածեք [այս գրառումը]՝ հակազդելու Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից տարածվող կեղծ տեղեկություններին, որոնք տպավորություն են ստեղծում, թե հայրեն ագրեսոր են, ինչպես որ  Ռուսաստանն էր փորձում անմեղ և զարհուրելի բռնությունների ենթարկված ուկրաինացիներին ներկայացնել որպես ագրեսորներ։ Մի աշխարհում, որտեղ գերիշխում է սուտը, մենք բոլորս պետք է բարձրաձայնենք ճշմարտության և արդարության մասին»,- գրել է Մեյը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը հարձակվել է Հայաստանի վրա՝ օկուպացնելով հայկական տարածքներ և թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ։
09:22 - 19 սեպտեմբերի, 2022
Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ Հայաստանի սահմանների որեւէ փոփոխությանը դեմ ենք լինելու․  Ջեքի Սփիեր

Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ Հայաստանի սահմանների որեւէ փոփոխությանը դեմ ենք լինելու․ Ջեքի Սփիեր

Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին այցելել էին Ծիծառնակաբերդ, իսկ դրանից հետո ունեցել էին հանդիպում, որի ընթացքում քննարկվել էր տարածաշրջանում տիրող իրավիճակը։  Նրանք հանդես եկան նաև համատեղ ասուլիսով, որի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել ՀՀ ԱԺ նախագահին և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակին։  «Հանրային հեռուստաընկերության» այն հարցին, թե ինչպիսի՞ն է  պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը՝ Ադրբեջանի նպատակի մասին, որը Հայաստանի տարածքով միջանցք ստանալն է, Փելոսին պատասխանեց․ «Ինչպես տեսաք՝ ԱՄՆ-ի անմիջական արձագանքն այն էր՝ դադարեցնել բռնությունները եւ հրադադար հաստատել, եւ մեր պատվիրակությունը շատ բաց խոսել է, մենք նշել ենք, որ Ադրբեջանի կողմից է եղել [ագրեսիան](.խմբ), մենք ընդունել ենք»։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ  Ջեքի Սփիերն էլ իր հերթին շեշտեց, որ  շարունակելու են աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ դեմ են լինելու Հայաստանի սահմանների որեւէ փոփոխության։ «Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձեւ է առաջ քաշել, որի համահեղինակը բոլորս ենք՝ այստեղ ներկաներս, մենք դրանով դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները, եւ ես հուսով ենք, որ մենք առաջ կշարժվենք այդ բանաձեւով»,- ասաց նա։ Ալեն Սիմոնյանին նույնպես հարց ուղղվեց, թե  վերջին իրադարձությունների համատեքստում ի՞նչ ակնկալիքներ ունի ՀՀ-ն ԱՄՆ-ից։ ՀՀ ԱԺ խոսնակը նշեց, որ Հայաստանը սպասում է ժողովրդավարության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ աջակցություն՝ բոլոր ու հնարավոր ուղղություններով։ «Եւս մեկ անգամ ուզում եմ խնդրել եւ հորդորել՝ դուրս բերել խոսակցության միջից միջանցք արտահայտությունը։ ՀՀ ստորագրած կամ քննարկած փաստաթղթերի մեջ կա մի միջանցք ւե դա Լաչինի միջանցքն է։ Մնացած բոլոր հիշատակումները դրանք կամ սակարկումներ են կամ թյուրըմբռնում այն քննարկումներին, որոնք կան, եւ չեմ կարծում, որ ճիշտ է՝ մենք այդ քննարկումներին ուժ տանք», - հավելեց Սիմոնյանը։    
14:26 - 18 սեպտեմբերի, 2022
ԱՄՆ Կոնգրեսը խստորեն դատապարտում է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը․ Նենսի Փելոսի

ԱՄՆ Կոնգրեսը խստորեն դատապարտում է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը․ Նենսի Փելոսի

ԱՄՆ Կոնգրեսը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ անօրինական և մահաբեր հարձակումը։ Սեպտեմբերի 18-ին՝ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Ստորև ներկայացնում ենք խոսնակի ելույթը․ «Ինձ համար պատիվ է այստեղ լինել։ Այսօր ես Հայաստանում եմ, առաջին խոսնակը Ներկայացուցիչների պալատի, որ այցելում է ՀՀ։ Մենք շարունակում ենք մեր երկխոսությունը։ Շատ արդյունավետ հանդիպում ունեցանք, վերահաստատեցինք մեր հանձնառությունները, ԱՄՆ կոնգրեսի հանձնառությունը անվտանգային, տնտեսական ժողովրդավրական հարցերում՝ Հայաստանում եւ տարածաշրջանում աշխատելու ուղղությամբ։ Մեր հանդիպումները մշտապես թիրախավորում են անվտանգության հարցերը։ Եւ այս այցերից առաջ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ տեղի ունեցավ հարձակում։ Երբ մենք դուրս ենք գալիս մեր տներից, խոսքն առաջին հերթին մեր անվտանգության մասին է, երկկողմ անվտանգության, տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության մասին։Հայաստանը մեզ համար կարեւոր նշանակություն ունի։ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարվածները, հարձակումները Հայաստանի տարածքի նկատմամբ մենք խստորեն դատապարտում ենք Կոնգրեսի անունից։ ԱՄՆ-ն՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ՝ հստակ եւ վաղուց նշել է, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։ Մենք շարունակում ենք հետեւել իրադարձություններին։ Ցանկանում ենք ձգտել, որպեսզի բանակցային, խաղաղ եւ տեւական լուծում լինի ԼՂ հակամարտությանը։
13:48 - 18 սեպտեմբերի, 2022
Երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին, որի միջնորդությամբ ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն. Ալեն Սիմոնյան

Երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին, որի միջնորդությամբ ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին  սեպտեմբերի 18-ին Երևանում  հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։ Ավելի վաղ Սիմոնյանը և Փելոսին ավելի վաղ այցելել էին Ծիծառնակաբերդ, իսկ դրանից հետո ունեցել էին հանդիպում, որի ընթացքում քննարկվել էր տարածաշրջանում տիրող իրավիճակը։  Ասուլիսի ընթացքում Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Միացյալ Նահանգներին, որի միջնորդությամբ սեպտեմբերի 14-ին ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն։ Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ իշխանությանը, մասնավորապես, բազմաթիվ կոնգրեսականներին՝ Ադրբեջանի պատերազմական գործողություններին հասցեական գնահատական տալու համար։ Ստորև ներկայացնում ենք Սիմոնյանի հայտարարությունը․ «Քիչ առաջ ավարտվեց մեր հանդիպումն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ տիկին Փելոսիի հետ: Քննարկեցինք տարածաշրջանային խնդիրները եւ երկկողմ փոխգործակցության լայն շրջանակը: Մեզ համար չափազանց կարեւոր է այս ծանրագույն շրջանում տիկին Փելոսիի այցը Հայաստան, ում աջակցությունը մենք մշտապես զգացել ենք ամենադժվարին եւ մեզ համար զգայուն հարցերում: Հանդիպման ընթացքում խոսել ենք սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիայի մասին: Տեղեկացրել եմ, որ ադրբեջանական զինուժը դաժան ռմբակոծությունների է ենթարկել ոչ միայն Հայաստանի սահմանային դիրքերը, այլեւ բազմաթիվ բնակավայրեր ու քաղաքացիական ենթակառուցվածքներ, որի հետեւանքով կան բազում մարդկային կորուստներ: Հստակ է, որ Ադրբեջանի  ռազմաքաղաքական իշխանությունն օգտվում է այն հանգամանքից, որ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռված է Ուկրաինային: Երախտապարտ ենք Միացյալ Նահանգներին, որի միջնորդությամբ սեպտեմբերի 14-ին ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն: Շնորհակալ ենք նաեւ ԱՄՆ իշխանությանը, մասնավորապես, բազմաթիվ կոնգրեսականներին՝ Ադրբեջանի պատերազմական գործողություններին հասցեական գնահատական տալու համար: Հանդիպմանը ներկայացրել եմ Հայաստանի Հանրապետության կողմից 2018 թ. Թավշյա հեղափոխությունից հետո ժողովրդավարական ինստիտուտների եւ օրենքի գերակայության ամրապնդման գործում արձանագրված հետեւողական առաջընթացը եւ իրականացվելիք քայլերը: Անդրադարձել ենք հայ-ամերիկյան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու քննարկել այդ ուղղությամբ համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այս համատեքստում բարձր եմ գնահատել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գործունեությունը եւ իր առանցքային դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում: ԱՄՆ Կոնգրեսը շարունակաբար ապացուցել է, որ հուսալի գործընկեր է եւ կարեւոր հարթակ, որտեղ փոխըմբռնման եւ իրական բարեկամության մթնոլորտում կարող են քննարկվել Հայաստանին, Արցախին եւ հայ ժողովրդին վերաբերող բազմաթիվ հարցեր: Քննարկել ենք նաեւ տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաեւ երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր: Երկուստեք կարեւորել ենք ժողովրդավարական արժեքներին միտված համատեղ օրակարգի շարունակական ընդլայնման անհրաժեշտությունը»:  
12:54 - 18 սեպտեմբերի, 2022