ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Սաղավարտների և զրահաբաճկոնների պահանջարկի ծրագիրը վերահաստատվել է Փաշինյանի օրոք․ Դավիթ Տոնոյանը հերքում է Փաշինյանի՝ Աժ–ում արած հայտարարությունը

Սաղավարտների և զրահաբաճկոնների պահանջարկի ծրագիրը վերահաստատվել է Փաշինյանի օրոք․ Դավիթ Տոնոյանը հերքում է Փաշինյանի՝ Աժ–ում արած հայտարարությունը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթի վերաբերյալ, որում ՀՀ վարչապետը նշել է, որ բանակում առկա սաղավարտի եւ զրահաբաճկոնի խնդրի մասին առաջին անգամ իմացել է պատերազմից մի քանի օր անց։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին Ազգային Ժողովում ասել է, որ «առաջին անգամ պատերազմից մի քանի օր անց իմացա, որ բանակում կա սաղավարտի եւ զրահաբաճկոնի խնդիր»: Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի, ներառյալ սաղավարտների եւ զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված են «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ: Շարունակելի...»։
09:27 - 18 ապրիլի, 2022
ՀՀ պաշտպանության նախարար Պապիկյանը հանդիպել է գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատներին

ՀՀ պաշտպանության նախարար Պապիկյանը հանդիպել է գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատներին

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ապրիլի 14-ին հանդիպել է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողների և հարազատների հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է հանդիպման մասնակիցներին, պատասխանել նրանց հուզող հարցերին։ «Սուրեն Պապիկյանը ներկայացրել է գերության մեջ գտնվող մեր համաքաղաքացիների հայրենադարձման ուղղությամբ գործադրվող համակողմանի ջանքերը և հավաստիացրել, որ խնդիրը գտնվում է երկրի քաղաքական ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները պարբերական դարձնելու վերաբերյալ։    
18:31 - 14 ապրիլի, 2022
Պապիկյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը

Պապիկյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են ռազմական համագործակցության հարցերը

Ապրիլի 13-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին: Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, կարևորվել է փոխգործակցության խորացումը ռազմատեխնիկական, ռազմակրթական, մարտական պատրաստության և խաղաղապահության ոլորտներում։ Կողմերը շեշտադրել են ռազմաքաղաքական խորհրդատվությունների, բարձր մակարդակով փոխայցելությունների, ինչպես նաև Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում:
18:55 - 13 ապրիլի, 2022
ՊՆ-ն հայտարարություն է տարածել զինծառայողներին պետական աջակցությամբ բնակարաններ տրամադրելու կարգի վերաբերյալ

ՊՆ-ն հայտարարություն է տարածել զինծառայողներին պետական աջակցությամբ բնակարաններ տրամադրելու կարգի վերաբերյալ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել: Պաշտպանության գերատեսչության հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ի գիտություն ՀՀ ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության նպատակային ծրագրի շահառուների. 2022 թվականի համար նախատեսված ծրագրի շրջանակներում ապրիլի 15-ին, ժամը 10:00-ից, ՊՆ կենտրոնական հավաքակայանում անցկացվելու է վիճակահանություն։ Ծրագրի շահառուներին անհրաժեշտ է ՊՆ կենտրոնական հավաքակայան ներկայանալ մեկ ժամ շուտ՝ ժամը 09:00-ին, անձը հաստատող փաստաթղթով։ Զինծառայողի մասնակցության անհնարինության դեպքում վիճակահանությանը կարող է մասնակցել նրա կողմից լիազորված անձը` լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով։ Վիճակահանությանը չեն մասնակցում բնակարանային պայմանների բարելավման հերթացուցակում ընդգրկված զինծառայողները»:
13:46 - 12 ապրիլի, 2022
Ադրբեջանական կողմի գործողությունները վտանգում են տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը. Սուրեն Պապիկյանը՝ ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

Ադրբեջանական կողմի գործողությունները վտանգում են տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը. Սուրեն Պապիկյանը՝ ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին

Ապրիլի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Այս մասին հաղորդում են Պաշտպանության նախարարությունից։ «Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում։ Նշելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները վտանգում են տարածաշրջանային կայունությունը և անվտանգությունը, Սուրեն Պապիկյանը շեշտադրել է իրավիճակի սրումը կանխելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը: Դեսպան Գալագերը հաստատել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է առկա լարվածության թուլացման և խաղաղ ճանապարհով խնդիրների կարգավորման ջանքերին՝ ԵԱՀԿ Մինսկի Խմբի ձևաչափով:   Զրուցակիցները քննարկել են նաև պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, կարևորել փոխգործակցությունը ռազմակրթական, ուսումնավարժական և խաղաղապահ կարողությունների զարգացմանը նպաստող ոլորտներում»,- նշված է հաղորդագրության մեջ։
20:05 - 06 ապրիլի, 2022
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ապրիլի 6-ին  ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի 2-րդ փուլի ընթացքը և դրա իրականացմանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Հայաստան-ԵԽ համագործակցության շրջանակներում զինված ուժերում իրազեկվածության բարձրացման, մարդու իրավունքների՝ այդ թվում կին զինծառայողների իրավունքների պաշտպանության և  զինվորական գործերով իրավական գործընթացների արդյունավետության ամրապնդման, ռազմական կրթության զարգացման ու շարունակականության ապահովման, անձնակազմի հմտությունների և կարողությունների զարգացման ուղղությամբ մինչ օրս կատարված աշխատանքները։ Սուրեն Պապիկյանը կարևորել է «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շարունակականությունը և հայտնել հայկական կողմի պատրաստակամությունը համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ:
17:36 - 06 ապրիլի, 2022
ՊՆ-ում քննարկվել է ԶՈՒ-ում կանանց զինծառայության խթանման հարցերը

ՊՆ-ում քննարկվել է ԶՈՒ-ում կանանց զինծառայության խթանման հարցերը

Ապրիլի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Զինված ուժերում կանանց ծառայության խթանումը» թեմայով քննարկում, որին մասնակցել են ՊՆ և ԶՈՒ պատասխանատու ստորաբաժանումների, շահագրգիռ գերատեսչությունների և այլ կառույցների ներկայացուցիչներ։ Այս մասին հաղորդում է ՊՆ-ն: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել զինված ուժերում կանանց զինվորական ծառայության խթանման հարցերին, պահեստազորում կանանց հաշվառման և իրավակարգավորումների հետ կապված խնդիրներին,  պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ զորամասերի կանանց խորհուրդների փոխգործակցության արդյունավետության բարձրացման ուղիներին։ Եվս մեկ անգամ ընդգծվել է զինված ուժերի տարբեր կառույցներում և ոստիկանական համակարգում կանանց ներգրավվածության և առաջխաղացման ապահովման կարևորությունը, առկա խնդիրների համապարփակ ուսումնասիրման և կարգավորման առաջնահերթությունը։  
17:20 - 06 ապրիլի, 2022
Վարդենիսում տեղակայված զորամասերից մեկում շտաբի պետի կողմից սպայի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով քրգործ է հարուցվել

Վարդենիսում տեղակայված զորամասերից մեկում շտաբի պետի կողմից սպայի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով քրգործ է հարուցվել

Մամուլում երեկվանից տեղեկություններ են հրապարակվում ՀՀ ՊՆ զորամասերից մեկում շտաբի պետի կողմից զորամասի սպաներից մեկին վեճի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։    Հարկ եմ համարում տեղեկացնել, որ հիմք ընդունելով Ռազմական ոստիկանության Մարտունու բաժնում ստացված օպերատիվ տվյալները, ինչպես նաև Վարդենիսի տարածաշրջանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից ստացված հաղորդումը, ՀՀ զինվորական դատախազության Սևանի կայազորի զինվորական դատախազի հանձնարարությամբ զորամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ դեռևս ապրիլի 2-ից սկսվել են նյութեր նախապատրաստվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով:   Արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Սևանի կայազորի զինվորական դատախազությունում դեպքի առթիվ այսօր՝ ապրիլի 4-ին, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (զինծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը- խմբ․):   Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու, դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպի պատճառներն օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու, դրանում ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ:
16:06 - 04 ապրիլի, 2022
Համարեք, որ իրավական առումով Գլխավոր շտաբի պետ ունենք․ ՊՆ փոխնախարար
 |tert.am|

Համարեք, որ իրավական առումով Գլխավոր շտաբի պետ ունենք․ ՊՆ փոխնախարար |tert.am|

tert.am: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը, խոսելով ԶՈՒ ԳՇ պետի նշանակման մասին, ասաց․ «ԳՇ պետի տեղակալ Քոչունցը այս պահին ունի օրենքով վերապահված բոլոր լիազորությունները, նշանակում, բնականաբար, տեղի է ունենալու, չեմ կարող ասել՝ երբ, բայց համարեք իրավական առումով ունենք ԳՇ պետ, ով ունի բոլոր լիազորությունները։ Հետախուզության վարչության պետ չունենք, բայց ունենք պաշտոնակատար, ով վարչապետի տեղակալն է, հետախուզությունը իր աշխատանքը կատարում է, որևէ էական խնդիր չի ծագում, եթե հետախուզության գլխավոր վարչության պետը ի պաշտոնե պետն է կամ պետի պաշտոնակատարը»։ Սարգսյանը չհերքեց, որ բանակում կա լավ զինվորական կադրերի պակաս։ Անդրադառանալով Երասխից հայկական և ադրբեջանական զորքերի հայելային հետ քաշման վտանգներին, ՊՆ փոխնախարարը  ասաց․ «Ես վտանգ չեմ տեսնում, որովհետև այլ բանի մասին է խոսքը։ Որևէ պարտադրանք մեզ համար ընդունելի չի լինելու։ Մենք խոսում ենք արժանապատիվ խաղաղության օրակարգի մասին»։
16:04 - 04 ապրիլի, 2022
Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, պահպանվող կայուն լարվածության միտումը մտահոգության տեղիք են տալիս․ ՀՀ պաշտպանության փոխնախարար |news.am|

Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, պահպանվող կայուն լարվածության միտումը մտահոգության տեղիք են տալիս․ ՀՀ պաշտպանության փոխնախարար |news.am|

news.am: Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, պահպանվող կայուն լարվածության միտումը մտահոգության տեղիք տալիս է, ավելին չեմ կարող ասել: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը: Դիտարկմանը, որ Արցախի կողմից հնչել է առաջարկ՝ ավելացնել խաղաղապահների թիվը, նա ասաց. «Ինչի մասին հայտարարություններ արվել են, դրանք շրջանառվել են, բոլորին քաջածանոթ են: Բնականաբար, եթե դրան ի պատասխան Ռուսաստանի կողմից լիներ որեւէ առաջարկ, թվաքանակ ավելացնելու, քննություն իրականացնելու, ամեն ինչ տեղեկատվության մակարդակով տրամադրվում է: Տեղեկատվությունը միգուցե ավելի արագ է տարածվում, քան մենք հասցնում ենք այստեղ դրա մասին խոսել»: Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը, որտեղ խոսվում էր հետաքննություն անցկացնելու մասին եւ պարզելու, թե ինչպես են ադրբեջանցիները ներխուժել ռուսական խաղաղապահ ուժերի կողմից վերահսկվող տեղամասն, փոխնախարարն ասաց. «Խոսում ենք զգայուն թեմաների մասին, որոնց եւ պատասխանելը, եւ չպատասխանելը, եւ հաստատելը, եւ հերքելը... դրա մասին պետք է խոսեն պատկան մարմինները»: Հարցին, թե արդյոք հաստատում է, որ դա տեղի է ունեցել ռուսական միջնորդությամբ, Արման Սահակյանն արձագանքեց. «Հիմա եթե իմ պատասխանը մի բան պարունակի, որը կապված լինի պետությունների, կազմակերպությունների, միջազգային կառույցների մի խոսքի կամ մյուսի հակասության... դրա համար ես պատասխանում եմ այնպես, որ անվտանգությունն ապահովված լինի: Հետաքննություն կիրականացվի, դրա մասին դուք կիրազեկվեք: Երբ կիրականացնեն ռուս խաղաղապահները, դրա մասին դուք կտեղեկացվեք: Ցանկալի չէ այս իրավիճակում գտնվող պետության պաշտպանության փոխնախարարին երկար ճեպազրույց վարել: Խնդրում եմ՝ բավարարվեք սրանով»: Նրա խոսքով, Փառուխում, ընդհանուր առմամբ, իրավիճակը շարունակում է մնալ նույնը. «Այս պահին Արցախում մեծ բախումներ չկան։ Սակայն երբ մենք խոսել ենք սրա մասին, որ կարող է լարվել, ես միշտ պատասխանել եմ, որ յուրաքանչյուր պահի հնարավոր է, որ էսկալացիայի ալիքը մեծանա, որովհետև մեր խաղաղությունը փխրուն է: Այս պահին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով պայանավորված՝ չի բացառվում, որ որևէ պետություն փորձի իրավիճակը ապակայունացնել»,-ընդգծեց Արման Սարգսյանը:      
15:50 - 04 ապրիլի, 2022
Զինված ուժերում բարեփոխումները սկսված են. Պաշտպանության փոխնախարար |armenpress.am|

Զինված ուժերում բարեփոխումները սկսված են. Պաշտպանության փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը վստահեցնում է, որ Զինված ուժերում բարեփոխումները սկսված են և ընթացքի մեջ են: Սարգսյանն այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին: Մանուկյանն ասաց, որ հանձնաժողովում պարբերաբար եղել է խոստում՝ ներկայացնելու ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգ: «Մինչև հիմա Պաշտպանության հանձնաժողովի նիստերի ընթացքում չի ներկայացվել որևէ օրենսդրական փաթեթ, որը կլրացներ այդ բարեփոխումների հայեցակարգը»,-ասաց պատգամավորը: Գեղամ Մանուկյանը դժգոհեց՝ Կառավարությունն իր հաշվետվությունում նշել է, որ պատրաստվել է Զինված ուժերի բարեփոխումների փաթեթ, սակայն մինչև հիմա ԱԺ, Պաշտպանության հանձնաժողով չի ներկայացվել այդ բարեփոխումների փաթեթը: Նա հետաքրքրվեց, թե ե՞րբ է ՊՆ-ն պատրաստվում, ի վերջո, առարկայական ներկայացնել այդ փաթեթը: Փոխնախարարն էլ հիշեցրեց, որ ԱԺ-ում ունեցել են օրենքներում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ քննարկում: «Ընդ որում, ՊՆ ներկայացվել են առաջարկներ նաև «Հայաստան» խմբակցության կողմից, ԱԺ մյուս խմբակցությունները նույնպես ներկայացրել են: Բարեփոխումները սկսված են»,-վստահեցրեց Սարգսյանը: Նա նշեց, որ, եթե որոշ քաղաքական ուժերի համար դրանք տեսանելի չեն, ապա դա քաղաքական գնահատականի հարց է: «Բայց այդ բարեփոխումները մեկնարկել են: Թե՛ օրենսդրական, թե՛ այլ առումով դրանք այս պահին գտնվում են ընթացքի մեջ»,-եզրափակեց Սարգսյանը:
13:32 - 04 ապրիլի, 2022
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԳԴՀ դեսպանին. քննարկվել են համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԳԴՀ դեսպանին. քննարկվել են համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

Ապրիլի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանագոտում և Արցախում ստեղծված իրադրությունը: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ ադրբեջանական կողմի գործողությունները վտանգում են տարածաշրջանային փխրուն կայունությունը, համոզմունք հայտնելով իրավիճակի սրումը կանխելու համար միջազգային հանրության կողմից միջոցների ձեռնարկման անհրաժեշտության վերաբերյալ: Դեսպան Ռիխտերը հաստատել է, որ գերմանական կողմն աջակցում է առկա լարվածության թուլացման և խաղաղ ճանապարհով խնդիրների կարգավորման ջանքերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։
18:50 - 01 ապրիլի, 2022