Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահն է։ 

Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:

1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնները:

1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:

1996-1997թթ․ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն,  Եվրասիական ամենամյա մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum)  էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) պատվավոր փոխնախագահ, Եվրաատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:

2000-2013թթ․ Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:

2013-2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

Հրաժարական է ներկայացրել 2022թ. հունվարի 21-ին:

Արմեն Սարգսյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանն ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի պատվիրակությանը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Boeing միջազգային կորպորացիայի պատվիրակությանը՝ փոխնախագահ Ռիչարդ Մյուլենբեկի գլխավորությամբ: «Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի հետ կորպորացիայի համագործակցության հնարավորություններին և հեռանկարներին: Հյուրերը տեղեկացրել են այցի նպատակների մասին՝ նշելով, որ ներկայումս ուսումնասիրում են Հայաստանի ավիացիոն ոլորտն ու համագործակցության հնարավորությունները: Նախագահ Սարգսյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ վստահություն հայտնելով, որ կառավարության և կորպորացիայի միջև հեռանկարային համագործակցություն կձևավորվի: Հանդիպմանն ադրադարձ է եղել նաև նախագահական նախաձեռնություններին, մասնավորապես, գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced tomorrow) նախաձեռնությանը և դրա շրջանակում, ի թիվս միջազգային տեխնոլոգիական այլ առաջատար ընկերությունների, նաև Boeing–ի հետ համագործակցության հնարավորություններին»,- ասված է հաղորդագրությունում:
10:00 - 20 սեպտեմբերի, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Արցախի Հանրապետության օրվա առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Արցախի Հանրապետության օրվա առթիվ

Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Արցախի Հանրապետության օրվա առթիվ։ «Սիրե՛լի հայրենակիցներ, Այսօր Արցախի անկախության հռչակման 28-րդ տարեդարձն է: Այս երեք տասնամյակը համայն հայության մաքառումի, տոկունության, հերոսության ու հաղթանակի պատմություն է, որ կերտեց մեր ժողովուրդը: Արցախի մեր պատմական հողում ազատության տենչը գալիս է դարերի խորքից: Հայոց երկրի այդ հատվածում հնուց ի վեր դրվել են հայկական պետականության ամուր հիմքերը, կազմավորվել է հզոր և մարտունակ բանակ, ստեղծվել են գիտակրթական կենտրոններ և մշակութային արժեքներ, ձևավորվել խաղաղ գոյակցության ու բարիդրացիության ավանդույթներ և, ամենակարևորը, հայրենի հողն ու ընտանիքը ամեն գնով պաշտպանելու հզոր կամք ու անպարտ ոգի: Բայց պատմությունը միայն անցյալը չէ, պատմությունը նաև այսօրն է, պատմությունը ստեղծվում է նաև վաղվա համար: 1988-ին բոլորս միասին երազում էինք ազատ Արցախի մասին, հետո, երբ վտանգված էր ազատությունը, և հայ ժողովուրդը դուրս էր եկել հերթական գոյամարտի, բոլորս աղոթում էինք Արցախի փրկության համար, այսօր, երբ անկախությունն իրականություն է, մենք բոլորս պահանջում ենք խաղաղ ու անվտանգ Արցախ: Ազատությունն ու խաղաղությունը չեն նվիրվել արցախցուն, այլ՝ ձեռք են բերվել հազարավոր հայորդիների կյանքի գնով, արյունով ու հայրենիքի նկատմամբ անսահման սիրով ու նվիրումով է ամրագրվել 28 տարի առաջ ընդունված Արցախի Անկախության հռչակագիրը: Այսօր էլ դեռ շատ են անելիքները մեր բարդ և հարափոփոխ ժամանակներում: Արցախի ազատագրման և անկախության համար զոհվածները, Արցախում ապրող ու իրենց ամենօրյա կյանքով հերոսության օրինակ ծառայող մարդիկ, մեր ապագա սերունդներն արժանի են, որ Արցախի ապագան շարունակի կերտվել որպես հաղթանակների, խաղաղության ու բարիդրացիության պատմություն: Այսօր, ավելի քան երբևէ, մենք հաստատակամ և ամուր ենք հայոց միասնականության խորհրդանիշ ինքնիշխան Արցախի Հանրապետությունը ու նրա հերոս զավակներին պաշտպանելու հարցում: Այդ գիտակցությամբ եմ իմ անկեղծ բարեմաղթանքները հղում Արցախին դեպի հաջողություն ու հաղթանակ տանող բոլոր ձեռնարկներում: Արցախի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիս Արցախում, Հայաստանում և Սփյուռքում: Միասի՛ն պաշտպանենք ու պահպանենք մեր հաղթանակներն ու ձեռքբերումները: Եվ թող Աստվա՛ծ պահապան լինի Արցախին, Հայաստանին ու մեր ժողովրդին»:
08:20 - 02 սեպտեմբերի, 2019
Հատուկ ջանքեր պետք է ներդնենք, որպեսզի բնությանը վնաս չտանք. Արմեն Սարգսյան

Հատուկ ջանքեր պետք է ներդնենք, որպեսզի բնությանը վնաս չտանք. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հետևողականորեն հանդես է գալիս այն քաղաքական որոշումների ընդունման օգտին, որոնք բխում են հայկական պետականության ամրապնդման և մեր ազգային շահերից։ Այս մասին տեղեկացնում են Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Թեև Սահմանադրությամբ նախագահը իրավասու չէ միջամտելու իշխանության մյուս մարմինների աշխատանքին, սակայն մշտապես պատրաստակամ է համազգային և համապետական կարևորություն ունեցող հարցերի դեպքում օգտակար լինել իր փորձառությամբ ու խորհուրդներով։Միևնույն ժամանակ ցանկանում ենք հիշեցնել, որ վերջերս Լոռու մարզ այցելության ժամանակ, կարևորելով բնապահպանության խնդիրը, Հանրապետության նախագահը մասնավորապես նշել էր.«Հատուկ ջանքեր պետք է ներդնենք, որպեսզի բնությանը վնաս չտանք։ Պետք է հստակ ծրագիր ունենանք, թե ինչ ենք անում՝ և՛ բնապահպանության, և՛ տնտեսության, և՛ զարգացման, և՛ զբոսաշրջության ոլորտներում» »,- տեղեկացնում են Հանրապետության նախագահի աշխատակազմից:
13:22 - 22 օգոստոսի, 2019
Ես հնարավորինս ձեռնպահ եմ մնում. Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը

Ես հնարավորինս ձեռնպահ եմ մնում. Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը

Սիրելի հայրենակիցներ, Ամառային այս օրերին, երբ աշխարհի շատ երկրներում պետական և քաղաքական կյանքը հիմնականում մտել է հանդարտ փուլ, մեր երկրում դեռևս ակտիվ են հանրային բանավեճերը և փնտրտուքները: Անշուշտ, բոլորիս նպատակը շարունակում է մնալ նույնը. երկրում ամրապնդել ժողովրդավարությունը, ապահովել տնտեսական զարգացում և երկրի անվտանգությունը, ունենալ բարեկեցիկ հասարակություն, լիարժեքորեն կյանքի կոչել իրավական, սոցիալական պետության կայացման սահմանադրական սկզբունքները, երաշխավորել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Մենք ուշադրությամբ հետևում ենք հնչող բազմաթիվ հայտարարություններին, կարծիքներին, տեսակետներին, գործողությունների մասին կոչերին, այդ կոչերի վերաբերյալ կոչերին և այլն: Սահմանադրությամբ ՀՀ նախագահի ինստիտուտին վերապահված դերին հավատարիմ՝ ես հնարավորինս ձեռնպահ եմ մնում ընթացիկ զարգացումների վերաբերյալ քաղաքական բանավեճին մասնակից դառնալուց, որքան էլ որ որպես քաղաքացի մեծ է խոսելու գայթակղությունը: Միաժամանակ ես լիահույս եմ, որ ընթացիկ և հետագա զարգացումները կնպաստեն ոչ միայն դատաիրավական բարեփոխումների արդյունավետությանը, այլև պետական և հանրային կառավարման բոլոր ոլորտների կատարելագործմանը, իշխանություն-հասարակություն փոխըմբռնման և համագործակցության խորացմանը։ Հույս ունեմ նաև, որ տարբեր հարցերի շուրջ հանրային քննարկումներն ու բանավեճերը կհանգեցնեն հանրօգուտ, համազգային շահերին համահունչ արդյունքի: Միայն պետք է շարունակենք հավատալ մեր ուժերին և մտքին: Մենք պետք է գիտակցենք, որ կարևոր է ոչ միայն նպատակը, այլև դրան հասնելու ճանապարհը: Քննարկման առարկա դարձնենք տարաձայնություններն ու խնդիրները, այլ ոչ թե անձերին: Առաջ գնալու համար հաճախ օգտակար է կարճատև դադարը, անելիքը ևս մեկ անգամ ծանրութեթև անելը: Գիտակցենք, որ մեզ այսօր անհրաժեշտ են միասնություն, կայունություն և ապագային միտված հայացք, տեսլական, ինչպես նաև կոնկրետ ծրագրեր: Վերջին շրջանում ես հանդիպել և շարունակելու եմ հանդիպել քաղաքական և հասարակական շրջանակների ներկայացուցիչներին ու անհատներին, բոլոր նրանց, ովքեր պատրաստ են երկխոսության, ովքեր շահագրգռված են ու գործում են հանուն մեր երկրի և ժողովրդի բարօրության: Աստված պահապան մեզ:
06:01 - 26 հուլիսի, 2019
Արմեն Սարգսյանն ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին

Արմեն Սարգսյանն ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին՝ կազմակերպության հիմնադիր և տնօրեն Լարիսա Հովհաննիսյանի գլխավորությամբ: Հիմնադրամի պատասխանատուները Հանրապետության նախագահին են ներկայացրել գործունեության անցած հինգ տարիների ընթացքում իրականացված նախագծերը՝ նշելով, որ դրանք միտված են Հայաստանի երեխաների համար կրթական հնարավորությունների ընդլայնմանն ու զարգացմանը: Նախագահ Սարգսյանը կարևորել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի գործունեությունը՝ ևս մեկ անգամ ընդգծելով որակյալ կրթության անհրաժեշտությունը երկրի զարգացման համար: «Եթե խոսում ենք ժամանակակից երկրի մասին, ապա պետք է հասկանանք, որ ժամանակակից երկիրը ժամանակակից կրթությունն է, որակյալ ու կրթված մասնագետները»,-ընդգծել է նա: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը, անդրադառնալով կազմակերպության հետագա ծրագրերին, մասնավորապես տեղեկացրել է, որ «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի հետ համագործակցությամբ աշնանը նախատեսվում է Հայաստանում կազմակերպել «Ինչպես նախապատրաստել երիտասարդներին հարափոփոխ աշխարհը կերտելու համար» խորագրով միջազգային համաժողով, և ներկայացրել համաժողովի ծրագրի մանրամասները: Նախագահ Սարգսյանը ողջունել է նման հեղինակավոր համաժողովի անցկացումը մեր երկրում և պատրաստակամություն հայտնել իր մասնակցությունը բերել: Լարիսա Հովհաննիսյանը խոսել է նաև իրենց նոր նախաձեռնության՝ «Առողջ Հայաստան» հիմնադրամի մասին՝ նշելով, այն ստեղծվել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրի մոդելի ու փորձի հիման վրա։ «Health for Armenia» հիմնադրամը հավաքագրելու է ընտանեկան բժիշկների ու բուժակների և գործուղելու է գյուղեր, որտեղ նրանց կարիքը կա: Նախագահ Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը և հաջողություններ մաղթել ՝ նշելով, որ այն շատ ճիշտ ու տեղին գաղափար է:
11:45 - 23 հուլիսի, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեխիայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկին: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ստանձման առթիվ և արդյունավետ աշխատանք մաղթել նրան: Նշելով, որ երկու երկրներն ավանդաբար սերտ հարաբերությունների են ունեցել, նախագահը կարևորել է տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության խորացումը: Նա ընդգծել է, որ Հայաստանը, Եվրամիության հետ ունենալով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, միաժամանակ նաև ԵԱՏՄ անդամ է և կարող է որպես կամուրջ հանդես գալ տարբեր շուկաներ մուտք գործելու տեսանկյունից: Դեսպանն իր հերթին ասել է, որ հատկապես տնտեսական ոլորտում Հայաստանի հետ համագործակցության խորացման մեծ ներուժ կա: Նա պատրաստակամություն է հայտնել առավելագույնս նպաստել ինչպես երկկողմ հարաբերությունների ավելի ակտիվացմանը, այնպես էլ Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության խորացմանը: Դեսպան Բեդրիխ Կոպեցկին նախագահ Սարգսյանին է փոխանցել նաև Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի բարեմաղթանքները:
15:42 - 18 հուլիսի, 2019
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպանը

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆերնանդո Վալդերամա դե Պարեխան (նստավայրը՝ ք. Մոսկվա): Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ՝ նրան արդյունավետ դիվանագիտական առաքելություն մաղթելով Հայաստանում:Նշելով, որ հնագույն մշակույթի և քրիստոնեական արժեհամակարգի կրող հայ և իսպանացի ժողովուրդների բարեկամական հարաբերություններն ունեն դարերի պատմություն՝ Հանրապետության նախագահն անհրաժեշտ է համարել ակտիվացնել ջանքերը փոխշահավետ կապերն ամրապնդելու և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Դեսպան Պարեխան ասել է, որ ուրախ է իր երկիրը ներկայացնել Հայաստանում ՝ նշելով, որ գործունեության ընթացքում գրեթե ամենուր հանդիպել է հայերի, որոնց հանդեպ ունի շատ ջերմ վերաբերմունք: Նա ընդգծել է, որ իր գործունեությունը մասնավորապես ուղղված կլինի Հայաստանն ու Իսպանիան իրենց մշակույթով, պատմությամբ և ներդրումային հնարավորություններով փոխադարձորեն ավելի ճանաչելի դարձնելուն, ինչպես նաև գործարար կապերի, տարբեր ոլորտներում ակտիվ շփումների հաստատմանը նպաստելուն: Զրուցակիցները հատկապես ընդգծել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության մեծ ներուժը՝ նշելով, որ հայերն ու իսպանացիներն իրենց համար շատ բան կարող են բացահայտել Հայաստանում և Իսպանիայում: Հեռանկարային է համարվել նաև փոխգործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում:
13:41 - 18 հուլիսի, 2019
Արմեն Սարգսյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն

Արմեն Սարգսյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն

Արմեն Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի նախօրեին այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության անձնակազմին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ` մաղթելով բարօրություն, երջանկություն, հաջողություն: Դեսպան Լաքոտի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-ֆրանսիական հարաբերությունների օրակարգին, Հանրապետության նախագահի՝ վերջերս Ֆրանսիա կատարած այցին: Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ, որպես երկու երկրների միջև մշտական բարեկամության խորհրդանիշ, նախագահ Սարգսյանը դեսպան Լաքոտին է հանձնել «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության հիմնադիր նախագահ, նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանի հեղինակած` «Ազնավուր. Կամուրջ բարեկամության» կտավը՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին փոխանցելու նպատակով:
09:15 - 13 հուլիսի, 2019
Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահականի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի» կիրարկմանն օժանդակելու համագործակցության մասին» hամաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքները:
06:45 - 12 հուլիսի, 2019
Ես աշխատում եմ Սահմանադրության սահմաններում. Արմեն Սարգսյանը՝ իր լիազորությունների մասին |armenpress.am|

Ես աշխատում եմ Սահմանադրության սահմաններում. Արմեն Սարգսյանը՝ իր լիազորությունների մասին |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կարծում է, որ անկախ նրանից, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնում, տվյալ պաշտոնը ինչպիսի նկարագրություն ունի, անհատն է, որ, այդ պաշտոնը զբաղեցնելով, ձևավորում է արդյունք։ Հուլիսի 6-ին Քարահունջում, պատասխանելով բնակիչների հարցերին, Արմեն Սարգսյանը ասաց, որ իր նախագահական լիազորությունների շրջանակներում կարողանում է բավականին բան անել։ «Ես աշխատում եմ Սահմանադրության սահմաններում։ Եվ ,պարզվում է, որ այդ սահմաններում բավականին շատ բան կարող ես անել և, կարծում եմ,  շատ բան կարող եմ անել։ Դուք կարող եք ունենալ աշխարհի բոլոր մեծ պատասխանատվությունները և հնարավորությունները, բայց ոչինչ չանեք, կամ հակառակը՝ ունենաք հնարավորություն և այն օգտագործեք»,- ասաց Սարգսյանը։ Նախագահը կարծում է, որ ամեն անգամ պետք չէ մտածել, թե ինչ լծակ ունես. կարևորը նպատակին հասնելն է։ «Իսկ իմ նպատակը շատ պարզ է, որ մեր երկիրը բարգավաճ երկիր լինի, երեխաները ուրախ լինեն, ես իմ ներդրումը ունենամ իմ հնարավորությունների սահմանում»,- ընդգծեց նախագահը։
09:54 - 06 հուլիսի, 2019
Հայաստանի նախագահն այցելել է Զինված ուժերի մարտական դիրքեր

Հայաստանի նախագահն այցելել է Զինված ուժերի մարտական դիրքեր

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը երեկ այցելել է Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքեր: Նախագահը հանդիպել է ծառայություն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության պայմաններին, մարտական պատրաստականության վիճակին:Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորելով հերթապահություն իրականացնող զինվորներին ու սպաներին՝ նախագահը մասնավորապես նշել է, որ իր համար իսկապես մեծ ուրախություն և պատիվ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը գտնվել սահմանին: «Ձեզնից յուրաքանչյուրը, դուք պաշտպանում եք ոչ միայն մեր սահմանը, այլ նաև՝ Սահմանադրությունը, մեր հայրենիքը, ձեր հարազատներին, ընտանիքները, երեխաներին, մայրերին, մեզ բոլորիս: Ես խոնարհվում եմ բոլորիդ առաջ՝ հասկանալով, որ այս դիրքերը մեր հայրենիքի պաշտպանության կարևորագույն վայրերն են: Հեշտ չէ ամառվա շոգին և ձմեռվա ցրտին ամեն օր, 24 ժամ ծառայություն իրականացնել», - Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ մասնավորապես ասել է Արմեն Սարգսյանը։Մարտական հերթապահություն իրականացնող մի խումբ զինծառայողներ բարեխիղճ ու անձնվեր ծառայության համար պարգևատրվել են Հայաստանի նախագահի անվանական ժամացույցներով: Նախագահի անունից նաև հանձնվել են նվերներ:
09:45 - 06 հուլիսի, 2019