Ֆինլանդիա

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությանը |hetq.am|

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությանը |hetq.am|

hetq.am: Ռուսաստանը ստիպված կլինի ձեռնարկել ինչպես ռազմատեխնիկական, այնպես էլ այլ բնույթի պատասխան քայլեր այն դեպքում, երբ Ֆինլանդիան անդամակցի ՆԱՏՕ-ին։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ Ռուսաստանը ստիպված կլինի դրան դիմել «իր ազգային անվտանգության համար առաջացող սպառնալիքները մեղմելու համար»։ «Ոչ Ռուսաստանի հավաստիացումները, որ բացակայում է Ֆինլանդիայի նկատմամբ թշնամական որևէ մտադրություն, ոչ մեր երկրների միջև բարիդրացիական ու փոխշահավետ համագործակցության երկար պատմությունը, չհամոզեցին Հելսկինկիին պահպանել ռազմական միավորման ուղենիշը»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն։ Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունում կարծում են, որ ՆԱՏՕ-ի գլխավոր նպատակն է «շարունակել Ռուսաստանի սահմաններին իր ընդլայնումը, ստեղծել մեր երկրի համար ռազմական սպառնալիքի ևս մեկ թև»։ Նախարարությունը նաև ընդգծել է, որ իրավիճակից կախված՝ կարձագանքեն «Ֆինլանդիայի արտաքին քաղաքական կուրսի արմատական փոփոխությանը»։ Հիշեցնենք, որ նախօրեին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն և վարչապետ Սանա Մարին համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ իրենց աջակցությունն էին հայտնել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտի ներկայացմանը։ «ՆԱՏՕ-ին անդամակցությունը կամրապնդի Ֆինլանդիայի անվտանգությունը։ Դառնալով ՆԱՏՕ-ի անդամ՝ Ֆինլանդիան կամրապնդի ողջ պաշտպանական դաշինքը։ Ֆինլանդիան պետք է անհապաղ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնի։ Մենք հույս ունենք, որ ազգային մակարդակով քայլերը, որոնք անհրաժեշտ են այդ որոշմանը հասնելու համար, առաջիկա օրերին արագ կձեռնարկվեն»,- նշվում էր Նինիստոյի և Մարինի համատեղ հայտարարության մեջ։
14:07 - 13 մայիսի, 2022
ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչը Ռուսաստանից ուղղակի ռազմական սպառնալիքներ չի տեսնում |1lurer.am|

ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչը Ռուսաստանից ուղղակի ռազմական սպառնալիքներ չի տեսնում |1lurer.am|

1lurer.am: Ֆինլանդիան ներկայումս չի տեսնում ուղղակի ռազմական սպառնալիքներ Ռուսաստանից։ Այդ մասին հինգշաբթի CNN-ին հայտնել է ՆԱՏՕ-ում երկրի մշտական ​​ներկայացուցիչ Կլաուս Կորհոնենը։ Նրա խոսքով՝ Ֆինլանդիայի հավանական մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք «անվտանգության միջավայրի շատ կտրուկ փոփոխության» արդյունք է, սակայն այժմ Ռուսաստանից «ուղիղ ռազմական սպառնալիքներ» կամ «ոչ ստանդարտ ակտիվություն» չկան։ Դա, իհարկե, չի խանգարում, որ Ֆինլանդիան չհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցությունից։ Կորհոնենը բացատրել է, որ այդ որոշումը թելադրված է Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով անվտանգության ոլորտում առաջացած փոփոխություններով։ Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոնն էլ հայտնել է, որ Հելսինկին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնի հաջորդ շաբաթ խորհրդարանի հաստատումից հետո։ Նա նշել է, որ Շվեդիան կարող է իր հայտը ներկայացնել նույն ժամկետում։ Քաղաքական գործիչը Ռուսաստանին անվանել է «կարևոր հարևան» Ֆինլանդիայի համար, սակայն ընդգծել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունները բարդացել են Ուկրաինայի իրավիճակի պատճառով։
12:30 - 13 մայիսի, 2022
Ինչո՞ւ Շվեդիան ու Ֆինլանդիան դեռ ՆԱՏՕ-ի անդամ չեն․ հարցի նախապատմությունը․ The Guardian

Ինչո՞ւ Շվեդիան ու Ֆինլանդիան դեռ ՆԱՏՕ-ի անդամ չեն․ հարցի նախապատմությունը․ The Guardian

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն և վարչապետ Սաննա Մարինն այսօր սատարել են ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի դիմումը։ Այսօր նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որն առաջին պաշտոնական արձագանքն է, որով Ֆինլանդիան դիմում է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ի ընդլայնումը չի նպաստում Եվրասիայի անվտանգությանը, Ֆինլանդիայի մուտքը դաշինք սպառնալիք է Ռուսաստանի համար»: Ակնկալվում է նաև, որ մոտ օրերս Շվեդիան նույնպես ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշում կկայացնի։ Այն մասին, թե ինչու այս երկու երկրները դեռ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ չեն և ինչ նախապատմություն ունի այս հարցը, գրում է Guardian-ը, որի հոդվածն աննշան կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողին․   «Ի՞նչ է ՆԱՏՕ-ն Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունը ռազմական դաշինք է, որը կազմավորվել է 1949 թ-ին 12 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի կողմից՝ Եվրոպայում խորհրդային Ռուսաստանի հետպատերազմական էքսպանսիայի սպառնալիքին դիմակայելու համար։ Նրա ընդհանուր անվտանգության երաշխիքը հիմնված է պայմանագրի 5-րդ հոդվածի վրա, որն ասում է, որ դաշինքի մասնակիցներից մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում բոլորի վրա, և պարտավորեցնում է անդամ երկրներին պաշտպանել միմյանց՝ զինված ագրեսիայի դեպքում։   Ինչո՞ւ Ֆինլանդիան ու Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ չեն Երկու երկրներն էլ համարում էին, որ անդամակցությունը դաշինքին անհարկի կսադրի Մոսկվային, և երկար ժամանակ չեզոքություն էին պահպանում, այնուհետև՝ ռազմական դաշինքների չմիանալու քաղաքականություն վարում՝ տարածաշրջանային գերտերության հետ առճակատումից խուսափելու համար։ Ֆինլանդիայի մտահոգությունները հիմնականում գործնական էին․ այն 810 մղոն (1300 կմ) երկարությամբ սահման ունի Ռուսաստանի հետ, անկախություն է հռչակել 1917 թ-ին գրեթե մեկ դար Մոսկվայի տիրապետության տակ լինելուց հետո, նրա բանակը երկու անգամ դուրս է եկել խորհրդային զորքերի դեմ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ՝ նախքան իր տարածքի շուրջ 10%-ը զիջելը։ Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին 1948 թ-ին Ռուսաստանի հետ կնքված համաձայնագիրը ռազմական իմաստով Ֆինլանդիային մեկուսացրեց Արևմտյան Եվրոպայից, թեև հետագայում ԽԱՀՄ փլուզման և ԵՄ անդամակցության հետևանքով նա կարողացավ դուրս գալ Ռուսաստանի ստվերից։ ՆԱՏՕ-ին Շվեդիայի չմիանալն ավելի շատ գաղափարական հիմքեր ուներ։ Նրա հետպատերազմական արտաքին քաղաքականությունը կենտրոնացած էր բազմակողմ երկխոսության և միջուկային զինաթափման հարցերի վրա, և նա երկար ժամանակ իրեն միջնորդ էր համարում միջազգային հարթակում՝ կրճատելով իր զորքերը սառը պատերազմց հետո։ 2014 թ-ին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից հետո Շվեդիան կրկին զորակոչ մտցրեց և ավելացրեց պաշտպանական ծախսերը, սակայն ձախ հայացքների տեր շատ շվեդացիներ նախկինի պես կասկածամտորեն են վերաբերվում ԱՄՆ գլխավորած դաշինքի օրակարգին և պնդում են, թե ՆԱՏՕ-ին անդամակցությունը միայն կավելացնի լարվածությունը տարածաշրջանում։   Ինչո՞ւ են այս երկրները մտադիր այժմ միանալ դաշինքին Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ու նրա շվեդացի գործընկեր Մագդալենա Անդերսոնն անցյալ ամիս հայտարարել էին, որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա «փոխել է եվրոպական անվտանգության ողջ լանդշաֆտը»։ Ըստ էության, շատ ֆիններ ու շվեդացիներ սկսել են ավելի շատ մտածել, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունն ապահովություն կբերի իրենց, երբ նրանք բախվեն Ռուսաստանի ակնհայտ ռազմատենչ և անկանխատեսելի առաջնորդի հետ։ Հարցումները ցույց են տալիս, որ ՆԱՏՕ-ին անդակամցությանը կողմ արտահայտվողների թիվը Ֆիլանդիայում եռապատկվել է՝ հասնելով շուրջ 75%-ի, իսկ Շվեդիայում՝ աճել մինչև շուրջ 60%-ը։ Անդամակցությունը ՆԱՏՕ-ին կնշանակի, որ Ֆինլանդիան ու Շվեդիան առաջին անգամ պաշտպանության երաշխիքներ կունենան միջուկային տերություններից։   Արդյո՞ք ՆԱՏՕ-ն կընդունի նրանց Այս երկու երկրները ՆԱՏՕ-ի գործընկերներն են, մասնակցում են համատեղ զորավարժություններին և դաշինքի հետ փոխանակվում հետախուզական տվյալներով։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը Շվեդիային ու Ֆինլանդիային «գրկաբաց» կընդունի, եթե նրանք անդամակցության հայտ ներկայացնեն, իսկ այդ գործընթացն արագ կկատարվի, թեև պաշտոնապես դաշինքի բոլոր անդամների կողմից վավերացումը կարող է մի քանի ամիս տևել։ Ռազմական տեսանկյունից Ֆինլանդիայի և Շվեդիայի զինված ուժերի ավելացումը ՆԱՏՕ-ի ուժերին Հյուսիսային Եվրոպայում ՆԱՏՕ-ի դիրքերի համար մեծ բարելավում կլինի, որը կծածկի դաշինքի պաշտպանության բացը՝ կրկնակի ավելացնելով նրա սահմանը Ռուսասանի հետ, և կամրապնդի անվտանգությունն ու կայունությունը Բալթյան տարածաշրջանում։   Ի՞նչ է մտածում Ռուսաստանը Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է Ֆինլանդիային ու Շվեդիային՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու առնչությամբ՝ հայտարարելով, որ այս քայլի «ռազմաքաղաքական լուրջ հետևանքներն» իրեն ստիպելու են «պատասխան քայլեր» ձեռնարկել՝ «ռազմական հավասարակշռության վերականգնման համար»՝ ամրապնդելով պաշտպանությունը Բալթյան տարածաշրջանում, այդ թվում՝ այնտեղ միջուկային զենքի տեղակայման միջոցով։ Վլադիմիր Պուտինն էլ ՆԱՏՕ-ն դիտարկում է ոչ թե որպես պաշտպանական դաշինք, այլ սպառնալիք՝ Ռուսաստանի անվտանգությանը։ Նա ՆԱՏՕ-ին մեղադրում է Ուկրաինան գրավելու իր պլաններին խոչընդոտելու համար և պահանջում ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերել Արևելյան Եվրոպայից։ Պարզ չէ, թե ինչպես նա կարձագանքի, եթե դաշինքի ընդլայնումը դեպի Հյուսիսային Եվրոպա ընկալի՝ որպես էքզիստենցիալ վտանգ։   Ի՞նչ սպասել Ֆինլանդիայի նախագահը, վարչապետն ու կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները կիրակի օրը կհանդիպեն՝ հայտ ներկայացնելու համար պաշտոնական որոշում կայացնելու։ Այնուհետև դրական որոշումը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը հաջորդ շաբաթվա սկզբին։ Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամները տարակարծիք են այս հարցի շուրջ և ներքին խորհրդակցություններ են անցկացնում, նրանք նույնպես պետք է որոշում կայացնեն մինչև կիրակի։ Ակնկալվում է, որ կուսակցությունը կսատարի անդամակցությունը։ Շվեդական լրատվամիջոցները հաղորդել են, որ կառավարության վերջնական որոշումն ընդունվելու է երկուշաբթի, այնուհետև անդամակցության պաշտոնական հայտ է ներկայացվելու։ Շատ վերլուծաբաններ կարծում են, որ այս երկու երկրները միաժամանակ են ներկայացնելու իրենց հայտերը»։   Նորա Վանյան
20:30 - 12 մայիսի, 2022
Ֆինլանդիայի նախագահն ու վարչապետը պաշտոնապես հայտարարել են ՆԱՏՕ-ին միանալու ցանկության մասին

Ֆինլանդիայի նախագահն ու վարչապետը պաշտոնապես հայտարարել են ՆԱՏՕ-ին միանալու ցանկության մասին

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն և վարչապետ Սաննա Մարինը աջակցություն են հայտնում ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի դիմումին։ Այսօր նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ. տեղեկացնում է ֆինլանդական «Helsingin Sanomat»-ը: Նախագահի և վարչապետի համատեղ հայտարարությունն առաջին պաշտոնական արձագանքն է, որով Ֆինլանդիան դիմում է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ «ՆԱՏՕ-ին անդամակցությունը կուժեղացնի Ֆինլանդիայի անվտանգությունը: Որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ Ֆինլանդիան կամրապնդի ողջ Պաշտպանական դաշինքը: Ֆինլանդիան պետք է հրատապ դիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար»: Նրանց խոսքով իրենք ցանկանում էին, որ ՆԱՏՕ-ն քննարկի, թե որքան ժամանակ է անհրաժեշտ դրա համար: Ըստ պաշտոնյաների՝ ժամանակ է անհրաժեշտ եղել ինչպես միջազգային շփումների, այնպես էլ ներքաղաքական դիրքորոշում ունենալու համար՝ թե՛ խորհրդարանում, թե՛ առհասարակ հանրության շրջանում: Հաջորդիվ նախագահը և կառավարությունը պաշտոնական դիմումի որոշում կկայացնեն, խորհրդարանը կքննարկի հարցը, և Ֆինլանդիան կտեղեկացնի ՆԱՏՕ-ին ռազմական դաշինք մտնելու իր ցանկության մասին: Նշենք, որ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել էր, որ Մոսկվան կարձագանքի, եթե Ֆինլանդիան անդամակցի ՆԱՏՕ-ին: Միաժամանակ Պենտագոնից ասել էին, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կբարդացնի Ռուսաստանի ռազմական ծրագրերը: ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար և Դանիայի նախկին վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենը կարծիք է հայտնել, որ «Պուտինը Ֆինլանդիային ու Շվեդիային հրում է ՆԱՏՕ-ի գիրկը»:
11:50 - 12 մայիսի, 2022
Մոսկվան կարձագանքի, եթե Ֆինլանդիան անդամակցի ՆԱՏՕ-ին. ՌԴ ԱԳՆ
 |tert.am|

Մոսկվան կարձագանքի, եթե Ֆինլանդիան անդամակցի ՆԱՏՕ-ին. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Մոսկվան անտարբեր չի մնա, եթե Ֆինլանդիան միանա ՆԱՏՕ-ին, ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։«Հասկանալի է, որ անվտանգության տեսակետից մենք անտարբեր չենք մնա, մեր զինվորականները կդիտարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք կպահանջվեն պաշտպանության օրինական շահերն ապահովելու համար: Սա չի ամրապնդի ո՛չ բուն Ֆինլանդիայի, ո՛չ ՆԱՏՕ-ի անվտանգությունը»,- ասել է Գրուշկոն։Օրերս Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, թե անդամակցելով ՆԱՏՕ-ին՝ Ֆինլանդիան և Շվեդիան կհայտնվեն Ռուսաստանի հետ առճակատման գոտում:Ուկրաինայում ՌԴ սկսած հատուկ ռազմական գործողության ֆոնին՝ ապրիլի սկզբին Շվեդիայում և Ֆինլանդիայում հանրային քննարկումներ են ծավալվել ՆԱՏՕ-ին անդամակցելու թեմայի շուրջ: Ֆինլանդիայի և Շվեդիայի քաղաքական շրջանակներում միանգամայն իրական են համարում ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը:
11:57 - 09 մայիսի, 2022
Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կբարդացնի Ռուսաստանի ռազմական ծրագրերը. Պենտագոն

 |armenpress.am|

Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կբարդացնի Ռուսաստանի ռազմական ծրագրերը. Պենտագոն |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ իշխանությունները կաջակցեն Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին, եթե, իհարկե, նման հայտ լինի: Ինչպես մայիսի 2-ին հավաստիացրել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության գործերով օգնական Սելեստա Վոլանդերը, երկու երկրները կամրացնեն դաշինքը, ինչպես նաև «կբարդացնեն ռուսական ռազմական ծրագրերը»: «Մենք լիարժեք աջակցում ենք Ֆինլանդիայի և Շվեդիայի ընտրությանը: Եթե այդ երկրների ղեկավարությունները և բնակչությունը որոշեն ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել, մենք կաջակցենք նրանց»,-ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ին,  այս մասին Ատլանտյան խորհրդի կոնֆերանսի ժամանակ ասել է Սելեստա Վոլանդերը: Նա ընդգծել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը դաշինքին կարող է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական առումով հզոր ուժ բերել:
19:45 - 02 մայիսի, 2022
Ֆիննական Fennovoima ընկերությունը խզել է պայմանագիրը «Ռոսատոմի» հետ, «Ռոսատոմը» հիասթափված է

Ֆիննական Fennovoima ընկերությունը խզել է պայմանագիրը «Ռոսատոմի» հետ, «Ռոսատոմը» հիասթափված է

Ֆիննական Fennovoima ընկերությունն այսօր հայտնել է, որ խզել է պայմանագիրը «Ռոսատոմ» ռուսական պետական կորպորացիայի հետ, որի համաձայն՝ պետք է կառուցվեր «Հանհիկիվի-1» ատոմակայանը։ Ընկերությունը հայտնել է, որ այդ քայլին է դիմել RAOS Project-ի կողմից զգալի ուշացումների և «նախագիծն իրականացնելու նրա անընդունակության» պատճառով։ Ֆիննական ընկերությունը նշել է, որ իրավիճակը վատթացրել է պատերազմն Ուկրաինայում, որը սկսվել է այս տարվա փետրվարի 24-ին։ «Ռոսատոմը» հայտարարել է, որ հիասթափված է Fennovoima-ի որոշումից։ Նա կարծում է, որ այդ որոշման համար հիմքեր չեն եղել, կորպորացիան խոստացել է նաև «պաշտպանել իր իրավունքներն»՝ օրենսդրության համաձայն, գրում է «Կոմերսանտը»։ «Ռոսատոմն» ու ֆիննական Fennovoima-ն «Հանհիկիվի-1»-ի շինարարության պայմանագիր էին ստորագրել 2013 թ-ի վերջին։ Ռուսական պետական կորպորացիային է պատկանում նախագծի 34%-ը, մյուս 66%-ը ֆինն բաժնետերերինն է։ Նախագծի արժեքը գնահատվում է €7-7,5 մլրդ։ «Ռոսատոմի» հայտարարությունում ասվում է, որ Fennovoima-ի ղեկավարության գործողություններն «անկեղծ հիասթափություն» են առաջացրել։ «Ռոսատոմը» նշում է, որ պայմանագրի խզման մասին որոշումն ընդունվել է «առանց նախագծի բաժնետերերի մակարդակով մանրամասն քննարկումների», որոնցից ամենախոշորը (34%) RAOS Voima-ն է («Ռոսատոմի» դուստր ընկերությունը)։   Նորա Վանյան
16:18 - 02 մայիսի, 2022
Պուտինը Ֆինլանդիային ու Շվեդիային հրում է ՆԱՏՕ-ի գիրկը․ ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղար

Պուտինը Ֆինլանդիային ու Շվեդիային հրում է ՆԱՏՕ-ի գիրկը․ ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղար

Ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցն ակտիվորեն քննարկվում է Շվեդիայում և Ֆինլանդիայում։ Կանադան հայտարարել է, որ կսատարի երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին, իսկ ԱՄՆ-ն ընդգծել է, որ հավատարիմ է դաշինքի «բաց դռների» քաղաքականությանը։ Մոսկվան, իր հերթին, զգուշացրել է այդ քայլի հետևանքների մասին։ Մասնավորապես՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է․ «Դա, իհարկե, կփոխի իրավիճակը Եվրոպայում՝ մեր երկրի անմիջական հարևանությամբ»։ The New York Times պարբերականն իր «Կարծիք» բաժնում ներկայացնում է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար և Դանիայի նախկին վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենի կարծիքն այս հարցի վերաբերյալ։ Ներկայացնում ենք այն՝ կրճատումներով․ «Զավեշտալին այն է, որ Ուկրաինայում պարոն Պուտինի (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին- խմբ․) դաժան պատերազմը բերելու է նրա նկրտումների հակառակ արդյունքին․ ՆԱՏՕ-ն այս ճգնաժամից դուրս է գալու ավելի ընդլայնված, ուժեղացած և միավորված։ Ուկրաինայի սահմանը հատող ռուսական տանկերի տեսարանը կոտրել է Եվրոպայի անվտանգության մասին արմատացած պատկերացումները։ Սա ոչ մի երկրի համար այնքան արդիական չէ, որքան Ֆինլանդիայի և Շվեդիայի։ Ինչպես ասել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը, «Ռուսաստանն այն հարևանը չէ, որ պատկերացրել ենք»։ Հասարակական կարծիքի փոփոխությունն էլ ավելի հատկանշական է։ Անցյալ տարի ամենամյա հարցումը ցույց է տվել, որ ֆինների մայն 26%-ն է ուզում, որ երկիրն անդամակցի ՆԱՏՕ-ին։ Առավել թարմ հարցումը ցույց է տալիս, որ այս ցուցանիշն աճել է մինչև 68%։ Նույնը Շվեդիայի դեպքում է։ Երկու հասարակություններն էլ գիտակցում են նոր իրողությունը Եվրոպայում։ […] Ֆինլանդիան ու Շվեդիան պետք է օգտվեն ՆԱՏՕ-ի մասը կազմելու այս հնարավորությունից։ Երկու երկրների կառավարությունները պետք է անդամակցության հայտ ներկայացնեն մինչև ՆԱՏՕ-ի՝ հունիսին կայանալիք գագաթնաժողովը։ Ֆինլանդիան ու Շվեդիան կարող են համեմատաբար արագ և անցնցում մտնել ՆԱՏՕ։ Երկու երկրներն էլ սերտորեն կապված են դաշինքի հետ, մասնակցում են համատեղ զորավարժություներին և հստակ համապատասխանում են անդամակցության համար անհրաժեշտ քաղաքական պահանջներին՝ ներառյալ կառավարման ժողովրդավարական համակարգն ու շուկայական տնտեսությունը։ ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում այս անդամակցությունը կարող է հաստատվել մի գիշերում։ Թեև որոշումը պետք է վավերացվի դաշինքի բոլոր անդամների կողմից, իրավիճակի հրատապությունը կարող է արագացնել գործընթացն՝ այն դարձնելով ամիսների հարց։ Ֆինլանդիայի և Շվեդայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին փոխշահավետ է։ Երկու երկրներն էլ անվտանգության երաշխիքներ կստանան՝ ՆԱՏՕ-ի կանոնադրության հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածի համաձայն, իսկ ՆԱՏՕ-ն նոր հնարավորություններ կստանա ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում։ Այդ հարմար բուֆերային գոտին Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ներկայիս անդամների միջև կհեշտացնի արձագանքը Ռուսաստանի ցանկացած ներխուժմանը Բալթյան երկրներ։ Մինչ անդամակցության շուրջ քննարկումները շարունակվում են, Կրեմլի քարոզչամեքենան գործի է դնելու իր բոլոր ուժերը։ Այն զգուշացնելու է, որ ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի՝ պնդելով, թե դա կապակայունացնի տարածաշրջանն ու պատերազմն ավելի հավանական կդարձնի։ Դա, իհարկե, այդպես չէ։ Միակ մարդը, որն ապակայունացնում է Եվրոպան, պարոն Պուտինն է։ Ռուսաստանը թիրախավորում է Ուկրաինան, մինչ այդ էլ Վրաստանն էր հենց այն պատճառով, որ նրանք ՆԱՏՕ-ի անդամ չեն։ Ռուսաստանի միջազգային ռազմավարությունը սրացմամբ սպառնալն է, որ ավելի թույլ երկրները ենթարկվեն, իսկ ավելի ուժեղներն անգործության մատնվեն։  Եթե Շվեդիան ու Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին հատկապես այս սպառնալիքների ֆոնին, դա պարոն Պուտինին ցույց կտա, որ պատերազմը անարդյունավետ է, որ պատերազմը միայն ամրապնդում է Արևմուտքի միասնականությունը, վճռականությունն ու ռազմական պատրաստվածությունը։ […] Անարդար է, որ մինչ ուկրաինացիներին կոտորում են, ՆԱՏՕ-ի անդամները նախկինի պես ամեն օր պարոն Պուտինի գանձարան են ուղարկում հարյուրավոր միլիոն եվրո՝ գնելով նավթ ու գազ։ ․․․Ռուսական նավթի և գազի ներկրման արգելքը թանկ կնստի, բայց ոչ այնքան, որքան Ուկրաինայում շարունակվող ավերածությունները։ Եվ այս առումով Ֆինլանդիան ճիշտ ուղղությամբ է գնում՝ խոստանալով «շաբաթների կամ ամիսների ընթացքում» վերջ դնել կախվածությանը ռուսական էներգակիրներից։ Ռուսաստանին զսպելու ՆԱՏՕ-ի նախորդ մոտեցումը չաշխատեց․ Եվրոպայում լայնամասշտաբ պատերազմից խուսափել չհաջողվեց։ Եթե պարոն Պուտինը հաջողի Ուկրաինայում, նա հազիվ թե դրանով սահմանափակվի։ Նա կշարունակի ստուգել ՆԱՏՕ-ին՝ թույլ օղակներ գտնելով։ Եվ դաշինքի հետ սերտ կապեր ունեցող երկրները, որոնք պաշտպանված չեն 5-րդ հոդվածով, օրինակ՝ Շվեդիան ու Ֆինլանդիան, վտանգի առաջ կկանգնեն։ Վերջին 70 տարիներին ՆԱՏՕ-ն Եվրոպայի անվտանգության հիմքն է եղել՝ ստեղծելով միջավայր, որտեղ կարող են բարգավաճել ազատությունն ու ժողովրդավարությունը։ Պարոն Պուտինը գուցե ցանկանար, որ դաշինքը պատմության գիրկն անցներ, սակայն Ուկրաինայում նրա գործողությունները ցույց են տալիս, որ դաշինքի կարիքը կա ինչպես երբեք»։   Նորա Վանյան
11:31 - 26 ապրիլի, 2022
Ֆինլանդիան կիրակի օրվանից մեկ երրորդով կսահմանափակի ՌԴ-ից ԷլեկտրաԷներգիայի ներմուծումը

 |armenpress.am|

Ֆինլանդիան կիրակի օրվանից մեկ երրորդով կսահմանափակի ՌԴ-ից ԷլեկտրաԷներգիայի ներմուծումը |armenpress.am|

armenpress.am: Ֆիննական Fingrid Էլեկտրացանցային ընկերությունը կիրակի օրվանից՝ ապրիլի 23-ից, կսահմանափակի Ռուսաստանի հետ անդրսահմանային միացումների թողունակությունը, ինչի հետեւանքով ներմուծման կարողությունը 1300 ՄՎտ-ից կնվազի մինչեւ 900 ՄՎտ: Այդ մասին ասվում Է ընկերության հաղորդագրության մեջ: Ֆինլանդիայից Ռուսաստան արտահանական կարողությունը կմնա 320 ՄՎտ-ի մակարդակում: «Որոշումը հիմնված Է փոփոխվող միջազգային իրադրության պայմաններում Էներգահամակարգի համար ռիսկերի գնահատման վրա»,-հաղորդել Է  Fingrid-ը: Դա անհրաժեշտ Է Ֆինլանդիայի Էներգահամակարգի անվտանգության ապահովման համար: ՌԴ-ում ԷլեկտրաԷներգիայի արտահանման-ներմուծման միակ օպերատորը «Ինտեր ՌԱՕ» Հանրային բաժնետիրական ընկերությունն Է: Ֆինլանդիան ընկերության հիմնական արտահանական շուկան Է: 2021 թվականին այդ երկիր մատակարարվել Է ընդհանուր արտահանման 21,77 մլրդ կՎտ. ժամից 8,2 մլրդ կՎտ. ժամ ԷլեկտրաԷներգիա: «Ինտեր ՌԱՕ»-ի ներկայացուցիչը հրաժարվել Է մեկնաբանություններից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
17:32 - 22 ապրիլի, 2022
Ֆինլանդիան առաջիկա շաբաթներին ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ կներկայացնի |hetq.am|

Ֆինլանդիան առաջիկա շաբաթներին ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ կներկայացնի |hetq.am|

hetq.am: Ֆինլանդիան առաջիկա շաբաթներին ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ կներկայացնի։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ֆինլանդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախկին նախարար Էրկի Տուոմիոյան։ Ապրիլի 21-ին ֆինն քաղաքական գործիչները հանդիպել էին շվեդական խորհրդարանի խոսնակ Անդրեաս Նորլենի, արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովների ներկայացուցիչների, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Ան Լինդեի և պաշտպանության նախարար Պետեր Հուլտկվիստի հետ։ «Ես ասացի, որ Ֆինլանդիան ունի ուժեղ մեծամասնություն և՛ հանրային կարծիքում, և՛ խորհրդարանում, իսկ դա նշանակում է, որ Ֆինլանդիան առաջիկա շաբաթներին՝ գարնանը ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ կուղարկի։ Ես դա ասել եմ անկախ այն բանից, թե արդյոք ես այն լավ կամ վատ գործ եմ համարում»,- Տումիոյային մեջբերել է ֆիննական Helsingin Sanomat թերթը։ Նրա խոսքով՝ պարզ է այն, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ կներկայացնի և կարևոր է համարում այդ մասին շվեդներին հայտնելը։ Ֆինլանդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Յուսի Հալա-ահոյի խոսքով՝ շվեդները գոհ են եղել, որ Ֆինլանդիան տվել է հստակ ազդակ այն մասին, որ ցանկանում է միասնական լինել հարևանների հետ։ Նաև պարզ է դարձել, որ Ֆինլանդիան կարող է ընդունել սեփական որոշումները, անկախ այն բանից, թե ինչ է անում Շվեդիան։ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության քննարկումը նոր թափ է հավաքում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով, իսկ ֆինների թիվը, որոնք ցանկանում են, որ իրենց երկիրը անդամակցի դաշինքին, սոցոլոգիական հարցումների տվյալներով, նոր ռեկորդներ է սահմանում։ Ռուսաստանում բացասական են գնահատում ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի հնարավոր անդամակցության հեռանկարը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ֆինլանդիայի և Շվեդիայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին անվանել է Ռուսաստանի համար գոյաբանական սպառնալիք։ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի կարծիքով էլ՝ Մոսկվան պետք է պատրաստ լինի ՆԱՏՕ-ի կողմից ագրեսիվ գործողություններին, որը փորձում է ընդլայնել իր ներկայությունը ռուսական սահմանին։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում
11:59 - 22 ապրիլի, 2022
Զախարովայի խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը չի ամրապնդի Ֆինլանդիայի և Շվեդիայի անվտանգությունը

Զախարովայի խոսքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը չի ամրապնդի Ֆինլանդիայի և Շվեդիայի անվտանգությունը

Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի ամրապնդելու նրանց անվտանգությունը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «ՆԱՏՕ-ին անդամակցությունը չի կարող ամրապնդել նրանց ազգային անվտանգությունը։ Նրանք ինքնաբերաբար կհայտնվեն ՆԱՏՕ-ի «առաջնագծում», - ասել է Զախարովան։ - Ավելին՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը ենթադրում է փաստացի հրաժարում ինքնիշխանության մի մասից՝ պաշտպանության ոլորտում ինչպես նաև արտաքին քաղաքականությունում որոշումների կայացման հարցում»։ Զախարովան ընդգծել է, որ ընտրությունը Շվեդիայի և Ֆինլանդիայի իշխանություններինն է, սակայն նրանք պետք է գիտակցեն այդ անդամակցության հետևանքները «երկկողմ հարաբերությունների և, ընդհանուր առմամբ, անվտանգության եվրոպական ճարտարապետության համար, որն այժմ ճգնաժամային վիճակում է»։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ին չանդամակցելը Շվեդիային և Ֆինլանդիային «ապահովել է անվտանգության հուսալի մակարդակ, ամուր հիմք է ծառայել մեր երկրների միջև փոխշահավետ և իրավահավասար համագործակցության կառուցման, գործընկերային հարաբերությունների ամրապնդման համար, որոնցում ռազմական գործոնի դերը զրոյի էր հասցված»։ «ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությունը հազիվ թե նպաստի Շվեդիայի և Ֆինլանդիայի միջազգային հեղինակության ամրապնդմանը», - ընդգծել է նա։ Նա ասել է, որ ՆԱՏՕ-ի նպատակը «ռազմական ներուժն ավելացնելն ու աշխարհագրական էքսպանսիան է, Ռուսաստանի համար սպառնալիքի ևս մեկ թևի ստեղծումը»։   Նորա Վանյան  
17:34 - 15 ապրիլի, 2022
Հայաստանը և Ֆինլանդիան համատեղ ջանքերով նոր թափ կհաղորդեն փոխգործակցության զարգացմանը. Արարատ Միրզոյան

Հայաստանը և Ֆինլանդիան համատեղ ջանքերով նոր թափ կհաղորդեն փոխգործակցության զարգացմանը. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարներն ուղերձներ են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր ուղերձում մասնավորապես ընդգծել է, որ նախորդ երեք տասնամյակների ընթացքում Հայաստանն ու Ֆինլանդիան ձևավորել են բազմաշերտ հարաբերություններ՝ խարսխված փոխադարձ հարգանքի, համակրանքի և ժողովրդավարության, օրենքի գերակայության ու մարդու իրավունքների համամարդկային արժեքների վրա։ Նախարար Միրզոյանն իր համոզմունքն է հայտնել առ այն, որ Հայաստանը և Ֆինլանդիան համատեղ ջանքերով նոր թափ կհաղորդեն փոխգործակցության զարգացմանը և երկկողմ օրակարգի ընդլայնմանը։ Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոն, շնորհավորելով Հայաստանի իր գործընկերոջը, նշել է, որ Հայաստանը և Ֆինլանդիան բոլոր հիմքերն ունեն՝ հպարտանալու երկկողմ համագործակցության երեք տասնամյակների ընթացքում գրանցած հաջողություններով։ Ֆինլանդիայի ԱԳ նախարարը մեծապես կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդումը և վերահաստատել է Ֆինլանդիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական կայացման ճանապարհին։
18:48 - 25 մարտի, 2022