ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Մարիան Քլարկ–Հաթինգին: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև երկար տարիների համագործակցությունը և հետագա համատեղ անելիքները: Հարկ է նշել, որ անկախության տարիներից ի վեր` հիմնադրամը մշտապես աջակցել է, մասնավորապես իմունականխարգելման, մանկական տրավմատիզմի, մոր և մանկան առողջության պահպանմանը վերաբերող ծրագրերին, իսկ վերջին տարվա ընթացքում օժանդակությունն ուղղված է եղել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին: «Հայաստանի համար շատ կարևոր էր անցյալ տարի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից ցուցաբերված աջակցությունը, հատկապես` հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության և Արցախյան պատերազմի արդյունքում ստեղծված բարդ իրավիճակը: Հուսով եմ, որ ընթացքի մեջ գտնվող առողջապահական ծրագրերը կյանքի կկոչվեն հնարավորինս առաջիկայում և կօգնեն հաղթահարել մեր առջև ծառացած դժվարությունները»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:  Մարիան Քլարկ–Հաթինգը նշել է, որ հոգեկան առողջությունը գերկարևոր ուղղություններից է` հաշվի առնելով նախորդ տարի ստեղծված իրավիճակը` կորոնավիրուսային հիվանդությամբ և պատերազմով պայմանավորված: Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում պատերազմի հետևանքով ժամանակավորապես Հայաստան տեղափոխված երեխաների բժշկական օգնության կազմակերպման, կրթության իրավունքի և հոգեկան առողջության խնդիրների լուծման ուղղությամբ` հավելելով, որ այդ հարցերի լուծումն առաջնային է: Կողմերը խոսել են նաև կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութերի, դրանց ձեռքբերման և հասանելիության վերաբերյալ` նշելով, որ տվյալ հարցում համագործակցություն կարող է ծավալվել ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ:
09:41 - 06 փետրվարի, 2021
Հայկական կողմը կազմակերպել է հակառակորդի գերիների պատշաճ բուժօգնությունը և վերադարձը, այնինչ՝ այսօր դեռևս գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ կան. ՀՀ առողջապահության նախարար

Հայկական կողմը կազմակերպել է հակառակորդի գերիների պատշաճ բուժօգնությունը և վերադարձը, այնինչ՝ այսօր դեռևս գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ կան. ՀՀ առողջապահության նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեին և «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանին:  Մաքսիմ Լոնգանգեն հետաքրքրվել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով, Արցախյան պատերազմի հետևանքով տուժած և ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիների կարիքներով:  Անդրադառնալով պատերազմին և դրա հետևանքներին` Անահիտ Ավանեսյանը նշել է. «Հայկական կողմը թե՛ պատերազմի ընթացքում, և թե՛ դրանից հետո կազմակերպել է ադրբեջանական կողմի գերիների պատշաճ բուժօգնությունը և վերադարձը: Այնինչ, այսօր դեռևս գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացիներ կան և այդ առումով ակնկալում ենք միջազային ատյանների ճնշումը` օր առաջ նրանց վերադարձը կազմակերպելու հարցում»:  Հյուրերը ներկայացրել են նաև Հայաստանում «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի իրականացման հեռանկարները և պատրաստակամություն հայտնել արձագանքել նախարարության կողմից ներկայացվող կարիքներին:  Կողմերը դիտարկել են Հայաստանին ընձեռված հնարավորությունը՝ լինելու առաջին երկիրը, որտեղ իրականացվում է այսպիսի ծրագիր: Այս համատեքստում կարևոր է ընդգծել, որ ներկայումս նախապատրաստվում են կենսաբժշկության ոլորտում անդամ-պետությունների հետ բազմակողմանի և բազմաչափ համագործակցության նոր նախագծեր:
22:08 - 05 փետրվարի, 2021
Առողջապահության նախարարն այցելել է «Աստղիկ» ԲԿ, զրուցել վիրավոր զինվորների հետ

Առողջապահության նախարարն այցելել է «Աստղիկ» ԲԿ, զրուցել վիրավոր զինվորների հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն աշխատանքային այցով եղել են «Աստղիկ» բժշկական կենտրոնում, ծանոթացել հաստատության պայմաններին, առկա հնարավորություններին և վերջին շրջանում կատարված բարեփոխումներին:   Կենտրոնի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է վերակենդանացման և այն բաժանմունքներում, որտեղ բուժում են ստանում Արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինվորները: Անահիտ Ավանեսյանը զրուցել է զինվորների հետ, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով և մաղթել շուտափույթ ապաքինում:   Ոլորտի պատասխանատուները եղել են նաև գլխուղեղի սուր կաթվածի բուժման ծրագրի իրականացման համար առանձնացված ընդունարանում, հանդիպել «Աստղիկ» բժշկական կենտրոնի թիմի հետ: Նշենք, որ փետրվարի 1-ից կենտրոնը միացել է պետական ծրագրին:   Շրջայցի ընթացքում նախարարն ու փոխնախարարը նաև ծանոթացել են նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին: Ասատուր Ասատրյանը ներկայացրել է կենտրոնի առաջիկա զարգացման ծրագրերն ու առաջիկա անելիքները:
12:27 - 05 փետրվարի, 2021
Առողջապահության նախարարն ընդունել է «Վիվա» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին

Առողջապահության նախարարն ընդունել է «Վիվա» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին

Անահիտ Ավանեսյանն ընդունել է «Վիվա» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության, ցուցաբերված աջակցության համար` ընդգծելով, որ «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամը պատերազմական այս բարդ իրավիճակում մշտապես եղել է մեր կողքին: Հիմնադրամը զգալի ներդրում է ունեցել Հայաստանի բժշկական հաստատությունների տեխնիկական հագեցվածության բարելավման հարցում: «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի նախագահ Տատյանա Հովհաննիսյանը նախարարության հետ համագործակցությունը բարձր է գնահատել և հույս հայտնել, որ այն շարունակական բնույթ կկրի: «Ճիշտ է պատերազմն ավարտվել է, սակայն հետևանքները դեռ մնացել են: Այդ առումով ծանր տարի է սպասվում, ուստի ողջունում ենք մեր բարեգործ-հայրենակիցներին, ովքեր այստեղ չեն ապրում, սակայն ամեն կերպ աջակցում են: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք օգնել այն զինվորներին, ովքեր ստացել են ծանր վիրավորում և պետք է անցնեն վերականգնողական կուրս: Այս առումով անգնահատելի է ձեր աջակցությունը», - նշել է Անահիտ Ավանեսյանը: Հանդիպման ավարտին նախարարը «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամին՝ ի դեմս նախագահ Տատյանա Հովհաննիսյանի, պարգևատրել է պատվոգրով` կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում և ռազմական դրությամբ պայմանավորված անձնվեր աշխատանքի, խիզախության, հայրենիքին նվիրումի և անմնացորդ ծառայության համար:
19:17 - 04 փետրվարի, 2021
Հայաստանում մինչև 14 տարեկան երեխաների քաղցկեղով հիվանդանալու դեպքերը 2 անգամ նվազել են |armenpress.am|

Հայաստանում մինչև 14 տարեկան երեխաների քաղցկեղով հիվանդանալու դեպքերը 2 անգամ նվազել են |armenpress.am|

armenpress.am։ Վերջին 3 տարիների ընթացքում՝ քաղցկեղով առաջին անգամ ախտորոշվածների թիվը կազմում է՝ մասնավորապես 2018 թվականին՝ 8762 հիվանդ, 2019-ին՝ 7908,  իսկ 2020-ի  նախնական տվյալներով՝ 7050 հիվանդ: Այս մասին ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում  կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է կենտրոնի  վիճակագրության բաժնի պետ Արևիկ Ստեփանյանը: «Քաղցկեղային հիվանդության վիճակագրության  մեջ   գերակշռում է կրծքագեղձի քաղցկեղը, այնուհետև՝ թոքայինը,  հաստաղիքայինը, ինչը նույնն է միջազգային վիճակագրության համեմատ: Քաղցկեղային հիվանդությունների հետևանքով 2018 թվականին  մահացել են 5199 հիվանդ 2019-ին՝ 5434 հիվանդ, որը կազմում է ընդհանուր մահացությունների 20-21 տոկոսը»,-մանրամասնել է Ստեփանյանը: Առողջապահության նախարարի  ուռուցքաբանության գծով խորհրդատու «Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, Հայկուհի Գյոքչյանի խոսքով՝ քաղցկեղային հիվանդություններից բուժվածների թվի ուռուցքաբանական վիճակագրությունն իրականացվում  է 5 տարին լրանալուց հետո: «Բավականին նվազել է բարձիթողության ցուցանիշները: Մասնավորապես՝ թոքի քաղցկեղի դեպքում՝ եթե 2-3 տարի առաջ բարձիթողի վիճակը 53 տոկոս էր, ապա  այժմ՝ այդ ցուցանիշը կազմում է 40 տոկոս: Կրծքագեղձի պարագայում ունեինք 47 տոկոս բարձիթողության վիճակ, այժմ նվազել է՝ հասնելով 22-23 տոկոսի»,-  ասաց Գյոքչյանը՝ հավելելով, որ  այս ցուցանիշների նվազումը պայմանավորված է իրազեկման աշխատանքներով, ըստ այդմ նաև վաղ դիմելիությամբ ու  վաղ փուլում քաղցկեղի ախտորոշմամբ:  Առողջապահության նախարարի խորհրդականի խոսքով՝ Հայաստանում 1990 թվականի համեմատ՝ մինչև 14 տարեկան երեխաների շրջանում քաղցկեղով հիվանդանալու դեպքերի  թիվը նվազել է շուրջ 2 անգամ, իսկ ընդհանուր հիվանդների թիվը` 1,5 անգամ: Հիվանդության երիտասարդացման միտում է նկատվում՝  կանանց  կրծքագեղձի քաղցկեղի դեպքում: ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ քաղցկեղի հետևանքով  մահվան դեպքերը զգալիորեն բարձր են  տղամարդկանց շրջանում (55.2 տոկոս, 2999 դեպք, կանայք` 44.8 տոկոս, 2435): Չարորակ նորագոյացություններից  մահացության դեպքերը 2019 թվականին՝ 1990-ի (3484) համեմատությամբ,  աճել են 1,5 անգամ, իսկ հիվանդացությունը` 1,6 անգամ (1990թ.` 5162, 2019թ. 8441): Այն առավել տարածված է մեծահասակ բնակչության շրջանում. Չարորակ նորագոյացություններով հիվանդացությունը կտրուկ աճում է 35 և բարձր տարիքային խմբում: Վիճակագրական տվյալների վերլուծությունը փաստում է, որ վերջին տարիների ընթացքում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ աճի միտում են ունեցել կոլոռեկտալ և ստամոքսի քաղցկեղները: Ընդ որում, տղամարդկանց շրջանում առավել տարածված են` շնչափողի, բրոնխների, թոքի, ստամոքսի, լյարդի և ներլյարդային լեղուղիների և շագանակագեղձի, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, շնչափողի, բրոնխների, թոքի, հաստ աղու, ստամոքսի չարորակ նորագոյացությունները:
16:55 - 04 փետրվարի, 2021
Անահիտ Ավանեսյանն այցելել է Ուռուցքաբանության և Արյունաբանական կենտրոններ

Անահիտ Ավանեսյանն այցելել է Ուռուցքաբանության և Արյունաբանական կենտրոններ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նախարարի տեղակալներ Արտյոմ Սմբատյանը և Գևորգ Սիմոնյանը, առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Վարդուհի Գրիգորյանն այցելել են ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ ոլորտի պատասխանատուները շրջել են վերանորոգված բաժանմունքներով, եղել քիմիաթերապիայի բացօթյա սրահում, ծանոթացել վիրահատարանի ու վերակենդանացման բաժանմունքի հագեցվածությանը, այցելել Կանանց առողջության նորաբաց կլինիկա ու թորակալ վիրաբուժության բաժանմունք: Նարեկ Մանուկյանը ներկայացրել է կենտրոնի կարողություններն ու առկա հնարավորությունները, վերջին շրջանում կատարված բարեփոխումներն ու սարքերով հագեցվածությունը: Միաժամանակ, անդրադարձ է կատարվել առաջիկա ծրագրերին, ինչպես նաև նախատեսվող անելիքներին: Անահիտ Ավանեսյանը դրական է գնահատել բոլոր փոփոխությունները և հույս հայտնել, որ բարվոք պայմաններն ու նյութատեխնիկական հագեցվածությունը բուժման գործընթացում ցանկալի արդյունք կապահովեն: Այնուհետև, նախարարն ու տեղակալներն այցելել են ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն և տնօրեն Սամվել Դանիելյանի հետ շրջել հաստատության տարածքում: Սամվել Դանիելյանը ներկայացրել է կենտրոնում կատարված փոփոխությունները, առկա կարողություններն ու հնարավորությունները: Անահիտ Ավանեսյանն այցի ընթացքում հանդիպել է բուժման մեջ գտնվող երեխաներին, զրուցել ծնողների հետ, հետաքրքրվել փոքրիկների բուժման ընթացքով և մաղթել նրանց շուտափույթ ապաքինում: Այցի ավարտին կայացել է հանդիպում Արյունաբանական կենտրոնի անձնակազմի հետ: Վերջիններս ներկայացրել են կենտրոնի նվաճումներն՝ ըստ ուղղությունների, կիսվել խնդիրներով ու նոր մտահղացումներով: Նախարարը ողջունել է հավակնոտ ծրագրերի իրականացմանն ուղղված կենտրոնի անձնակազմի վճռականությունը և ընդգծել, որ պոտենցիալն ակներև է՝ տարածաշրջանում լավագույն ու մրցունակ արյունաբանական ծառայություն ունենալու առումով:
14:33 - 04 փետրվարի, 2021
2020-ին նախորդ տարվա համեմատ քիմիական թունավորումների դեպքերը նվազել են 1.1 անգամ. ԱՆ

2020-ին նախորդ տարվա համեմատ քիմիական թունավորումների դեպքերը նվազել են 1.1 անգամ. ԱՆ

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված վերլուծության արդյունքների համաձայն՝ 2020 թվականին նախորդ տարվա համեմատ քիմիական թունավորումների դեպքայնությունը նվազել է 1.1 անգամ, մասնավորապես՝ ալկոհոլային, թունաքիմիկատներից, դեղորայքային և այլ քիմիական նյութերից թունավորումների հիվանդացության ցուցանիշը նվազել է 1.3 անգամ: Երևանում՝ 1.2 անգամ, իսկ մարզերում՝ 1.1 անգամ:   Միաժամանակ, դեպքերի 55.1%-ն արձանագրվել է տղամարդկանց շրջանում, իսկ 44.9%-ը՝ կանանց: Դեպքերի մեծ մասը՝ 64.9%-ը, գրանցվել է մեծահասակների, իսկ 35.1%-ը՝ մանկահասակ բնակչության շրջանում:   Թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ-ն հորդորում է.   • թունաքիմիկատի հետ աշխատելիս օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիտ կոշիկներ), • լվանալ և պահել թունավոր նյութերով աղտոտված հագուստներն առօրյա հագուստներից առանձին, • չպահել թունավոր նյութերը պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում, • թունավոր նյութերը պահել գործարանային սրվակներում, հակառակ դեպքում, այդ նյութերի սրվակների վրա փակցնել նախազգուշացնող պիտակներ, • պահել թունավոր նյութերը սննդամթերքից հեռու՝ երեխաներին ոչ հասանելի վայրերում: • դեղորայքը պահել երեխաների համար ոչ հասանելի տեղում՝ երեխայի տեսադաշտից դուրս, • յուրաքանչյուր օգտագործումից հետո հավաքել և պահել դեղորայքը, • դեղորայք ընդունելիս խորհրդակցել բժշկի հետ, • ինքնուրույն չփոփոխել բժշկի նշանակած դեղորայքի չափաբաժինները և հաճախականությունը, • ալկոհոլը չզուգակցել դեղորայքի ընդունման հետ, • առանց բժշկի խորհրդատվության` դեղամիջոցները չզուգակցել, • հետևել դեղորայքի պահպանման կանոններին:  
20:00 - 03 փետրվարի, 2021
Հայաստանն ակտիվ բանակցություններ է վարում ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ

Հայաստանն ակտիվ բանակցություններ է վարում ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության շրջանակներում երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված համագործակցության ուղղությունները: Անահիտ Ավանեսյանը կարևորել է ռուսական կողմից Հայաստանին պարբերաբար տրամադրվող աջակցությունը` պատվաստանյութեր, լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումներ, այդ թվում` ախտորոշիչ-բուժական շարժական կլինիկաներ: Հարկ է նշել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մեծ դերակատարում ունեն հայ-ռուսական առողջապահական համաժողովները, որոնք տարեկան կտրվածքով անց են կացվում Մոսկվայում և Երևանում: Ի դեպ, հերթական` 2021 թվականի համաժողովը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում: Նախարար Ավանեսյանն իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանին` նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար՝ ընդգծելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում ռուս գործընկերների հետ ակտիվ համագործակցել են: «Մեզ համար շատ կարևոր է ռուսական կողմի հետ սերտ համագործակցությունը, պարբերաբար տեղեկատվությունն ու փորձի փոխանակումը, և այսօր էլ մեր մասնագետներն ակտիվ բանակցություններ են վարում ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ: Այս համատեքստում կուզեի նշել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում համագործակցության համաձայնագիր է ստորագրել, այդուհանդերձ, պատրաստ ենք նաև ձեռք բերել ռուսական «Sputnik V» պատվաստանյութի լրացուցիչ խմբաքանակներ այս նախաձեռնության շրջանակներում», - ասել է Անահիտ  Ավանեսյանը: Հանդիպման ավարտին երկուստեք շնորհակալություն են հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով, որ այս գործընթացն ունի լուրջ կառուցողական հիմք և ուղղված է ռազմավարական դաշնակիցների միջև համագործակցության զարգացմանը և մեր երկրների բնակչության առողջության և բարեկեցության ապահովմանը:
17:48 - 03 փետրվարի, 2021
Հայաստանը հաստատել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը |civilnet.am|

Հայաստանը հաստատել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի առողջապահության նախարարությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը: Տեղեկությունը հաստատեցին առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հարցին, թե աշխատանքներ տարվում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի ձեռքբերման ուղղությամբ, նախարարությունից հղում արեցին հունվարի 20-ի հայտարարությանը, ըստ որի՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման հնարավորություններն ու առաջարկները քննարկվել է COVAX FACILTY նախաձեռնության երկրորդ պատուհանի ընթացքում։ Նախարարությունը որոշել էր չմերժել նախաձեռնության շրջանակներում առաջարկված COVID-19-ի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութի ձեռքբերումը՝ նախատեսված բնակչության 3%-ի համար: Բրիտանական AstraZeneca-ն ձեռքբերելիս հաշվի է առնվել հնարավորինս վաղ ժամկետում հասանելիությունը՝ 2021թ․ մարտ և արժեքի մատչելիությունը: ԱՆ-ը հայտնել է նաև, որ  COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացվեկու է փուլային՝ սահմանելով ռիսկի խմբերի հետևյալ առաջնահերթությունը։ 1-ին փուլում կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները: Համաճարակային իրավիճակից և պատվաստանյութի առկայությունից ելնելով՝ հաջորդ փուլում կպատվաստվեն դասախոսները, ուսուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, զինծառայողները, արդարադատության ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի աշխատակիցները, պետական ծառայողները:
12:26 - 02 փետրվարի, 2021
Նախատեսվում է ուղիղ կապ ստեղծել Հայաստանի, Ֆրանսիայի Լիոն քաղաքի և Արցախի հիվանդանոցների միջև

Նախատեսվում է ուղիղ կապ ստեղծել Հայաստանի, Ֆրանսիայի Լիոն քաղաքի և Արցախի հիվանդանոցների միջև

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի «Մերիո» հիմնադրամի բժիշկ-ուրոլոգ Գևորգ (Ժորժ) Քեփենեկյանի և «Մերիո» հիմնադրամի Մոր և մանկան առողջության պահպանման ծրագրի պատասխանատու Քելիլ Այթուի հետ:   Հանդիպման ընթացքում կողմերը հստակեցրել են առողջապահական ներկայիս կարիքները և քննարկել Արցախին ցուցաբերվող հումանիտար աջակցության ուղղությունները` հատուկ ուշադրություն դարձնելով Արցախում վերականգնողական ծառայությունների տրամադրման հարցին, ինչպես նաև Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի վերականգնմանն ուղղված աշխատանքներին:   «Ներկայումս կարևորագույն խնդիր է Հայաստան ժամանակավորապես տեղափոխված արցախցիների հայրենիք վերադարձը, որի համար անհրաժեշտ է ապահովել Արցախի առողջապահական համակարգի անխափան աշխատանքը: Իսկ դրա լուծումը կարող է դառնալ վերանորոգված բժշկական կենտրոնների և դրանցում սարքավորումների առկայությունը, բուժաշխատողների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը», - ասել է Անահիտ Ավանեսյանը:   Նախատեսվում է ուղիղ կապ ստեղծել Հայաստանի, Ֆրանսիայի Լիոն քաղաքի և Արցախի հիվանդանոցների միջև, որի շրջանակում կանցկացվեն բժիշկների և բուժքույրերի վերապատրաստման դասընթացներ, կիրականացվեն փորձի փոխանակման ծրագրեր:
12:01 - 02 փետրվարի, 2021
ԱՆ-ն պարզաբանում է` որ լաբորատորիաներում պետք է կորոնավիրուսի թեստ հանձնել ՌԴ մեկնելու համար

ԱՆ-ն պարզաբանում է` որ լաբորատորիաներում պետք է կորոնավիրուսի թեստ հանձնել ՌԴ մեկնելու համար

Փետրվարի 1-ից պաշտոնապես գործարկվել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19» ծրագիրը, որով հնարավորություն է տրվում Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն մեկնող քացաքացիներին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր թեստի արդյունքը: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։ «Ժամը 17:55-ի դրությամբ արդեն ծրագրում ընդգրկվել են վճարովի ծառայություն մատուցող 7 լաբորատորիա` «Ցիտո» բժշկական կենտրոնի, «Նորմեդ» բժշկական կենտրոնի, «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի «Աստղիկ» բժշկական կենտրոնի լաբորատորիաներն ու «ԲԻՈՄԵԴ», «ՊՐՈՄ-ՏԵՍՏ», «ԷԿՈՍԵՆՍ», «ԳԻՍԱՆԵ» ՍՊԸ-ի Դավիդյանց  լաբորատորիաները։ Աշխատանքներ են իրականացվում լաբորատորիաների ցանկն արագ ընդլայնելու ուղղությամբ: Հարթակում ընդգրկվելու համար ևս 2 լաբորատորիա անցել է գնահատման փուլը` «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև անձանց պետական սահմանով բացթողնման պարզեցված կարգ սահմանելու և «ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակի օպերատոր ճանաչելու մասին» 2020թ.  դեկտեմբերի 28-ի կառավարության թիվ 2194-ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն: Հավելվածին միացող նոր լաբորատորիաների ցանկը կթարմացվի, և տեղեկատվությունը հասանելի կլինի  «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» ծրագրի հավելվածից և առողջապահության նախարարության կայքից:  Ինչ վերաբերում է առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում առաջացած խնդրին, ապա տեղեկացնում ենք, որ մի խումբ քաղաքացիներ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստ են հանձնել այնպիսի լաբորատորիաներում, որոնք այդ պահի դրությամբ ընդգրծված չեն եղել հավելվածում, ուստի թեստի պատասխանները վավեր չեն համարվել: Մինչդեռ, դեռևս հունվարի 27-ին առողջապահության նախարարությունը տարածել էր տեղեկատվություն, որտեղ նշված են վճարովի ծառայություն մատուցող  լաբորատորիաների անունները և ծրագրից օգտվելու կարգը»,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։ Հաշվի առնելով, որ ծրագիրը նոր է, կրկին հիշեցնում ենք մեր համաքաղաքացիներին.  ըստ այս կարգի` Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց առաջ անհրաժեշտ է ներբեռնել «Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային հավելվածը: Քաղաքացին անձնագրով, որով պետք է ճամփորդի, դիմում է ՊՇՌ թեստավորում իրականացնող (ծրագրում ընդգրկված) լաբորատորիա, տրամադրում անհրաժեշտ տվյալները, որոնք լաբորատորիայի կողմից ներմուծվում են «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակ:  Լաբորատորիան քաղաքացուն տրամադրում է համակարգից գեներացված համաձայնագիր` երկչափ պաշտպանված գծիկային կոդով (QR կոդ):  Քաղաքացին ստորագրում է համաձայնագիրը,  ներբեռնում  բջջային հավելվածը, սկանավորում QR կոդը, որն առկա է համաձայնագրում և հանձնում Covid-19-ի թեստ։  Թեստի արդյունքները լաբորատորիայի կողմից մուտքագրվում են համակարգ, որն արտացոլվում է քաղաքացու կողմից ներբեռնված հավելվածում` QR կոդի գունավորմամբ. դրական պատասխանի դեպքում` կարմիր, բացասականի` կանաչ: Մեկնելուց առաջ անձը պետք է հավաստիանա, որ բջջային հավելվածում թեստի արդյունքերի վերաբերյալ տեղեկատվությունն առկա է, և ամսաթիվը համապատասխանում է մեկնելու ժամկետին` թռիչքից առավելագույնը 72 ժամ առաջ։  Սահմանը հատելիս ներկայացվում է բջջային հավելվածի QR կոդը։
18:30 - 01 փետրվարի, 2021