ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նպատակն է պաշտպանել եւ խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը ՀՀ-ում։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի խնդիրներն են՝ ձեռնարկատիրության զարգացման եւ սպառողների շահերի պաշտպանության նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանումը եւ խրախուսումը,
բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը,
հակամրցակցային գործունեության կանխարգելումը, սահմանափակումը, տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը:
Հանձնաժողովն ինքնավար մարմին է:
ՏՄՊՊՀ նախագահն է Գեղամ Գեւորգյանը։
ՏՄՊՊՀ-ն անցկացրել է գյուղմթերքի գների փոփոխության մոնիտորինգ |armenpress.am|

ՏՄՊՊՀ-ն անցկացրել է գյուղմթերքի գների փոփոխության մոնիտորինգ |armenpress.am|

armenpress.am: ՏՄՊՊՀ-ն անցկացրել է գյուղմթերքի գների փոփոխության մոնիտորինգ. ոլորտում առկա է որոշ մրգերի և բանջարեղենի գնաճ, ինչը կապված է սեզոնի հետ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ «Գյուղատնտեսական մթերքը հանդիսանում է գյուղացիական տնտեսության արտադրանք, և այդ ամենի հետ կապված հարցերը մեր հանձնաժողովի տիրույթում չեն, քանի որ ոլորտում չկա գերիշխող դիրք կամ մոնոպոլիա։ Չնայած այդ փաստին՝ հաշվի առնելով, որ հասարակության մի ստվար զանգվածի հետաքրքրում է գյուղմթերքի հետ կապված որոշ խնդիրներ՝ մենք մոնիտորինգ ենք անցկացրել։ Մենք ունենք տեղական խնձոր, կիվի, նարինջ, վարունգ, կարտոֆիլ, պղպեղ, մանդարին, լոլիկ և բանան։ Որոշ ապրանքների մասով կա թանկացման միտում, սակայն դա կապված է նաև սեզոնի հետ։ Մարտ ամիսը համարվում է գյուղատնտեսական ջերմոցային ապրանքի ամենաթանկ սեզոնը»,- նշեց Գևորգյանը։ Նա ընդգծեց, որ շուկաներում գյուղմթերքի գինը էականորեն ավելի ցածր է, քան խոշոր ցանցային սուպերմարկետներում։ Տեղական ապրանքներից խնձորի գինը նվազել է, ներմուծված ապրանքներից՝ ցիտրուսի գինը մի փոքր աճել է, սակայն, ինչպես ասաց ՏՄՊՊՀ նախագահը, վերջին երկու օրվա ընթացքում կիվիի և մանդարինի գները նվազել են։ Գևորգյանը նկատեց, որ քաղաքացիները դժգոհում են կոճապղպեղի գներից, սակայն դա էլ իրենց հանձնաժողովի տիրույթում չէ, և իրենք չեն կարող բոլոր նմանատիպ ապրանքների վերաբերյալ տեղեկություն տրամադրել։
17:13 - 24 մարտի, 2020
Խոշոր դեղատների ցանցերում առկա է մեծ քանակությամբ ալկոգելի մնացորդ |armenpress.am|

Խոշոր դեղատների ցանցերում առկա է մեծ քանակությամբ ալկոգելի մնացորդ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ խոշոր դեղատների ցանցերում, ինչպես նաև արտադրողների մոտ առկա է մեծ քանակությամբ ալկոգելի մնացորդ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։ «Նոր տիպի կորոնավիրուսի տարածման սկզբնական էտապում դեղատներում ալկոգելի օրական ծավալի պակաս էր լինում, որովհետև մեկ օրում մարդիկ բավականին մեծ քանակությամբ էին գնում։ Այսօր խոշոր ցանցերում կա ալկոգելի մնացորդ, այդ թվում նաև ալկոգել արտադրող ընկերությունների մոտ, բավականին մեծ չափով։ Մենք այս ընթացքում մշտապես ուղիղ կապի մեջ ենք եղել թե բժշկական սպիրտի, թե ալկոգելի արտադրողների հետ։ Այսօր այդ ապրանքների արտադրության ծավալները մի քանի անգամ մեծացել են»,- նշեց Գևորգյանը։ Նրա խոսքով՝ բժշկական սպիրտի մեծածախ վաճառքի գները շատ չնչին՝ մի քանի դրամով ավելացել են դոլարի փոխարժեքի տատանման պատճառով։ Այդ ամենը ալկոգելի գնի վրա չի ազդել։
16:55 - 24 մարտի, 2020
Արթիկ քաղաքում մի տեղ ալյուրը թանկացել է 200 դրամով, մեկ այլ տեղ 1500 դրամով. ՏՄՊՊՀ-ի կողմից զգուշացնող միջոցառումներ են կիրառվել այնտեղ, որտեղ արհեստական գնաճ է նկատվել. ԱԺ պատգամավոր |pastinfo.am|

Արթիկ քաղաքում մի տեղ ալյուրը թանկացել է 200 դրամով, մեկ այլ տեղ 1500 դրամով. ՏՄՊՊՀ-ի կողմից զգուշացնող միջոցառումներ են կիրառվել այնտեղ, որտեղ արհեստական գնաճ է նկատվել. ԱԺ պատգամավոր |pastinfo.am|

pastinfo.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գնաճի վերաբերյալ քաղաքացիների արձանագրած բոլոր լուսանկարներն ու տվյալները հաղորդել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին: Պատգամավորը նշեց, որ երեկվա դրությամբ՝ հանձնաժողովն ուսումնասիրել է մարզային խանութները: Հիմնական խանութներում թանկացումներ կա'մ չեն եղել, կա'մ էլ եղել են 10 դրամի տարբերությամբ, իսկ արդեն վերավաճառողների մոտ կրկնակի անգամ թանկացում է արձանագրվել. «Ալյուրը ամենաշատն էր թանկացել. Արթիկ քաղաքում մի տեղ այն թանկացել է 200 դրամով, մեկ այլ տեղ՝ 1500 դրամով: Գյումրիում նույնպես, այսինքն քաղաքների ներսում թանկացումներն անհատական են տեղի ունեցել: Եթե մարդը տեղյակ չեղավ, որ մեկ այլ տեղից ավելի մատչելի կարող է գնել ապրանքը, ապա սա անբարեխղճության հետևանք է»,-նկատեց Սոֆյա Հովսեփյանը: Վերջինս հավելեց թանկացել է նաև դեղորայքը, մասնավորապես «Նատալի ֆարմ»-ում. «Երեկ եմ մտել այնտեղ կարիքավորներից մեկի համար դեղ գնելու: Դեղի տուփի վրա նշված էր 5750 դրամ, բայց երբ համակարգչով անցկացրեց, եղավ 6850 դրամ, այսինքն ուղիղ 1100 դրամ թանկացավ:Անգամ աշխատողը զարմացավ, որովհետև նա էլ տեղյակ չէր, ցանցով էր եկել: Այստեղից հետևություն, որ արհեստական գնաճ են գրանցել: Գործ ունենք անբարեխիղճ բիզնեսմենների հետ, որոնք, օգտվելով երկրում ստեղծված իրավիճակից, առավելագույն պահանջարկ ունեցող դեղորայքը, այդ թվում սեզոնային գրպի, մրսածության դեմ դեղերն անբարեխիղճ ձևով թանկացնում են»,-ասաց պատգամավորը նկատելով, որ նախքան թանկացումն էլ նրանք այդ դեղորայքից շահույթ ունեցել են, իսկ այժմ գերշահույթի են ձգտում:  Միևնույն ժամանակ պատգամավորը վստահեցրեց, որ ՏՄՊՊՀ-ն զբաղվում է այս բոլոր հարցերով և անընդհատ ուսումնասիրում: Ինչ վերաբերում է պատժիչ միջոցառումներին, ապա Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ այնտեղ, որտեղ գների արհեստական աճ է հայտնաբերվել, հանձնաժողովի կողմից զգուշացնող միջոցներ են ձեռնարկվել: Պատգամավորը նշեց, որ երեկ տեղեկություն է ստացել, որ երկու տեղ կանոնակարգվել է, բայց միևնույն է, դեռ շարունակվում են քաղաքացիների կողմից ահազանգերը: Ավելին՝ pastinfo.am-ում
13:27 - 23 մարտի, 2020
Ալկոգելի շուկան. 11 նոր արտադրող, չվերահսկվող ծավալ և բաղադրություն |hetq.am|

Ալկոգելի շուկան. 11 նոր արտադրող, չվերահսկվող ծավալ և բաղադրություն |hetq.am|

hetq.am: Կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված` Հայաստանում ձեռքերի ախտահանիչ միջոցներ արտադրողները շեշտակի ավելացել են, բայց դրանց գները շուկայում էականորեն չեն փոխվել։ Պարզվում է նաեւ՝ դրանց վաճառքի նկատմամբ վերահսկողություն չի իրականացվում։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ ձեռքի հակամանրէային ախտահանիչները դուրս են Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի վերահսկողության ենթակա արտադրանքների ցանկից։  Այս պատասխանը Արմեն Կոտոլյանը հիմնավորել է Կառավարության 2012թ․ օգոստոսի 9-ի «Մաքսային մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի մասին տեղեկատվությունը ներկայացնելու կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2011թ․-ի հուլիսի 21-ի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշմամբ։  Տնտեսական մրցակցության պատշտպանության պետական հանձնաժողովը մարտի 14-ին հայտնել էր տեղական 3 ընկերության մասին, որոնք հակամանրէային ախտահանիչ նյութեր են արտադրում։ Դրանք են՝ «Արթս կոսմետիկս» ՍՊԸ-ն (ապրանքանիշը՝ Lina), «Արսանիտ» ՍՊԸ-ն (ապրանքանիշը` «Ալկոգել»), «Էկոֆորմ» ՍՊԸ-ն (ապրանքանիշը՝ Mister Jin)։ Սակայն կառավարության այսօրվա նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հայտարարեց, որ ալկոգել արտադրում է արդեն 5 ընկերություն։  Իրականում, ալկոգելներ արտադրողների ցանկը շատ ավելի մեծ է, որովհետև մի շարք այլ ընկերություններ նույնպես շուկա են ներմուծել նոր ալկոգելեր։ Ի՞նչ որակի են դրանք, ի՞նչ բաղադրություն ունեն, համապատասխանո՞ւմ են սահմանված չափանիշներին, արդյոք շուկայում եղած բոլոր ալկոգելերը համապատասխան սերտիֆիկացում ունեն, թե ոչ՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը չգիտի։  Մարտի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՏՄՊՊՀ-ն տեղեկացրել էր նաև, որ հանրապետությունում հակամանրէային ախտահանիչ նյութերի օրական արտադրությունը կազմում է շուրջ 6-7 տոննա: Արտադրողների կողմից հակամանրէային ախտահանիչ նյութերի վաճառքի մեծածախ գները չեն բարձրացել: Մարտի 17-ին կայացած մամուլի ասուլիսին ևս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հավաստիացրել է, որ ալկոգել արտադրող երեք խոշոր ընկերությունների մոտ գնաճ չկա: «Նրանց կողմից որևէ դրամով ապրանքի գինը չի բարձրացել։ Հայաստանում սպիրտի պաշարը ևս բավարար է, և դրա գինը ևս չի բարձրացել։ Խոշոր առևտրային ցանցերում երեք ամիս առաջ էլ էր նույն գինը, այսօր էլ»,- նշել է Գեղամ Գևորգյանը։ Մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսբուքյան ուղիղ եթերում խոսեց Հայաստանում ալկոգելի և սպիրտի արտադրության ծավալների մասին` հայտնելով, որ բավարար չափով են դրանք արտադրվում: «Հայաստանում օրը 11,000 լիտր սպիրտ է վերամշակվում, դրա մի մասը` մոտ կեսը, գնում է ալկոգելի արտադրությանը: Կա տեղական արտադրող, արտադրությունն ամբողջ ծավալով աշխատում է, և ալկոգելի դեֆիցիտը, կարող ենք ասել, որ խուճապային դեֆիցիտ է: Երեք ընկերություն կա, որ արտադրում են, և տեղեկություն ունենք, որ առաջիկա օրերին 4-րդ ընկերությունը նույնպես կավելանա»: ՏՄՊՊՀ նախագահը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը թերևս նկատի ունեն խոշոր արտադրողներին` խոսելով երեք կամ չորս ընկերության մասին, բայց այդ շուկայում, ինչպես ասացինք, կան նաև այլ արտադրողներ։ Բացի դրանից, շուկայում նոր արտադրողներ են հայտնվել, որոնց արտադրանքի վրա նշված չէ նույնիսկ ախտահանիչ նյութի բաղադրությունը։ Խանութներում և դեղատներում մեր ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերել ենք ձեռքերի ախտահանիչ միջոցներ արտադրող մի քանի այդպիսի ընկերություն՝ «Գռօմ» ՍՊԸ, «Վան-Չարտեր» ՍՊԸ, «Գրիգոր Եղիազարյան» ԱՁ, «Քլին Ֆոամ» ՍՊԸ, «Ֆիդորա» ՍՊԸ, «Կենցաղային քիմիայի գործարան» ՍՊԸ, «ԷՍԿՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ և այլն։ Զրուցել ենք նրանցից մի քանիսի հետ։  «Արսանիտ» ՍՊԸ-ն ախտահանիչներ արտադրող ամենահին ընկերությունն է։ Գործում է 1995 թվականից։ Զբաղվում է գելային և հեղուկ դեղաձևի դեղորայքի արտադրությամբ և մեծածախ վաճառքով: «Արսանիտի» ՍՊԸ-ի «Ալկոգել»-ի մեծածախ գները քիչ են տարբերվում նախկինից, սակայն մանրածախ՝ դեղատներում այն փոքր-ինչ թանկացել է։ Ընկերության հետ կապ հաստատել չհաջողվեց, քանի որ կայքում որևէ հեռախոսահամար չկար։  «Արթս կոսմետիկս» ՍՊԸ-ն գործում է 2000 թվականից։ Ընկերությունը, մինչ Հայաստանում վարակի տարածումը, շատ քիչ քանակությամբ է արտադրել ալկոգել` միայն պատվերի դեպքում: «Որոշ հիմնարկությունների համար, իրենց պատվերով արտադրել, տվել ենք փոքր քանակով: Այս տեսականին արտադրելու սերտիֆիկատը, ամեն ինչը ունեմ, բայց քանի որ սպառում չի եղել, չեմ արտադրել»,- ասում է ընկերության տնօրեն Արթուր Մելքոնյանը։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ալկոգել լայն թափով սկսել են արտադրել մարտի 1-ից: Օրական արտադրում են 1,5-2 տոննա ձեռքերի ախտահանիչ միջոց` «Լինա» ապրանքանիշով։ Տնօրենի խոսքով` չնայած մեծ պահանջարկին` ընկերությունն արտադրանքի մեծածախ արժեքը չի փոխել` 350մլ-ի արժեքը 800 դրամ է` առանց ԱԱՀ: Ընկերությունը դեռ հումքի խնդիր չունի, բայց դեֆիցիտի դեպքում մտածում են Ռուսաստանից ներմուծելու մասին: Արտադրող Արթուր Մելքոնյանի խոսքով` Կառավարությունը ամենօրյա ռեժիմով իրենից տեղեկանում է արտադրանքի ծավալի և գնի մասին: «Ամեն Աստծո օր իմ հետ կապի մեջ ա, զանգում են, ճշտում են` որ ցանցերին ինչքան ապրանք տվեցինք, ինչքան սպառում եղավ, ինչ գնով ենք աշխատում, շփումը ամեն օր կա»,- ասում է Արթուր Մելքոնյանը: «Էկոֆորմ» ՍՊԸ-ի ձեռքի հակամանրէային գելը «Միստր Ջին»-ն է։ Ընկերությունը գրանցվել է 2016-ին։ «Էկոֆորմ» ՍՊԸ-ն զբաղվում է պլաստիկ տարաների, կենցաղային քիմիայի արտադրությամբ, շինանյութի ներմուծմամբ և վաճառքով: Ընկերությունը նախկինում ևս արտադրել է սպիրտային հիմքով մանրէասպան գել, և հիմնադիր, տնօրեն Վարդան Բադալյանի խոսքով` ունի համապատասխան սերտիֆիկատը: Հիմա արտադրում են ավելի մեծ ծավալով: «Ընկերությունը բացարձակ իր գները չի փոխել, այն գները, որոնք եղել են 1 տարի առաջ, 2 տարի առաջ, մնացել են անփոփոխ: Առավել ևս բոլոր պետական կառույցներին ընկերությունը մատակարարումը իրականացնում է արտահերթ ռեժիմով, արտոնյալ պայմանով` կիրառելով հատուկ զեղչ»,- ասում է Վարդան Բադալյանը: Ընկերության ղեկավարը չցանկացավ հայտնել, թե օրական մոտավորապես քանի տոննա մանրէասպան գել են արտադրում: Հումքի խնդիր ունե՞ն, թե՞ ոչ հարցին, ընկերության տնօրենը պատասխանեց. «Աշխատում ենք, ու բնականոն հունով ընկերությունը մատակարարումներն իրականացնում է»: «ԷՐՄԻԷԼ» խանութների ցանցում ընկերության արտադրանքի 500մլ-ի արժեքը 1600 դրամ է: 2008թ․-ին հիմնադրված «Վան-Չարտեր» ՍՊԸ-ն նույնպես ձեռքերի ախտահանիչ է արտադրում։ Ընկերության ֆեյսբուքյան էջում նշված է, որ «Caleus» ապրանքանիշի ալկոգելն արժե 900 դրամ` 250 մլ-ն: Կապ հաստատեցինք ընկերության հետ` փորձելով պարզել, թե երբվանից են արտադրում ալկոգել, ինչ ծավալով և արդյոք ունեն սերտիֆիկատ` փափկեցնող ալկոգել արտադրելու, սակայն ընկերության` Մերի անունով ներկայացուցիչն ասաց, որ ժամանակ չունի մեր հարցերին պատասխանելու: «Գրիգոր Եղիազարյան» ԱՁ-ն շուրջ 20 օր է՝ նույնպես սկսել է «Ալկոգել» արտադրել։ Գրիգոր Եղիազարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իրենք նախկինում միայն փոքրաքանակ պատվերի դեպքում են ալկոգել արտադրել կամ իրենց օգտագործման համար, շուկայում վաճառքի չեն հանել։ Այժմ, պայմանավորված պահանջարկով, փորձում են նաև շուկայի համար արտադրել։  «Այս պահին պահանջարկը շատ է, բայց ես տեխնիկապես շատ չեմ կարող արտադրել, իմ արտադրությունը մեծ չի, քանակներ չեմ կարող ապահովել»,- ասում է Գրիգոր Եղիազարյանը։ Մեկ օրվա ընթացքում 200-300 լիտր են կարողանում արտադրել՝ շշալցում անելով տարբեր զանգվածի տարաների մեջ։  Գնային փոփոխություն, ըստ Գրիգոր Եղիազարյանի, չի եղել, ինչպես սկսել է արտադրել և իրացնել, այդպես էլ շարունակում է։ Գրիգոր Եղիազարյանը վստահեցրեց, որ իրենք ունեն ալկոգելի արտադրության սերտիֆիկատ, որը ստացել են Ստանդարտների ազգային ինստիտուտից։  «Կենցաղային քիմիայի գործարան» ՍՊԸ-ն գրանցվել է 2015թ.-ին (նախկին «Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ): Մեկ ամիս է՝ սկսել է «Detox» մաշկի հակասեպտիկ ախտահանիչ միջոց արտադրել։ Դրա 250 մլ-ի արժեքը 1200 դրամ է «Ուրարտու» խանութների ցանցում։ Ընկերության հաշվապահ Կարինեն պատմեց, որ նախկինում՝ տարիներ առաջ, ունեցել են այս միջոցից, սակայն դադարեցրել են արտադրությունը։ Մեկ ամիս առաջ վերսկսել են և այժմ էլ արտադրում ու վաճառում են նույն մեծածախ գներով, ինչ մեկ ամիս առաջ։ «Ալոե Արմլաբ» ՍՊԸ-ի՝ հալվե (ալոե) մշակող և աճեցնող «Aloe Lab»-ը նույնպես 3 օր է՝ ախտահանիչ է սկսել արտադրել ալոեի բաղադրությամբ։ «Ալոեի գելով ալկոգել ենք արտադրում։ Մենք մեծածախ սերտիֆիկացված ալկոգել ենք ձեռք բերում, մեր ալոեի գելն ավելացնում ենք մեջը, փաթեթավորում ու վաճառքի ենք հանում»,- պատմեց «Aloe Lab»-ի մենեջեր Կարապետ Ավագյանը։ Օրական 50-70 լիտր են արտադրում։  «Երկու օր է արտադրել ենք՝ նույն գնով, ֆիքսված գներ են մեզ մոտ, 20 տոկոս զեղչով էլ տրամադրում ենք էն ընկերություններին, ովքեր մեզ մոտից մեծածախ են վերցնում»,-մանրամասնեց Կարապետ Ավագյանը։ Այս ընկերության ախտահանիչ գելի 100 մլգ-ը 1450 դրամով է վաճառվում։  Կենտրոնի դեղատներից մեկում մեր ձեռք բերած «Քլին ֆոամ» ՍՊԸ-ի ալկոգելի պիտակի վրա որևէ բաղադրություն նշված չէ։ Առկա են միայն արտադրողի անվանումը և հասցեն։  Ընկերությունը գրանցվել է 2014թ․։ Սեփականատերը և տնօրենը Դավիթ Պետրոսյանն է։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ լվացող միջոցներ արտադրել են, սակայն կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ այս շաբաթ սկսել են նաև ալկոգել արտադրել՝ հասկանալով, որ պահանջարկ կա։  Ընկերությունը տնտեսական սանիտարահիգիենիկ և լվացքի միջոցներ է արտադրում։ Դրանք պետգնումներով մատակարարում է նաև պետական որոշ գերատեսչությունների։ Մասնավորապես, 2019թ․-ին Արտակարգ իրավիճակների նախարարության հետ երեք պայմանագիր է կնքել։ «Սինուս» ապրանքանիշի հեղուկ օճառներ և մաքրող նյութեր մատակարարել է նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական  բժշկական համալսարանին։ Նույն՝ «Սինուս» ապրանքանիշով է արտադրվում նաև «Ալկոգել»-ը։  Դավիթ Պետրոսյանը, սակայն, ասում է, որ ալկոգել արտադրելու համար արդեն հումքի խնդիր ունեն։ Սպիրտի 1 կգ-ը գնել է 900 դրամով, սակայն հիմա կգ-ը 2000-ից ավելի է դարձել, այսինքն՝ 2,5 անգամ թանկացել է։ Ամենաէժանը «Յունիքիմ» ընկերությունն է մատակարարել, սակայն նրանց մոտ էլ արդեն վերջացել է։ «Էսօր արդեն կանգնելու վրա ենք, կարող է էլ չաշխատենք, որովհետև սպիրտ չկա, սպիրտի գինը 3 անգամ թանկացել է, չենք կարողանում գտնել, իսկ էդ թանկ գներով էլ անիմաստ է մարդկանց 100 մլ-անոց ալկոգելը 1000 դրամով ծախելը։ Հիմա մեր մեծածախ գինը՝ 100 մլն-ն 350 դրամ է՝ էսօրվա դրությամբ։ Սկզբից 150 մլն է էդքան եղել, բայց հիմա շշեր էլ չեն հասցնում արտադրել։ Ամեն ինչ խնդիր է, պահի տակ որտեղից ինչ կարողանում ենք առնել, ըստ դրա էդ պահով աշխատում ենք»,- պատմեց Դավիթ Պետրոսյանը։  Վերջինս հավաստիացրեց, որ ապրանքը սերտիֆիկացրել են, նոր են սկսել արտադրել։ Իսկ բաղադրության բացակայությունը որոշ շշերում կապված են դրանք պատրաստելու և շուկա ներմուծելու շտապողականության հետ։ «Նենց պահ է եղել, որ մեկին կարող է կպցրած լինենք, մեկին՝ ոչ։ Ես էս գիշեր 3 օրվա մեջ առաջին անգամ է, որ քնել եմ, այ տենց վիճակ է եղել մեր մոտ, դա է եղել խնդիրը։ Բայց տարել ենք լաբորատորիա, ստուգել ենք, տեսել են անվնաս է, նոր սերտիֆիկատը տվել են, հանել ենք շուկա այդ ապրանքը»,- հավաստիացրեց Դավիթ Պետրոսյանը։   «Ֆիդորա» ՍՊԸ-ն ձեռքերի խնամքի ախտահանող միջոց արտադրող փոքր ընկերություններից մեկն է: Հիմնադրվել է 2007թ.-ին: Այն հիմնականում զբաղվում է բուսական ծագման յուղերի և ոգեթուրմերի արտադրությամբ: Ընկերության մենեջեր ներկայացած Լուսինեն «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ արտադրել են նաև «Լիլիթ» ապրանքանիշով հակաբակտերիալ խնամքի միջոց՝ 30 մլ տարողությամբ: «էս պահանջարկի հետ կապված որոշեցինք նույն բաղադրությամբ արտադրել «ALCOHAND» անունով, որ մարդկանց ավելի հասկանալի լինի, որ ախտահանող միջոց է»,- նշեց Լուսինեն: Ընկերության «ALCOHAND» ապրանքանիշի ձեռքերի ախտահանող միջոցի 100 մլ-ի մեծածախ գինը 500 դրամ է: Արտադրանքը կարելի է գտնել բոլոր դեղատներում կամ պատվիրել ընկերության ֆեյսբուքյան էջի միջոցով՝ 100 մլ-ն 800 դրամով՝ առաքումը ներառյալ: «Ֆիդորա» ընկերության մենեջերը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ մեծաքանակ պահանջարկի հետ կապված չեն հասցնում առաքում իրականացնել, հազիվ հասցնում են արտադրել: Ընկերությունը դեռ հումքի խնդիր չունի, բայց եթե սպառումը շարունակի մնալ ներկա ծավալներով, ապա կունենան տարաների խնդիր: «Մեզ զանգել, հետաքրքրվել են Կառավարության աշխատակազմից, մենք իրենց հետ միշտ կապի մեջ ենք, իրենց ասել ենք շշերի խնդրի մասին, ուզում ենք թույլ տան շշեր ներմուծենք»,- հավելեց ընկերության մենեջեր Լուսինեն: Ընկերության ներկայացուցիչը դժվարացավ նշել, թե օրական քանի լիտր են մատակարարում վաճառքի կետերին. «Ասենք, վերջին ուղարկված արտադրանքի չափը եղել է երևի 1000 հատ 60 մլ, 600 հատ 100 մլ, 500-600 հատ 310 մլ»:  Հաջորդ ընկերությունը, որն արտադրում է ձեռքի հակամանրէային ախտահանիչ ալկոգել, «ԳՌՕՄ» ՍՊԸ-ն է։ Գործում է 2002 թվականից։ Ընկերությունը մաքրող միջոցներ, շամպուններ, օճառներ և այլ նյութեր է արտադրում։ Սակայն կայքի արտադրանքի ցուցակում ձեռքի ախտահանիչ չկա։ Այս ընկերության արտադրած «Sella» ապրանքանիշի ալկոգելը մենք գտանք «ԷՐՄԻԷԼ» խանութների ցանցում՝ 330 մլ-ն 890 դրամով: Ըստ ամենայնի, ընկերությունը նույնպես նոր է սկսել արտադրել ալկոգելը։ Ընկերության կայքում նշված հեռախոսահամարը չէր գործում կամ անհասանելի էր, մանրամասներ ճշտել չհաջողվեց։  Մեր ընթերցողներից մեկը մեզ փոխանցեց Սևան քաղաքի դեղատներից մեկից գնած «Ալկոգել» կոչվող ձեռքի հակամանրէային ախտահանիչ, որի վրա նշված չէ արտադրող ընկերությունը, գրված չէ արտադրանքի բաղադրությունը: Տարայի վրայի մյուս գրառումներն էլ ուղղագրական և համակարգչային սխալներով են: Արտադրանքի բաղադրությունը գելային չէ, ավելի շատ նման է հեղուկ սպիրտի և դեղնավուն է: Տարան բազմաթիվ քերծվածքներով է, այսինքն` առաջին անգամ չի օգտագործվել: Անհայտ ծագման հակամանրէային ախտահանիչը դեղատանը վաճառվել է 350մլ-ն 1600 դրամով: Շարունակությունը՝ hetq.am-ում
16:21 - 20 մարտի, 2020
ՏՄՊՊՀ-ն հրապարակել է կոնյակի շրջանառության ոլորտի ուսումնասիրության արդյունքները

ՏՄՊՊՀ-ն հրապարակել է կոնյակի շրջանառության ոլորտի ուսումնասիրության արդյունքները

 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է կոնյակի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ըստ այդմ, 2019 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներմուծվել 725 լիտր կոնյակ (100% սպ.) և 2,323,056 լիտր կոնյակի սպիրտ (100% սպ.):  Կոնյակի ներմուծման ծավալները 2018 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ կրճատվել են 27 %-ով, կոնյակի սպիրտի ներմուծման ծավալներն ավելացել են շուրջ 55 %-ով: 2019 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կոնյակի ներմուծման ամենամեծ մասնաբաժինն ունեցող երեք ընկերություններ են «ՍԱՐԳԻՍ ԿԱՐՈԼԻՆԱ», «ԷՅ ԴԻ ԷՖ ՇՈՓՍ» ՓԲ և «ԱԼՖԱ ՖՈւԴ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ները, որոնց ընդհանուր մասնաբաժինը կոնյակի ներմուծման մեջ կազմել է 90 %, 2018 թվականին՝ «ՍԱՐԳԻՍ ԿԱՐՈԼԻՆԱ» ՍՊ, «ԷՅ ԴԻ ԷՖ ՇՈՓՍ»  ՓԲ և «ԱՐՏԷՔՍԻՄ» ՍՊ ընկերությունները, որոնց ընդհանուր մասնաբաժինը կոնյակի ներմուծման մեջ կազմել է 86 %: 2019 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կոնյակի սպիրտի առաջին երկու խոշոր ներմուծողներն են եղել «ԲԱԳՐԱՏ ԳՐՈՒՊ» ՍՊ և «ԱՐՏԱՇԱՏ ՎԻՆԿՈՆ» ՓԲ ընկերությունները, որոնք ներմուծել են կոնյակի սպիրտի ընդհանուր ծավալների շուրջ 90 %-ը, 2018 թվականին կոնյակի սպիրտի ներմուծման մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեցել են «ՎԵԴԻ ԱԼԿՈ», «ԱՐՏԱՇԱՏ ՎԻՆԿՈՆ» ՓԲ և «ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊ ընկերությունները` ընդհանուր 71 %: 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում 21 ընկերությունների կողմից արտադրվել է 5,220,793 լիտր (100% սպ.) կոնյակ: Կոնյակ արտադրող առաջին երեք խոշոր ընկերություններն են «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ» ԲԲԸ-ն, «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ն և «ՊՌՈՇՅԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ-ն, որոնց ընդհանուր մասնաբաժինը կոնյակի արտադրության մեջ կազմել է 62 %՝ 2018-ի 68 %-ի փոխարեն: Նշված ընկերությունները նաև առավել խոշոր կոնյակ արտահանողների եռյակում են, որոնց մասնաբաժինների գումարը 2019 թվականի տասն ամիսների ընթացքում կազմել է 45 %՝ 2018-ի 52%-ի դիմաց: Ընդհանուր առմամբ  2019 թվականի տասն ամիսների ընթացքում 38 ընկերությունների կողմից արտահանվել է շուրջ 12 մլն լիտր կոնյակ (100% սպ.), իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածի ընթացքում 33 ընկերությունների կողմից արտահանվել էր շուրջ 9 մլն լիտր կոնյակ (100% սպ.):  Այսինքն՝ կոնյակի արտահանման ծավալներն աճել են 37 տոկոսով՝ միաժամանակ գերազանցելով նաև 2018 թվականի ամբողջ տարվա ցուցանիշը (11 մլն լիտր): Նույն ժամանակահատվածում 14 ընկերությունների կողմից արտահանվել է շուրջ 12 մլն լիտր կոնյակի սպիրտ (100% սպ.), ինչը հավասար է 2018 թվականի ամբողջ տարվա ընթացքում արտահանված կոնյակի սպիրտի ծավալներին: Հանձնաժողովը հաշվարկել է նաև 1 լիտր կոնյակի ստացման համար անհրաժեշտ նյութածախսը: Հատկանշական է, որ տնտեսվարող սուբյեկտների կողմից ներկայացված տեղեկատվության ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ մի շարք դեպքերում 3 տարվա հնացման 0,5 լիտր տարողությամբ կոնյակի նյութածախսը զգալիորեն տարբերվել է Հանձնաժողովի կողմից հաշվարկված ցուցանիշից, ինչը կարող է վկայել հնարավոր անբարեխիղճ գործողությունների մասին: Հանձնաժողովն արձանագրել է, որ թեև կոնյակի շրջանառության ոլորտը համարվում է բարձր կենտրոնացվածություն ունեցող, այդուհանդերձ, շուկայի կենտրոնացվածության մակարդակը գնահատող որոշ ինդեքսների արժեքները կրճատվել են: Ուսումնասիրության շրջանակում Հանձնաժողովի կողմից իրականացվել է նաև կոնյակ արտադրող տնտեսվարող սուբյեկտների կողմից պահեստավորված կոնյակի սպիրտի պաշարների գույքագրում, ինչպես նաև դիտարկվել է 2019 թվականի մթերման գործընթացը: Հարկ է նշել, որ ուսումնասիրության արդյունքում մթերում իրականացնող տնտեսվարող սուբյեկտները ճշգրտել են իրենց կողմից լիազոր պետական մարմնին տրամադրված ցուցանիշները:
15:51 - 19 մարտի, 2020
ՏՄՊՊՀ-ն զգուշացում է տվել սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքների իրացնող տնտեսվարողներին

ՏՄՊՊՀ-ն զգուշացում է տվել սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքների իրացնող տնտեսվարողներին

Հաշվի առնելով  մամուլում  եւ սոցիալական ցանցերում սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման, ապրանքային շուկայում ապրանքների պակասուրդի եւ մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հաճախ բարձրացվող մտահոգությունները՝  ՀՀ տնտեսական  մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն մարտի 17-ին տեղի ունեցած նիստում որոշում է կայացրել զգուշացում տալ սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ տնտեսական  մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։ «Հանձնաժողովը հարկ է համարում տեղեկացնել,  որ արտակարգ դրության պայմաններում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք՝ հորդորելով ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից եւ վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները: Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքէջում՝ http://www.competition.am/uploads/resources/Vo109_17_03_2020.pdf»,- ասվում է հաղորդագրության մեջ:
19:29 - 17 մարտի, 2020
Ալկոգելի, դիմակների քանակի պակաս չկա, ՀՀ-ում որոշ փոքր արտադրություններ են հիմնվել. Գեղամ Գևորգյան |tert.am|

Ալկոգելի, դիմակների քանակի պակաս չկա, ՀՀ-ում որոշ փոքր արտադրություններ են հիմնվել. Գեղամ Գևորգյան |tert.am|

tert.am: Մենք դիմակների և ալկոգելի շուկայում դիտարկումներ անում ենք, անկախ նոր կորոնավիրուսի՝ Հայաստանում գրանցված վերջին դեպքերից. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:«Ալկոգելի մասով ասեմ, որ երեկ հանդիպում ենք ունեցել ներքին արտադրողների հետ. օրական մոտ 6-7 տոննա ալկոգել է արտադրվում Հայաստանում, խնդիրն այն է, որ դեղատներն առավոտյան ստանում են, արագ վերջանում է: Պահեստավորված որոշակի խմբաքանակ կա, եթե ուսումնական հաստատություններին պետք լինի, պահեստավորված քանակ ունենք»,- ասաց նա:Դիմակների հետ կապված էլ, Գևորգյանն ասաց, թե քանի որ տարբեր աղբյուրներից են ձեռք բերվում և տարբեր գներով, գնային փոփոխություններ կան: «Մեզ տնտեսվարողները հայտնում են, որ միտում կա գների նվազեցման, որովհետև Չինաստանն էլ է առաջարկ արել վաճառքի: Այս պահին գինը մի փոքր բարձր է, շուկայում մեծածախով կա 150-200 դրամ: Եթե պետությունը կարիք ունենա ձեռքբերման հնարավորություն ունենք, բավականաչափ խմբաքանակ մտել է ՀՀ, նաև որոշակի փոքր լոկալ արտադրություններ են սկսել տնտեսվարողները, շատ փոքր իհարկե, բայց գինը 200 դրամ է կազմում»,- տեղեկացրեց նա: Հարցին՝ դիմակների ախտահանիչ միջոցների դեֆիցիտ սպառնո՞ւմ է  Հայաստանին, նա պատասխանեց, որ այս պահին ախտահանիչների դեֆիցիտ չկա: «Ալկոգելի գինը չի բարձրացել, դիմակները, քանի որ հիմնական ձեռքբերումը Չինաստանից, Ռուսաստանից է, խնդիր առաջացավ, չնայած ամբողջ աշխարհում էր խնդիրը, այսօրվա դրությամբ, այսօրվա պահանջարկը հաշվարկելով, կարծես թե լուրջ խնդիր չկա, հետագայում ինչ կլինի, դժվար է գնահատել»,- նշեց նա:Ինչ վերաբերում է նրան, որ դիմակները մեկ կամ երկու հատով են վաճառվում, Գևորգյանն ասաց, որ տնտեսվարողներն այդ խնդրով իրենց հետ խոսել են, որովհետև կոնկրետ ծավալ պետք է կարողանան հասցնել արտադրել, եթե անսահմանափակ քանակով վաճառեն, հնարավոր է, որ օրական պահանջվող ծավալը չկարողանան հասցնել արտադրել, իսկ եթե քաղաքացին էլ գնի ու պահեստավորի, այդ դեպքում նորից հասցնելու խնդիր է լինում:
13:14 - 13 մարտի, 2020
Սեղմված գազի շուկա. ինչ են ցույց տալիս խմ-ով ու կգ-ով վաճառքի տվյալները |armenpress.am|

Սեղմված գազի շուկա. ինչ են ցույց տալիս խմ-ով ու կգ-ով վաճառքի տվյալները |armenpress.am|

armenpress.am: «Սեղմված գազ» ապրանքային շուկան ուսումնասիրելիս Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) պարզել է, որ սեղմված բնական գազի առավել մեծ ծավալներով իրացումը՝ շուրջ 22 տոկոս, Երեւանի բաժինն է (2019 թ. Հունվար-ապրիլ ժամանակահատված), Արարատի մարզում իրացվում է 14, իսկ Կոտայքի մարզում՝ 13 տոկոս։ Մարզերից ամենացածր իրացում ապահովում է Վայոց ձորի մարզը՝ շուրջ 2 տոկոս։ Այդ ժամանակահատվածում գազի ձեռք բերման միջին գինը կազմել է 98 դրամ (առանց անուղղակի հարկերի)։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գազի շուրջ 22 տոկոսն իրացվում է Երեւանում հանձնաժողովը դիմել է այստեղ գործող բոլոր գազալցակայաններին։ Բացի այդ, Երեւանում ընդհանուր մրցակցությունը գնահատելու նպատակով դիտարկվել են նաեւ նրանից 10 կմ հեռավորությամբ (կից մարզերում) գտնվող ԱԳԼՃԿ-ները, որոնք կարող են Երեւանի բնակիչների համար այլընտրանք լինել։ Մասնավորապես, դիտարկվել է նաեւ Կոտայքում, Արմավիրում եւ Արարատում գործող ԱԳԼՃԿ-ների գործունեությունը։ Հաշվի առնելով, որ ԱԳԼՃԿ-ներ շահագործող տնտեսավարողների թիվը մեծ է, մարզերում սեղմված գազի իրացման վերաբերյալ ընդհանրական պատկերացում կազմելու նպատակով հանձնաժողովը դիմել է յուրաքանչյուր մարզում գործող առավել խոշոր 5 տնտեսավարող սուբյեկտի, որոնց իրացման ծավալներն էապես գերազանցել են մարզի մնացյալ ԱԳԼՃԿ-ներում իրացված գազի ծավալները։ 2019 թ. Հունվար-ապրիլին Երեւանում գործող ԱԳԼՃԿ-ները «Գազպրոմ Արմենիայից» ձեռք են բերել եւ իրացրել ՀՀ-ում սեղմված գազի ամբողջ ձեռքբերումների շուրջ 22 տոկոսը, որը կազմում է շուրջ 38.320.464 խմ։ Հանձնաժողովը դիմել է Երեւանում եւ մերձակա շրջաններում (շուրջ 10 կմ) գործող ԱԳԼՃԿ-ները շահագործող 28 տնտեսավարողի՝ ներկայացնելու տեղեկատվություն 2018 թ. եւ 2019 թ. հունվար - ապրիլին գազի ձեռքբերման, իրացման եւ կորուստների, ընկերությունների ուղղակի, վարչական, ֆինանսական, իրացման եւ այլ ծախսերի, ինչպեսեւ՝ գազի վաճառքի գնի վերաբերյալ։ Շուկայի կառուցվածքն ու մասնակիցների մասնաբաժինները հաշվարկելու համար հանձնաժողովը դիտարկել է 2018 թ. եւ 2019 թ. Հունվար-ապրիլին տնտեսավարողների կողմից սեղմված բնական գազի իրացման ծավալները։ Տվյալներից պարզ է դառնում, որ Երեւանում եւ մերձակա շրջաններում դիտարկված տնտեսավարողների կողմից բնական գազի իրացման ոլորտում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ ունեցող ընկերությունների մասնաբաժինը տատանվում է 9-11 տոկոսի շրջանակներում։ Հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել է նաեւ գազի վաճառքի միջին կշռված գինը (2018 թ. եւ 2019 թ. Հունվար-մայիս)։ Մասնավորապես՝ Նոր-Նորք, Ջրվեժ, Քանաքեռ-Զեյթուն, Ավան եւ Առինջ տարածքներն ընդգրկող շրջանում 2018 թ. 1 խմ գազի վաճառքի միջին կշռված գինը կազմել է 217 դրամ, 2019 թ. հունվար-ապրիլին՝ 214 դրամ, իսկ մայիսին՝ 299 դրամ 1 կգ-ի համար։ Այս շրջանում գազի իրացումը խմ-ից կգ-ի անցման ժամանակ դիտարկված բոլոր տնտեսավարողները 1 կգ գազն իրացրել են գրեթե նույն գնով՝ 300 դրամ։ Դավիթաշեն, Զովունի եւ Արաբկիր տարածքներն ընդգրկող շրջանում 2018 թ. 1 խմ գազի վաճառքի միջին կշռված գինը կազմել է 209 դրամ, 2019 թ. Հունվար-ապրիլին՝ 210 դրամ, իսկ մայիսին՝ 306 դրամ 1 կգ-ի համար։ Այս շրջանում եւս գազի իրացումը կգ-ի անցման ժամանակ 6 տնտեսավարողից 3-ը 1 կգ գազի իրացման համար սահմանել են նույնական գին՝ 300 դրամ։ Աջափնյակ, Փարաքար, Արգավանդ, Մալաթիա-Սեբաստիա տարածքներն ընդգրկող շրջանում 2018 թ. 1 խմ գազի վաճառքի միջին կշռված գինը կազմել է 207 դրամ, 2019 թ. Հունվար-ապրիլին՝ 213 դրամ, իսկ մայիսին՝ 304 դրամ 1 կգ-ի համար։ Այս շրջանում նույնպես գազի իրացումը կգ-ի անցման ժամանակ 7 տնտեսավարողից 5-ը 1 կգ գազի իրացման համար սահմանել են գրեթե նույնական գին։ Շենգավիթ, Նուբարաշեն, Այնթապ, Էրեբունի տարածքներն ընդգրկող շրջանում 2018 թ. 1 խմ գազի վաճառքի միջին կշռված գինը կազմել է 208 դրամ, 2019 թ. Հունվար-ապրիլին՝ 210 դրամ, իսկ մայիսին՝ 303 դրամ 1 կգ-ի համար։ Ի տարբերություն մյուս շրջանների, այստեղ տնտեսավարողների սահմանած գներն էապես տարբերվում են միմյանցից, եւ գները մրցակցային են։ Տվյալներից երեւում է, որ մի շարք ԱԳԼՃԿ-ներ, որոնք 1 խմ գազն իրացրել են տարբեր գներով, կգ-ով վաճառքի դեպքում, այսինքն՝ 2019 թ. մայիսին 1 կգ գազի վաճառքի համար սահմանել են միեւնույն գները։ Ի դեպ, այն դեպքում, երբ ընկերությունների կատարած ծախսերն էականորեն չեն փոփոխվել, կգ-ի վաճառքի համար միեւնույն գին սահմանելը կարող է ընկերությունների միջեւ փոխհամաձայնեցված գործողությունների տարրեր պարունակել։ Սրանից ելնելով՝ ՏՄՊՊՀ-ն դիտարկել է նաեւ ընկերությունների գնագոյացումը՝ պարզելու համար 2019 թ. մայիսին վաճառքի գների հիմնավորվածությունը։ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը զրույցում նշեց, որ հանձնաժողովի կողմից 2017 թ. Երեւանի նույն տարածքում գործող ԱԳԼՃԿ-ների 1 խողովակի հաշվով իրացված ծավալների համեմատությամբ երեւում էր, որ Երեւանի միեւնույն կամ մոտ գտնվող վարչական տարածքում գտնվող գազալցակայաններում 1 վաճառակետի հաշվով գազի իրացման ծավալները էականորեն տարբերվում են։ Եվ հաշվի առնելով, որ վարորդների համար էական դժվարություն չէ իրար մոտ գտնվող գազալցակայաններից որեւէ մեկում լիցքավորում իրականացնելը, հնարավոր է ստվերային շրջանառության առկայություն։ Նմանատիպ դիտարկումներ իրականացվել են նաեւ 2018 թ. եւ 2019 թ. Հունվար-մայիսի տվյալների հիմամբ, սակայն 1 խողովակի հաշվով իրացման ծավալների էական տարբերություններ չեն հայտնաբերվել։ Փորձեցինք պարզել՝ ՏՄՊՊՀ-ն Երեւանում եւ մերձակա շրջաններում գործող ԱԳԼՃԿ-ների գնագոյացման ուսումնասիրություն արե՞լ է, արդյոք։ Գեղամ Գեւորգյանի խոսքով, իհարկե, արել է։ Եվ Երեւանում գործող գազալցակայանների գնագոյացման վերլուծությունը ցույց է տվել, որ ընկերություններն ունեն մի շարք ծախսեր, ինչպես օրինակ՝ գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկումները, որոնք կատարվում են տարին մեկ անգամ՝ տարբեր ամիսների։ Բացի այդ, գազի սպառումն ունի որոշակի սեզոնային բնույթ, մասնավորապես, ամռանը սեղմված բնական գազն ավելի շատ է իրացվում, քան ձմռանը։ Շարունակությունը՝ armenpress.am-ում
16:20 - 10 մարտի, 2020
Խոշոր արտադրողները սկսել են ձու արտահանել Ռուսաստան․ Թռչնաբույծների միության նախագահ |hetq.am|

Խոշոր արտադրողները սկսել են ձու արտահանել Ռուսաստան․ Թռչնաբույծների միության նախագահ |hetq.am|

hetq.am: Մինչ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրում է վերջին շրջանում հայկական շուկայում ձվի էժանացման պատճառներն ու խոշորների հնարավոր խախտումները, նույն խոշոր արտադրողները սկսել են ձվի ավելցուկային խմբաքանակն արտահանել Ռուսաստան: Տնտեսվարողները հավաստիացնում են, որ շուկայում գերարտադրություն է, գները կտրուկ իջել են և ստիպված են ձուն խանութներին հանձնել ինքնարժեքից ցածր գնով:   Այս տարվա փետրվարի սկզբից ձվի հայկական շուկայում էական գնանկում գրանցվեց։  Երևանի խոշոր սուպերմարկետներում ձվի գինը 50-70 դրամից իջավ մինչև 20-30 դրամի: Տնտեսվարողները էժանացումը բացատրեցին գերարտադրությամբ: Այսինքն՝ արտադրվել է ավելին, քան բնակչության պահանջարկն է։ Իսկ գերարտադրության հիմնական պատճառներ են նշվում թռչնաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսությունների քանակի աճն ու խոշոր թռչնաբուծարանների վերազինումը: Միևնույն ժամանակ, այս թեման հայտնվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տիրույթում, որտեղ փետրվարի կեսերից սկսեցին ուսումնասիրություններ՝ պարզելու արդյոք խոշոր տնտեսվարողները համաձայնությա՞ն չեն եկել գին իջեցնելու միջոցով փոքրերին շուկայից հանել կամ այլ հակամրցակցային քայլերի դիմելու հարցում: Այլ խոսքով՝ փորձում են պարզել, թե ձվի գնանկումը խոշոր տնտեսվարողների միտումնավոր գործողությունների արդյու՞նք է, թե՞ ունի օբյեկտիվ տնտեսական բացատրություն: Հայտարարվեց, որ հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու» ՍՊԸ-ների, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի և «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի կողմից Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ: Այսօր այս հարցով Մրցակցության հանձնաժողովում լսումներ էին: «Մենք ամբողջական տեղեկատվություն ենք հավաքագրել, որ հասկանաք, թե արտադրական ինչ ծավալի ձու կա Հայաստանում: Փորձել  ենք հասկանալ դաշտում խաղացողների դիրքը, ֆիքսել նաև ածան հավերի քանակը, հասկանալ, թե 1 օրում քանի ձու է արտադրվում  և այլն: Դիտանցում ենք իրականացրել տնտեսվարող սուբյեկտների պահեստներում, որպեսզի կարողանանք գույքագրել մեզ հետաքրքրող տեղեկությունները: Խնդիրը, որը բարձրացվել է տնտեսվարող սուբյեկտների կողմից, վերաբերում էր գերարտադրությանը: Այսինքն, գնի անկումը պայմանավորում էին գերարտադրությամբ: Ընթացքում նաև հայտնաբերվել էին խնդիրներ ձվի մակնշման կամ սխալ մակնշման հետ կապված: Այդ տեղեկությունները փոխանցվել են Սննդի անվտանգության տեսչական մարմնին, որոնք ոչնչացրել են մակնշմանը չհամապատասխանող ձուն»,- լսումների սկզբում նշեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Ըստ նրա՝ որոշակի մտավախություններ են եղել մանրածախ խանութներում վաճառվող ձվի որակի, քանակի և չափերի հետ կապված. «Հսկիչ գնման արդյունքում կարողացանք ձեռք բերել այդ ձվերը և ուղարկել լաբորատոր փորձաքննության: Գործի շրջանակում դիմել ենք նաև տնտեսվարող սուբյեկտներին, որպեսզի ներկայացնեն, թե ինչու է նման իրավիճակ առաջացել, ինչպես նաև Թռչնաբույծների միությանն ենք դիմել: Հիմա ունենք արդեն գրեթե ամբողջական պատկերը»: Չնայած, որ ՏՄՊՊՀ արդեն ստացել է հարցերի պատասխանների մեծ մասը, սակայն վերջնական որոշում դեռևս չի կայացրել: Ըստ ՏՄՊՊՀ նախագահի՝ տնտեսվարողների բացատրությունները լսումների ժամանակ ստանալուց հետո գուցե երկրորդ անգամ լսումներ կազմակերպելու կարիք լինի, որից հետո արդեն կհրապարակվի որոշումը: Հավաստիացնում  են, որ չեն շտապում՝ հնարավոր սխալ որոշումներից խուսափելու և տնտեսվարողներին չվնասելու համար: «Գերիշխող դիրքի չարաշահման համար նախատեսվում է տուգանք տնտեսվարողի նկատմամբ մինչև նախորդ տարվա շրջանառության կամ հասույթի 10 տոկոսի չափով: Իսկ հակամրցակցային համաձայնության պարագայում կարող է, նույնիսկ, քրեական գործ հարուցվել: Այդ պատճառով էլ մեր գործողություններում պետք է զգույշ լինենք, որ հարց լուծելու փոխարեն՝ չվնասենք»,- նշեց Գեղամ Գևորգյանը: Շարունակությունը՝ hetq.am-ում
16:15 - 10 մարտի, 2020
Ձվի մակնշման հետ կապված խախտումների դեպքով վարույթ կհարուցեն. ՏՄՊՊՀ նախագահ |armtimes.com|

Ձվի մակնշման հետ կապված խախտումների դեպքով վարույթ կհարուցեն. ՏՄՊՊՀ նախագահ |armtimes.com|

armtimes.com: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշ խանութներում ձվի մակնշման հետ կապված անհամապատասխանություններ է ֆիքսել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը՝ անդրադառնալով ձվի շուկայում ստեղծված իրավիճակին: «Ձվի գինը շուկայում վերջին ամիսներին բավականին նվազել է։ Փոքր տնտեսվարողները բողոքում են, որ ձուն ինքնարժեքից ցածր գնով են վաճառում, եւ այս իրավիճակն ստեղծել են խոշոր տնտեսվարողները՝ փոքրերին շուկայից դուրս մղելու համար։ Շուտով խանութներում ձվի մակնշման հետ կապված խախտումների դեպքով վարույթ կհարուցեն։ Ձվի շուկայում ուսումնասիրությունները շարունակվում են. չնայած արդեն ֆիքսել ենք՝ չկա մեծ քանակի գերարտադրություն, այսինքն՝ այն քանակի, ինչպես ներկայացնում են որոշ տնտեսվարողներ»,- ասաց նա: Նրա խոսքով՝ ձվի շուկայում պրոֆիցիտը կապված է նաեւ այն հանգամանքի հետ, որ հավերի անկում չի եղել վերջին երկու տարիներին։ Սակայն այն, որ ձուն ինքնարժեքից ցածր գնով է վաճառվում, աբսուրդ է, եւ ՏՄՊՊՀ-ն շուտով կպարզի՝ որն է դրա պատճառը։
16:32 - 02 մարտի, 2020
Խուճապահար գնումներ կատարելու կարիք չկա. պաշարները մեծ են |lragir.am|

Խուճապահար գնումներ կատարելու կարիք չկա. պաշարները մեծ են |lragir.am|

lragir.am: Առևտրի խոշոր ցանցերում սննդամթերքի գների թանկացում տեղի չի ունեցել վերջին օրերին: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: «Երեկ տեսանք, որ մարդիկ խուճապահար վիճակով որոշակի խանութներից գնումներ են կատարում: Դրա անհրաժեշտություն ընդհանրապես չկա: Մենք ունենք հիմնական ապրանքների ծավալներ, նույնիսկ շաքարավազի ծավալն այնքան շատ է, որ կբավականացնի դեռևս մեկ տարի, նույնը վերաբերում է ալյուրին: Ուղղակի կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին մեծ ծավալների գնումներ չանել, դրա անհրաժեշտությունը բնավ չկա, որովհետև որևէ ապրանքի գծով այս պահին չունենք անհանգստացնող երևույթ»,- նշեց նա: Գեղամ Գևորգյանն ասաց, որ չեն կարող ՀՀ բոլոր փոքր խանութներում հսկել իրավիճակը, բայց որևէ խոշոր խանութում գների որևէ բարձրացում չկա: «Մենք ամենօրյա կտրվածքով ստանում ենք ինֆորմացիա, նույնիսկ այսօր կխնդրեմ մեր խոշոր տնտեսվարողներին, որ նախկին և ներկա գները հրապարակեն, որ տեսնենք, որ նման խնդիր չկա»,- նշեց նա: Ինչ վերաբերում է Իրանից բեռների ներկրման սահմանափակումներին՝ Գևորգյանն ասաց, որ չկա այդ երկրից ներկրվող այնպիսի ծավալի ապրանք, որը կարող է շուկայում դեֆիցիտ առաջացնել:
13:08 - 02 մարտի, 2020
ԵԱՏՄ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների հաջորդ հանդիպումը կայանալու է Երևանում

ԵԱՏՄ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների հաջորդ հանդիպումը կայանալու է Երևանում

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը փետրվարի 28-ին  Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) մակարդակով անցկացվող հերթական խորհրդակցությանը: Խորհրդակցության ընթացքում Գեղամ Գևորգյանը բարձրացրել է ՀՀ-ում դեղամիջոցների որոշակի խմբի նկատմամբ գների կարգավորման մեխանիզմների ներդրմանը, ԵԱՏՄ անդամ-պետությունների մրցակցային/հակամենաշնորհային մարմինների միջև տեղեկատվական համագործակցության բարելավման, տեղեկատվության փոխանակման նպատակով միասնական հարթակի ստեղծմանը վերաբերող հարցեր: ՏՄՊՊՀ նախագահը մասնավորապես նշել է, որ ՀԲ «Պետական համակարգի արդիականացման» ծրագրի շրջանակում Հայաստանում աշխատանքներ են իրականացվում թվային հարթակի ներդրման ուղղությամբ, ինչը հնարավորություն կընձեռի  շուկայական տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության  աշխատանքների բարելավման համար և հասանելիություն կապահովի այլ պետական մարմինների տեղեկատվական բազաներին՝ առաջարկելով դիտարկել նմանատիպ հարթակի ներդրման հնարավորության հարցը  նաև ԵԱՏՄ-ի շրջանակում, ինչը հավանության է արժանացել:  Միաժամանակ առաջարկվել  է ԵԱՏՄ անդամ-պետությունների մրցակցային/հակամենաշնորհային մարմիններին այս հարցում կիրառել Հայաստանի փորձը: Դեղամիջոցների որոշակի խմբի նկատմամբ գների կարգավորման մեխանիզմների ներդրման առաջարկի հետ կապված խորհրդակցության շրջանակում որոշում է կայացվել համատեղ ջանքերով սկսել ԵԱՏՄ հարթակում ակտիվ քննարկումներ ծավալել դեղամիջոցների զուգահեռ ներմուծման համակարգի ներդրման հարցի շուրջ՝ արձանագրելով, որ զուգահեռ ներմուծման գործընթացների կիրառման անհնարինությունը կամ դրա իրականացումը ոչ ամբողջ ծավալով մրցակցային խնդիրներ է ստեղծում ոլորտում՝ պատճառ դառնալով շուկայում դեղերի բարձր գների ձևավորման:  Գեղամ Գևորգյանը նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ աշխատանքներ են տարվում դեղերի գների կարգավորման մեխանիզմների ուղղությամբ, մասնավորապես, որոշակի խումբ դեղամիջոցների համար  բացթողնման սահմանային գների, ինչպես նաև մեծածախ և մանրածախ վերադիրների սահմանման համար՝ այս համատեքստում ընդգծելով  ԵԱՏՄ մրցակցային մարմինների միջև ակտիվ համագործակցությունը: Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) մակարդակով անցկացվող 2020 թվականին նախատեսված խորհրդակցությունը ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի առաջարկությամբ տեղի կունենա  Երևանում:
19:28 - 28 փետրվարի, 2020